ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ողջույնի խոսքը ՀՅԴ 10-րդ Գերագույն ժողովին

07 սեպտեմբերի, 2006
Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի եւ խոսքի համար: Ուզում եմ շնորհավորել Դաշնակցությանը 10-րդ Գերագույն ժողովի կապակցությամբ: Ես կարծում եմ, որ բավական խորհրդանշական է, որ այս ժողովը տեղի է ունենում Հայաստանի անկախության 15 տարեդարձի նախաշեմին: Եվ նույնքան հատկանշական եւ կարեւոր, ես կարծում եմ, որ տեղի է ունենում հաջորդ տարի առաջին կեսին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների նախաշեմին: Կարծում եմ, որ առաջինը առիթ կտա ժողովի մասնակիցներին մտորելու անցած ճանապարհի մասին, իսկ երկրորդը առիթ կտա մտորելու, թե մենք ինչ խնդիրներ ունենք լուծելու:

Իսկապես, այս անցած 15 տարին մեր ժողովրդի համար եղել է փորձության տարի, եղել է դժվար, բարդ, հակասական, բայց նաեւ հաջողությունների, ձեռքբերումների շամանակաշրջան: Ես կարծում եմ, որ շնորհիվ մեր ժողովրդի, շնորհիվ մեր կառավարությանը այսօր մենք ստեղծել ենք բավական ամուր հիմք, որի վրա, իսկապես, կարելի է կառուցել ավելի ամուր եւ բարգավաճ պետություն:

Իր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ նույնպես, Դաշնակցությունը միշտ կանգնել է մեր ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության դիրքերում: Եվ վերջին տարիներին լինելով նաեւ հայրենի կառավարության մեջ` կարծում եմ, որ նոր լծակներ եւ միջոցներ է ստացել` այդ երազը, այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ի դեպ, Դաշնակցության համար միշտ յուրահատուկ է եղել գաղափարական հստակությունը, հետեւողականությունը, սկզբունքայնությունը եւ, նաեւ, պահանջատիրությունը մեր խնդիրների լուծման համար:

Ես կարծում եմ, որ այսօր մեր ողջ ժողովրդի համար, հասարակության համար, մեր բոլոր քաղաքական ուժերի համար անխտիր հրամայական է դարձել ներքին պահանջատիրությունը, «մենք- մեզանից» պահանջատիրությունը, պահանջատիրություն, որ մենք կարողանանք կառուցել մեր հասարակությունը այսօրվա պահանջներին համապատասխան, պահանջատիրություն, որ մեր երկրում տիրի օրինապահությունը, կարգ ու կանոնը առավել արմատավորվի ու խորանա, պահանջատիրություն, որ ժողովրդավարությունը դառնա կենսակերպ եւ անշրջելի, պահանջատիրություն, որ մեր կառավարական համակարգը ավելի արդյունավետ աշխատի, պահանջատիրություն, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի, հովանավորության դեմ եւ, վերջապես, պահանջատիրություն, որ մեր ժողովրդի, հայ անհատի բարոյահոգեբանական մտահղացումները առողջանա եւ նաեւ առավել արմատավորվի:

Ես կարծում եմ, որ պատմությունը այսօր մեզ նույնիսկ շատ յուրահատուկ առիթ է տվել, որովհետեւ մենք ունենք ձեռքբերումներ, մենք ունենք ամուր հիմք, մնում է, որ ՀՅԴ-ին յուրահատուկ պահանջատիրությամբ, հետեւողականությամբ եւ, նաեւ, սկզբունքայնությամբ մենք կարողանանք այս խնդիրները մեր առաջ դնել եւ համատեղ ջանքերով կարողանալ դրանք լուծել, թերությունները վերացնել եւ կառուցել ավելի առողջ հասարակարգ եւ ամուր պետություն: Իրոք, Դաշնակցությունը իր մեծ ներդրումն ունի մեր ժողովրդի պատմության մեջ, եւ ես վստահ եմ ու համոզված, որ այս 10-րդ Գերագույն ժողովը կլինի մի նոր հանգրվան այս խնդիրների լուծման եւ Դաշնակցության բռնած այդ ճանապարհի վրա:

Շնորհակալություն:

Տպել էջը