ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04 նոյեմբերի, 2005
Շնորհակալություն եմ հայտնում հրավերի եւ այս հերթական հնարավորության համար, որ Երեւանի պետական համալսարանն ընձեռնում է ինձ արտահայտվելու Հայաստանի արտաքին քաղաքականության կամ ներքին հրատապ հարցերի շուրջ:

Գտնում եմ, որ այսօրվա թեման` Սահմանադրական բարեփոխումների հարցը, արդիական է, հուզում է մեր ողջ հասարակությանը եւ սա ճիշտ լսարանն է, ուր կարելի է խոսել եւ բանավիճել, քանի որ ուսանողությունը կարեւոր դերակատարություն ունի այս հարցը շիտակ, անկեղծ եւ բաց ներկայացնելու մեջ:

Սահմանադրությունը արձանագրում է մեր այսօրվա իրականությունը, իրավահասարակական վիճակը եւ հարաբերությունները, բայց նաեւ մեծապես այն ուղղված է ապագային, որի կերտողները դուք եք:

Դժբախտաբար, հետեւելով խորհրդարանական քննարկումներին եւ դրան հաջորդած այս ժամանակաշրջանին, ցավով արձանագրում ենք, որ խնդիրն այսօր տեղափոխված է իռացիոնալ դաշտ եւ իր դրսեւորումն է ստանում երկու տարբեր մակարդակների վրա.

1. Քաղաքական-գաղափարական
2. Բովանդակային

Առաջինի կապակցությամբ ասվում է, թե`

-Հանրապետությունում չկա, չի ստեղծվել բարենպաստ մթնոլորտ Սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու համար
-այս իշխանություններն օրինական չեն եւ իրավունք չունեն Սահմանադրական բարեփոխումներ առաջարկելու
-եւ բացի այդ, իշխանություններն այնքան են խախտել Սահմանադրությունը, որ իրավունք չունեն բարեփոխումներից խոսել:

Ես ուզում եմ միանգամից հակադրվել այս երեք «արդարացումներին»:

Երեքն էլ ավելի կարեւորություն են տալիս ընդդիմություն-իշխանություն վեճին, քան բուն Սահմանադրությանը, կարծես այդ ներքին վեճը ժողովրդի սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ այլ կենսական հարցերից ավելի էական է: Մինչդեռ Սահմանադրությունը հենց այդ հարցերն է կարգավորում: «Սահմանադրություն» բառն ինքը նշանակում է «սահման դնել», սահմանել, բնորոշել անհատի իրավունքները, հասարակության իրավունքները եւ պետության ու կառավարության պատասխանատվությունը սեփական ժողովրդի հանդեպ: Այն սահմանում է այս կարեւորագույն հարաբերությունները: Եւ դրա հակառակը ուղղակի դեմ գնալն է հասարակության զարգացմանը եւ բարգավաճմանը:

Սակայն այստեղ ուզում եմ հարց տալ, եթե իշխանություններն իրականում խախտել են Սահմանադրությունը, ինչո՞ւ դրա պատճառով ժողովուրդը պետք է տուժի:

Մյուս կողմից, եթե իշխանություններն անօրինական են, ինչո՞ւ է միջազգային հանրությունը հանդուրժում նրանց, ինչո՞ւ այդ մասին չի ասում, այլ ընդհակառակը` ակտիվորեն համագործակցում է նրանց հետ:

Եւ եթե այսօրվա քաղաքական եւ բարոյական մթնոլորտը բարենպաստ չէ, ինչո՞վ կարող ենք համոզված լինել, որ վաղը այն այդպիսին կլինի. չէ՞ որ միշտ էլ կգտնվեն ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնք շահագրգռված կլինեն վիճակն ապակայունացնելու եւ Սահմանադրությունն այպանելու համար: Եվ մի՞թե 1995 թվականին, երբ ընդունվում էր ներկա Սահմանադրությունը, մթնոլորտը բարենպաստ էր:

Մինչդեռ մի պահ փորձենք պատկերացնել, որ եթե չունենայինք Սահմանադրություն, ինչպիսի՞ն կլիներ վիճակը 1998թ. Հայաստանի նախագահի հրաժարականից հետո կամ 1999թ. Հոկտեմբերի 27-ից հետո:

