Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում Ցեղասպանություններին նվիրված միջազգային կոնֆերանսում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը

15 հունիսի, 2005

Ես ուրախ եմ ձեզ հետ մասնակցելու նախորդ դարի առաջին ցեղասպանության հիշատակին նվիրված այս միջոցառմանը: Այդ ժամանակից ի վեր հազարամյակ է փոխվել, սակայն մարդ արարածը չի փոխվել: Այդ ողբերգությանը, մարդկության դեմ գործած այդ հանցագործությանը հաջորդել են քաղաքականությամբ թելադրված տասնյակից ավելի ամբողջ ազգերի այդօրինակ սպանություններ: Այսօր՝ 21-րդ դարի սկզբին, Դարֆուրի պարագայում մենք կրկին հայտնվել ենք մի աշխարհում, որը լի է դատապարտմամբ, սակայն չունի ցեղասպանությունն իրականացնողների անունները տալու եւ այն դադարեցնելու բավարար քաղաքական կամք: Պատմությունը շարունակում է կրկնվել:

Այս տարի ապրիլի 24-ի օրերին մենք նշեցինք Հայոց ցեղասպանության 90- ամյակը: Բրիտանական քաղաքական շրջանակները ձեզ այստեղ թույլ չտվեցին այդ անել,սակայն հունիսյան այս օրը տեղի ունեցող կոնֆերանսը հիշեցնում է մեզ, որ հիշատակը նշելը եւ դատապարտումը չեն սահմանափակվում միայն տարեդարձերով:

Ինձ համար գնահատելի է, որ այս հիշատակի արարողությունը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում՝ Առնոլդ Թոյնբիի եւ Ջեյմս Բրայսի հայրենիքում, մի պատմաբանի եւ մի դիվանագետի, որոնք զբաղվում էին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ եղած վերաբերմունքի մասին փաստաթղթերի ուսումնասիրմամբ: Այսօրվա թուրքական իշխանությունները ցանկանում են վերանայել եւ վերաձեւակերպել նրանց աշխատությունները:

Այս մասին էր խոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանը այս տարվա սկզբին Բրիտանական պառլամենտին ուղղած իր նամակում: Բավարար չէ, որ նրանք անցած դարի մի հսկայական մասն անց են կացրել իրենց պատմությունը վերափոխելով, այժմ ցանկանում են ձերը վերափոխել: 2005-ին, երբ աշխարհում չկան այլեւս կայսրություններ եւ գաղութներ, այն աշխարհում, ուր վեհ գաղափարներն են միավորում երկրներին ու ազգերին դաշինքների մեջ եւ ուղղորդում նրանց քաղաքականությունն ու գործունեությունը, առնվազն հիասթափեցնող է տեսնել, որ ժամանակակից թուրքական կառավարությունը, որին ի ցույց են դնում իբրեւ ժողովրդավարության ջատագովի, կրոնական հավատամքների հանդեպ համաշխարհային իդեալների հաղթանակի օրինակի, կարող է ցինիկորեն ժխտել իր եւ ՄԵՐ պատմությունը:

Երբ կառավարությունը ծրագրում է ձերբազատվել իր բնակչությունից քաղաքական խնդիր լուծելու նպատակով, դա ցեղասպանություն է: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը փոքրանում էր, այն կորցնում էր վերահսկողությունը կայսրության ծայրամասերի իր ենթակաների վրա: Վախենալով, որ Անատոլիայում եւս հայկական փոքրամասնությունը կպահանջի ավելի մեծ իրավունքներ եւ կխրախուսի արտաքին ուժերին ճնշում գործադրել` օսմանյան ղեկավարությունն օգտագործեց 1-ին Համաշխարհային պատերազմի քողը՝ փորձելով ոչնչացնել հայերին:

ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն այն, ինչին ականատես էր եղել, կոչեց «ազգի սպանություն»: Այլոք անվանեցին դա «ցեղի սպանություն»: Նրանք այդպես էին անվանում, որովհետեւ դեռեւս ցեղասպանություն տերմինը չկար: Երբ այն ի վերջո ստեղծվեց 1944-ին Ռաֆայել Լեմկինի կողմից, հստակորեն անդրադառնում էր նախորդ ցեղասպանության դեպքերին՝ Հայոց ցեղասպանությունը ներառյալ: Որեւէ կասկած չկա, որ եթե 1915-ին ցեղասպանություն բառը գոյություն ունենար, հարյուրավոր հոդվածներից յուրաքանչյուրում այն կգործածվեր:

Այս ամենը հաշվի առնելով, Թուրքիայի պատմության ժխտմանն ու վերափոխմանն ուղղված շարունակական ջանքը ժամանակի վատնում է եւ հարվածում է իրենց հեղինակությանը: Վարչապետ Էրդողանը ապրիլին երկրորդ նամակը գրեց. այն ուղղված էր իմ նախագահին, թեեւ նրանք այն տվեցին մամուլին, նախքան մեզ հանձնելը: Նամակում ասվում էր, թե եկեք համատեղ պատմական հանձնաժողով ստեղծենք, որը կուսումնասիրի, ինչպես ինքն էր կոչել, «պատմության այս վիճարկելի ժամանակաշրջանը»: Նա ասում էր, թե դա մի քայլ կլինի մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

