ՀՀ Ազգային ժողովի լսումներին ԱԳ նախարար Վ. Օսկանյանի ունեցած ելույթը

29 մարտի, 2005

«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, որ հնարավորություն է տալիս միասին քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի պատմությունը, նրա շուրջ զարգացումները, ներկա իրավիճակն ու լուծման հեռանկարները: Կարծում եմ, որ այս գաղափարը ոչ միայն դրական է, այլեւ ժամանակին ու տեղին: Այսպիսի համատեղ հասարակական քննարկումներն օգտակար են եւ լավ հիմք են ծառայում նախադրյալների ու հեռանկարների շուրջ առողջ քաղաքացիական բանավեճի համար՝ մտքում հստակորեն ու մշտապես ունենալով մի նպատակ. հասնել հակամարտության խաղաղ ու տեւական լուծման:

Այս երկու օրերի օրակարգն ուսումնասիրելիս ես նկատեցի, որ ելույթ ունեցողներն ու թեմաները բավականին բազմազան են եւ ներկայացնում են ամենատարբեր քաղաքական ուղղություններն ու ուժերը: Այսպիսի զանազանեցված սպեկտրը մեզ հնարավորությունը կընձեռի ավելի լավ պատկերացում կազմել մեր հանրապետությունում այս խնդրի շուրջ առկա կարծիքների ու տեսակետների մասին:

Իհարկե, սա իմ ցանկությունն է: Հուսով եմ, որ ելույթ ունեցողներն ազատորեն ու անկեղծորեն կարտահայտեն իրենց տեսակետները, եւ որեւէ մեկն այս առիթը չի օգտագործի քաղաքական շահարկումների նպատակով: Զուտ քաղաքական շահաբաժիններ քաղելու համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն օգտագործելը լի է լուրջ վտանգներով:

Ես կփորձեմ հնարավորինս բաց խոսել՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի դիրքորոշումը, այլ նաեւ մեր մոտեցումները միջազգային իրադրության ու այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք կարող են ազդել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա, ինչպես նաեւ հակառակորդի տեսակետների մեր ընկալումը եւ կարգավորման գործընթացի էվոլյուցիան ու զարգացման դինամիկան:

Սկսեմ վերջինից:

Իսկապես, այսօր առկա իրավիճակն ու մեր ընտրությունը հասկանալու համար մենք պետք է հասկանանք կարգավորման գործընթացի էվոլյուցիան ու դինամիկան:

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացը կարելի է բաժանել մի քանի փուլերի, որոնց ընթացքում փոփոխվել է բանակցությունների թե' ձեւաչափը, թե' բնույթը, ինչպես նաեւ քննարկումների բովանդակությունը:

1988-ին բարձրացված Լեռնային Ղարաբաղի հարցը հակամարտության վերածվեց այն պահին, երբ, ի պատասխան խաղաղ ցույցերի, Ադրբեջանը ուժ կիրառեց, ինչն ի վերջո հանգեցրեց ռազմական գործողությունների: Այդ տարիներին նախկին խորհրդային տարածքում տարաբնույթ, երբեմն իրարամերժ ու չհամակարգված, ցաքուցրիվ ու պատահական միջնորդական ջանքեր գործադրվեցին, որոնք այդպես էլ չհանգեցրին որեւէ հետեւողական գործընթացի, եւ դրանց արդյունքում չծնվեց կարգավորման որեւէ փաստաթուղթ:

1992թ. կարգավորման գործընթացը միջազգայնացվեց: Եվրոպայում անվտանգության ու համագործակցության խորհրդաժողովը (ԵԱՀԽ), որին անդամակցում էին Հայաստանն ու Ադրբեջանը, որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել Մինսկում գումարվելիք կոնֆերանսի ժամանակ: Այս որոշմամբ ծնվեց ԵԱՀԽ Մինսկի գործընթացը, որին մասնակցում էր նաեւ Լեռնային Ղարաբաղը: Այնուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում էր առավել ակտիվորեն ներգրավված լինել՝ շատ հաճախ մրցակցելով Մինսկի խմբի հետ: Միեւնույն ժամանակ հակամարտությունն սկսեց Լեռնային Ղարաբաղի բուն սահմաններից դուրս գալ, երբ, ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի, հայկական ուժերն ստիպված եղան ԼՂ անվտանգությունն ապահովելու նպատակով որոշակի տարածքներ իրենց վերահսկողության տակ վերցնել:

1994թ. մայիսին հաստատվեց փոխադարձաբար համաձայնեցված զինադադար, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները:

Ռազմական գործողությունների կասեցմանը զուգընթաց ԵԱՀԿ-ը Բուդապեշտում կայացած գագաթաժողովի ժամանակ ի մի բերեց մինչ այդ առկա տարբեր բանակցային ուղիները: Ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահների կառույցը, պաշտոնականացվեց բանակցային գործընթացը եւ վերջ դրվեց տարբեր միջնորդական ջանքերի մրցակցությանը: Այսպիսով, ռազմական փուլի ավարտը համընկավ լուրջ բանակցությունների համար անհրաժեշտ մեխանիզմի ստեղծմանը:

Բանակցությունների այս փուլը, որը շարունակվում է արդեն 10 տարի, կարելի է բաժանել չորս շրջանի:

Առաջին շրջանն սկսվեց ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովով եւ ավարտվեց ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովին:

Երկրորդ շրջանը ներառեց հետ-լիսաբոնյան տարիները մինչեւ Հայաստանում 1998թ. իշխանափոխությունը:

Երրորդ շրջանը ձգվեց մինչեւ հայր Ալիեւի մահը:

Չորրորդ շրջանն այն է, որում գտնվում ենք հիմա, եւ որն սկսվեց Ադրբեջանում վարչակազմի փոփոխությամբ:

Գործընթացի առաջին շրջանում բանակցությունները ծավալվեցին մի փաստաթղթի շուրջ, որը նպատակ ուներ վերացնել հակամարտության հետեւանքները, բայց որը չէր քննարկում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը: Այս շրջանում առաջին անգամ ուղիղ բանակցություններ սկսվեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այստեղ էր, որ սկսվեց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հստակեցման գործընթացը: Ուղիղ բանակցություններ սկսելու որոշումը կայացվեց 1995թ. նոյեմբերին Բոննում կայացած Մինսկի խմբի հերթական հանդիպմանը: Ակնկալվում էր նաեւ, որ այս բանակցությունների արդյունքում կծնվի մի համաձայնեցված տեքստ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, որը կներառվի Լիսաբոնի գագաթաժողովի քաղաքական փաստաթղթում: Գագաթաժողովից երկու շաբաթ առաջ ադրբեջանական կողմը ետ քաշվեց այս պայմանավորվածությունից: Ավելին, գագաթաժողովին ադրբեջանցիները վետոյի սպառնալիքով ուղղակի պատանդ վերցրեցին քննարկվող բոլոր փաստաթղթերը, այնպես որ գործող նախագահը ստիպված եղավ համաձայնել ադրբեջանական դիրքորոշումը ներկայացնելու իր հայտարարության մեջ: Այս հայտարարությունը նշում էր կարգավորման այնպիսի սկզբունքներ, որոնց մեջ նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղին հատկացնել ինքնավարության բարձր կարգավիճակ: Թեեւ այս փաստաթուղթը իրավական որեեւ հիմք չուներ, քանի որ ընդամենը նախագահողի հայտարարություն էր, այնուամենայնիվ Հայաստանը մերժեց այն:

Երկրորդ շրջանի կարեւոր փոփոխությունն այն էր, որ Լիսաբոնից հետո եւ Լիսաբոնի պատճառով Մինսկի խմբի գործընթացն առկախվեց: Լիսաբոնի գագաթաժողովը կայացել էր 1996թ. դեկտեմբերին: Դրան հաջորդած Մինսկի խմբի առաջին հանդիպումը կայացավ 1997թ. մարտին, Մոսկվայում: Այն տեւեց շատ կարճ: Հանդիպմանն Ադրբեջանը պնդեց, որ բոլոր հաջորդող բանակցությունները պետք է կայանան, այսպես կոչված, «Լիսաբոնի սկզբունքների» հիման վրա: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը լքեցին դահլիճը: Այստեղ հարկ է նշել, որ երբ սրանով Մինսկի խմբի գործընթացն առկախվեց, Լեռնային Ղարաբաղի պաշտոնական մասնակցությունը նույնպես դադարեց: Ուզում եմ հատկապես շեշտել այս պահը. Լեռնային Ղարաբաղի պաշտոնական մասնակցությունը Մինսկի խմբի լիագումար կազմով բանակցություններին դադարեց հենց այդ ժամանակ: Այլապես, նրանք շարունակում են մնալ բանակցային գործընթացի ակտիվ մասնակից:

Մինսկի խմբի գործընթացի ընդհատումից հետո կողմերին ներկայացվեց երկու հստակ առաջարկ: 1997թ. մայիսին ներկայացվեց փաթեթային առաջարկ, որն ընդգրկում էր բոլոր հարցերը՝ ներառյալ կարգավիճակը, սակայն այն հիմնված էր «Լիսաբոնի սկզբունքների» վրա: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, բնականաբար, մերժեցին այն: 1997թ. սեպտեմբերին համանախագահները, մտածելով, որ անհնարին է կարգավիճակի շուրջ համաձայնության հասնել «Լիսաբոնի սկզբունքների» հիման վրա, այլ ուղղությամբ ընթացան. ներկայացրեցին փուլային կարգավորման առաջարկ, որը ենթադրում էր տարածքների վերադարձ առանց կարգավիճակի հարցը քննարկելու: Հայաստանի նախագահի կողմից այս առաջարկի քննարկումը լուրջ տարակարծություններ ի հայտ բերեց վարչակազմի ներսում եւ ի վերջո հանգեցրեց նրա հրաժարականին:

Երրորդ շրջանին, մասամբ իրադարձությունների այս կտրուկ շրջադարձի, մասամբ Հայաստանի արտահայտած նոր մոտեցումների, մասամբ էլ այն նորովի ընկալման պատճառով, որ անհրաժեշտ է համապարփակ լուծում, եւ այդ լուծումը չի կարող միայն հիմնված լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, համանախագահները հնարամիտ քայլ կատարեցին՝ համադրելով տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները: Արդյունքը եղավ «Ընդհանուր պետության» փաստաթուղթը, որը մերժվեց Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի կողմից «Ընդհանուր պետության» առաջարկի մերժմանը հաջորդեցին ուղիղ հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Ընդհանուր առմամբ, այս շրջանում երկու նախագահները հանդիպեցին ավելի քան քսան անգամ: Համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը գիտակցվում էր նրանց երկուսի կողմից: Հայր Ալիեւը, ընդունելով անխուսափելին, փորձում էր հօգուտ իր երկրի բանակցել այնպիսի շահաբաժիններ, որոնք նաեւ կարգավորման փաթեթն ընդունելի կդարձնեին իր ժողովրդի համար:

Արդյունքը 2001թ. ապրիլի Քի Վեսթի փաստաթուղթն էր, որը բանակցային այդ շրջանի ընթացքում ստեղծված երկրորդ կարեւոր փաստաթուղթն էր: Քի Վեսթի փաստաթուղթը հստակորեն ամրագրում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստը:

Այսպիսով, Լիսաբոնից Քի Վեսթ ընկած վեց տարիների ընթացքում հարցի կապակցությամբ տեղի ունեցան մտածողության հիմնային, վճռորոշ փոփոխություններ, որը, մեր գնահատականով, համահունչ է արդի միջազգային զարգացումներին եւ աշխարհի տարբեր մասերում դրսեւորվող ինքնորոշման գործընթացներին:

Չորրորդ շրջանում, որն սկսվեց Ադրբեջանի նոր ղեկավարության իշխանության գալով, վերջինիս կողմից նկատվում է պատմության անիվը ետ շրջելու հստակ մտադրություն: Նախագահները շարունակում են հանդիպել, թեեւ ոչ նախկին հաճախականությամբ: Զուգահեռաբար ընթանում են արտգործնախարարների հանդիպումները: Այս քննարկումների ժամանակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մշտապես օրակարգային խնդիր է, եւ Ադրբեջանը ներգրավված է այս քննարկումներում:

Հակառակ Ադրբեջանի ներգրավմանը եւ կողմերի ջանքերին` կարգավիճակի շուրջ ընդունելի ձեւակերպումներ որոնելու ուղղությամբ, համենայն դեպս ադրբեջանցիները զուգահեռաբար փորձում են Լեռնային Ղարաբաղի հարցը մտցնել այնպիսի միջազգային ատյաններ, որոնք շարունակում են տարածքային ամբողջականության ու ինքնորոշման խնդիրների հանդեպ ավանդական մոտեցումներ դրսեւորել: Այդ կազմակերպությունների մոտեցումը հանգում է հետեւյալին, որ`

- տարածքների ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների բախման կամ հակադրման դեպքում նախապատվությունը տրվում է առաջինին,

- բոլոր հակամարտությունները պետք է լուծման մեկ եղանակ ունենան՝ անկախ պահանջների օրինականությունից ու խնդրի խորությունից,

- որեւէ շեղման պարագայում կամ ինքնորոշման փաստի ճանաչման դեպքում այն կարող է նախադեպ հանդիսանալ եւ դոմինոյի էֆեկտ հարուցել:

Ի պատասխան ինքնորոշման կոչերի առաջարկվում է սոսկ մարդու իրավունքների ընդլայնում ու որոշ տնտեսական արտոնություններ: Այս մոտեցումը բազմաթիվ գործոններ է անտեսում, այդ թվում նաեւ՝ մարդկանց ինքնության ու ճակատագրի ձեւավորման գործում պատմության ունեցած դերը:

Այսօր բոլորը գիտակցում են, որ այս մոտեցումները համընդհանուր կիրառում չունեն, որ աշխարհում կան տեղեր, ուր առավել հիմնարար լուծումներ կարելի է գտնել եւ այդպիսիք ընդունվում են: Պետությունները, հին ու նոր, շարունակում են ապրել՝ միմյանց հետ ձեւավորելով նոր հարաբերություններ: Մեր օրերում մենք ականատեսը եղանք հանրաքվեի միջոցով Արեւելյան Թիմորի անկախության ձեռքբերմանը, մենք տեսանք, որ Սուդանում համաձայնագիր ստորագրվեց` հիմնված վեց տարի հետո այդ երկրի մի հատվածում հանրաքվե անցկացնելու գաղափարի վրա, որով վերջ դրվեց տասնամյակներ շարունակվող հակամարտությանը: Մենք բոլորս հետեւում ենք Կոսովոյի կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացման հնարավորության շուրջ ծավալվող լուրջ քննարկումներին: Այս խնդիրների վրա աշխատող քաղաքական գործիչների, իրավական ու գիտական փորձագետների շրջանում աճում է այն գիտակցությունը, որ որոշ հանգամանքներում հնարավոր է եւ իրատեսական կլինի ճանաչել ինքնորոշման իրավունքը:

Բոլոր առկա դեպքերում ինքնորոշման պայքարը պետք է դիտարկվի` ելնելով յուրաքանչյուրին ներհատուկ չափանիշներից, յուրաքանչյուրի պատմական, իրավական հիմքից, ինչպես նաեւ՝ ելնելով այսօր առկա իրավիճակից:

Որպես այդպիսին, մենք կարող ենք այսօր ինքնորոշմանն առնչվող հակամարտությունները բաժանել չորս դասի, որոնք կախված են նրանից, թե որքանով է պետությունը վերահսկում իր տարածքն ամբողջությամբ (ներառյալ այն տարածքը, որը զբաղեցված է ինքնորոշման ձգտող ուժերի կողմից), եւ վերջիններիս կողմից ձեռք բերված ինքնորոշման աստիճանից:

Քվեբեկն, օրինակ, 1-ին դասին է պատկանում: Այս պարագայում պահպանվել է Կանադայի տարածքային ամբողջականությունը, միաժամանակ Քվեբեկի բնակչությունը հանրաքվեի միջոցով որոշել է մնալ Կանադայի կազմում:

Այսօրվա ինքնորոշական շարժումների գերակշիռ մասը պատկանում է 2-րդ դասին, որտեղ շարժումները պայքար են մղում՝ առանց ինքնորոշման իրավունքի կիրառման որեւէ աստիճանի, իսկ պետությունը լիովին վերահսկում է վիճարկելի տարածքը: Քուրդ ժողովրդի պայքարը Թուրքիայում այս դասին է պատկանում:

3-րդ դասի մեջ ընդգրկվածները եզրային դեպքերն են, երբ պետությունն ի վիճակի չէ վերահսկելու ինքնորոշման ձգտողներին, սակայն վերջիններս էլ բավարար չափով ուժեղ չեն՝ վերահսկողություն պահպանելու իրենց տարածքի հանդեպ որոշակի հաստատուն ժամանակահատվածով, եւ խնդիրը կարող է երկու ուղղությամբ էլ զարգանալ:

Այսօր Լեռնային Ղարաբաղը պատկանում է բոլորովին տարբեր՝ 4-րդ դասին: Ադրբեջանը որեւէ վերահսկողություն չունի այդ տարածքների հանդեպ, իսկ Լեռնային Ղարաբաղն արդեն 15 տարի ունի լիակատար ինքնիշխանության բոլոր հատկանիշները: Նման դեպքում, հրապուրելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդու իրավունքների եւ տնտեսական առավելությունների խայծով, փորձել նրանց վերադարձնել Ադրբեջանի գերիշխանության ներքո, ուղղակի անիմաստ ու անհեռանկար զբաղմունք է: Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի իր ինքնորոշման չափի ու ժամանակի առումով առանձին կատեգորիայում լինելը առավել ամրագրվում եւ ամբողջական է դառնում հետեւյալ իրավական փաստարկներով.

1.ինքնորոշման բաղադրիչով. Լեռնային Ղարաբաղն անջատվել է օրինականորեն՝ գործող օրենքների լիակատար կիրառմամբ,

2.տարածքային բաղադրիչով. ԼՂ ժողովուրդը ինքնորոշվել է այն տարածքների վրա, որոնք երբեւէ անկախ Ադրբեջանի իրավասության տակ չեն եղել,

3.մարդու իրավունքների բաղադրիչով. Ադրբեջանը, բռնություններ իրականացնելով իր իսկ քաղաքացիները համարվող ժողովրդի հանդեպ, կորցրել է այդ ժողովրդի նկատմամբ խնամակալության բարոյական իրավունքը,

4.եւ վերջապես, անկախ պետական-քաղաքական միավոր լինելու հատկանիշների լիակատար դրսեւորում, որն ապացուցվել է ընտրություններ անցկացնելու, իր ժողովրդին կառավարելու, իր սահմանները պաշտպանելու եւ միջազգային հարաբերություններ վարելու Լեռնային Ղարաբաղի կարողությամբ:

Ադրբեջանի նոր իշխանությունները դժվարությամբ են հաշտվում այս անառարկելի փաստերի ու իրականության հետ: Դրա պատճառով հստակ, կտրուկ փոփոխություններ են նկատվում բանակցությունների եւ կարգավորման ուղիներ որոնելու հանդեպ նրանց մոտեցումներում: Առավել մտահոգիչ է այն, որ ի հայտ են գալիս նոր՝ հասարակական եւ պաշտոնական առասպելներ ու դրույթներ, որոնց վրա կառուցվում են Ադրբեջանի դիրքորոշումները:

Առաջինը, ադրբեջանցիներն իրենք իրենց համոզել են, թե խնդրի էությունը իրենց տարածքների հարցն է: Երբ այս հակամարտությունն սկսվեց, Լեռնային Ղարաբաղից դուրս տարածք չկար, որ հայկական վերահսկողության տակ լիներ: Դրանք հայկական վերահսկողության տակ հայտնվեցին այն բանից հետո, երբ ոչ միայն համաձայնություն ձեռք չբերվեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, այլեւ Ադրբեջանը լուծումը տեսնում էր Լեռնային Ղարաբաղը բոլոր հայերից զտելու մեջ: Այդ իսկ պատճառով լուծումն ԼՂ կարգավիճակի սահմանման մեջ է, իսկ ԼՂ սահմաններից դուրս վերոհիշյալ տարածքների վերահսկողությունն ապահովում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը:

