ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների խորհրդի 12-րդ հանդիպմանը

07 դեկտեմբերի, 2004

Նախ թույլ տվեք հայտնել Բուլղարիային իմ կառավարության երախտագիտությունը Նախարարների խորհրդի 12-րդ հանդիպումը հյուրնկալելու համար: Կուզենայինք նաեւ մեր պատվիրակության գնահատանքի խոսքն ուղղել 2004 թվականի նախագահության համար նախարար Սոլոմոն Պասսիին ու Սոֆիայի նրա թիմին, ինչպես նաեւ Վիեննայում Բուլղարիայի բազմաշնորհ եւ անձնվեր առաքելությանը, որ 54 պատվիրակությունների հետ ամենօրյա դժվարին ու ծանր աշխատանք էր տանում:

Ցանկանում ենք նաեւ ողջունել Մոնղոլիայի՝ որպես գործընկերոջ, ներգրավումն այս կազմակերպությունում, որն ավելի համապարփակ է եւ լայնածավալ, քան աշխարհի որեւէ այլ նման կազմակերպություն:

Հելսինկիի Եզրափակիչ Ակտի 30-րդ տարելիցի եւ ԵԱՀԿ՝ որպես կազմակերպության 10-ամյակի նախաշեմին, մենք պետք է հետադարձ հայացք նետենք ներկան գնահատելու եւ ապագան նշմարելու համար:

Բոլորս պետք է ընդունենք, որ Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, որպես Եվրոպական անվտանգության հիմք, 3 տասնամյակ շարունակ լավագույնս դիմացավ կարեւորագույն փոփոփոխություններին: Վերաձեւավորվեց Եվրոպայի քաղաքական պատկերը: Հիմնանարար սկզբունքները ցույց տվեցին իրենց կարեւորությունը եւ ճկունունությունը: Այնուամենայնիվ, քաղաքական լուծումները, որոնց հիմքում է ԵԱՀԿ շրջանակում առկա քաղաքական դինամիկան, ավելի անկայուն են, եւ հաճախ դառնում են լարվածության եւ կաթվածի պատճառ: Կազմակերպության ներսում այսօր կան ուժային տարբեր բեւեռներ: Հայաստանը, կիսելով դրանց բոլորի արժեքներն ու փորձը, միեւնույն ժամանակ չի կարող ամբողջականորեն հարել դրանցից որեւէ մեկին: Դրա փոխարեն մենք կարող ենք լինել համախոհներ, գործընկերներ, հարեւաններ, ընկերներ: ԵԱՀԿ-ն հիմնադրվել է որպես բազմակարծության, բազմակողմ եւ համագործակցային դիվանագիտության փորձ, որի նպատակն է անվտանգություն եւ կայունություն հաստատել նախկինում բաժանված Եվրոպայում: Այս նախադրյալն ու նպատակները մինչ օրս ուժի մեջ են ու շարունակական զարգացման կարիքն են զգում:

Այս լույսի ներքո ենք մենք տեսնում բարեփոխումների կոչերը: Այս հիմնահարցը հանդիսացել է բազմաթիվ մեկնաբանությունների առարկա, որոնցից ոչ բոլորն են ճշգրիտ ու արդար: Մենք չենք կարող մի կողմից քարոզել ճկունություն, իսկ մյուս կողմից դեմ արտահայտվել նոր պայմաններին հարմարվելուն: Նույնիսկ ամենաարդար համակարգերը կանոնակարգված են եւ բոլորի համար հավասարապես պետք է ապահովեն որոշումներ կայացնող օղակների մատչելիության հնարավորություններ: Սա է համաձայնության հիմքը, որը եւ դարձնում է ԵԱՀԿ-ն այդքան արդյունավետ: Սխալներն առավելապես բխում են որդեգրված գործելաոճից, այլ ոչ թե առկա կառուցվածքից:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ում ներկայումս ձեւավորված համատեքստը՝ Հայաստանի կառավարությունն առաջարկում եւ լիովին պաշտպանում է «Բազմակարծության հավասարակշռություն» նոր կարգախոսը, որը միեւնույն ժամանակ նպատակ է եւ կիրառելի գործնական հիմնադրույթ: Իր բնույթով սա նոր միտք չէ, այլ ուղղակի հին գաղափարին նոր կյանք տալու որոշում է: Մենք պետք է ջանք չխնայենք այս նպատակին հասնելու համար, որը կարեւոր է մեզ բոլորիս համար եւ կծառայի ԵԱՀԿ արդիականացմանը եւ արդյունավետությանը: Մասնավորապես, մենք հույս ունենք, որ գալիք սլովենական նախագահությունը ջանք չի խնայի, որպեսզի իրագործի այս «Բազմակարծության հավասարակշռությունը»: Մենք վստահ ենք, որ նրանք ավելի քան պատրաստ են այդ նպատակի իրագործմանը։

