ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի խոսքը Արաբական պետությունների լիգայում ՀՀ ԱԳՆ եւ ԱՊԼ Գլխավոր քարտուղարության միջեւ «Փոխըմբռնման Հուշագրի» ստորագրման

25 հունվարի, 2005

Ձերդ Գերազանցություն պարոն Գլխավոր քարտուղար,

Մեծարգո դեսպաններ, Արաբական պետությունների լիգայում մշտական ներկայացուցիչներ,

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Արաբական պետությունների լիգայի միջեւ այսօր «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրումն, անկասկած, պատմական իրադարձություն է: Այն նոր եւ կարեւոր էջ է բացում հայ-արաբական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար:

Այս փաստաթղթի ստորագրումը տրամաբանական արդյունքն է հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր պատմամշակութային կապերի եւ Հայաստանի Հանրապետության կողմից հետեւողականորեն իրականացված արտաքին քաղաքականության:

Հայ ժողովուրդը՝ լինելով տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկը, իր պատմամշակութային անցյալով սերտորեն շաղկապված է տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում արաբ ժողովրդի հետ: Դարեր շարունակ հայ ժողովուրդն իր անուրանալի անվանդն է բերել տարածաշրջանի մշակույթի, տնտեսության եւ գիտության զարգացման գործում եւ փոխադարձաբար կրել հարեւան ժողովուրդների ազդեցությունն իր ողջ պատմության ընթացքում:

Մեր ընդհանուր պատմությունը լեցուն է բարեկամության եւ համագործակցության էջերով, միմյանց օգնության ձեռք մեկնելու հազարավոր օրինակներով:

Անցյալ դարավերջի սկզբին հայ ժողովուրդն ապրեց իր պատմության ամենաողբերգական էջը՝ ցեղասպանության ենթարկվելով Օսմանյան Կայսրության իշխանությունների կողմից: Ժողովրդական ասացվածք կա՝ «բարեկամը ճանաչվում է դժբախտության պահին»: Եվ ահա այդ դժդնակ օրերին, երբ հայ ժողովուրդը հարյուր հազարներով սպանվում էր կամ բռնությամբ տեղահանվում պատմական հայրենիքից, արաբ ժողովուրդն իր օգնության ձեռքը մեկնեց գաղթական հայերին՝ ապաստան տրամադրելով իր հյուրընկալ հողում եւ հնարավոր աջակցություն ցուցաբերելով նրանց: Հայերը ոչ միայն գոյատեւեցին արաբական երկրներում, այլեւ նրանց հնարավորություն տրվեց ոտքի կանգնել, դառնալ այդ երկրների լիիրավ քաղաքացիներ ու պահպանել իրենց ազգային ինքնությունը՝ հիմնել դպրոցներ, մշակութային եւ մարզական ակումբներ:

Այս կապակցությամբ կուզենայի մեր ժողովրդի համար այդ ողբերգական օրերին արաբների կողմից ցուցաբերած օգնության մի վառ օրինակ բերել: 1922թ. թուրքական հարձակումներից հետո Կիլիկիայի հայերը նույնպես բռնեցին գաղթի ճանապարհը՝ նավերով հասնելով Հայֆայի նավահանգիստ: Տեղի բրիտանական իշխանությունները արգելում էին հայերի մուտքը Պաղեստին, սակայն արաբական վերնախավի ներկայացուցիչները պահանջեցին թույլատրել հայերին բնակվել Պաղեստինում եւ բրիտանական իշխանությունները տեղի տվեցին: Ավելին, շեյխ Բրեք անունով մի արաբ իր գյուղին հարակից տարածքից նույնիսկ անվճար հող հատկացրեց հայերին, ուր նրանք հիմնեցին Աթլիտ հայկական գյուղը:

Այսպիսի օրինակները բազմաթիվ են, եւ երախտագետ հայ ժողովուրդը երբեւիցե չի կարող մոռանալ արաբ ժողովրդի նման մարդկային վերաբերմունքը եւ այն բնականաբար պետք է իր անդրադարձն ունենար նաեւ նորանկախ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության վրա:

Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Հանրապետությունը նպատակամղված կերպով զարգացրել է իր հարաբերությունները արաբական երկրների հետ եւ մշտապես իր համերաշխությունը հայտնել մերձավորարեւելյան խաղաղ գործընթացում արաբական դիրքորոշմանը:

Մենք բարձր ենք գնահատում Քառյակի միջնորդական առաքելությունն ու գործադրվող ջանքերն այս ուղղությամբ: Մեծապես կարեւորելով «Ճանապարհային քարտեզի» անվիճելի դերն ու կողմերի միջեւ կառուցողական երկխոսության զարգացման նշանակությունը խնդրի կարգավորման բնագավառում, անհրաժեշտ է մեկ անգամ եւս ընդգծել, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման գործում անկյունաքարային նշանակություն ունի Պաղեստինի անկախ պետության ստեղծումը, ինչն ուղղակիորեն կնպաստի տարածաշրջանում լարվածության չեզոքացմանը, գոյություն ունեցող հոգեբանական մոտեցումների փոփոխմանն ու փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարների ստեղծմանը: Լիահույս եմ, որ Մահմուդ Աբբասի՝ Պաղեստինի Ազգային Իշխանության նախագահի պաշտոնում ընտրվելը բեկումնային նշանակություն կունենա վերոհիշյալի իրականացման գործում:

Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են մնալ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Մեր ցանկությունն է տեսնել Իրաքը սուվերեն, միացյալ, կայուն եւ ժողովրդավար պետություն եւ պատրաստ ենք մեր մասնակցությունը բերել այդ նպատակների իրականացման գործին: Մենք միջազգային ատյաններում արաբական երկրների հետ սերտորեն համագործակցել ենք նաեւ ամենատարբեր հարցերում:

Կարճ ժամանակահատվածում արաբական երկրների հետ հարաբերություններում մենք մեծ հաջողություններ ենք արձանագրել. ստորագրվել են երկկողմ համագործակցության բազմաբնույթ փաստաթղթեր, ստեղծվել են միջկառավարական հանձնաժողովներ, հաճախակի են դարձել տարբեր մակարդակի փոխայցելություններն ու գործնական կապերը, մշակութային միջոցառումները:

Հայաստանն ընդհանրապես վարում է փոխլրացման քաղաքականություն, այսինքն իր հարաբերությունները միջազգային ասպարեզում կառուցում է ոչ թե ուժերի մրցակցության եւ հակադրության, այլ դրանց միջեւ գործընկերության ու միմյանց լրացման հիմքի վրա: Մենք ջանքեր ենք գործադրում մեր տարածաշրջանում գործող եւ հետաքրքրություն ունեցող ունեցող բոլոր ուժերի հետ արդյունավետ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա մենք հետամուտ ենք բանակցային ճանապարհով կարգավորելու խնդիրը եւ հասնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը:

1994 թվականից հակամարտության գոտում գործում է կողմերի միջեւ ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ պարբերաբար տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումներ, որոնց ընթացքում կողմերը փորձում են խնդրի կարգավորման հարցում փոխհամաձայնության գալ: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը եւ համարում ենք, որ հակամարտության կարգավորման համար այն լավագույն միջազգային ?Ֆորմատն է:

Ցանկացած հակամարտություն եզակի է իր բնույթով, սակայն եթե փորձենք զուգահեռներ անցկացնել, ապա տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն են, որ պաղեստինցիների նման, ձգտում են իրենց պատմական հայրենիքում ազատ եւ առանց օտարերկրյա գերիշխանության իրենց ճակատագիրը տնօրինել :

Հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են անհիշելի ժամանակներից եւ բացի խորհրդային ժամանակաշրջանից այդ տարածքը երբեւիցե Ադրբեջանի կազմում չի եղել: Նրանց միակ ցանկությունն է սրբագրել Ադրբեջանին Ղարաբաղը բռնակցելու Ստալինի կողմից կատարված անարդարությունը:

Ձերդ Գերազանցություն, պարոն Ամր Մուսա,

Մենք բարձր ենք գնահատում Արաբական պետությունների լիգայի դերը՝ արաբական երկրների ինքնիշխանության ամրապնդման եւ արաբական համերաշխության ապահովման գործում: Չնայած բազմաթիվ փորձություններին, Լիգան չի կորցրել իր նշանակությունը եւ շարունակում է ապացուցել իր կենսունակությունն ու կարեւորությունը: Մենք համոզված ենք, որ օժտված լինելով մեծ ներուժով, Լիգան կարող է վճռորոշ դեր խաղալ տարածաշրջանում կայունության հաստատման, արաբական երկրների բնականոն զարգացման եւ նրանց միջեւ համագործակցության ընդլայնման գործում:

Կցանկանայի հատկապես նշել Լիգան ավելի կենսունակ դարձնելու եւ նրան նոր որակ հաղորդելու Ձեր գործադրած ջանքերի մասին: Մենք քաջատեղյակ ենք այն սկզզբունքայնության եւ նվիրվածության մասին, որով Դուք մշտապես հանդես եք գալիս որպես արաբական երկրների շահերի եւ իրավունքների պաշտպան, միասնության եւ համերաշխության ջատագով: Օգտվելով առիթից, մեր զորակցությունն ենք հայտնում Ձեր ջանքերին եւ հաջողություն մաղթում ձեր նախաձեռնություններին:

Շնորհավորում եմ բոլորիս այս պատմական փաստաթղթի ստորագրման կապակցությամբ եւ վստահություն հայտնում, որ Արաբական Լիգան իր նպաստն է բերելու հայ-արաբական փոխշահավետ կապերի հետագա զարգացման ու մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործին:

Մեծարգո պարոն Ամր Մուսա,

Ամփոփելով իմ խոսքը, կցանկանայի Ձեզ անկեղծ շնորհակալություն հայտնել այս ջերմ ընդունելության եւ այն աջակցության համար, որ դուք եւ Ձեր աշխատակազմը ցուցաբերեցիք փաստաթղթի պատրաստման եւ մեր այցելության ընթացքում:

Շնորհակալություն:

Տպել էջը