ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

18 սեպտեմբերի, 2005

Պարոն նախագահ
Պարոն գլխավոր քարտուղար
Հարգելի գործընկերներ

Պարոն նախագահ,

Ջերմորեն ողջունում ենք Ձեզ Ձեր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ գիտենք, որ հաճույքով աշխատելու ենք Ձեզ հետ: Նախորդ նախագահին էլ կցանկանայինք մեր հատուկ շնորհակալությունները հայտնել մեր ընդհանուր գործի մեջ նրա ներգրավվածության ու ներդրումի համար:

Պարոն նախագահ,

2000թ. Հազարամյակի գագաթաժողովը տեղի էր ունենում մեկ այլ Նյու Յորքում, մեկ այլ ժամանակաշրջանում,- նախքան որ մեր օրակարգն ամբողջովին կլանվեր անվտանգության աննախադեպ մրցահայտերով,- եւ այդ ժամանակ մեր անվտանգության գերագույն մրցահայտը համարվում էր համընդհանուր տնտեսական զարգացման բացթողումները:

Այդ էր պատճառը, որ ծնունդ առան «Հազարամյակի զարգացման նպատակները»: Եվ պահանջվեց աշխարհի գրեթե 200 առաջնորդի կամքն ու վճռականությունը ութ հստակ ու ակնհայտ նպատակ սահմանելու համար, որոնք կարող են ամփոփվել Ամարտյա Սենի պերճախոս արտահայտությամբ. «Զարգացումը ազատություն է»:

Այս հինգ տարիների ընթացքում այդ նպատակների հրատապությունը չի նվազել: Եվ ձեւանալ, թե ավելի քիչ ունենալը կարող է բավարար լինել այս վիթխարի հարստությունների կերտման դարում, անկեղծ չէ, ավելին` վտանգավոր է եւ անարդարացի:

Եթե համաշխարհային անվտանգության հարցն է մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք համոզված ենք, որ զարգացումն է տանում դեպի անվտանգություն, ապա մենք պետք է հիշենք Էլեանոր Ռուզվելտին, որն ավելի քան 60 տարի առաջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա աշխատելիս, ձեւակերպեց այն, ինչն ակնհայտ էր. «Կարիքի մեջ գտնվող մարդիկ ազատ չեն»:

Միայն այս նպատակներին հասնելով է, որ մարդիկ կարող են ապրել «ավելի մեծ ազատության մեջ»:

Պարոն նախագահ,

Հայաստանում, որը ունի սահմանափակ տնտեսական պաշարներ, սակայն հզոր կամքով ժողովուրդ, մեզ հաջողվել է բարձր տնտեսական աճ գրանցել: Այդուհանդերձ, մեր, ինչպես եւ աշխարհի խնդիրը տնտեսական նվաճումները մարդկային զարգացման առաջընթացի վերածելն է:

Հայաստանն անհամբերությամբ է սպասում «Մարդկային զարգացման զեկույցի» ամենամյա լույս ընծայմանը, որովհետեւ այն նման է գնահատականների թերթիկի: Բարեբախտաբար, յուրաքանչյուր տարի մենք լավ թերթիկ ենք ստանում եւ գրանցում ենք առաջընթաց, գրանցում ենք բարելավում: Այս տարի մենք 83-րդ տեղն ենք զբաղեցրել՝ առաջ անցնելով մեր բոլոր հարեւաններից:

Մենք չպետք է թերագնահատենք այս նվաճումները: Սակայն, եթե արդար ու հեռատես լինենք, չպետք է նաեւ դրանք չափազանցության հասցնենք: Այդ ցուցանիշի դրական կողմերին նայելով` մենք պետք է նկատենք այն բացթողումները, որ պարտավոր ենք վերացնել:

Առաջինը, մենք պետք է ուղիներ գտնենք աղքատության նվազեցումն արագացնելու համար: Հասարակության մասին կարծիք են կազմում այն բանով, թե ինչպես է այն վերաբերում իր ամենախոցելի շերտերին: Հայաստանում աղքատությունը կենտրոնացած է գյուղական վայրերում: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր բարձր տնտեսկան աճն իր ազդեցությունն է թողնում քաղաքից դուրս եւ շրջաններում ապրող յուրաքանչյուր առանձին ընտանիքի վրա: Այսպիսով, մեզ համար տնտեսական զարգացումը նշանակում է գյուղական վայրերի ինտեգրացված զարգացում, նշանակում է գտնել եւ խրախուսել այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են զարգացման համար եւ հնարավորություն են տալիս զարկ տալ արտադրական կարողություններին: Ինչպես Հազարամյակի զարգացման նպատակներն են պահանջում գործակցություն հարուստ եւ աղքատ երկրների միջեւ, այնպես էլ մենք պետք է ամրապնդենք գործակցությունը մեր երկրի հարուստների ու աղքատների միջեւ՝ դրանով իսկ արագացնելով զարգացման տեմպերը:

Երկրորդ, մենք ժողովրդավարությունը վերածում ենք զարգացման գործիքի: Ժողովրդավարական հաստատություններն ու գործընթացներն ինքնանպատակ չեն: Նրանք նաեւ գործիքներ են անհրաժեշտ քաղաքական ու տնտեսական միջավայր ստեղծելու համար, որը հանգեցնում է բաշխված աճի եւ արժանապատիվ զարգացման: Զանգվածային տնտեսական վերաձեւումների գործընթացին բնորոշ դաժանությունները, որոնցով մենք անցել ենք, սովորական քաղաքացու մեջ վհատության զգացողություն են առաջացրել: Կայուն, հետեւողական, թափանցիկ, հզոր ժողովրդավարական հաստատությունները ուժ են տալիս յուրաքանչյուր քաղաքացու: Ժողովրդավարությունն ավելին է, քան ընտրությունները: Ժողովրդավարությունը հաստատություններ են, որոնք ազատական են ու կանխատեսելի, ինչպես նաեւ սահմանափակում են վերնախավի գործողությունները՝ դրանով իսկ կանխարգելելով գործելու անհավասար հնարավորությունների ստեղծումը: Այլ կերպ ասած, մենք հզոր ժողովրդավարական հաստատությունների եւ օրենսդրության կարիքն ունենք մարդկային թուլություններից պաշտպանվելու համար:

Մենք չենք բավարարվի այն բանով, որ առաջ ենք մեր հարեւաններից եւ միջին տեղ ենք զբաղեցնում աշխարհի երկրների մեջ: Այսօր այդտեղ լինելը մենք բավարար ենք համարում սոսկ այն պատճառով, որովհետեւ ցույց ենք տվել, որ հակառակ ամենի ինչի, հակառակ աշխարհագրությանը, հակառակ պատմությանը, մենք գիտենք ինչպես վերապրել:

Պարոն նախագահ,

Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, սակավ բնական պաշարներով: Մեզ համար սովորական է դարձել ասելը, թե մեր մեծագույն բնական պաշարը մեր ժողովուրդն է, որովհետեւ իսկապես, այն բոլոր բնական պաշարները, որ գոյություն ունեն մեզ հարակից պետություններում՝ նավթն ու գազը, մեր տարածքում չկան:

Սակայն, պարոն նախագահ, ես կարող եմ ասել, որ եթե նավթ ունենայինք, նավթային եկամուտները կօգտագործեինք մեր կրթական բյուջեն կրկնապատկելու համար, որովհետեւ փոփոխության համար կրթությունն էական է. որովհետեւ կրթությունը նոր երազներ է ստեղծում եւ կարողություն՝ իրագործելու այդ երազները:

Մենք այդ նավթային եկամուտները կօգտագործեինք մեր սոցիալական ապահովության բյուջեն կրկնապատկելու համար, որովհետեւ դեռեւս ցավալի ճեղք կա մեր ժողովրդի երազների ու հեռանկարների միջեւ:

Մենք այդ գումարը կօգտագործեինք մեր բնական միջավայրի պաշտպանությանն ուղղված ջանքերը կրկնապատկելու համար, որովհետեւ դա ամենավստահ ներդրումային ծրագիրն է, որ որեւէ պետություն կարող է ունենալ:

Պարոն նախագահ,

Այն, ինչից մենք զերծ կմնայինք, դա մեր ռազմական բյուջեի կրկնապատկումն է: Եվ մեր անգործությունն արդարացնելու համար չէինք ստեղծի երեւակայական արտաքին վտանգ: Մենք շինծու տպավորություն չէինք ստեղծի, թե պարզունակ, փութաջան լուծումներ ունենք բարդ սոցիալ-տնտեսական ու քաղաքական մրցահայտերի համար: Այլ կերպ ասած, մենք չէինք ենթադրի, որ ռազմական ուժը գործիք կարող է լինել ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ: Ռազմական ուժը մարդկանց կառավարելու տարբերակ չէ:

Պարոն նախագահ,

Տարածաշրջանային հակամարտությունների պարագայում ռազմական լուծումներ քարոզելը ոչ միայն անիրական է, այլեւ արտացոլում է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու իրավական հասարակության ընկալումների ակնհայտ բացակայությունը: Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիրները գիտեին, որ անվտանգությունը, զարգացումն ու մարդու իրավունքները ընթանում են համատեղ:

Ինքնորոշումը մարդու իրավունք է, պարոն նախագահ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարել եւ նվաճել է ինքնորոշման իրավունքը: Դրան հասնելու համար նրանք դիմակայել են իրենց ընտրությունը չվայելող մի կառավարության քաղաքական ու ռազմական ագրեսիան, որը փորձում էր բռնությամբ, կատաղաբար, կոպտորեն ճնշել նրանց: Սեփական իրավունքի համար պայքարելը նրանց ընտրությունը չէր: Նրանց իրավունքները ոչ վերացական էին, ոչ էլ չափազանցված: Նրանք ցանկանում էին այն, ինչ մեզանից շատերն ունեն, այն է՝ սեփական հողի վրա, սեփական տանը, բռնությունից զերծ խաղաղ ապրելու իրավունք: Հակառակ ամենի, նրանց դա հաջողվեց: Այդ ժամանակից ի վեր նրանք դրսեւորել են կառավարելու, ժողովրդավարական հաստատություններ զարգացնելու եւ իրենց անկախությունը պահպանելու կարողություն:

Պարոն նախագահ,

Իմ երկրի նման երկրները այսպիսի տարեկան հավաքների մեծ ակնկալիքներով են գալիս: Մենք գալիս ենք՝ լի մասնակցելու, մեր ներդրումն ունենալու, բանակցելու ցանկությամբ:

Եթե որպես արտաքին գործերի նախարար մի երկրի, որն ակներեւորեն փոքր է եւ, անկեղծորեն ասած, անկատար, ես իրավունք չունեմ բարոյախոսել մեր հավաքական ապագայի մասին, ապա թույլ տվեք ինձ մի պահ երազել որպես աշխարհի քաղաքացի:

ՄԱԿ-ի բարեփոխումների հեռանկարը խոստանում էր արտացոլել մի այնպիսի աշխարհ, որն ավելի է նման մեր այսօրվա աշխարհին: Պարոն նախագահ, մենք կարող ենք այստեղ չհամաձայնել այսօր, այս շաբաթ, այս տարի, բայց մեկ օր պետք է համաձայնենք այս հաստատությունը բարեփոխելու շուրջ: Մենք չենք կարող ձեւանալ, թե չգիտենք մեր պատմությունը, թե մենք հստակորեն չենք տեսնում մեր առջեւ կանգնած իրականությունը, թե չգիտենք, որ աշխարհը փոխվել է: Այսօր այլեւս 1945 թվականը չէ:

Այդուհանդերձ, հուսադրող է այն, որ երեք սերունդ առաջ գրված, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքները շարունակում են նշանակալից համարվել: Եվ դա այն պատճառով, որ 1945թվականի Սան Ֆրանցիսկոյի ոգին, այն համաշխարհային համաձայնությունը, որ ձեւավորվեց, հեղափոխություն էր: Այն ամրագրեց, որ սերունդները հաշվետու են ապագայի սերունդների առջեւ, որ պետությունները հաշվետու են մեկը մյուսի առջեւ, եւ որ պետությունները կարող են եւ պետք է միասին երաշխավորեն խաղաղությունն աշխարհում: Այն բանաձեւը, որով նրանք համաձայնեցին հասնել այդ նպատակին, աշխատեց:

Այսօր մենք կարիք ունենք այդ բանաձեւը վերամշակելու, վերահաստատելու պետությունների պատասխանատվությունն ու հաշվետու լինելը սեփական քաղաքացիների հանդեպ, մեկը մյուսի հանդեպ, միջազգային կազմակերպություններինը՝ իրենց անդամների հանդեպ: Մեզ անհրաժեշտ է միջազգային հարաբերությունները, միջազգային հաստատությունները ժողովրդավարացնել, եւ մենք կարիք ունենք որոշման կայացման սեղանի շուրջ արդար ներկայացվածության, վաստակած ներկայացվածության:

Վաստակած ներկայացվածությունը, պարոն նախագահ, այն է, երբ այն պետությունները, որոնք ներգրավված են մարդու իրավունքների ու օրենքի գերակայության պաշտպանության ու առաջմղման գործում, իրավունք ունեն ներկայացված լինելու Մարդու իրավունքների խորհրդում, երբ այն պետությունները, որոնք լուրջ են վերաբերվում ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, հնարավորություն ունեն Տնտեսական ու սոցիալական խորհրդի մասը կազմելու, նրանք, որոնք նվիրումով են վերաբերվում միջազգային հանրության առաջընթացին ու վարկին, հնարավորություն ունեն տեղ գրավելու միջազգային հանրության առաջնորդների շարքում:

Այս նպատակները բոլորվին էլ մեծամիտ չեն: Բնական է, որ ազգային շահերը պիտի տարբերվեն: Եվ այդ պատճառով է, որ այս միջազգային հաստատությունը պետք է միջամտի լրացնելու այդ բացը, որով հանձնառությունների ու գործելու դիմաց ապահովվում է մասնակցություն ու համագործակցություն:

Պարոն նախագահ,

Այս ամենը մեր երեխաներին հաշվետու լինելու մասին է: Իսկ եթե մենք չկարողանա՞նք իրականացնել հազարամյակի զարգացման նպատակներն այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը հարստություն է կերտում, իսկ աշխարհի բնակչության կեսին այդ հարստության պտուղներն անհասանելի են: Ինչպե՞ս ենք մենք սա մեր երեխաներին բացատրելու:

Իսկ եթե մենք մեր տարածաշրջանում չօգտվենք այս հնարավորությունից, որպեսզի հաստատենք խաղաղություն եւ անցյալում թողնենք պատերազմը, դրա հիշողությունները, դրա հետեւանքները, դրա սոցիալական, տնտեսական եւ զգացմունքային ժառանգությունը, այդ դեպքում ի՞նչ ենք թողնում մեր երեխաներին:

Իսկ եթե մենք չսովորե՞նք անցյալից, մերժենք մեր «պաշտպանելու» հավաքական «պատասխանատվությունը» եւ թույլ տանք կառավարություններին կրկին ու կրկին ծրագրելու եւ իրականացնելու բռնարարքներ, էթնիկական զտումներ, ցեղասպանություն սեփական բնակչության հանդեպ: Ինչպե՞ս ենք նայելու մեր երեխաների աչքերին:

Երբ երկու համաշխարհային պատերազմներից հետո ստեղծվեց ՄԱԿ-ը, այն աշխարհի ժողովուրդներին հույս ու հավատ ընծայեց առաջնորդների, սեփական ապագայի հանդեպ, վստահություն իրենց երեխաների կյանքի համար:

Այսօր, մեծ աղետներից հետո, լինեն դրանք բնական թե արհեստածին, թվում է, թե աշխարհի ժողովուրդները կարիք ունեն վերականգնելու իրենց հավատը: Ցունամիի եւ Կատրինայի ավերածությունները, բռնությունները, որոնք իրականացվում են Դարֆուրում, սպանդը, որին ականատես եղանք Լոնդոնում, մեզ ստիպում են կասկածի տակ առնել մեզ, մեր հարեւաններին ու մեր ենթադրությունները:

Իսկ մեր պատասխանը ինքներս մեզ եւ մեր երեխաներին պետք է լինի միացյալ մղումը, միացյալ միջոցները եւ միացյալ արձագանքը միավորված ազգերի կողմից: Եվ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է դեռեւս այդ պատասխանը լինել:

Շնորհակալություն, պարոն նախագահ:

Տպել էջը