Երկրորդ, ադրբեջանցիները մտածում են, որ եթե իրենց առավելագույն պահանջները չբավարարվեն բանակցությունների միջոցով, նրանք մշտապես կարող են դիմել ռազմական գործողությունների: Ակնհայտ է, որ խնդրի վերջնական լուծումը ռազմական ճանապարհով հնարավոր չի եղել եւ չի լինի: Միայն ադրբեջանական զենքն ու զինամթերքը բավարար չեն սեփական կյանքը, օջախն ու պատմական հայրենիքը պաշտպանող ԼՂ ժողովրդի դեմ: Ադրբեջանը պետք է հայերի էթնիկ զտում իրականացնի Լեռնային Ղարաբաղում, ինչն այսօրվա պայմաններում պարզապես հնարավոր չէ: Մեր աչքի առաջ է Սերբիայի եւ Կոսովոյի օրինակը:

Երրորդ, ադրբեջանցիները կարծում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: Իհարկե, սա գալիս է այն վստահությունից, որ ապագա նավթային շահույթներով նրանք կկարողանան մեծացնել իրենց ռազմական հզորությունը: Սա մեծագույն ինքնախաբեություն է, որովհետեւ ժամանակը չի կարող միանշանակորեն ու վստահաբար միայն մի կողմի օգտին աշխատել:

Ավելին, միջազգային միտումները զարգանում են ինքնորոշման իրավունքի ամրապնդման ուղղությամբ: Որքան երկար Լեռնային Ղարաբաղը պահպանի դե ֆակտո անկախությունը, այնքանով ավելի դժվար կլինի պատմության անիվը ետ շրջել:

Չորրորդ, ադրբեջանցիները կարծում են, որ մեկուսացած Հայաստանը տնտեսապես ի զորու չի լինի իր դիրքերը պահպանել եւ վաղ թե ուշ լուրջ զիջումների կգնա: Նախ, դա ի սկզբանե թյուր մոտեցում է, քանի որ զիջումներին պետք է առաջին հերթին ԼՂ ժողովուրդը համաձայնի: Եվ երկրորդ, մի ժողովուրդ, որն անցել է անցյալ մեկուկես տասնամյակի զրկանքների ու դժվարությունների միջով, ցույց է տվել, որ կարող է դիմակայել, երբ իր կյանքը կամ ազատությունն է վտանգված: Հակառակը, թե' Հայաստանը, թե' ԼՂ-ը հաղթահարել են գոյատեւման փուլը եւ արդեն տնտեսական աճ են գրանցում:

Եվ վերջապես, ադրբեջանցիներն իրենք իրենց համոզել են, թե Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելով, հնարավոր կլինի միջազգային կազմակերպություններում տարբեր բանաձեւերի անցկացմամբ ստիպել հայերին հանձնվելու: Սակայն, Հայաստանին հաջողվել է հետեւողականորեն ցույց տալ, որ Ադրբեջանը սեփական ագրեսիայի զոհն է, եւ որ այսօրվա իրավիճակն իր իսկ կողմից իրականացված ագրեսիայի հետեւանք է: Եթե հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն ի դիմաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ապագայի ապահովման, դա հնարավոր է: Եթե այս տարածքները պետք է պահպանվեն ի դիմաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ապագայի ապահովման, դա նույնպես հնարավոր է: Նպատակը անվտանգությունն ու ինքնորոշումն է, տարածքները չեն:

Եզրափակելով ասեմ, որ լուծումը ռազմական գործողությունների միջոցով չի գտնվելու, միջազգային ատյաններում փաստաթղթեր ու բանաձեւեր ստեղծելու միջոցով չի գտնվելու, ոչ էլ կարող է դրսից պարտադրվել կողմերին: Խնդրի կարգավորման միակ ուղին քաղաքական կամք դրսեւորելու միջոցն է, նստելու եւ բաց ու անկեղծ, իրատեսական դիրքորոշումների քննարկումներ անցկացնելու միջոցն է:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խնդրի վերջնական լուծման իր սկզբնական նախադրյալներին, ըստ որոնց`

-Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ,

-Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ, եւ

-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

Այսօր մեզ համար խնդրի կարգավորման հիմքը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրումն է եւ դրա միջազգային ճանաչումը: Միայն Ադրբեջանի կողմից այս փաստի ընդունումը եւ դրա փաստաթղթային ամրագրումը հնարավոր կդարձնի սկսելու խնդրի կարգավորումը, այդ թվում նաեւ` հակամարտության հետեւանքների վերացումը»:

Տպել էջը