Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը Վիլնյուսում կայացած համաժողովին

05 հունիսի, 2006
Թույլ տվեք միանալ մյուսներին եւ շնորհակալություն հայտնել Լիտվայի ու Լեհաստանի նախագահներին այս համաժողովը կազմակերպելու եւ Հայաստանին հրավիրելու համար: Նաեւ կուզենայի շնորհակալություն հայտնել նախագահ Ադամկուսին ու Լիտվայի կառավարությանը հիանալի ընդունելության, նաեւ բոլորին` կարեկցանքի համար երեկ առավոտյան տեղի ունեցած ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:

Պարոն նախագահ, Ձեր` Հայաստան կատարած այցը դեռ թարմ է մեր հիշողության մեջ, եւ Ձեր` ժողովրդավարության, խաղաղության եւ համագործակցության ուղերձը դեռ արձագանքում է իմ հոգում: Մենք միշտ բարձր ենք գնահատել Լիտվայի ստանձնած առաջատար դերը` մեր երկու Բալթյան ու Կովկասյան տարածաշրջանների միջեւ կամուրջ գցելու ու Ձեր փորձը մեզ տրամադրելու գործում` տարածաշրջանի զարգացման ու մեր երկրների միջեւ համագործակցության խթանման նպատակով: Ձեր ջանքերը տրանսատլանտյան կազմակերպությունների ավելի լայն գործողությունների մասն են կազմում: Անցյալին հայացք գցելով` հարց ենք տալիս մեզ, թե որտեղ կլինեինք մենք` կովկասյան երկրներս, եթե չլիներ այս կառույցների ղեկավարների տեսլականը` իրենց գիտելիքներն ու փորձը տրամադրել հետխորհրդային տարածության մեր նման երկրներին: ԵԱՀԿ-ն, Եվրոպայի Խորհուրդն ու այլ կազմակերպությունները երեւան եկան, որպեսզի կիսեն իրենց փորձը: Ավելին, նախատեսվեց ստեղծել նոր կառույցներ, ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող ԵԱԳԽ-ն` այս երկրները ներգրավելու, մեր զարգացման համար հիմք ստեղծելու նպատակով:

Մենք` այդ կազմակերպություններից եւ նրանց շուրջ ստեղծված գործընթացներից օգտվողները, ցանկանում ենք, որ դուք իմանաք` այդ առաջնորդումը շատ օգտակար է:

Հետխորհրդային երկրներից յուրաքանչյուրն ընտրեց օգտվելու երեք տարբերակներից.

Առաջինը` երկրներ, որոնք ընտրել են առավել կտրուկ ու հեղափոխական ուղին: Երկրորդը` երկրներ, որոնք ընտրել են քայլ առ քայլ եւ էվոլյուցիոն ուղին, եւ երրորդ` երկրներ, որոնք շարունակում են նույն քաղաքականությունը վարել ու չեն շարժվում նոր ուղղությունով:

Հայաստանն ընտրել է երկրորդ` քայլ առ քայլ եւ էվոլյուցիոն ուղին երկու պատճառով.

Առաջինը. ինչպես նշեց Խավիեր Սոլանան, ժողովրդավարությունը հընթացս լուծվող հարց չէ, այն չի հաստատվում մեկ գիշերում: Մենք գիտենք, որ եթե մեկը ճիշտ ուղու վրա է եւ վստահ է, որ գրանցվում է առաջընթաց, ապա էվոլյուցիոն եւ քայլ առ քայլ մոտեցումը ժողովրդավարությանը ավելի արդյունավետ է եւ մնայուն:

Երկրորդը. մենք հասկանում ենք, որ ժողովրդավարությունը զարգացման գործիք է, եւ որ ակնհայտորեն կապ կա ժողովրդավարության ու բարգավաճման միջեւ: Եւ որքան ժողովրդավարությունը զարգացման գործիք է` տնտեսական զարգացումը ժողովրդավարության խթան է: Կուզենայի շեշտել ԵՄ-ի աճող դերը փոխկապակցված այս գործընթացներում` Եվրոպական հարեւանության քաղաքականություն ու Գործողությունների ծրագիր առաջ քաշելու միջոցով: Շուտով կավարտվեն Գործողությունների ծրագրի շուրջ մեր բանակցությունները, որոնք նոր մակարդակի կբերեն մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այն կամրապնդի բարեփոխումները ու դրանք անշրջելի կդարձնի: Բացի այդ, նոր հնարավորություններ ու ինտեգրման տարբերակներ կստեղծի:

Պարոն Նախագահ, իմ երկրորդ թեման է չկարգավորված հակամարտությունները: Նախ, թույլ տվեք խոսել Ադրբեջանի վարչապետի մեղադրանքների մասին: Մասնավորապես նա Հայաստանն անվանեց ագրեսոր, իսկ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին` ահաբեկիչներ ու թմրավաճառներ: Հաշվի առնելով բարձրագույն մակարդակով` նախագահների միջեւ տեղի ունեցող բանակցությունների մթնոլորտը եւ առկա դրական զարգացումները` նման սխալ ու սադրիչ հայտարարությունները հասկանալի չեն, ոչ էլ արդարացված: Հատկապես հաշվի առնելով, որ այսօր հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հետեւանք են Ադրբեջանի ագրեսիայի այն մարդկանց հանդեպ, որոնց նա համարում էր իր երկրի քաղաքացիներ: Չեմ կարծում, որ Խավիեր Սոլանան չափից ավելի լավատես էր` ասելով, որ գործընթացում դրական ասպեկտներ կան, սակայն պարոն Սոլանա, այդ դրական տարրերը կարող են վերաճել խթանող զարգացումների միայն այն դեպքում, եթե ադրբեջանական կողմին հստակ ասվի ու Ադրբեջանը վերջապես հասկանա, որ նա չունի խնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակ: Նավթային պաշարներով եւ նավթի ներկայիս բարձր գներով ադրբեջանական կողմը, դժբախտաբար, եկել է այն համոզման կամ առնվազն, հրապարակայնորեն հայտարարում է, որ ձեռքի տակ ունեն խնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակ: Նման մտածողությամբ փոխզիջման գնալը հեշտ չի լինի: Սակայն, ԵՄ եւ միջազգային հանրության կողմից նրանց պետք է հստակ ասվի, որ խնդիրը չունի լուծման ռազմական ճանապարհ, եւ որ կարգավորմանը հասնելու համար պետք է արվեն անհրաժեշտ փոխզիջումներ, ինչպես Հայաստանն արդեն իսկ արել է: Միայն այդ դեպքում, պարոն Նախագահ, մենք հնարավորոթյուն կունենանք այս տարի առաջընթաց գրանցել` ի վերջո խաղաղություն ու կայունություն բերելով տարածաշրջան:

Տպել էջը