Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի փակման խոսքը Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային համաժողովին

21 հունիսի, 2005
Պետական հանձնաժողովի անունից ցանկանում եմ հրապարակավ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս համաժողովին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Զորյան ինստիտուտին մասնագիտական ու կազմակերպական խորհրդատվության համար: Ես հատկապես երախտագիտություն եմ հայտնում այն գիտնականներին, գրողներին ու պրոֆեսորներին, որոնք իրենց աշխատանքն ու ժամանակն են տրամադրել, Հայաստան ճամփորդելու եւ այս տարի այստեղ, այս պահին, մեզ հետ լինելու համար: Սա շատ խորհրդանշական է: 90 տարի անց մենք հավաքվել ենք այստեղ՝ ճանաչման ու կանխարգելման կոչերով, որպեսզի 2015-ին կարողանանք հավաքվել՝ հիշատակի տուրք մատուցելու համար միայն:

Այս երկու օրերի ընթացքում ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը տարբեր ձեւակերպումներով հետեւյալն էին ասում:

Ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ծանրագույն հանցանք է: Այն իշխանության ծայրահեղ չարաշահում է: Այն խնամակալության պատասխանատվության ոտնահարում է հենց այն մարդկանց կողմից, ում վստահված է սեփական բնակչության անվտանգության ապահովումը: Ընդունել, որ որեւէ կառավարություն ունակ է նման անբարո ու անմարդկային գործողություններ իրականացնել, քանի որ որոշ կառավարություններ, իրոք, ցեղասպանություն են իրականացրել, սա է մարդու իրավունքների ոլորտում մեր առաջ կանգնած խնդիրը:

Չկա վակուումի մեջ ձեւավորված ազգային պատմություն: Ոչ մի ազգ չի կարող լիովին ձերբազատվել իր պատմությունից, այլ միայն կարող է հաղթահարել այն: Բայց հաղթահարելու համար պետք է դիմագրավել պատմությանը թե ներսում` ինքներս մեր մեջ, թե այլոց հետ: Վերջիններս նույնպես պետք է միասնաբար դիմագրավեն իրենց պատմությանը:

Այլ կերպ ասած, Հայաստանն ու Թուրքիան պետք է երես առ երես կանգնեն սեփական պատմության առաջ: Առանձին-առանձին եւ միասնաբար: Հայաստանը հավատացած է, որ Թուրքիան պետք է պատճառաբանությունները մի կողմ դնի եւ նորմալ հարաբերություններ հաստատի մի հարեւանի հետ, որը ոչ անհետանալու է, ոչ էլ պատրաստվում է մոռանալ իր պատմությունը:

Մենք աշխարհում միակ հարեւանները չենք, որ ունեցել ենք կամ ունենք խաթարված հարաբերություններ: Դառը հիշողությունները, տառապալից անցյալը, փոխադարձ մեղադրանքները, չլուծված հարցերը եւ զոհի չամոքված վերքերը հաշմում են ժողովուրդների գիտակցությունը: Մեր պարագայում, եթե մեր երկու երկրների միջեւ որոշ հեռավորություն լիներ, գուցեեւ հնարավոր լիներ որոշակիորեն տարանջատել մեր անցյալն ապագայից: Բայց դա մեզ տրված չէ: Մեր միջեւ որեւէ տարածություն չկա, չկա որեւէ միջնորմ: Մենք ապրում ենք հենց այստեղ, կողք-կողքի՝ մշտապես հիշելով մեր մեծ կորուստները: Եւ հենց այն պատճառով, որ դրկից ենք, պետք է ցանկանանք ու կարողանանք հաղթահարել անցյալը:

Սակայն մենք դա կարող ենք անել այն դեպքում, երբ անցյալի չարիքը մերժել է մեր հարեւանը եւս: Դուք նկատեցիք, որ ես չասացի «ոճրագործը»: Հայերն ունակ են զատելու ոճրագործին Թուրքիայի ներկա կառավարությունից: Օսմանյան Կայսրությունում ապրող հայերի երկու երրորդը կոտորվեց կամ տեղահանվեց 1915-1918թթ.: Այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պետք է կարողանա դատապարտել այդ գործողությունները: Ապացույցները ծանրակշիռ են, պարզորոշ ու անհերքելի:

