ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ համա

17 փետրվարի, 2006
1.Ներածություն, Հայաստան-ԵՄ համագործակցություն

2.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ մասնակցություն

3.Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերություններ

4.Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի` Ադրբեջանում տարվա մարդ հռչակելու վերաբերյալ

5.Իրանի ԱԳ նախարարի` Հայաստան կատարած այցի վերաբերյալ


1. Ներածություն, Հայաստան-ԵՄ համագործակցություն

Վ. Օսկանյան.- Ողջունում եմ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատարին` տկն. Բենիտա Ֆեռերո-Վալդներին Երեւանում: Սա նրա երկրորդ այցելությունն է, Երեւանում եղել է 2000 թ. որպես ԵԱՀԿ գործող նախագահ, իսկ այսօր որպես հանձնակատար:

Ինչպես ԵԱՀԿ-ի դեպքում, այսօր էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները բավական արագ են զարգանում, եւ մենք արդեն բանակցում ենք նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում Եվրամիության հետ մեր գործողությունների ծրագիրն ավարտին հասցնելու համար: Ծրագիրը բավական ընդգրկուն է, վերաբերում է տարբեր ոլորտների, բայց հիմնական շեշտադրումը, որ երկուստեք արել ենք, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, աղքատության նվազեցման խնդիրներն են եւ Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը: Հույս ունենք, որ բանակցությունների երկրորդ փուլը, որ տեղի կունենա մարտի կեսին, լրացուցիչ առաջընթաց կարձանագրի, եւ մենք կկարողանանք հնարավոր կարճ ժամկետում ավարտին հասցնել այդ ամենը:

Հանձնակատարին բավական մանրամասն տեղեկացրել եմ Լեռնային Ղարաբաղի վերջին բանակցությունների բովանդակության մասին, քննարկել ենք հետագա հնարավոր զարգացումները, նաեւ մի փոքր քննարկվել է տարածաշրջանային համագործակցության խնդիրը, որը Եվրամիության համար այսօր կարեւոր նշանակություն ունի:

2. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ մասնակցություն

Վ. Օսկանյան.- Կարծում եմ, Եվրամիությունը երկու տեսակի օգտակարություն կարող է ունենալ` տեսական եւ գործնական: Համաձայն եմ հանձնակատարի ասածների հետ, բայց մի քանի այլ էլեմենտներ կավելացնեի: Տեսական մասով, կարծում եմ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առավել խորքային ինտեգրացումը եվրոպական կառույցներին պետք չէ թերագնահատել: Ինչու չէ, մի օր նաեւ անդամակցության հեռանկարը կարող է լավ մթնոլորտ ստեղծել հարցի կարգավորման համար, եւ կողմերն արդեն հեռանկարում ունենալով ինտեգրացիոն գործընթացները` կարող են խնդիրներին մի քիչ այլ կերպ նայել: Գործնական առումով, կարծում եմ, բազմաթիվ կարիքներ ենք ունենալու կոնֆլիկտի կարգավորումից հետո` օգնության, վերակառուցման, նաեւ կոնֆլիկտի կարգավորման ընթացքում անվտանգության խնդիրների լուծման, խաղաղապահ ուժերի տեղակայման եւ այլնի առումով: Այնպես որ, օրակարգում բազմաթիվ խնդիրներ կան, եւ կարծում եմ, Եվրամիությունը, որպես հեղինակային եւ վստահելի կառույց բոլորի համար, ընդունելի դեր ունի խաղալու այստեղ: Համենայն դեպս, դեռ վաղ է դրանց մասին խոսելը, երեւի ամենագործնականը, որ այսօր Եվրամիությունը կարող է անել այն է, ինչ հանձնակատարն ասաց, բայց հեռանկարում բավական լուրջ աջակցության հնարավորություն եմ տեսնում Եվրամիության կողմից:

3. Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերություններ

Վ. Օսկանյան.- Դժբախտաբար, [Թուրքիայի ԱԳ նախարարի հետ] որեւէ հանդիպում չի նախատեսվում, որովհետեւ Թուրքիայի մոտեցման եւ քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն դեռեւս մենք չենք նկատում, որեւէ նշան չունենք, որ նրանք ցանկություն ունեն առաջ շարժվել սահմանի բացման հարցում: Մենք գտնում ենք, որ Եվրամիության օրակարգում այս հարցը պետք է բարձրացվի Թուրքիայի առաջ, որովհետեւ Թուրքիայի կողմից բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալը պարտադիր կոպենհագենյան պայման է արդեն: Քանի որ Հայաստանը հարեւաններից մեկն է, պայմանը կիրառվում է նաեւ Հայաստանի դեպքում: Հույս ունենք, որ այդ հարցը, որպես օրակարգային հարց, Թուրքիայի առաջ հնարավորին չափ շուտ կբարձրացվի եւ դրան լուծում կտրվի:

Իրանի հարցը շոշափվել է էներգետիկ խնդիրների համատեքստում, որովհետեւ նաեւ մեզ են հետաքրքիր միջուկային էներգիայի հետ կապված Իրան-Եվրամիություն բանակցությունները, որովհետեւ մենք այս տարածաշրջանում շահագրգիռ կողմ ենք եւ կուզենայինք, այդ հարցը բանակցությունների միջոցով կարգավորվեր: Հանձնակատարին հետաքրքական էին Իրանի ԱԳ նախարարի այցից հետո այդ կապակցությամբ մեր քննարկումները, մեզ էլ հետաքրքրական էր Եվրամիության մոտեցումները նույն հարցի կապակցությամբ:

4. Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի` Ադրբեջանում տարվա մարդ հռչակելու վերաբերյալ

Վ. Օսկանյան.- Ցավալի է, որ ոճրագործին որեւէ մեկը կարող է տարվա մարդ տիտղոսը տալ: Կարծում եմ` Ադրբեջանի հակահայ դիրքորոշման նույն սերիայից է: Սա շատ վատ ազդանշան է ուղարկում մեր ժողովրդին, որ Ադրբեջանը դեռեւս բոլորովին սխալ ուղու վրա է այս հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ որեւէ կերպ չի նպաստում հարցի կարգավորման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելուն:

Այսօր մենք վստահության շատ լուրջ դեֆիցիտ ունենք, իրար նկատմամբ բացարձակ վստահություն չկա: Առանց այդ վստահության առավել բարդ է լինելու հարցի կարգավորումը. նման քայլերն առավել են խորացնում այդ անվստահությունը, եւ այդ կոնտեքստում է, որ ցավում եմ նման քայլերի կապակցությամբ: Կարող է ասվել, որ դա պետությունը չի անում, այլ հասարակական կազմակերպությունը, ցավն այն է, որ պետությունը չի դատապարտում այդ հասարակական կազմակերպության որոշումը:

5.Իրանի ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցի վերաբերյալ

Վ. Օսկանյան.- Կարճ ժամկետների առումով, գուցե, այդ [հանկարծակի այցի] տպավորությունն է թողնում, բայց հարեւան երկներ են, լինում է մեկ շաբաթ առաջ հրավեր է գնում, ընդունվում է եւ շաբաթվա ընթացքում այցը տեղի է ունենում: Արտգործնախարարների այցերը շատ ավելի արագ են կազմակերպվում, առավել գործնական են, այնպես որ, ոչ անակնկալ էր, ոչ էլ նախատեսված: Ես հրավեր էի ուղարկել պրն. Մոթթաքիին ցանկացած ժամանակ գալու, նա արագ ընդունել էր հրավերն ու այցն իրականացրեց: Եթե չեմ սխալվում, պրն. Մոթթաքին նաեւ հանձնակատարի հետ է հանդիպելու այս մի քանի օրերի ընթացքում:

Տպել էջը