Ս.թ. դեկտեմբերի 6-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» խորագրով ցուցահանդեսի բացմանը

06 դեկտեմբերի, 2006
Հարգելի փոխքաղաքապետ, հարգելի նախագահ, տիկնայք եւ պարոնայք,

Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ստրասբուրգի քաղաքապետին եւ Ստրասբուրգի քաղաքային համայնքի նախագահին, որոնք բարեհաճությամբ Ստրասբուրգի քաղաքապետարանում հյուրընկալեցին այս ցուցահանդեսը, որը ներկայացնում է Նախիջեւանում հայկական ճարտարապետական ժառանգության դրամատիկ վիճակը։

Անշուշտ, Էլզասի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունի համերաշխության եւ համագործակցության երկարատեւ ավանդույթ։

Այսօր, երբ Ֆրանսիայում Հայաստանի տարին է անցկացվում, իմ մեծ գոհունակությունն եմ հայտնում Ստրասբուրգում 2007թ. առաջին կիսամյակում կազմակերպվելիք մշակութային միջոցառումների առիթով, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մերձեցնելու Ստրասբուրգը, Էլզասը եւ Հայաստանը։

Կցանկանայի նաեւ շնորհավորել «Էլզաս-Հայաստան բարեկամություն» կազմակերպությանը եւ նրա նախագահ Պիեռ Զուլումյանին, որը նախաձեռնեց ստրասբուրգյան հասարակությանը ծանոթացնելու ավերված հազարամյա մշակույթի եւ սպանված հիշողության այս խոսուն վկայությունները։ Այս ցուցահանդեսը ոչ միայն վկայում է հայկական ներկայությունն այդ շրջանում, դեռեւս 20-րդ դարասկզին լավ վիճակում գտնվող հայկական եկեղեցիների գեղեցկությունը, ռոմանական արվեստի արժեքները, այլ մերժում է համայն մարդկությանը պատկանող բազմադարյա հայկական հուշարձանների պարբերաբար ոչնչացման քաղաքանությունը։

Այս պետական վանդալիզմը առաջացրել է միջազգային հանրության բասացական արձագանքները՝ մասնավորապես Եվրոպական Խորհրդարանի։ Բայց ադրբեջանական իշխանությունները լռության են մատնել ավերումներին վերջ դնելու կոչերը եւ շարունակում են արգելել այդ վայրերը այցելելու ցանկություն հայտնած միջազգային փորձագետների եւ խորհրդարանականների մուտքը։

Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ մասնակցության եւ այս հանգամանքներում ցուցաբերած համերաշխության համար։

Տպել էջը