Հայերն Օսմանյան կայսրության ամենաստվար փոքրամասնություններից մեկն էին: Ու՞ր գնացին նրանք: Հնարավո՞ր է, արդյոք, որ մեր բոլոր տատ ու պապերը գաղտնի համաձայնության եկած լինեն եւ պատմություններ հորինեն: Ու՞ր են այն հայերի ժառանգները, ովքեր հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր են կառուցել, որոնց ավերակները դեռեւս կանգուն են Թուրքիայում: Սո՞ւտ են, արդյոք, սարսափների մասին ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները: Ինչո՞ւ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ստեղծվեց ռազմական տրիբունալ, եւ ինչո՞ւ այն Օսմանյան Թուրքիայի ղեկավարությանը մեղավոր ճանաչեց հայերի զանգվածային սպանություններ հրահանգելու համար: Եթե դա ցեղասպանություն չէր, այլ պարզապես Ռուսական կայսրության հետ սահմանի արեւելյան հատվածի, այսպես կոչված, ապստամբ հայ բնակչության` «պատերազմով պայմանավորված տեղահանումներ», ինչպես թուրք արդարացնողներն են երբեմն հայտարարում, ապա ինչո՞վ բացատրել հայերի տների թալանն ու հրդեհումը Թուրքիայի արեւմտյան հատվածներում: Ինչո՞ւ հայերը տեղահանվեցին ծովափնյա Զմյուռնիա ու Կ. Պոլիս քաղաքներից: Նավակներով մարդկանց ծովի խորքերն էին տանում ու ջրասույզ անում. սա՞ էր նշանակում տեղահանում: Արդյոք կարելի՞ է մի գիշերվա մեջ մտավորականներին հավաքելն ու սպանելը կանխամտածվածությունից բացի այլ բան համարել:

Երբ կառավարությունն իր բնակչությունից ազատվելու ծրագրեր է մշակում քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով, դա ցեղասպանություն է: 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունը փոքրանում էր, այն սկսել էր կորցնել վերահսկողությունը ենթակաների վրա կայսրության սահմանների երկայնքով: Վախից, որ Անատոլիայում եւս հայկական փոքրամասնությունը ավելի շատ իրավունքներ կպահանջի եւ արտաքին ուժերին կոչ կանի ճնշում գործադրել, օսմանյան ղեկավարությունն օգտագործեց Առաջին համաշխարհային պատերազմի քողը հայերին բնաջնջելու համար՝ սկսելով հայ ժողովրդի երեւելիներից, հետո անցնելով տղամարդկանց, եւ ի վերջո, տեղահանելով կանանց, երեխաներին ու ծերերին:

Սա ամբողջովին տեղավորվում է ցեղասպանության բնորոշման մեջ: Ոճրագործը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, այդ մարդիկ պատկանում էին հստակ մեկ ազգային, էթնիկ, ցեղային կամ կրոնական խմբի: Ոճրագործը նպատակադրված էր եւ, իրոք, ոչնչացրեց, ամբողջովին կամ մասամբ, այդ ազգային, էթնիկ, ցեղային կամ կրոնական խումբը եւ այդ ոչնչացումը հետեւողական բնույթ էր կրում: Ի միջի այլոց, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն այն, ինչին ականատես էր եղել, կոչեց «ազգի սպանություն»: Մյուսներն այն կոչում էին «ռասայի սպանություն»: Նրանք այդպես էին կոչում, որովհետեւ «ցեղասպանություն» տերմինը դեռեւս գոյություն չուներ: Երբ ի վերջո 1944թ. Ռաֆայել Լեմկինն այն ստեղծեց, հստակորեն սահմանեց` նկատի ունենալով նախորդ եղեռնագործությունները՝ ներառյալ Հայոց ցեղասպանությունը: Անգամ Հիտլերն է անդրադարձել «հայերի բնաջնջմանը», իբրեւ օրինակի, որը կարելի է երեք տասնամյակ անց կրկնել Լեհաստանում: Որեւէ կասկած չկա, որ եթե «ցեղասպանություն» բառը գոյություն ունենար 1915թ., «Նյու Յորք Թայմսի» կամ այլ պարբերականների հարյուրավոր հոդվածներից յուրաքանչյուրը կօգտագործեր այդ տերմինը: Այսօր տեսեք, թե ինչ հաճախ է գործածվում «ցեղասպանություն» բառը՝ նկարագրելով դեպքեր ու իրադարձություններ, որոնք դաժանությունների ծավալով ու տեսակով, պարզապես, անհամեմատելի են: Հայերը շարունակում են ապրել չամոքված տառապանքի հիշողությամբ, տառապանք, որը ոչ խստորեն դատապարտվել է, ոչ միանշանակ ճանաչվել:

