ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գործող նախագահ Կարել Դե Գուխտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

25 փետրվարի, 2006
1. Իրանի հետ կապված ճգնաժամ

2. Եվրաատլանտյան նոր գազային հայեցակարգի կամ ռազմավարության մշակման անհրաժեշտության վերաբերյալ

3. ԼՂ-ում ռուսական խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին

4. Փարիզի հանդիպման ընթացքում գրավոր փաստաթղթի առկայության հնարավորություն


1. Իրանի հետ կապված ճգնաժամ

Վ. Օսկանյան.- Մենք հետեւում ենք Իրանի հետ կապված խնդիրներին եւ շատ մտահոգված ենք, քանի որ հարեւան երկրներ ենք եւ շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ: Գազի խողովակաշարի կառուցումը չափազանց կարեւոր է էներգետիկ անվտանգության համար: Մենք տարածաշրջանային ծրագրեր ունենք, որոնք իրականացնում ենք Իրանի հետ տարբեր ոլորտներում: Իրանն ունի մեծ հայկական համայնք, այնպես որ, Իրանի կայունությունը մեզ համար շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, Իրանի կայունությունը Հայաստանի շահերից է բխում: Այս պարագայում կարող ենք հուսալ, որ իրավիճակն ավելի չի բարդանա. Իրանը եւ միջազգային հանրությունը կկարողանան ընդհանուր լուծում գտնել ուրանի հարստացման հետ կապված խնդրում, եւ խնդիրը հնարավոր կլինի լուծել խաղաղ ձեւով, հարցը չի հասնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եւ ոչ մի պատժամիջոցներ չեն կիրառվի միջազգային հանրության կողմից: Սա մեր հույսն է, ակնկալում ենք, որ այս խնդիրը կլուծվի դիվանագիտական ուղիներով:

2. Եվրաատլանտյան նոր գազային հայեցակարգի կամ ռազմավարության մշակման անհրաժեշտության վերաբերյալ

Վ. Օսկանյան.- Տրանսատլանտյան էներգետիկ համագործակցությունն այս պահին ընդամենը խոսակցություն է, դեռեւս կոնկրետ ծրագրեր չկան: Իհարկե, ցանկացած գործընթացին, որը համահունչ կլինի Հայաստանի շահերի հետ, մեր ներգրավվածությունն անպայաման կփորձենք ունենալ:

3. ԼՂ-ում ռուսական խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին

Վ. Օսկանյան.- Դեռեւս խաղաղապահ ուժերի բաղադրության մասին խոսելը վաղ է, որոշ երկրներ ցանկություն հայտնել են: Վերջիվերջո, ԵԱՀԿ-ն կամ այն մարմինը, որ պատասխանատվություն կվերցնի այդ խաղաղապահ ուժերի ամբողջ խնդիրը կարգավորել, նա էլ կորոշի: Իհարկե, կողմերի համաձայնությամբ: Դեռեւս վաղ է որեւէ երկրի անուն նշել, բայց մեր պարագայում ակնհայտ է, որ չենք կարող Թուրքիային ընդունել, ես դա կարող եմ հայտարարել հիմիկվանից: Հայաստանի համար անընդունելի կլինի Թուրքիայի ներկայությունը այդ խաղաղապահ ուժերի շարքում:

4. Փարիզի հանդիպման ընթացքում գրավոր փաստաթղթի առկայության հնարավորություն

Վ. Օսկանյան.- Այսօր սեղանի վրա դրված է մեկ էջանի փաստաթուղթ, որը ներառում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Սա այն փաստաթուղթն է, որ մշակել ենք Լոնդոնում: Ամենայն հավանականությամբ համանախագահները այդ փաստաթուղթը կներկայացնեն նաեւ նախագահներին Փարիզում: Սակայն նախագահները ոչ մի փաստաթղթով պարտադրված չեն. նրանք կարող են պարզապես դա անտեսել եւ կենտրոնանալ այն հարցերի վրա, որոնք նրանք ցանկանում են քննարկել: Այս պահին շրջանառության մեջ է դրված մի էջանի թուղթ, որը ներառում է ընդհանուր սկզբունքները: Երբ այդ սկզբունքների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվի, դրանից հետո փորձագիտական խումբը համանախագահների օգնությամբ կփորձի փոխակերպել այդ մի էջանի փաստաթուղթը ավելի էական փաստաթղթի նախագծի, որը կծառայի որպես հետագա բանակցությունների հիմք:

Տպել էջը