Անկախ այն բանից, Սահմանադրությունը լավն է թե վատը, ամբողջական է թե թերի, այն խաղացել է իր պատմական դրական դերը մեր պետականության եւ հասարակության կերտման գործում, մեզ համար բավականին դժվար տարիներին:

Ուստի միայն Սահմանադրական բարեփոխումներով կարող ենք ստեղծել քաղաքական եւ բարոյական բարենպաստ մթնոլորտ ժողովրդավարության հետագա խորացման համար:

Ինչ վերաբերում է բովանդակային առումով իռացիոնալ դաշտում հարցը քննարկելուն, դժբախտաբար, այստեղ «ոչ»-ի կողմնակիցները Սահմանադրական բարեփոխումներից վերցնում են այն կետերը, որով փորձում են վախեցնել ժողովրդին, նրա մեջ սերմանել կասկածներ, ցույց տալով, թե իբր բարեփոխված Սահմանադրությունը կարող է բացասաբար ազդել երկրի եւ ժողովրդի կենսական հարցերի եւ առօրյա կարիքների վրա:

Այստեղ հատկապես շահարկվում են մի քանի կետեր.

1. Երկքաղաքացիության հարց. իբր այդ արգելքը վերացնելով, վտանգ է ստեղծվում, որ մասնավորապես Ռուսաստանում կամ Լոս Անջելեսում ապրող հայերը կարող են ըստ իրենց քիմքի փոխել Հայաստանի քաղաքական դաշտի պատկերը

2. Հողի uեփականության հարց. իբր օտարները կարող են Հայաստանում գնել անսահմանափակ հողեր

3. Սահմանների փոփոխության հարց. թե իբր առանց ժողովրդի կարծիքը հարցնելու վերին իշխանությունները կարող են մեր տարածքները միջազգային հարաբերություններում դարձնել առեւտրի առարկա

4. Նախագահի երրորդ անգամ ընտրվելու հարց. իբր Սահմանադրության բարեփոխումը ճանապարհ կբացի գործող նախագահի համար եւս երկու ժամկետ ընտրվելու առումով

5. Նախագահն անձեռնմխելիության հարց եւ նման մի քանի այլ կետեր:

Այս կետերից յուրաքանչյուրի շուրջ կուզենայի տալ մանրամասն մեկնաբանություններ:

1. Երկքաղաքացիության մասին

Այստեղ փորձում են ստեղծել այն տպավորությունը, թե երկքաղաքացիության արգելքը հանելու հաջորդ օրն իսկ աշխարհի բոլոր հայերը Հայաստանի քաղաքացիություն են ստանալու դրանից բխող բոլոր իրավունքներով: Ոչ, այդպես չէ: Հոդված 30.1-ով ընդամենը նախատեսվում է գործող Սահմանադրության մեջ երկքաղաքացիության արգելքի վերացում` երկքաղաքացիության հարցը թողնելով օրենքով կարգավորելուն:

Բացի այդ, երկքաղաքացիության ինստիտուտը ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես այլ պետության քաղաքացիների համար արտոնություններ սահմանող, քանի որ հավասար հնարավորություններ է ստեղծում նա— ՀՀ քաղաքացիների համար ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն:

2. Հողի uեփականության մասին

Այս հարձը նույնպես փորձում են շահարկել` ասելով, թե օտարերկրացիները կարող են առանց սահմանափակման հող գնել Հայաստանում: Կրկին ոչ: Նույնությամբ պահպանված է գործող սահմանադրության դրույթը, որն արգելում է հողի սեփականության իրավունքը օտարերկրյա քաղաքացիների — քաղաքացիություն չունեցող անձանց համար, բացառությամբ օրենքով կարգավորվող դեպքերի:

3. Սահմանների փոփոխության մասին

Այս հարցում նման շահարկումների չէի սպասում, թե իբր Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են մեր տարածքների զիջում: Սա անհեթեթություն է, իրականում մեզ որեւէ վտանգ չի սպառնում: Պետական սահմանի փոփոխություն կարող է կատարվել միայն միջազգային պայմանագրով, որը անպայմանորեն ենթակա է ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը: Օրինակ, ներկայումս մենք Վրաստանի հետ տանում ենք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ, որ արվում են միջազգային ընթացակարգով. բանակցությունների վարում, պայմանագրի ստորագրում — դրա ուժի մեջ մտնելու համար` ԱԺ կողմից պարտադիր վավերացում: Վաղը մեր մյուս հարեւանների հետ պետք է անենք նույն բանը: Բացի այդ, սահմանների փոփոխություն ասելով` անմիջապես հասկանում են տարածքների կորուստ, շահարկում Մեղրին կամ այլն, որն ուղղակի անբարոյական է:

4. Նախագահի երրորդ անգամ ընտրվելու մասին

Այստեղ նույնպես իրականության խեղաթյուրման պակաս չկա: Ասում են, թե Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են եւս երկու անգամ հնարավորություն տալ Նախագահին ընտրվելու: Նման բան չկա: Մենք ոչ թե նոր Սահմանադրություն ենք ընդունում, այլ փոփոխում գործողը, որտեղ վերոհիշյալ դրույթը որեւէ կերպ չի փոխվել, մնում է նույնը, որով նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:

5. Հանրապետության Նախագահի անձեռնմխելիության մասին

Այս դրույթը նույնպես սխալ է մեկնաբանվում: Հանրապետության Նախագահն անձեռմխելի է իր լիազորությունների կատարման սահմաններում:

Սա բազմաթիվ պետությունների հիմնական օրենքներում ամրագրված նորմ է, որի նպատակն է ապահովել Նախագահի անկախությունը — ազատությունը իր կարգավիճակից բխող գործողությունների շրջանակում: Այս դրույթը չի նշանակում բացարձակ անձեռնմխելիություն, քանի որ Սահմանադրության 57-րդ հոդվածը նախատեսում է Նախագահին պաշտոնանկ անելու դեպքերը — կարգը (իմպիչմենտ), որից հետո Նախագահը կարող է ենթարկվել պատասխանատվության:

Փարատելով այս իրավիճակը` մենք պետք է կարողանանք հարցը տեղափոխել ռացիոնալ դաշտ եւ հանգիստ ու սթափ քննարկել:

Այստեղ կուզենայի անել երկու հիմնական հաստատում.

1. Սահմանադրական բարեփոխումների հարցը կենաց-մահու խնդիր չէ մեր հասարակության համար: Այսինքն, եթե հանկարծ մեր ժողովուրդը որոշի «ոչ» ասել, դա մահացու հարված չի լինի մեր պետության եւ հասարկության համար: Մեր ժողովրդի ազատ կամարտահայտության, իր իրավունքի դրսեւորման համար ոչ ոք մեզ չի պատժի: Սակայն ինքներս պիտի հասկանանք, որ «ոչ»-ի դեպքում երկիրը կտուժի եւ մենք կկորցնենք մեծ, շատ մեծ հնարավորություն ժողովրդավարության գործընթացները եւ տնտեսական զարգացումը խորացնելու ուղղությամբ:

Ես ուղղակի չգիտեմ, թե «ոչ»-ի դեպքում նման մի այլ հնարավորություն մեզ երբ կընձեռնվի: Համենայն դեպս, հաստատ ոչ առաջիկա չորս տարում, նկատի առնելով որ 2007թ. մեզ սպասում են խորհրդարանական, իսկ 2008-ին նախագահական ընտրություններ, որոնցից հետո նոր իշխանություններն առնվազն երկու տարի եւս այդ հարցը դարձյալ չեն արծարծի:

2. Սահմանադրական բարեփոխումներին պետք է նայել որպես բնական երեւույթի, քանզի Սահմանադրությունն ինքը կենդանի եւ հարափոփոխ օրգանիզմ է` ենթակա բնական փոփոխությունների: Օրինակ, ԱՄՆ-ում Սահմանադրությունը փոխվել է 27 անգամ, Գերմանիայում նույնպես 1949-ից ի վեր 27 անգամ, Իտալիայում (1947) 11 անգամ, Ֆրանսիայում 13, Ավստրիայում 12, Սլովակիայում 1992-ից ի վեր 3 անգամ: Մեր հարեւան Վրաստանում, վստահ եմ, որ այս մասին քչերը գիտեն, այն փոխվել է 5 անգամ: Ադրբեջանում 2002թ. այն ենթարկվել է հիմնարար փոփոխությունների:

Ինչպես տեսնում եք, առհասարակ երկրների սահմանադրություններն ապրում են դինամիկ զարգացման մշտական եւ տեւական ընթացք եւ այդ իմաստով մենք հետ ենք մնում նույնիսկ մեր տարածաշրջանում:

Մի պահ պատկերացնենք, թե մեր գործող Սահմանադրությունը թույլ տար խորհրդարանի երկու-երրորդի մասով այնտեղ փոփոխություններ կատարել. մենք այսօր այս հարցի շուրջ որեւէ վեճ չէինք ունենա: Սահմանադրական բարեփոխումները կատարված կլինեին, որով կապահովվեր մեր երկրի հետագա բնական զարգացումը:

Այս երկու հաստատումներն անելուց հետո կուզենայի անդրադառնալ բարեփոխումների բովանդակությանը: Չեմ ուզում այստեղ մանրամասն կլինիկական վերլուծություն անել, դրա կարիքը չկա, այլ ընդամենը մեծ հաշվով ներկայացնել Սահմանադրության մեջ հիմնական եւ սկզբունքային փոփոխությունները: Այն է`

1. Մեր կառավարման համակարգում ստեղծվում են լուրջ հակակշիռներ իշխանության երեք թեւերի միջեւ.

- Խորհրդարանն ստանում է լուրջ լիազորություններ ի հաշիվ Նախագահի լիազորությունների նվազման

- Վարչապետը, որը կներկայացնի ԱԺ մեծամասնությունը, նույնպես ստանում է լրացուցիչ լիազորություններ` դարձյալ Նախագահի լիազորությունների նվազեցման հաշվին:

Այս երկու հանգամանքները հանգեցնում են ԱԺ-ի դերի բարձրացմանը, որի արդյունքում ինքնաբերաբար բարձրանում է մեր քաղաքական ուժերի դերը եւ կշիռը, հետեւաբար նաեւ` ձեւավորվում է առողջ քաղաքական դաշտ, նպաստում քաղաքական ուժերի կոնսոլիդացիային:

2. Սահմանադրական բարեփոխումները նպաստում են դատական համակարգի անկախությանը, ուժեղանում են մարդու իրավունքների վերաբերյալ դրույթները` առավել համահունչ դառնալով եվրոպական չափանիշներին:

Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել. փոփոխված Սահմանադրությամբ շրջանառության մեջ է մտնում մի նոր հասկացություն, մի նոր տերմին. արժանապատվության գաղափարը, որը չկա նախորդում:

Նախորդ Սահմանադրությունը կառուցվել է անհատի գաղափարախոսության վրա, նորը ենթադրում է առավել ինստիտուցիոնալ համակարգ. անհատից անցում է կատարվում դեպի ինստիտուցիոնալիզմ: Այստեղ առկա է մեթոդաբանական նոր մոտեցում, մեր իրականություն է ներմուծվում եվրոպական իրավամտածողությունը:

Սակայն նույնիսկ այն, ինչ ասացի, չենք կարող դիտարկել «այո»-ի հիմնական գործոն, քանի որ հասարակության մեջ կան շերտեր, որոնք մեր ներկա պայմաններում նախընտրում են ուժեղ նախագահական համակարգ, մյուսները կողմ են խորհրդարանական համակարգին:

Ուստի բովանդակությունից դուրս առավել մեծ պատկերի խնդիր կա, որի առջեւ կանգնած ենք. երկրի հեռանկարի, ժողովրդավարության գործընթացների խորացման, տնտեսական զարգացման եւ մեր ողջ հայկական ներուժի օգտագործման խնդիրը: Կարծում եմ, Սահմանադրական փոփոխությունների հարցը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, եւ դիտարկենք երեք մակարդակների վրա.

1. Բուն Հայաստանի

2. Եվրոպական

3. Սփյուռքի մակարդակների վրա:

1. Հայաստանի մակարդակով ստիպված ենք արձանագրել, որ այսօր գտնվում ենք սահմանադրական ճգնաժամի մեջ: Երկրի իրական սահմանադրական հենքը, որը պետական կարեւոր սյուներից մեկն է եւ որի վրա կառուցված է ողջ պետությունը եւ հասարակությունը, կենդանի, զարգացող օրգան է, բաբախող սիրտ: Այն իր կենսունակությունն ապահովելու համար սնվում է հինգ անոթներով.