Մենք մեծ հույսեր ենք կապում, որ մեր որոշմամբ ստեղծվող Ավագների խորհրդի աշխատանքը կլինի օգտակար, իսկ նրանք կկարողանան խորը եւ լայնախոհ կարծիք կազմել կառուցվածքային փոփոխությունների առջեւ կանգնած ԵԱՀԿ-ի բարեփոխումների շուրջ: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նրանց աշխատանքը կլինի առավել օգտավետ եւ հուսալի, եթե նրանք իրավամբ նշանավոր լինեն՝ որպես անձնավորություններ, այլ ոչ թե որպես այս կամ այն երկրի կողմից նշանակված ներկայացուցիչներ:

Կարիք չկա ասելու, որ մենք աջակցում ենք այն բազմաթիվ որոշումներին, որոնք ընդունվում են եւ հավանության արժանանում Սոֆիայի նախարարական հանդիպմանը: Թույլ տվեք ինձ պարզապես մասնավորեցնել այն մի քանիսը, որոնք հատուկ կարեւորություն են ներկայացնում մեզ համար: Ահաբեկությունն ու տարբեր միջոցներով դրա դեմ պայքարն, անշուշտ, միջազգային հանրության առաջնայնությունն են: Հարկ ենք համարում նշել նաեւ Գենդերային հավասարության առաջխաղացման 2004թ. գործողությունների ծրագիրը, ինչպես նաեւ Զենքի ապօրինի շրջանառության վերահսկողության բաձրացմանն ուղղված Անվտանգության համագործակցության համաժողովի փաթեթը: Եվ վերջապես, ես կցանկանայի շնորհավորել բոլորիս այն աշխատանքի համար, որը մենք կատարեցինք հանդուրժողականություն քարոզելու եւ խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ՝ առանց տարբերություն դնելու անհանդուրժողականության զոհերի միջեւ:

Պարոն նախագահ,

Սա արդեն իմ 7-րդ նախարարական ժողովն է, եւ ամեն տարի ես հույս եմ փայփայում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լինի այլեւս հաջորդ տարվա մեր օրակարգում: Այս տարի նույնպես ունեինք, կասեի, շարունակում ենք ունենալ այդ հույսը: Արտաքին գործերի նախարարների միջեւ կայացած չորս հանդիպումների եւ երկու նախագահների միջեւ Աստանայում կայացած երկարատեւ հանդիպման արդյունքում մենք լուրջ պատճառ ունեցանք համարելու, որ կարգավորումը կարող է եւ հեռու չէ: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ Ադրբեջանը բարձրացրեց այսպես կոչված «հայկական վերաբնակեցումների» հարցը եւ դրեց այն ՄԱԿ-ում: Այսպիով մենք դեմ առ դեմ հայտնվեցինք այն իրողությանը, որ խաղաղ գործընթացին կյանք ներշնչելու Հայաստանի ցանկությունը հանդիպեց թերհաշվարկված ու ապակառուցողական արձագանքի:

Հենց Ադրբեջանի 15 տարի առաջ ցուցաբերած կարճատես եւ թերհաշվարկած արձագանքի պատճառով մենք հայտնվեցին ներկա վիճակում: Պատմությունը, քաղաքականությունն ու մամուլը գրանցել են վկայություններն առ այն, թե ինչպես հայերի ինքորոշման խաղաղ պահանջները հանդիպեցին զինված ագրեսիայի: Հայերն իրենք իրենց են պաշտպանել, ինչպես նմանատիպ իրադրություներում աշխարհով մեկ միջազգային խաղաղապահ զորքերը պաշտպանել են ուրիշներին: Ադրբեջանի ցանկացած խնդիր, որոնք նա կարմիր դրոշի պես ծածանում է ի տես բոլորի՝ փախստականներ, տարածքներ, բնակավայրեր, բոլորն իրենց կողմից սանձազերծած զինված հակամարտության արդյունք են:

Կարող եք իմ ասածը հիմք չընդունել: Եվրոպայի խորհրդի պատգամավորների մի խումբ, որոնք որպես չեզոք դիտորդներ Լեռնային Ղարաբաղում էին գտնվում ռազմական թեժ գործողությունների ժամանակ, 1992թ. արձանագրել են հետեյալը. «Ադրբեջանական վերջին հարձակումների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ ավերվել են գյուղեր, կոտորածի են ենթարկվել խաղաղ բնակիչներ, բռնաբարվել են երեխաներ: Հաշվի առնելով ադրբեջանական զինված ուժերի հստակ առավելությունը Լեռնային Ղարաբաղի ունեցած մարդկային ուժի, զենքի եւ սարքավորումների, վառելիքի եւ սննդի մատակարարման մակարդակի, հրթիռների արձակման եւ օդային ռմբակոծման հաճախականության համեմատությամբ, կարելի է ենթադրել, որ մինչեւ Ղարաբաղի անկումը ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, եթե ոչ ավելի քիչ: Ակնհայտ է, որ դրան, ամենայն հավանականությամբ, հաջորդելու են ցեղասպանությունը եւ տեղահանումը»:

Ադրբեջանի ռազմական արձագանքի եւ հայերի գոյատեւելու անկոտրում կամքի հետեւանքով ի հայտ եկան հարյուր հազարավոր փախստականներ: Ի տարբերություն իմ գործընկերոջ, ես կասեմ, որ փախստականներ կան երկու կողմից: Իսկապես, կա կես միլիոնից ավելի ադրբեջանցի փախստականներ: Բայց, պրն. նախագահ, կան նաեւ գրեթե կես միլիոն հայ փախստականներ, որոնք փախուստի են դիմել թե՛ Ադրբեջանի մայրաքաղաքից, եւ թե՛ հակամարտության անմիջական գոտուց:

Ահա այս բոլոր փախստականներն սպասում են կարգավորման:

Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա ո՛չ Հայաստանում եւ ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղում այդ ուղղությամբ պետական քաղաքականություն չի վարվում: Սակայն այդպիսի քաղաքականություն կա Ադրբեջանում: Ադրբեջանի նախագահի համապատասխան հրամանագրով Ադրբեջանի Փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցերով պետական կոմիտեին կարգադրվել է փախստականներ բնակեցնել նախկինում ամբողջությամբ հայաբնակ տարածքներում, ինչպիսիք են Շոհումյանն ու Գետաշենը, ինչպես նաեւ՝ Հյուսիսային Մարտակերտում, որն Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի մասն է:

Նույն հրամանագրով, Նավթի պետական հիմնադրամը 18 միլիոն դոլար է հատկացրել այդ տարածքներում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու համար: Դա այն դեպքում, երբ այդ շրջանների նախկին հայ բնակիչները գտնվում են հակամարտության գոտում եւ նրա անմիջական շրջակայքում՝ սպասելով հարցի կարգավորմանը, որպեսզի վերադառնան իրենց տները:

Անցած ամիս ՄԱԿ-ի մի զեկույցում Ադրբեջանին հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել եւ շտկել իրավիճակը, որպեսզի այն հայերը, ում սեփականությունն ապօրինաբար բռնազավթվել է փախստականների եւ ժամանակավոր տեղահանվածների կողմից, ստանան այլընտրանքային կեցության վայր:

Այսպիսին է փախստականների եւ բնակավայրերի շուրջ վիճակը: Այլ կերպ ասած, չկա նոր հումանիտար ճգնաժամ: Երկու կողմերի համար իրավիճակը հավասար բարդ է, որը պետք է ոչ թե շահարկվի, այլ քննարկվի որպես մեր առջեւ ուրվագծվող բարդ բարդ գործընթացի մի մաս: Չնայած նենգափոխման այս մարտավարությանը, գործընթացն անհույս չէ: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Մինսկի գործընթացին, որն իրականացվում է երեք համանախագահողների միջոցով, եւ Ադրբեջանից ակնկալում ենք նմանատիպ պարտավորության ստանձնում:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը կկիսի իրական խաղաղության վերաբերյալ մեր տեսակետը: Խաղաղ տարածաշրջանի մեր տեսլականը ռազմավարական է: Այն չպետք է վտանգվի «խելամիտ» քայլերով եւ հակընդդեմ գործողություններով: Դրանք միայն կխեղեն կամ կհետաձգեն լուրջ բանակցությունները:

Շնորհակալություն։

Տպել էջը