Հակառակը, Թուրքիան անասելի գումարներ է ծախսում պատմությունը ժխտելու, հերքելու եւ աղավաղելու համար: Եվ ոչ միայն գումարներ: Պատմությունը ժխտելու ու վերաձեւելու նրանց տեւական ու համառ ջանքերը հանգեցնում են իրենց իսկ հեղինակության ու ժամանակի կորստի: Չի կարելի պատմաբանների ու գրողների աչքերը, բերանները փակելով` բախել Եվրոպայի դռները: Հատկապես երբ դա վերաբերում է այնպիսի ծանրակշիռ ու հետեւանքներով լի հարցի, ինչպիսին ցեղասպանությունն է: Թուրքական խորհրդարանի վերջին կոչը` կրկին ուսումնասիրել, վերանայել եւ վերաձեւել բրիտանական «Կապույտ գրքի» համար Առնոլդ Թոյնբիի ու Ջեյմս Բրայսի հավաքած փաստաթղթերը, պատմությունը խեղաթյուրելու ջանքերը նոր՝ առավել ցածր մակարդակի են հասցնում: Թուրքիան սեփական պատմությունը վերաձեւելու փորձերից հետո սկսել է մտածել, թե կարող է մյուսներին էլ համոզել վերաձեւել իրենցը: Սա սոսկ խաթարում է ամբողջ գործընթացը, խորացնում զգացմունքներն ու կրկին զայրույթ բորբոքում: Վատն այն է, որ այսպիսի ցինիկ քայլերը քաջալերում են նրանց, ովքեր չեն հավատում հաշտեցմանը՝ հասկանալով դրանից բխող մեծ ռիսկերն ու դրա գինը:

Էլի Վիզելն ասել է, որ ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին փուլն է, քանի որ «այն փորձ է անում պատմությունն այնպես ձեւափոխել, որ զոհերը որպես չարիք ներկայացվեն, իսկ ոճրագործներն արդարացվեն»: Ահա թե ինչ է փորձում անել Թուրքիան, ոչ ժողովուրդը, այլ կառավարությունը: Այսօրվա թուրքերը ոճրագրոծների մեղքերի կրողները չեն, եթե, իհարկե, նրանք չեն ուզում պաշտպանել ու նույնանալ նրանց հետ: Հայերն ու թուրքերը ամբողջ աշխարհի հետ մեկտեղ կարող են մերժել Օսմանյան կայսրության իրականացրած գործողությունները եւ դատապարտել գործած հանցանքները:

Թուրքիան նաեւ պետք է պատմությունը քաղաքականությունից զատի: Պատճառաբանությունները, թե ցեղասպանության ճանաչմանն ինչ կարող է հետեւել, միայն պատճառաբանություններ են: Ինչո՞ւ են նրանք զարմացած, որ Արարատը մեր պետական զինանշանի վրա է: Հայերն այս հողերի վրա հազարավոր տարիներ են ապրել, եւ Հայաստանի սահմանները շատ են փոխվել հազարամյակների ընթացքում: Սա պատմական փաստ է. Հայկական թագավորությունը ձգվել է ծովից ծով: Վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին: Դա, նույնպես, պատմական փաստ է: Սեւրի պայմանագրի դրույթներով Հայաստանի տարածքը տասը անգամ մեծ էր այսօրվա տարածքից: Դա էլ է պատմական փաստ, ինչպես եւ այն, որ Թուրքիան արհամարհեց իր իսկ կառավարության ստորագրած պայմանագիրը եւ ուժով ստեղծեց նոր փաստացի իրավիճակ, որը հանգեցրեց մեկ այլ պայմանագրի ստորագրման՝ արդեն այլ ստորագրող կողմերով: Այս նոր պայմանագիրը, այսպես թե այնպես, գծեց այսօրվա սահմանները: Սա նույնպես պատմական փաստ է:

Այդուհանդերձ, քաղաքական իրողություն է այն, որ միջազգային հանրությունը Թուրքիային ու Հայաստանին այսօր ընկալում է իրենց ներկայիս սահմաններով: Քաղաքական իրողություն է այն, որ մենք հարեւաններ ենք եւ շարունակելու ենք ապրել կողք-կողքի: Քաղաքական իրողություն է այն, որ Հայաստանը Թուրքիայի անվտանագությանը չի սպառնում: Եվ վերջապես, իրողություն է այն, որ այսօրվա Հայաստանն է կոչ անում դիվանագիտական հարաբերություններ հաստատել այսօրվա Թուրքիայի հետ:

Այս պատճառներով է, որ, ցեղասպանության ճանաչումից բացի, որեւէ այլ հարց չի եղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եւ այսօր էլ չկա:

Երեկ ես հարցազրույց էի տալիս մի թուրքական հեռուստախմբի: Ես զարմացած էի նրանց ապատեղեկացվածությ ծավալով: Նրանք զարմացած էին, որ հայ-թուրքական սահմանը բաց է հայկական կողմից, որ Թուրքիան է այն փակ պահում: Նրանք զարմացած էին, որ Հայաստանը ոչ մի նախապայման չի դնում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Նրանք անչափ զարմացած էին, որ անգամ ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ: Նրանք նաեւ զարմացած էին, որ Կարսի պայմանագիրն անվավեր չի հայտարարվել կամ մերժվել Հայաստանի կառավարության կողմից: Այժմ ես եմ զարմացած, որ պաշտոնական թուրքական քարոզչությունն ազդել է այդքան մարդկանց տեսակետների վրա եւ մթագնել դրանք:

Կա եւս մի թյուրընկալում: Ի սկզբանե մարդիկ ենթադրում են, որ Հայաստանը դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Նրանք սխալվում են այս հարցում եւս: Իհարկե, մենք կցանկանայիք, որպեսզի Թուրքիան Եվրամիության անդամ դառնար: Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի Թուրքիան ԵՄ բոլոր չափանիշներին համապատասխաներ: Մենք կցանկանայինք, որ Թուրքիան նմանվեր Բելգիային, Իտալիային եւ մյուսներին: Մենք կցանկանայինք, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնար, որպեսզի մեր սահմանները բաց լինեին, որպեսզի մեր հայրենակիցները եւ թուրք գիտնականներն ավելի ազատորեն խոսեին ցեղասպանության մասին: Մենք կցանկանայինք, որ Թուրքիան ԵՄ անդամ լիներ, որպեսզի այնտեղի մեր եկեղեցիներն ու սեփականությունը պաշտպանված ու վերականգնված լինեին:

Հայաստանը հավատացած է, որ հենց այս պահին, երբ Թուրքիան ստիպված է վերանայել մարդու եւ քաղաքացիական իրավունքները, խոսքի ու կրոնի ազատությունը, նրան պետք է խրախուսել, համոզել ընդունել իր անցյալը: Այսպիսի խրախուսանքները եւ համոզումը պետք է թե դրսից լինի, եւ թե, որն ամենակարեւորն է, ինչպես Հրանտ Դինքը շեշտեց երեկ, թուրքական հասարակության ներսից:

Թուրք գրողներն ու քաղաքական գործիչները սկսել են զննման ու ուսումնասիրության դժվարին գործընթացը: Ոմանք դա անում են հրապարակավ, լիովին բացեիբաց: Հուսանք, որ Եվրոպան կակնկալի, որ Թուրքիան, որը լրջորեն է վերաբերում ԵՄ անդամակցության հարցին եւ իսկապես ունակ է գլուխ հանել այդ անդամակցությունից բխող բարդ հարաբերություններից, կընդունի իր անցյալը:

Այս առումով խիստ կարեւոր է, որ միջազգային հանրությունը չսկսի օրենքները շրջանցել, չանտեսի խնդիրները, չնվազեցնի պահանջները, այլ փոխարենը մշտապես օժանդակություն ապահովի, սեփական պատմությունը հաղթահարելու իր փորձով օրինակ ծառայի, որպեսզի հայերն ու թուրքերը, բոլոր եվրոպացիները, նոր պատմություն կերտելով, առաջ ընթանան՝:

Տպել էջը