Հենց ինքը` Սահմանադրական փոփոխություններով

Օրգանական կամ սահմանադրական օրենքներով

Սահմանադրության դրույթների հաճախակի մեկնաբանություններով

Դատական նախադեպերով

Միջազգային դատական նախադեպերով:

Մեր Սահմանադրության ընդունումից անցել է 10 տարի, եւ այդ ընթացքում այսպիսի բուռն զարգացումների ժամանակաշրջանում նրա մեջ որեւէ փոփոխություն չենք արել: Այսինքն, մեզ մոտ սնուցման այդ անոթը փակ է: Ներկա Սահմանադրությունը չի ենթադրում օրգանական օրենք, հետեւապես այդ անոթը նույնպես փակ է: Նույն պատկերն է Սահմանադրության հաճախակի մեկնաբանության հարցում. մեծամասամբ այստեղ նույնպես անոթը փակ է, որովհետեւ Կառավարության եւ Ազգային ժողովի որոշումներից մինչեւ այժմ միայն 6-ն են ուղարկվել Սահմանադրական դատարան` Սահմանադրությանը դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Համեմատության համար բերեմ մի քանի օրինակներ. 1996-2004թթ. Ավստրիայի Սահմանադրական դատարան է ուղարկվել 2863 որոշում, Խորվաթիայի ՍԴ` 2340, միջին եվրոպականը 2000-ից բարձր է, Ռուսաստանի ՍԴ է ուղարկվել 144 որոշում, Վրաստանի ՍԴ` 102: Իսկ Հայաստանի ՍԴ` ընդամենը 6, ինքներդ դատեք: Ուստի այս անոթը նույնպես բնական սնուցում չի ապահովում մեր իրավասահմանադրական հենքի կենսունակության համար:

Հայաստանում դատական նապխադեպերի մասին չեմ ուզում խոսել հայտնի պատճառով: Միջազգային դատական նախադեպերը նույնպես աղքատիկ են, որովհետեւ առայսօր Հայաստանի վերաբերյալ այնտեղ որեւէ հարց չի քննարկվել եւ որոշում չի կայացվել: Հետեւաբար այս երկու անոթները նույնպես փակ են:

Ուստի, Սահմանադրական փոփոխություններով բացում ենք այդ ամենակենսունակ անոթը: Մյուս կողմից, այդ փոփոխություններով մեր քաղաքացիներն արդեն հնարավորություն են ստանում իրենց կենսական զանազան հարցերով դիմել Սահմանադրական դատարան: Ապահովելով դատական համակարգի անկախությունը` մենք բացում ենք սնուցման մյուս ծորակը: Այս խնդիրը, որը, ցավոք, սահմանադրական քննարկումներից դուրս է մնացել, կարեւոր խնդիր է մեր պետությհան ապագա զարգացման գործում:

2. Եվրոպական հարթակ: Նախ արձանագրենք, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, մենք ստանձնել ենք բազմաթիվ պարտավորություններ: Դրանց մեծ մասն իրականացվել են, մնացել է մի փոքր հատված, որ առանց Սահմանադրական փոփոխությունների ուղղակի հնարավոր չէ իրականացնել: Դրանք են`

1. «Արդարադատության խորհրդի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենք

2. «Դատավորների կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք

3. «Երեւանի կարգավիճակի մասին» օրենք

4. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենք:

Մի խոսքով, պարտավորություն ենք վերցրել կատարել Սահմանադրական փոփոխություններ: Սակայն խնդիրը շատ ավելի մեծ է եւ անցնում է օրենքների սահմաններից դուրս: Մենք ուղղակի քաղաքական որոշում ենք կայացրել դառնալ Եվրոպական ընտանիքի անդամ:

Այս առումով հատկանշական է, որ նույնիսկ եվրոպական մարմինները, չընկրկելով մեր ներքին գործերին միջամտելու մեղադրանքների առջեւ, բացահայտորեն մեր ժողովրդին ասում են, թե ինչ կարեւոր նշանակություն ունեն այս փոփոխությունները մեր երկրի ապագայի համար: Երեւի թե սա պատմական այն եզակի առիթներից է, երբ Եվրոպան այսքան շահագրգռված է մեզնով, եւ մենք ու նրանք խոսում ենք նույն լեզվով: Այս իմաստով, գնալով Եվրոպայի դեմ, մենք գնում ենք մեր ապագայի դեմ:

