Քաղաքական շահարկման հնարավոր հետեւանքները

09 փետրվարի, 2007

Կարդալով վերջին երկու օրվա մամուլը, ցանկանում եմ արձագանքել այն հրապարակումներին, որոնք արվեցին իմ այն հայտարարությունից հետո, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիս-Բաքու (ԿԱԹԲ) երկաթգիծը չի հանգեցնի Հայաստանի մեկուսացմանը եւ չի կարող լրացուցիչ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը:

Ես մեծ հարգանք ունեմ մեր մամուլի ներկայացուցիչների հանդեպ եւ գիտեմ, որ նրանքոչ միամիտ են, ոչ էլ անուշադիր եւ որ չեն կարող չտեսնել ամենաակնհայտ իրականությունը: Այս ամենով հանդերձ, ինձ իսկապես զարմացրեցին այնպարտվողական տրամադրությունները, որոնք տեղ են գտնում մեր մամուլում եւամենատարբեր հրապարակային ելույթներում:

Ես հասկանում եմ, որ այդ արտահայտություններն ունեն որոշակի «օբյեկտիվ» հիմքեր. սպասվում է թեժ նախընտրական պայքար, եւ յուրաքանչյուր ուժ փորձում է որոշակի շահաբաժիններ ձեռք բերել` առիթ եւ անառիթ կերպով շահարկելով ինչ-ինչ հարցեր` ակամայից շատ հաճախ հակադրվելով, մեր գնահատմամբ, մեր իսկ ազգային շահերին: Այս համատեքստում ես հասկանում եմ շարժառիթները, սակայն չեմ կարող արդարացնել: Քանի որ խոսքն առնչվում է ընտրություններին, ապա նման քայլերով փորձեր են արվում համապատասխան տրամադրություններ արմատավորել որքան հնարավոր է բավական լայն ընտրազանգվածի մոտ: Սա է, որ կարծում եմ վտանգավոր է եւ հենց ա?յն է ինչ ցանկանում են մեր հակառակորդները:

Քննադատելով իմ գնահատականը, որ գործարկվելու պարագայում այս երկաթգիծըլրացուցիչ տնտեսական խնդիրների առջեւ չի կանգնեցնի Հայաստանին` իմքննադատները չեն ներկայացնում որեւէ փաստարկ: Դատենք միասին. ի՞նչ հավելյալբարդություններ կարող է առաջացնել Կարս-Ախալքալաք գիծն այս առումով:Իրականությունն այն է, որ եթե մենք հաշվի առնենք այն տնտեսական վիճակը, որ առկա է այսօր եւ որը գոյություն է ունեցել վերջին 15 տարիների ընթացքում, ապա ակնհայտ է, որ այս նոր երկաթգիծը չի կարող լրացուցիչ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը: Եթե գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծն աշխատեր, եւ այս նորը փոխարիներ նրան կամ զուգահեռաբար գործեր, ապա կարող էինք ասել, որ նոր երկաթգիծը Հայաստանի տնտեսության վրա վատ հետեւանքներ կունենա: Այդուհանդերձ, իրականությունը այլ է:

Այս քննադատությունն ընդունելի կլիներ, եթե հայ-թուրքական սահմանը փակ լիներ Հայաստանի պատճառով, եւ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը չգործեր Հայաստանի պատճառով կամ եթե Հայաստանը նախապայմաններ առաջադրեր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Այս դեպքում էլ հստակորեն իրականությունը բոլորովին այլ է: Այսօր սահմանը փակ է Թուրքիայի պատճառով, որովհետեւ Հայաստանը մերժում է ընդունել Թուրքիայի պահանջները: Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ գազամուղը կամ նավթամուղը, կամ երկաթգիծը կարող էին անցնել Հայաստանի տարածքով, պետք է որ քաջ գիտակցեին, որ դա հնարավոր էր իրագործել միայն հրաժարվելով մեր համար ազգային շահ եւ արժեք ձեւավորող որոշակի հարցերում մեր իրավունքներից: Սա է այն գինը, որ մենք պետք է վճարեինք, բայց որը չենք արել:

Սա է քաղաքական իրողությունը, եւ հնարավոր չէ անտեսել այս ճշմարտությունը եւանպատասխանտու կերպով պնդել, որ նման քաղաքական մթնոլորտումիրադարձությունները կարող էին այլ կերպ զարգանալ:

Թեմային քիչ թե շատ առնչվող մասնագետներն ու կազմակերպությունները այս ծրագիրը գնահատել են եւ շարունակում են գնահատել տնտեսապես դեռեւս ոչ լրիվ հիմնավորված եւ տարածաշրջանային համագործակցության համար քաղաքականապես վտանգավոր: Այդ են վկայում նաեւ ԱՄՆ, ԵՄ եւ այլ երկրների կողմից պետական մակարդակով այս ծրագրին չաջակցելու որոշումները:

Մեր կողմից եւս, այս ծրագիրն առաջին հերթին գնահատվում է որպես քաղաքական եւ Հայաստանի վրա հավելյալ ճնշման եւ որոշակի զիջումների դրդելու հերթական փորձ: Այս համատեքստում այդ ծրագիրը հավելյալ բարդություններ կարող է առաջացնել առանց այն էլ բարդ մեր տարածաշրջանում:

Անցած տարիների փորձը պետք է, որ դաս լիներ մեր հակառակորդներին, որ նմանքայլերով եւ նման լեզվով հնարավոր չէ Հայաստանի հետ խոսել, հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ: Կան հարցեր, որ անսակարկելի արժեքներ են մեր համար: Մենք բազմիցս կրկնել ենք եւ այսօր էլ հուսախաբ կանեմ Ադրբեջանին եւ նրա թիկունքին կանգնած որոշակի ուժերին. Ղարաբաղը հայերիս համար առեւտրի ենթակա խնդիր չէ: Այս տեսանկյունից Ղարաբաղն անսակարկելի էր Բաքու-Ջեյհանի, անսակարկելի է Բաքու-Ախալքալաք-Կարսի ժամանակ եւ միանշանակ անսակարկելի կլինի ապագայում:

Այստեղ մեր մոտեցումն այլ է. մենք գտնում ենք, որ որքան տարածաշրջանային համագործակցությունը խորանա, որը կներառի տարածաշրջանի բոլոր երկրները, այնքան կթուլանա առկա լարվածությունը, այնքան ավելի շատ եւ ամուր հիմք կլինի փոխադարձ վստահության համար, այնքան ավելի կուժեղանա փոխկապվածությունն իրար: Այս ամենն իրենց հերթին միանշանակորեն կստեղծեն մի այնպիսի, ներկայիցս տարբեր այլ միջավայր, որտեղ ավելի դյուրությամբ կկարողանան իրենց լուծումները գտնել նաեւ շատ եւ շատ, այդ թվում նաեւ ամենաբարդ թվացող քաղաքական հարցերը: Եվ սա պարզապես դիրքորոշում չէ, այլ` մեր ամենօրյա աշխատանքային ուղեգիծ:

Ինձ ավելի շատ մտահոգում է ոչ թե քաղաքական շահարկումը, այլ այդ շահարկման հնարավոր հետեւանքը` պարտվողականության սերմանումը մեր ժողովրդի մեջ: Մենք այսօր մեկուսացված Հայաստան չէ, որ ունենք: Մենք այսօր ունենք երկու հարեւան, որոնք նպատակամղված փորձում են մեկուսացնել Հայաստանին:

Եվ, չնայած այդ ջանքերին, մենք ունենք ակտիվ Հայաստան եւ որոշ դեպքերում շատ ավելի ակտիվ եւ ներգրավված, քան այդ նույն երկու հարեւանները` սկսած Եվրամիությունից մինչեւ Եվրախորհուրդ, ԱՊՀ ու ՆԱՏՕ, Սեւծովյան տնտեսական համագործակցություն եւ միջազգային այլ կազմակերպություններ: Որտե՞ղ է մեկուսացումը: Ժամանակն է վերջ դնել այս ինքնախաբեությանը:

Մի դատեք Հայաստանի մասին` նայելով, թե ինչ են անում Թուրքիան եւ Ադրբեջանը, այլ դատեք նրանով, ինչ մե?նք ենք անում եւ ինչ ընձեռում են մեզ հնարավորություններն ու առիթները:

Մենք բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերներ ունենք, եւ բոլորս քաջ գիտակցում ենք դրանց հիմքերը: Դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ է հարցերին նայել սթափ, ճիշտ գնահատել իրավիճակն ու հնարավորությունները, ունենալ ամուր կամք, լինել ինքնավստահ եւ միասնական:

Վարդան Օսկանյան

09.02.2007 թ.

Տպել էջը