Մեզ համար մեր երկրների միջեւ հարաբերությունների նորմալացումը խիստ ցանկալի է: Սակայն կարծում ենք, որ նա հակառակ կողմից է մոտենում հարցին: Մեզ հարկավոր է հասնել մեր երկրների միջեւ հարաբերությունների որոշակի նորմալացման, որպեսզի համատեղ հանձնաժողովը կարողանա այս եւ շատ այլ վիճարկելի հարցերի լուծման ուղղությամբ աշխատել: Այսօրվա մեր հարաբերությունները որեւէ կերպ նորմալ չես անվանի: Թուրքիայի ներսում չկա նորմալ միջավայր, ուր հնարավոր լինի քննարկել այս հարցերը: Այս նամակից հետո անցած երկու ամսվա ընթացքում Թուրքիան վավերացրել է մի քրեական օրենսգիրք, ուր ցեղասպանություն բառի օգտագործումը դիտվում է քրեորեն դատապարտելի հանցանք, դատավարություններ է սկսել մի քանի գրողների եւ պատմաբանների դեմ ցեղասպանություն բառի, իսկ վերջերս՝ անգամ «ջարդեր» տերմինի օգտագործման համար: Անցած երկու ամսվա ընթացքում թուրքական իշխանությունների ճնշման հետեւանքով չանցկացվեց երեք թուրքական համալսարանների կազմակերպած գիտական կոնֆերանսը, որը քաղաքականապես շատ ճիշտ խորագիր ուներ՝ «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում»:

Չի կարելի Եվրոպայի դռները բախել` պատմաբանների աչքերը եւ գրողների բերանները փակելով: Այսպիսի միջավայրում հանձնաժողովի անդամներն ի՞նչ պետք է քննարկեն: Երկու կառավարությունների միջեւ հարաբերությունների բացակայության պարագայում ո՞վ է նրանց նշանակելու եւ ու՞մ են նրանք զեկուցելու:

Մերժումն ու ժխտումը խորը արմատներ են գցել թուրքական հասարակության մեջ: Նրանք փորձում են դա արդարացնել հայերի դավաճանության, ագրեսիայի, հանցավորության եւ տարածքային հավակնությունների մասին քարոզչությամբ:

Այս մտածողության քաղաքական հետեւանքն է եղել հայ-թուրքական սահմանի միակողմանի փակումը: Մեր սահմանի երկայնքով երբեւէ նորմալ փոխանակում, փոխգործակցություն կամ հարաբերություններ չեն եղել ոչ խորհրդային ժամանակաշրջանում, ոչ էլ անկախությունից հետո: Արդյո՞ք Թուրքիան ցանկանում է այս դարի մնացած մասն անցկացնել հիշողությունները ցեմենտելով եւ անցյալը գրաքննության ենթարկելով: Ե՞րբ պետք է մենք անցնենք նոր միջավայրի ձեւավորման, որտեղ այս երկու հարեւանները կկարողանան մի ընդհանուր միջավայրում գոյակցել, նոր փորձառություն ձեռք բերել եւ սովորել ապրել միասին առանց դառնության ու թշնամանքի: Հայերին ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է անվտանգության շատ շոշափելի խնդիրների պատճառով եւս, եւ ոչ միայն հանուն պատմական արդարության:

Այս բարդ խնդիրները մի քանի գիտնականի ու փորձագետի հանձնարարելն, առկա այսպիսի վակուումի պարագայում, երկխոսություն սկսելու անկեղծ փորձ չէ:

Թուրքական պետության հսկայական միջոցներն ու հեղինակությունն են ներդրվել պատմությունից խուսանավելու եւ ցեղասպանություն տերմինի օգտագործումից խուսափելու գործում: Երկխոսություն սկսելու համար կպահանջվի այդ նույն թուրքական պետության ներգրավվածությունը: Մենք միակ հարեւանները չենք աշխարհում, որոնք խաթարված հարաբերություններ են ունեցել եւ շարունակում են ունենալ:

Սա էր նախագահ Քոչարյանի պատասխանը վարչապետ Էրդողանին: Նա նաեւ նշեց, որ Հայաստանը պատրաստ է քաղաքական երկխոսության: Քաղաքական երկխոսության հովանու ներքո ցանկացած այլ տեսակի քննարկում, լինի այսօրվա սահմանների, թե՝ անցյալի պատմության մասին, կարող է տեղ գտնել: Քաղաքական երկխոսության հովանու ներքո միայն նրանք, ովքեր պատասխանատվություն ունեն, հանձնառու են եւ լիազորված գործելու, ներգրավվելու կարգավորման գործում:

Այսօրվա թուրքերը մեղավոր չեն ոճրագործների համար, եթե, իհարկե, չեն ուզում պաշտպանել նրանց կամ նույնանալ նրանց հետ: Հայերն ու թուրքերը, մնացյալ աշխարհի հետ մեկտեղ, կարող են մերժել այդ գործողությունները եւ դատապարտել Օսմանյան կայսրության հանցագործությունները:

Որոշ թուրք գրողներ եւ գիտնականներ ոտք են դրել խորամուխ լինելու եւ ուսումնասիրելու դժվարին ճանապարհին: Ոմանք դա հրապարակավ են անում, մեծ թափանցիկությամբ: Այս առումով շատ էական է, որ միջազգային հանրությունը չանտեսի, այլ հաստատուն կերպով ձեռքը մեկնի, իր օրինակով, պատմությունը հաղթահարելու իր փորձով օգնի:

Յուրաքանչյուր ազգ խմբագրում է իր անցյալը ճիշտ այնպես, ինչպես խմբագրում է ապագայի իր տեսլականները: Թուրքական իշխանությունների ընտրովի ամնեզիան է, որ խոչընդոտում է մեր ընդհանուր անցյալը հաղթահարելուն ուղղված ջանքերին: Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ Թուրքիայի` իր ապագան Եվրոպայում պատկերացնելու 21-րդ դարի տեսլականը եւ Եվրոպայի՝ Թուրքիան Եվրոպայի մաս կազմելու տեսլականը կգերազանցեն 19-րդ դարի քաղաքականությանը:

Տպել էջը