ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 28-րդ հատուկ նստաշրջանում

24 հունվարի, 2005

Պարոն նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի ընկերներ,

Հայաստանի ժողովրդի ու կառավարության անունից, եւ որպես ցեղասպանության վերապրածների հետնորդ, ես իմ պարտքն եմ համարում այսօր գտնվել այստեղ, միանալ վերապրածներին, ինչպես նաեւ զոհերի ու հրահրողների հետնորդներին, մասնակցել հիշատակի այս միջոցառմանը: Ես նաեւ իմ պարտքն եմ համարում կոչ անել բոլորիս առավել արդյունավետորեն դիմագրավել ցեղասպանության սպառնալիքը ամենուրեք եւ ամեն ժամ՝ անկախ նրանից, թե ինչ գնով դա կլինի եւ կամ ինչ քաղաքական անպատեհություններ կառաջացնի:

Աուշվիցի (Օսվենցիմի) ազատագրումն, իրոք, առիթ է հիշատակի արարողության: Սակայն նշելով այս տարեդարձը, ամեն անգամ հնչեցնելով Աուշվիցի անունը, մենք ստիպված ենք խորհրդածել, հետադարձ հայացք նետել, նայել մեր շուրջը, խորը դիտարկել, մեկս մյուսին նայել, բայց նաեւ ներքին հայացք գցել ինքներս մեզ վրա:

Սեպտեմբերի 11-ից հետո՝ արձագանքելով այդ իրադարձության հետեւանքով զոհ գնացած մարդկանց անսովոր մեծ թվին, մի խմբագրականում գրվեց. «Մենք բոլորս ամերիկացի ենք»: Կարեկցանքը, համերաշխությունը, վրդովմունքն ու զայրույթը համախմբեց մեզ: Ուրեմն որքան ավելի սուր են մեր զգացումները Աուշվիցի ու նրա սարսափի եզակիության հանդեպ , նրա՝ մահաբեր տեխնոլոգիաներին համանմանության հանդեպ, արդյունավետ, պրագմատիկ, գործուն, արդյունք ակնկալող կառավարմանն ուղղված սովորական հանձնառության ահասարսուռության հանդեպ:

Աուշվիցից հետո մենք բոլորս հրեա ենք, մենք բոլորս գնչու ենք, մենք բոլորս հարմար չենք, խոտորված ու անցանկալի ենք ինչ-որ մեկի համար ինչ-որ տեղ: Աուշվիցից հետո մարդու խիղճն այլեւս նույնը չի կարող մնալ: Մարդու անմարդկայնությունը մարդկանց, կանանց, երեխաների ու մեծահասակների հանդեպ այլեւս անանուն հասկացություն, գաղափար ու նկարագրություն չէ: Աուշվիցն իր չարաղետ շուքն է գցել պատմության բոլոր աուշվիցների, մեր հավաքական պատմության վրա թե դրանից առաջ եւ թե դրանից հետո:

15 ցեղասպանություններ տեսած 20-րդ դարում միայն զոհերի համար այդ չարաբաստիկ վայրերն իրենց անուններն ունեն: Այն, ինչ ֆրանսիացիները կոչում են «հիշողության չարաբաստիկ վայրեր», ամենուր են. սարսափի, ջարդերի, կոտրածների ու անխնա սպանությունների վայրեր այն մարդկանց համար, որոնք պատկանում են որեւէ հատվածի, որեւէ դասի, որեւէ ազգային խմբի, ռասայի կամ կրոնի: Հայերի համար դա Դեր-Զորի անապատն էր, կամբոջացիների համար՝ սպանդների հովիտներները, 21-րդ դարի երեխաների համար՝ Դարֆուրը: Հրեաների ու լեհերի եւ մեր մի ողջ սերնդի համար, որ մեծացավ պատերազմից հետո, Աուշվիցը:

Պարոն նախագահ,

Ինչպես որ մենք բոլորս եղել ենք, կանք ու կարող ենք լինել զոհ, այնպես էլ բոլորս եղել ենք, կանք ու կարող ենք նաեւ մեղավոր լինել: Միայն աներեւակայելին տեսած ու արած մարդկանց ներգրավման միջոցով է, որ մենք կարող ենք հասնել պահանջվող հավաքական քաղաքական կամքին ու դրա արտահայտությանը, մարդիկ, որոնք արժանապատվությունը, գթասրտությունը, նրբազգացությունը, պարկեշտությունը եւ խիզախությունն են ունեցել ընդունելու իրենց սխալը:

Սա թերեւս այնքան պարզունակ, անիրական, իդեալիստական չէ, որքան ոմանք կցանկանային որակել՝ գուցե իրենցից վանելու համար: Ցեղասպանությունն առանձին մարդկանց գործը չէ, ովքեր խելահեղ արարքներ են գործում, ոճիրներ, անուղղելի չարիք հասցնում: Ցեղասպանությունը պետական մեքենայի ձեռնարկ է, որը պետք է, ըստ կարգի, գործի համահունչ, պրագմատիկ կերպով, իր կառուցվածքով ու կազմակերպվածությամբ:

Ուստի, սա աղերս չէ վերափոխելու մարդ արարածին, այլ կոչ՝ գիտակցաբար հաշվետու լինել մեր ազգային հաստատությունների ու միջազգային կառույցների դերի համար, որը նրանք պիտի կատարեն՝ երաշխավորելով, որ որեւէ մեկը չակնկալի անպատիժ մնա:

Աուշվիցից հետո կարելի էր ակնկալել, որ որեւէ մեկն այլեւս կույր ու խուլ չի լինի: Որպես հայ ես գիտեմ, որ չտեսնող աչքը, չլսող ականջն ու համր լեզուն հավերժացնում են վերքերը: Դա տառապանքի հիշողություն է, որը չի ամոքվում սուր քննադատության ու աներկմիտ ճանաչման բացակայության պատճառով: Ամոքումը, որին արժանի են զոհերը, որն անհրաժեշտ է հանրությանն ապաքինվելու եւ առաջ ընթանալու համար, մեզ բոլորիս պարտավորեցնում է այստեղ՝ ՄԱԿ-ում եւ միջազգային հանրության մեջ, վկան լինելու, իրերն իրենց անունով կոչելու, կոծկող, երկակի ստանդարտների ու քաղաքական պատեհության քողը հեռացնելու:

Պարոն նախագահը,

Ցունամիի ավերածություններից հետո մենք ցավալիորեն մի պարադոքսի առջեւ կանգնեցինք: Մի կողմից, բազմակողմ օգնության ջանքերը զանգվածային էին, արագ, առատաձեռն ու առանց խտրականության: Բայց, ի հակադրություն դրա, երբ համեմատում ենք Աֆրիկայում այսօր առկա մեկ այլ ողբերգության հետ, պարզ է դառնում, որ Դարֆուրի պարագայում, պաշտոնական ու արարողակարգային դատապարտումներին չեն հետեւել կանխող գործողությունները ոճրագործների դեմ: Տարբերությունը ցունամիի հետ այն էր, իհարկե, որ այնտեղ հրահրող չկար: Ոչ մեկը սուր չճոճեց, ձգանը չքաշեց կամ գազն արձակող կոճակը չսեղմեց:

Զոհերին ճանաչելն ու ընդունելը նշանակում է նաեւ ընդունել, որ կան ոճրագործներ: Բայց սա ամենեւին նույնը չէ, ինչ նրանց անունը հնչեցնելը, ամոթանք տալը, նրանց կանխելն ու զգուշացնելը, մեկուսացնելն ու պատժելը:

Եթե այս դիտարկումները որոշակի միամտության են նմանվում, որն անտեսում է մեր քաղաքական ու անվտանգության շահերի տեւական կառուցվածքը, ապա այսօր երբ հավաքվել ենք հիշելու այդ սարսափելի դեպքերը, թույլ տվեք մեկ հարց տալ. «Եթե ոչ այսօ'ր եւ այստե'ղ, ապա ե՞րբ եւ որտե՞ղ»:

Պարոն նախագահ,

Ծագումով իսպանացի ամերիկյան փիլիսոփա Ջորջ Սանտայանան, որին այստեղ արդեն հղում է արվել, հորդորում էր մեզ հիշել անցյալը կամ դատապարտված լինել այն կրկնելու: Այս հորդորն անձամբ ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ իմ ժողովրդի բնաջնջումը, որի ճակատագիրը որոշ չափով իր անդրադարձն ունեցավ Եվրոպայի հրեաների ճակատագրի վրա, պետք է ավելի ընդգրկուն կերպով դիտվեր, ընկալվեր որպես ապագա իրադարձությունների զգուշացում:

Հիտլերը մեկընդմիշտ կապել է հրեաներն ու հայերին միմյանց: «Ո՞վ է, ի վերջո, այսօր հիշում հայերի բնաջնումը», - հայտարարեց Հիտլերը Լեհաստան մտնելուց օրեր առաջ:

Հիտլերի ցինիկ հիշատակումը հայերի մասին ըստ պատշաճի ներկայացված է Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում, քանի որ դա ցեղասպանության կանխարգելման ու հիշատակի հարցում երրորդ կողմի ունեցած վճռական դերի ճշգրիտ մեկնաբանությունն է: Ցեղասպանությունը կառավարության՝ իր ժողովրդի հետ ունեցած համաձայնագրի խախտման դրսեւորումն է: Հետեւաբար, երրորդ կողմն է, որ դառնում է ցեղասպանության կանխարգելման, մարդասիրական օգնության ու ցեղասպանության հիշատակի հարցում վճռական դերակատար:

Մենք այսօրը նշում ենք, քանի որ խորհրդային բանակը 60 տարի առաջ հաղթարշավով մտավ Աուշվից: Ես այստեղ եմ այսօր, որովհետեւ արաբներն ապաստան տվեցին հայ տեղահանվածներին 90 տարի առաջ: Երրորդ կողմն, իրոք, կարող է կենաց ու մահու հարցում վճռորոշ դեր խաղալ: Որեւէ մեկի ազգային շահերից կամ մարդկության միջազգային շահերից չբխող քաղաքականության մերժումը նրա կողմից հսկայական բարոյական ու քաղաքական նշանակություն ունի:

Միակ բանը, որ հարեւանները, բարի կամեցողները, միջազգային հանրությունը չեն կարող ձեռք բերել, կողմերի միջեւ հաշտեցումն ու խնդիրների հաղթահարումն է, որին նրանք պիտի հասնեն սեփական ջանքերով: Զոհերը, նախ, պետք է արժանապատվություն, կարողություն ու կամք դրսեւորեն առաջ ընթանալու, իսկ ոճրագործները, ի սկզբանե եւ ի վերջո, պետք է անձնատուր լինեն մարդկայնության ու բարության խորունկ ուժին եւ պետք է հաղթահարեն ներքին չարի հիշողությունը, որն արդեն մեկ անգամ գլուխ է բարձրացրել, եւ պետք է դատապարտեն կատարվածը, դրա մտադրությունները, հետեւանքները, հղացողներին ու իրագործողներին:

Աուշվիցը մարմնավորում է ատելության, անտարբերության, անմարդկայնության վատագույնը: Աուշվիցն ու նրա նպատակը հիշելը, որքան էլ զարհուրելի լինի, կենսական քայլ է, որն անհրաժեշտ է իրականություն դարձնելու «այլեւս երբե'ք» արտահայտությունը:

Շնորհակալություն:

Տպել էջը