3. Սփյուռքի հարթակ: Դժբախտաբար, այս հարցը նույնպես դուրս է մնացել մեր քննարկումների տեսադաշտից:

Քաղաքական պատեհապաշտ այս կամ այն շահարկումներից դուրս, իրականում Սփյուռքը մեր ժողովրդի անբաժանելի մասն է: Նրանք Հայաստանից դուրս են հայտնվել ճակատագրի բերումով, սակայն չեն դադարել լայն առումով հայության մաս կազմելուց: Հետեւապես Հայաստան պետության բարոյական պարտքն է ուժեղացնել Սփյուռքի կապը Հայրենիքի հետ, նրանց ներշնչել մեր հանրության պատկանելիության եւ Հայաստանի հանդեպ պատասխանատվության զգացում: Մենք պետք է պայմաններ ստեղծենք մեր երկու հանրությունները առավելապես մերձեցնելու, հայությանը մոբիլիզացնելու, մեր ընդհանուր ջանքերը համատեղելու համար, Հայրենիքից դուրս ապրողներին ներգրավելու Հայաստանի քաղաքական, հասարակական եւ սոցիալական զարգացումների մեջ:

Սակայն այս պահին մի կողմ թողնենք երկքաղաքացիության շնորհման հարցը, դրա մասին կարելի է ավելի հանգիստ պայմաններում խոսել: Խոսենք երկքաղաքացիությունը մերժելու մասին: Չէ՞ դրանով մենք մերժում ենք Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք վերջին տասնամյակում ճակատագրի բերումով հայտնվել են նույն Ռուսաստանում եւ Լոս Անջելեսում: Այդ առումով այսօր կառավարությունում երեւի որեւէ մեկը ինձնից ավելի լավ չի պատկերացնում իրերի իսկական վիճակը. նախ որ իմ կենսագրությամբ ես իմ մեջ կրում եմ այդ երկու ինքնությունները, եւ երկրորդ, որովհետեւ իմ գործի բերումով, որպես արտաքին գործերի նախարար, քաջատեղյակ եմ, թե ինչպես ամեն օր տասնյակ Հայաստանի քաղաքացիներ են ներկայանում արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով: Այսինքն այստեղ խոսքը գնում է արդեն ոչ թե օտարահպատակ հայերին ինչ-ինչ արտոնություններ շնորհելու մասին, այլ պարզապես եղածը կորցնելու: Ինչ-որ իմաստով կորցնելու նաեւ ապագան, քանի որ օտարահպատակ, Հայրենիքի հետ ոչ մի թելով չկապված հայը եւ նրա սերունդները վաղը կանգնելու են իրական ուծացման առաջ:

Ուստի այսօր երկքաղաքացիության արգելքը հնարավորին չափ արագ վերացնելու այլընտրանք չունենք: Այլ հարց է արդեն երկքաղաքացիությունը օրենքով կարգավորելու խնդիրը: Սահմանադրական բարեփոխումներից հետո բնականաբար այդ հարցը կդրվի հասարակական քննարկման եւ կլսվեն թեր ու դեմ կարծիքներ, կբերվեն անհրաժեշտ հիմնավորումներ:

Կարծում եմ, այն ամենը, ինչի մասին այստեղ խոսվեց ակնհայտ է դարձնում Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը թե մեր ներքին կյանքը կարգավորելու, թե արտաքին հարաբերությունների իմաստով: Ուստի ես զարմանում եմ եւ ինձ հարց եմ տալիս. մի՞թե այսօր մեր ընդդիմությունը չի տեսնում այս հրամայականները: Չէ՞ որ դրանք այնքան ակնհայտ են, որ նույնիսկ ապացուցելու հարկ չկա: Եվ ակամա հանգում եմ այն մտքին, որ թերեւս «ոչ» ասողները մտածում են, թե հետագա տարիներին, երբ իրենք գան իշխանության, ինչո՞ւ նույնպես չօգտվեն այսօրվա Սահմանադրության ընձեռած «հնարավորություններից»:

Տպել էջը