ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

14 փետրվարի, 2006
1.Երկկողմ հարաբերությունները, քննարկումների օրակարգ

2.Հայաստան-Իրան գազամուղ

3.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, Ռամբույեի բանակցություններ

4.Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին


1. Երկկողմ հարաբերություններ, քննարկումների օրակարգ

Ուզում եմ ողջունել իմ գործընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Մոթթաքիին Երեւանում: Սա նրա առաջին այցելությունն է: Մենք շատ բարձր ենք գնահատում այս այցելությունը, քանի որ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, որը եւ մեր երկկողմ հարաբերությունների առումով էական, կարեւոր նշանակություն ունի, եւ տարածաշրջանային խնդիրների առումով` հաշվի առնելով մեր տարածաշրջանում եւ, առհասարակ, առավել լայն տեղի ունեցող իրադարձությունները: Նաեւ ուզում եմ հրապարակային շնորհավորել նախարարին Իրանի իսլամական հեղափոխության 27-րդ տարեդարձի կապակցությամբ եւ նշել, որ Իրանի հետ մեր երկկողմ հարաբերությունները բավական արագ են զարգանում, առավել ընդգրկուն, առավել խորքային են դառնում, նաեւ անցնում են երկկողմի սահմանները, ձեռք բերում տարածաշրջանային նշանակություն:

Մեր քննարկումների օրակարգն այսօր բավական խորքային էր եւ ընդգրկուն: Մենք նախարարի հետ առաջին հերթին քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունները եւ վերահաստատել դրանք առավել խորացնելու երկուստեք քաղաքական կամքը: Քննարկել ենք կոնկրետ ծրագրեր, որ այսօր տեղի են ունենում Իրանում. դրանցից առաջինը գազամուղի կառուցումն է, ճանապարհաշինությունն է, որոնք էական, ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեն: Քննարկել ենք նաեւ հետագա ծրագրեր, որոնց շարքում է երկաթգծի կառուցումը: Այսօր այդ հարցը մեր երկկողմ օրակարգում է, որովհետեւ երկուստեք գտնում ենք, որ Իրան-Հայաստան երկաթգծի առկայությունը էապես կնպաստի հյուսիս-հարավ առանցքի առավել արդյունավետ զարգացմանը, եւ դա օգտակար կլինի ոչ միայն Իրանին եւ Հայաստանին, այլեւ առհասարակ նշանակալի օգտակարություն կունենա տարածաշրջանային խնդիրների լուծման եւ զարգացման առումով: Իհարկե, նաեւ քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ, առաջին հերթին նախարարին տեղյակ եմ պահել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների, հատկապես Փարիզի հանդիպման արդյունքների մասին, քննարկել ենք եկող ամիսների ընթացքում հնարավոր զարգացումները: Նախարարն, իր հերթին, ինձ տեղյակ է պահել կոնկրետ Իրանի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Պետք է ասեմ, որ գոհ եմ մեր քննարկումներից, օգտակար էին: Մենք համոզված ենք, որ նախարարի այցելությունը բավական լուրջ խթան է լինելու մեր երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման համար:

2. Հայաստան-Իրան գազամուղ

Հայաստան-Իրան գազամուղի խնդիրը երկու երկրների խնդիրն է, դա որոշվել, կարգավորվում եւ իրականացվում է երկկողմ պայմանագրի միջոցով: Որեւէ երրորդ երկիր այս հարցում չի կարող միջամտություն ունենալ, չի կարող որեւէ կողմի վրա ինչ-որ բան անելու ճնշում բանեցնել այդ հարցի կապակցությամբ: Սա տարածաշրջանային նշանակություն ունեցող հարց է, բայց նախաձեռնությունը Իրանինն ու Հայաստանինն է: Սա մեր երկու երկրների միջեւ իրականացվող ծրագիր է: Եթե որեւէ երրորդ երկիր մասնակցել ցանկանա, ինչը բնական է, արդեն այս պահից դա հնարավոր կլինի միայն պայմանագրի երկու կողմերի համաձայնությամբ: Այնպես որ, ինչ որոշվել է իրականացման եւ հետագա շահագործման առումով, կմնա երկկողմ պայմանագրի ոգու եւ տառի շրջանակում: Կրկնեմ, այդ գազամուղը վերաբերում է Հայաստանին եւ Իրանին եւ որեւէ մեկը միջամտելու իրավունք չունի: Դա մեր սուվերեն որոշումն է եւ, կարծում եմ, հաջողությամբ իրականացնում ենք:

3. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում, Ռամբույեի բանակցություններ

Ռամբույեի վերաբերյալ նշեմ, որ ակնհայտ է` համաձայնություն չեղավ նախագահների միջեւ այն հարցի շուրջ, որը դրվել էր սեղանի վրա, նախագահների առաջ: Բայց, կարծում եմ, սա որեւէ ձեւով ստվեր չի գցում նախագահների նախորդ հանդիպումների, նաեւ այդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված հաջողությունների ու համաձայնությունների վրա: Չեմ ուզում թվեր ասել, թե քանի հարցից քանիսն ենք համաձայնեցրել, բայց բազմիցս ասվել է, որ 2005 թվականին առաջընթաց արձանագրվել է այդ գործընթացում: Այդ առաջընթացը մնում է, ակնհայտ է` միաժամանակ ինչքան առաջ ես գնում եւ մոտենում հարցի լուծմանը, հարցերն առավել բարդանում են: Փարիզում նախագահների առաջ դրված հարցը բավական բարդ խնդիր էր, պետք չէր ակնկալել, որ այդ հարցը միանգամից հնարավոր կլիներ լուծել: Իհարկե, ցանկալի էր, որ նախագահները կարողանային այդ հարցը նույնպես համաձայնեցնել, բայց չստացվեց: Վստահ եմ, որ շարունակություն կլինի. նախարարները, երեւի թե, նորից կսկսեն իրենց հանդիպումները: Արդեն հայտարարվել է, որ համանախագահները մարտին Վաշինգտոնում կհանդիպեն եւ կորոշեն հաջորդ քայլերն ինչ են լինելու: Չնայած Ռամբույեում որեւէ համաձայնություն ձեռք չբերվեց, բայց դա չի նշանակում, որ տարվա ընթացքում առաջընթաց չի լինելու:

Ինչ վերաբերում է այն հարցին թե իրավական կամ քաղաքական հարթության վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, նշեմ, որ մի բան միանշանակորեն հաշվի է առնվում. դա այսօր դե ֆակտո ստեղծված իրավիճակն է: Բոլորի համար ակնհայտ եւ հստակ է` ինչ էլ լինի, Լեռնային Ղարաբաղը չի կարող հետ քայլ անել, ինչ որ ստացվելու է, չի կարող ավելի նվազ լինել նրանից, ինչ այսօր նրանք ձեռք են բերել: Դա իրավական դրսեւորումներ կունենա, թե քաղաքական, կարծում եմ, որ այս պահին էական չէ: Առհասարակ ասեմ, որ միշտ էլ Ղարաբաղի հարցը քաղաքական դաշտում է գտնվել, բայց իրավական, պատմական հիմքերը միշտ էլ քննարկման նյութ են եղել եւ ծառայել են քաղաքական խնդիրների լուծմանը:

4. Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին

Դժբախտաբար, Ռամբույեում ամեն ինչ լավ տեղի չունեցավ, այդ պատճառով Ղարաբաղի անմիջական մասնակցությունը դեռեւս օրակարգում չէ, բայց առհասարակ, այդ հարցը կա օրակարգում եւ մի պահից արդեն անխուսափելի է դառնալու: Համենայն դեպս, գործընթացը դեռ ինչ-որ ճանապարհ ունի անցնելու մինչեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը:

Տպել էջը