Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՅՈՒՆԷՍԿՕ-ի 33-րդ Գլխավոր կոնֆերանսին

07 հոկտեմբերի, 2005
Պարոն նախագահ,

Ընդունեք իմ շնորհավորանքները Ձեր ընտրության կապակցությամբ: Մենք ակնկալում ենք Ձեզ հետ աշխատել նույնպիսի հաջողությամբ, ինչպես նախագահ Օմոլեւայի հետ: Մեր շնորհավորանքներն ենք ուղղում նաեւ գլխավոր տնօրենին, ում հետ մենք դեռ երկար ենք աշխատելու:

Այն ժամանակ, երբ աշխարհը դիմագրավում է նոր տեսակի բռնությունների եւ, հետեւաբար, պետք է նոր ուղիներ փնտրի խաղաղության հասնելու համար, ՅՈՒՆԷՍԿՕ-ի առաջ ամենաբարդ խնդիրն է ծառացել՝ մարդկանց մտածողության մեջ սերմանել խաղաղությունը պաշտպանելու գաղափարները: Վաթսուն տարի շարունակ այս կազմակերպությունը կրթությունը, գիտությունը եւ մշակույթն է առաջ մղել, որովհետեւ մենք գիտենք, որ կրթության, գիտության եւ մշակույթի միջոցով են մեր բոլոր քաղաքակրթությունները սնուցվել ու բարգավաճել: Կրթությունը, գիտությունն ու մշակույթը խաղաղություն են քարոզում եւ դրա պտուղներն են իսկ:

Մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է սա մեր սեփական հողի վրա, մեր սեփական երկրում:

Հայաստանում ութ դար առաջ կրթության շնորհիվ մենք ունեցանք մեր առաջին համալսարանը: Այսօր մեր կրթական հաստատություններում սովորողների քանակով եւ գրագիտության ցուցանիշով մենք աշխարհում լավագույնների շարքում ենք:

Տասը դար առաջ գիտությունը մեզ հնարավորություն տվեց ուսումնասիրել մեր ոտքի տակ աճող դեղաբույսերն ու մեր գլխավերեւում գտնվող աստղերը:

Սակայն մեր մշակույթն է, որ փրկել է մեզ, բնորոշել մեզ ու ձեւավորել մեր բնավորությունը: Մեր ժողովուրդը սփյուռքում ավելի երկար է ապրել, քան պետականություն ենք ունեցել, որով մենք մեր լուման ենք ներդրել աշխարհի մշակույթների միջ, ինչպես նաեւ սովորել նրանցից:

Սինգապուրում մենք 200-ամյա եկեղեցի ունենք: Դաքքայի եկեղեցին ավելի հին է: Մակաոյում գերեզմանանիշերը 1600-ականների հայ վաճառականների մահարձաններ են: Բանգկոկում գերեզմաններն ավելի նոր են, բայց համեմատաբար: Տեղական իշխանությունները բոլորը գիտակցաբար ու բարեհոգաբար պաշտպանում եւ պահպանում են այս մշակութային հուշարձանները, որովհետեւ նրանք գիտակցում են, որ այս անցած-գնացած մշակույթները նույնքանով իրենց են, որքանով՝ մերը:

Նույնանման մշակութային հարստություն կա Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Այստեղ՝ Փարիզում զետեղված միջնադարի հայկական թագավորների գերեզմաններից մինչեւ Լեհաստանի եւ Ուկրաինայի հնագույն համայնքները, ամենուր Եվրոպայում պահպանվում են հայկական մշտական ներկայության հետքերը:

Ավելի լավ օրինակ չկա, քան Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որը հայերը եւ իտալացիները հավասարապես համարում են սեփական մշակութային ժառանգության մաս:

Երուսաղեմի հին Հայկական թաղամասը բիբլիական քաղաքի անցյալի ու ապագայի անբաժան մասն է կազմում:

Մերձավոր Արեւելքի ամենատարբեր արաբական երկրներում տարբերությունը միայն հայկական կառույցների տարիքն ու քանակն է: Այն ուշադրությունը, որին արժանանում են հայերն ու նրանց սեփականությունը համընդհանուր է:

Մեր անմիջական հարեւաններից Իրանը ավելի քան հազար տարի է տանիքն է հայերի կառուցած մշակութային ու կրոնական հուշարձանների: Իրանի կառավարությունն ինքն է ստանձնել դրանց նորոգման պատասխանատվությունը եւ օժանդակում է դրանց պահպանության հարցում:

Այս ամենի տեսապատկերում մենք կարող էինք միայն հուսալ, որ մեր մնացյալ հարեւանները նույնպես նույնքան հանդուրժող ու լուսավորյալ կլինեին:

Թուրքիայում գոյություն ունեն հազարավոր մշակութային կոթողներ, որոնք հայերը կառուցել եւ օգտագործել են դարեր շարունակ: Այս շինություններն այսօր խորհրդանիշն են ոչ միայն կորսված կենսակերպի, այլեւ՝ կորսված հնարավորությունների: Այս հուշարձանները, որոնք միմյանց են հյուսում հայերի ու թուրքերի պատմություններն ու հուշերը, իսկապես ընձեռնում այնպիսի մի հնարավորություն են, որի շուրջ կարող է սկսվել մշակութային երկխոսություն եւ ծավալվել տարաշածրջանային համագործակցություն:

Մինչդեռ այս հուշարձանները, որոնք այս հողերում հայերի դարավոր գոյության ակնհայտ վկայություններն են, ձեւախեղվում են կամ քանդվում: Դրանց հետ անհետանում է նաեւ ժողովրդի հիշողությունն ու ինքնությունը: Սակայն հուսադրող է այն, որ նման մոտեցումների ու վերաբերմունքի մեջ փոփոխություններ են տեղի ունենում, եւ Թուրքիան ոտք է դրել սեփական բազմատարր անցյալը գիտակցելու եւ իր այսօրվա բազմազանությունն ընդունելու ուղու վրա:

Մի քանի ամիս առաջ թուրքական իշխանություններն սկսեցին ակտիվորեն խրախուսել եւ օժանդակել միջնադարյան մի գոհարի՝ Ախթամարի հայկական վանքի նորոգումը փորձագետների կողմից: Այն, ինչ կատարվում է մեր սահմանից ոչ հեռու գտնվող այս փոքրիկ կղզում, կարող ենք կրկին ու կրկին անել: Մենք կարող ենք միասնաբար աշխատել մեր սահմանի այն կողմում, Հայաստանից պարզ աչքով անգամ տեսանելի պատմական Անի քաղաքի հրաշքով կենդանի մնացած հուշահամալիրը վերակառուցելու ուղղությամբ: Հազար ու մեկ եկեղեցի ունեցող այս միջնադարյան քաղաքը իսկական մշակութային հրաշք է, որը կարող է մեր երկու ժողովուրդներին ի մի բերել եւ միավորել:

Ցավոք, պարոն նախագահ, մեր մյուս հարեւանը՝ Ադրբեջանը, անդադար շարունակում է հայերից ազատվելուն ուղղված իր ջանքերը, որոնք սկսվել են դեռեւս խորհրդային ժամանակներից առաջ: Այժմ, երբ հայ չի մնացել Ադրբեջանում, կրոնական ու մշակութային հուշարձաններն են հարվածի տակ:

Հարձակումը մեր հիշողության, պատմության, սրբավայրերի ու արվեստի ստեղծագործությունների հանդեպ սկսվել է շատ ավելի վաղ, քան Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնեց՝ ինքնորոշում պահանջելով, որպեսզի ապահովի սեփական անվտանգությունը: Դա սկսվել է շատ ավելի վաղ, քան կսկսեր Ադրբեջանի կառավարության սանձազերծած պատերազմը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավացի, խաղաղ պահանջներին:

Պարոն նախագահ,

Անգամ 1922թ. հայկական խաչքար տապանաքարերը, որոնք Եվրոպայի ամենահին եկեղեցիներից ավելի հին էին, սկսեցին անհետանալ Նախիջեւանում: Պատերազմ չկար 1998-2002թթ., երբ այս հսկա կոթողներից 4000-ը Ադրբեջանի կառավարության ուշադիր հայացքի ներքո քարուքանդ են արվել, ավերվել, լցվել բեռնատարների մեջ ու հեռացվել: 1975թ. պատերազմ չկար, երբ 7-րդ դարի հայկական եկեղեցին ամբողջովին ավիրվեց Նախիջեւանի կենտրոնում: Եվ դրա համար որեւէ այլ պատճառ չկար, քան այնտեղ սոսկ տասնամյակներ առաջ մեծամասնություն կազմող հայերի հիշողությունը ջնջելը:

Պարոն նախագահ,

Մշակութային բնաջնջումը քաղաքական ճնշման ու բռնակալության զորավոր զենք կարող է լինել եւ է: Այն ժամանակաշրջանում, երբ նոր անուններով բռնության նոր տեսակները շահարկվում են քաղաքական ու գաղափարախոսական պատերազմներում, մշակութային կամ կրթական հիշողություն դիտավորյալ, հետեւողականորեն ու շարունակաբար վնասումը կամ ավերումը պետք է կոչվի այն անունով, ինչն այն կա, այսինքն՝ մշակութային ահաբեկչություն: Եվ այն պետք է դատապարտվի նույնպիսի վճռակամությամբ ու հաստատակամությամբ, ինչպես բռնությունը ժողովրդի հանդեպ:

Պարոն նախագահ,

Հայաստանն արդեն իսկ հսկայական օգուտ է քաղում ՅՈՒՆԷՍԿՕ-ի «Աշխարհի հիշողությունը» ծրագրից, որի շնորհիվ մեր հին, եզակի ձեռագրերի գրապահոցը ցուցչագրվում է: «Հիշիր ապագան» ծրագրի առումով մեզ պատիվ է բերում այն, որ մեր հնագույն հուշարձանների որոշ մասը ներառված է «Համաշխարհային ժառանգության ցանկում»: Մենք մտադիր ենք վավերացնելու «Անբաժանելի ժառանգությունը պահպանելու մասին կոնվենցիան» եւ երախտագիտությամբ ենք նշում, որ հայկական շվիի ավանդական մեղեդիները կարող են տեղ գտնել Մարդկության բանավոր եւ անբաժանելի ժառանգության գլուխգործոցների շարքում: Մենք այժմ, պարոն նախագահ, ցանկանում ենք աշխատել ՅՈՒՆԷՍԿՕ-ի իրավական փաստաթղթի մշակման ուղղությամբ, որը պատասխանատվության կենթարկի մշակութային ժառանգության դիտավորյալ բնաջնջողներին:

Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս մեր տարածաշրջանում ՅՈՒՆԷՍԿՕ-ի կողմից իրականացվող բոլոր նախաձեռնություններին: Մենք հավատում ենք ՅՈՒՆԷՍԿՕ-ի բաղձանքին՝ ստեղծել եւ կրթել հասարակություններ, որոնք հավատում են խաղաղությանը, եւ օգտվել դրա պտուղներից:

Շնորհակալություն:

Տպել էջը