ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 59-րդ նստաշրջանին

29 սեպտեմբերի, 2004

Պարոն նախագահ,

Մեր շնորհավորանքներն ենք ուղղում Ձեզ, պարոն Պինգ (Ping), եւ մեր շնորհակալությունը հայտնում պարոն Ջուլիան Հանթին (Julian Hunte) ու գլխավոր քարտուղարին՝ այս դժվարին տարում իրենց գործադրած ջանքերի համար:

Անցյալ տարի մենք մեր մտահոգությունն արտահայտեցինք Իրաքի ինքնիշխանությունը վերականգնելու եւ մերձավոր-արեւելյան խաղաղ գործընթացը խթանելու վերաբերյալ: Այս տարի ուզում ենք հատկապես արձանագրել Դարֆուրի ողբերգությանը վերջ դնելու կենսական անհրաժեշտությունը: Հայերը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձան, շատ լավ են ըմբռնում զոհի ու անօթեւան լինելու գինը: Այսպես չեն սկսում նոր հազարամյակը: Գլոբալիզացիայի առավելությունները պետք է օգտագործվեն այս նոր համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար:

Բոլորս շատ լավ ենք հասկանում, որ խաղաղությունն ու անվտանգությունն արտասահմանում ու մեր երկրներում այսօր հստակորեն փոխկապակցված են սոցիալական ու տնտեսական բարեկեցության կամ ապագայում դրան հասնելու հավատի հետ: Ոչ ինքնաբավ կեցվածքը, մի կողմից, ոչ էլ ինքնարդարացնող բռնությունը մյուս կողմից, աշխարհում եւ մեր երկրներից յուրաքանչյուրում, նույնիսկ ամենազարգացած պետություններում, չեն կարող լուծումներ առաջարկել հաղթահարելու առկա անհավասարությունները: Ահաբեկչությունն՝ իր բոլոր դրսեւորումներով, ազդում է մեր տարածաշրջանների ու մեր մոլորակի անվտանգության, քաղաքական ու տնտեսական կայունության վրա: Ահաբեկչությունն, իր բոլոր դրսեւորումներով, Մադրիդից Բեսլան` անընդունելի ու դատապարտելի է:

Գիտակցելով, որ հակահաբեկչական պայքարի հաջողությունը կախված է հավաքական ջանքերից, Հայաստանը պատրաստակամորեն միացավ միջազգային ահաբեկչության դեմ համաշխարհային պայքարին: Այս պայքարը չպետք է բավարարվի միայն տարածաշրջանային ու միջազգային արդյունավետ համագործակցության շրջանակներով: Այն պետք է ներառի Հազարամյակի հռչակագրի նպատակները, որոնք կոչված են հաղթահարելու զրկանքները, աղքատությունն ու անարդարությունն` ի շահ մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության եւ ժողովրդավարության, տնտեսական զարգացման, հավասարության ու սոցիալական արդարության:

Հայաստանում այս տարին նշանավորվեց տնտեսական զարգացմամբ, որը զուգակցվեց միջազգային կազմակերպություններում՝ հատկապես ՄԱԿ-ում, մեր մասնակցության ընդլայնմամբ: Մեր զբաղեցրած տեղը Մարդկային զարգացման ցուցանիշների շարքում վստահություն է ներշնչում՝ ընթանալու տնտեսական զարգացման ուղիով:

Մեր երկրում աշխատանք է տարվում հանրային - մասնավոր գործակցությունը խթանելու ուղղությամբ: Մենք գոհ ենք, որ Հայաստանի խոշոր ձեռնարկություններից շատերը հնարավորություն են գտնում իրենց նպաստը բերելու արվեստի ու մշակույթի զարգացման գործին, իրենց ներդրումն ունենալու հանրային կյանքում եւ ակտիվ մասնակիցը դառնալու մեր հասարակության բարեկեցության եւ կենսամակարդակի բարձրացման ուղղված ջանքերում:

2005թ.-ին միջազգային հանրությունը կվերագնահատի համաշխարհային զարգացման օրակարգում ձեռք բերված առաջընթացը: Նպատակահարմար կլիներ կենտրոնանալ այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այլ ոչ հավաքական բարի մտադրությունների վերահաստատման վրա: Այլ խոսքով, առկա խոչընդոտները հաղթահարելու համար մենք պետք է դրսեւորենք անհրաժեշտ քաղաքական կամք եւ ֆինանսական հանձնառություն:

Պարոն նախագահ,

Հազարամյակի զարգացման նպատակներն ուղեցույց են Հայաստանի համար: Այդ առումով, կանանց առաջխաղացման, երեխաների պաշտպանության, աղքատության դեմ պայքարի խնդիրները սոսկ նպատակներ չեն մեզ համար, դրանք բարգավաճ, առողջ ու կայուն հասարակության կառուցման հիմնաքարերն են: Հայաստանի կառավարությունը հաստատել է երեխայի իրավունքների պաշտպանության, կանանց կարգավիճակի բարելավման ու հասարակության մեջ նրանց դերի խթանման, մարդկանց թրաֆիկինգի կանխման մասին ազգային գործողությունների ծրագրերը: Ի հավելումն սրա, միջազգային հանրության համագործակցության ու խորհրդատվության արդյունքում մշակված լայն հակակոռուպցիոն ռազմավարությունը կհամալրի «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրով», որն արդեն սկսում է պտուղներ տալ:

Մենք շարունակում ենք արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի մարմինների հետ մի շարք կարեւոր հարցերի շուրջ, ներառյալ՝ տեղեկատվության ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը կառավաման բարելավման ու հանրային-մասնավոր փոխգործակցությունն կանոնակարգելու համար: Դոնոր հանրության աջակցությամբ, կենտրոնանալով նպատակային հաստատությունների ստեղծման ու արդյունավետ կառավարման վրա, մենք ակնկալում ենք, որ մարդու իրավունքները եւ վերջին տասնամյակում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները դուրս կգան մշակված ամուր օրենսդրական շրջանակներից եւ հոգեբանորեն ու սոցիալապես կարմատավորվեն մեր հասարակության մեջ:

Հայաստանը, որպես ՏՆՏՍՈՑԽՈՐՀ-ի ու Մարդու իրավունքների հանձնաժողովի ակտիվ անդամ, կշարունակի ներգրավված լինել միջազգային զարգացման համագործակցության մեջ: Միեւնույն ժամանակ, մենք կմասնակցենք խորհրդատվական ու համակարգման մեխանիզմների բարելավման ուղղությամբ իրականացվող ջանքերին, ինչն անհրաժեշտ է մեր հավաքական անվտանգության համակարգի արդյունավետությունն ապահովելու համար եւ մենք հետաքրքրությամբ ենք սպասում Վտանգների, մարտահրավերների ու փոփոխության հարցերով բարձր մակարդակի խմբի եզրակացություններին:

Մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի ու տարածաշրջանային կազմակերպությունների միջեւ ավելի լայն համագործակցության օգտին՝ դիտելով այն որպես միջոց, որով կապահովվի երկրների առավել լայն մասնակցությունն ու պատրաստակամությունը որոշումների կայացման ու իրականացման գործընթացներին: Այս կարեւորագույն կազմակերպությունները բարեփոխումների կարիք ունեն, եթե մենք պատրաստվում ենք արդյունավետորեն դիտարկել այսօրվա իրողություններն ու մարտահրավերները եւ լուծել վաղվա խնդիրները: Այդ պատճառով, մենք չենք կարող աշխատել երեկվա մեխանիզմներով: ՄԱԿ-ի վերափոխված Գլխավոր Ասամբլեան անփոխարինելի է արդյունավետ գործողությունների իրականացման համար: Մենք նաեւ կպաշտպանենք Գերմանիային, Ճապոնիային ու Հնդկաստանին, ինչպես նաեւ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներին` ընդլայնված ու առավել ներկայացուցչական Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու հարցում:

Պարոն նախագահ,

Այս կարճ ժամանակահատվածում մենք ձերբազատվել ենք այն կեղծ նախապաշարմունքից, թե պետք է ընտրություն կատարենք Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, հին ու նոր աշխարհների միջեւ: Մենք ձերբազատվել ենք այն առասպելից, թե մեր հարեւանները կարող են վերահսկել մեր տնտեսական աճի տեմպերը եւ ուղղորդել այն: Այժմ մենք ուզում ենք ձերբազատվել այն վտանգավոր գաղափարից, թե երեկվա հակառակորդը մշտական թշնամի է:

Հայաստանը պատրաստ է փոխզիջումների գնալ ու համագործակցել իր հարեւանների հետ, որոնք պատրաստ են միանալու մեզ պատմություն կերտելու գործում, եւ ոչ թե այն վերաձեւելու: Մենք ուզում ենք աշխատել այնպիսի Ադրբեջանի հետ, որն ընկալում է իր տեղն իրավական միջազգային կարգում, ոչ այնպիսի Ադրբեջանի, որի քաղաքականությունը, գործողություններն ու հայտարարությունները վտանգում են տարածաշրջանի փխրուն խաղաղությունն ու կայունությունը:

Ադրբեջանն առաջինն էր, որ ազգային բնաջնջումը ներմուծեց խորհրդային տարածք, առաջինն էր, որ վարձկաններին ու միջազգային ահաբեկիչներին ներգրավեց իր պաշտպանության գործում, առաջինն էր, որ արհամարհեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործելու կանոնները:

Թույլ տվեք բացատրել: Հայկական ներկայությունն այս տարածաշրջանում շատ երկար ու ծավալուն պատմություն ունի: Պատմությունը մերժելը կամ վերանայելը պահանջում է հետեւողական ծրագրավորում, ջանքեր ու միջոցներ: Ցավոք, Ադրբեջանի կառավարությունը միջոց չի խնայում: Ադրբեջանին հաջողվեց վերացնել Նախիջեւանի հայությանը, որոնք բնակչության ավելի քան կեսն էին կազմում: Այսօր այնտեղ ոչ մի հայ չկա: Խորհրդային տարիներին Բաքվում ու Սումգայիթում եւ ամբողջ Ադրբեջանում կար ավելի քան 400 000 հայ: Այսօր չկա ոչ մեկը: Ադրբեջանի փորձը՝ իրականացնելու ազգային բնաջնջում, հաջողությամբ պսակվեց:

Մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանն օգտվեց մեր տարածաշրջանի ամենահայտնի վարձկաններից ու միջազգային ահաբեկիչներից ոմանց ծառայություններից, որպեսզի կռվի ընդդեմ հայ կանանց ու տղամարդկանց, ովքեր պաշտպանում էին իրենց հողն ու կյանքը օդային ռմբակոծումներից ու ուղիղ հրթիռակոծումներից: Օգտվեց այն նույն մարդկանց ծառայություններից, ում անունները կրկին ու կրկին են հնչում… Ահաբեկիչները պարտվեցին, հայերը՝ հաղթեցին:

Վերջապես, Ադրբեջանի ղեկավարությունը ձեռքից բաց է թողնում միջազգային կազմակերպությունների անդամակցության ընձեռած հնարավորությունները՝ կամուրջներ կերտելու ու լուծումներ գտնելու համար: Ադրբեջանը մերժում է նրանց միջնորդությունը, ովքեր կամենում են օգնել՝ դադարեցնելու թմրանյութերի ապօրինի փոխադրումներն իր տարածքով: Ադրբեջանը նաեւ ձախողում է Եվրախորհրդի ու այլ դիտորդական խմբերի ջանքերը՝ այցելելու տարածաշրջան ու իրենց աչքով տեսնելու, թե ինչպես են ավերվել հազարավոր անփոխարինելի պատմական ու մշակութային կոթողներ: Ադրբեջանն աղաղակում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր բաղձանքի մասին, մինչդեռ շարունակաբար արգելք է հանդիսանում դաշինքի մի այլ անդամի մասնակցությանը ՆԱՏՕ-ի զինավարժություններին: Ավելին, Ադրբեջանը ոչ միայն չի պախարակում, այլեւ հերոսացնում է ադրբեջանցի զինվորականին, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացների ժամանակ գլխատեց իր հայ գործընկերոջը: Ադրբեջանը քարկոծում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի թաքցնի իր մերժումը քննության առնել այն առաջարկները, որոնք ձեւավորվել են հենց իրենց ղեկավարության մասնակցությամբ անցկացված քննարկումներում ու բանակցություններում: Ավելի քան հինգ տարի Ադրբեջանը մերժել է իրեն ներկայացված յուրաքանչյուր առաջարկ, 1998թ.-ի Ընդհանուր պետությունից մինչեւ 2001-ի Քիվեսթյան փաստաթուղթը:

Պարոն նախագահ,

Հայերը հաղթանակով դուրս եկան Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման խաղաղ պահանջներին ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական առճակատումից: Հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, հայերն այս տարածքները զբաղեցրել են ավելի քան 2000 տարի, եւ ոչ թե վերջին տասը տարին: Այսօր Լեռնային Ղարաբաղը ստալինյան տարիների անարդարությունը շտկել է եւ ազատ է, ժողովրդավարական ու հանդուրժողաբար է վարվում իր փոքրամասնությունների հետ: Լեռնային Ղարաբաղը կանոնավոր ընտրություններ է անցկացնում, ունի պետական ու անվտանգության կառույցներ, լիակատար վերահսկողություն է իրականացնում իր տարածքի վրա եւ արձանագրում տնտեսական աճ:

Եթե անցյալ դարի ընթացքում հայերն ու ադրբեջանցիները պարտադրաբար էին կապված միմյանց, այս դարաշրջանում, երբ մենք վաստակել ենք մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը, մենք կարող ենք որոշել՝ ապրել միասին խաղաղությամբ: Եթե մենք լուրջ մտադրություններ ունենք դառնալու եվրոպական հարեւանության լիակատար ու արժանի բնակիչներ, որտեղ սահմանները նշանակություն չունեն, բայց մտադրություններն ու հանդուրժողականությունն արժեքավոր են, պետք է հաշվի նստենք մեր անցյալի հետ, մեր պատմության հետ, այն իրողությունների հետ, որ պարփակել են մեր տարածաշրջանը:

Շնորհակալություն:

Տպել էջը