ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը ԵԱՀԿ ՄՇՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 660-ՐԴ ՀԱՏՈՒԿ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

17 ապրիլի, 2007
Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ եւ ընկերներ,

Ես շնորհակալություն եմ հայտնում Մշտական խորհրդի առջեւ հանդես գալու ինձ ընձեռված այս հնարավորության համար: Գոհունակությամբ եմ հիշում իմ նախորդ նման ելույթները եւ հույս ունեմ, որ խորհրդի համար եւս օգտակար էր ուղիղ ինձանից լսել Հայաստանի առաջնայնությունների ու քաղաքականության մասին:

Ինձ համար եւս մեր հանդիպումներն օգտակար էին, որովհետեւ հնարավորություն էր տալիս ուղիղ կերպով, հստակորեն ներկայացնել մեր խնդիրները մի լսարանի, որն ամենաիմացն է դրանցում, եւ մի ատյանի, որն ամենաշատ առնչություն ունեցողն է:

Իհարկե շարունակվում են քննարկումենրը եւ արձագանքները ԵԱՀԿ-ի կարեւորության հարցի շուրջ: Թեեւ Հայաստանն այս կազմակերպությունը անփոխարինելի է համարում, սակայն անկասկած նրա օգտակարությունը խիստ տարբեր կերպով է գնահատվում տարբեր մայրաքաղաքներում: Ոմանք կցանկանային էլ ավելի հզորացնել այս կազմակերպությունը, մյուսներն ավելի դժկամությամբ են վերաբերվում դրան:

ԵԱՀԿ-ի` իր համապատասխան մանդատներն իրականացնելու արդյունավետության առումով մտահոգությունների արդյունքում ստեղծվեց Ականավոր անձանց հանձնախումբը, որը 2005թ.-ին բավականին համապարփակ կերպով ուսումնասիրեց բարեփոխումների հարցը: Մենք վստահ չենք, որ հանձնախմբի կողմից առանձնանշված կազմակերպչական ու գործառնական խնդիրներն ու ներկայացրած առաջարկությունները լիովին քննարկվել ու ընդունվել են: Մենք տեսնում եւ հասկանում ենք, թե ինչու նրանք, ովքեր դիմադրում են այդ ուղղությամբ հավելյալ ջանքերին, ներկա կանոններն ու մեթոդները բավարար ու բավական են համարում: Այնուհանդերձ, շարունակվում է վրդովմունք ու անհանգստություն դրսեւորվել նրանց մոտ, ովքեր շաչունակում են տեսնել ու իրենց վրա զգալ անհավասարությունները, կողմնակալ վերաբերմունքն ու անդամ պետությունների հանդեպ երկդասի վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով քական է, որպեսզի մենք հետեւողականորեն ջանքեր գործադրենք հավաքականորեն որդեգրելու եղանակներ, որոնք մեր կազմակերպությունն ավելի արդյունավետ ու ներդաշնակ կդարձնեն: Քանի որ ԵԱՀԿ-ն հետամուտ է պետությունների քաղաքական համակարգերի ներսում հասնելու թափանցիկության, օրենքի վրա հիմնված կիրառումների, ընդգրկուն մասնակցության, հնարավորությունների հավասարության ու գործունեության համար հավասար պայմանաների ապահովման, ապա հավատացած ենք, որ խիստ պատշաճ կլինի ժողովրդավարական վարվեցողության նույն վարքագիծը կիրառել ԵԱՀԿ-ի ներսում` բոլոր անդամների միջեւ:

Մեր պատվիրակությունը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել` ապահովելու հաստատուն կենսականությունը մի այնպիսի ԵԱՀԿ-ի համար, որը մեր արտաքին քաղաքական բնապատկերի հենասյուն է, ինչպես նաեւ գործընկեր` ներքին ժողովրդավարական գործընթացները, ներառյալ` ընտրական բարեփոխումները մշակելու եւ ձեռնարկելու հարցում:

Պարոն նախագահ,
Գիտեմ, որ ԵԱՀԿ-ն, նրա հաստատությունները եւ նրա անդամները հետեւում են, թե ինչպես ենք մենք ձեռնամուխ լինում հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Սլովենիայի դեսպան Ֆռլեցի գլխավորությամբ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության խումբն արդեն սկսել է իր աշխատանքները: Մայիսի 12-ին կայանալիք այս ընտրություններին նաեւ դիտորդական առաքելություն կիրականացնեն կարճաժամկետ դիտորդների մի մեծ խումբ, որը կժամանի ընտրության օրերին: Մենք ողջունում ենք նրանց եւ խրախուսում ԵԱՀԿ անդամ պետություններին մասնակցելու որպես դիտորդներ:

Մեզանից շատերը` թե' կառավարության ներսում, եւ թե' նրանից դուրս, հիմնավորապես հանձնառու են մեր պատկերն այդ հարցում բարելավելուն, ձգտելու հասնել միջազգային նորմերին համապատասխան ընտրությունների անցկացման: Թեեւ անցյալի սխալներն անհերքելի են, սակայն մեզ չպետք է ի սկզբանե մեղավոր համարել ապագայի համար: Մենք փոխել ենք մեր ընտրական օրենքը, մենք շարժվում ենք ուժեղ նախագահական համակարգից դեպի մի այնպիսի համակարգ, ուր խորհրդարանի դերն ընդլայնվել է: Սա լուրջ փոփոխություն է, մեր կառավարությունում նոր վերահսկողական մեխանիզմներ կան. այն մեծացնում է խորհրդարանի դերը, իսկ վերջինիս միջոցով` քաղաքական կուսակցությունների դերը: Այս իսկ պատճառով, այս ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն կպայքարի քվեների համար, կպաշտպանի իր ստացած ձայները եւ կհետեւի մյուսներին` իշխանության նրանց բաժինը երաշխավորելու համար:

Սակայն ազատ ու արդար ընտրությունները պահանջում են բոլորի կողմից բարի կամքի ու բարի տրամադրվածության դրսեւորում` ոչ միայն կառավարության, ընտրական հանձնաժողովների, իշխող կուսակցության կողմից, այլեւ` ողջ հասարակության, այդ թվում նաեւ` ընդդիմադիր կուսակցությունների: Ցավոք, իրենց ընտրվելու հավանականության առումով մեծ կասկածներ ունեցողները ավելի քան ջանասիրաբար են փորձում համոզել արտաքին աշխարհին, որ իրենց քաղաքական թուլությունը միայն մեծամասնությունը վայելող կողմի մեքենայությունների ու անազնվության արդյունք է: Սրանից խուսափելու համար մենք պետք է դիտորդների ուշադրությունը հրավիրենք այդ փաստի վրա, ինչպես նաեւ հայկական իրականությանն իրազեկ դարձնենք: Դիտորդական առաքելությունների անդամների հետ իմ հանդիպումների ժամանակ ես նկատում եմ, որ ներկայումս Հայաստանում դիտորդական առաքելության եւ մամուլում տիրող իրավիճակի ուսումնասիրման մեջ ներգրավվածներն առավել, քան` նախկինում, լավատեղյակ են այն խնդիրներին, որոնք ծագում են ասեկոսների ու մեխանիկական, քանակական մեթոդների վրա հիմնվելուց` առանց հասկանալու տեղի քաղաքական ու մշակութային իրողությունները: Իհարկե, Հայաստանում, ինչպես եւ այլուր` Վիեննայինց արեւելք, թե` արեւմուտք, պաշտոնավարողներն իրենց արտոնություններն ու առավելություններն ունեն, որոնք հնարավոր չէ նվազեցնել` հասցնելով թեկնածուի եթերաժամանակի պարզ հաշվարկի: Եվ Հայաստանում, ինչպես եւ այլուր, հետաքրքիր հարաբերակցություն կա կենսամակարդակի բարձրանալու եւ ընտրարշավի ֆինանսավորման ծախսերի միջեւ:

Իհարկե, այս ընտրությունները Հայաստանի համար լուրջ մրցահայտ են, որպեսզի ցույց տա ժողովրդայնացման ու իրավունքի գերակայության ուղղությամբ գրանցած առաջընթացն ազատ ու անկախ ընտրություններով ամրապնդելու իր վճռակամությունը:

Պարոն նախագահ,
ԵԱՀԿ-ի օժանդակությունը Հայաստանի քաղաքական կառույցների ժողովրդայնացմանն ու արդիականացմանն անշուշտ չի սահմանափակվում ԺՀՄԻԳ-ի կամ Մամուլի ազտության ներկայացուցչի գրասենյակի օրակարգով: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը ավելի քան վեց տարի օգտակար ներկայություն է ապահովել եւ գործընկեր եղել: Այն որոշ ծրագրեր է իրագործել, ձեռնամուխ եղել մի շարք այլ ծրագրերի իրականացմանը եւ շարունակել ներգրավված լինել բարեփոխումների ուղղությամբ տարվող գործունեության մեջ:

«Մելանժ» ծրագիրն իր ավարտին է մոտենում: Մեր Պաշտպանության նախարարության մասնակցությամբ, ծրագրողների ու իրականացնողների փորձառության արդյունքում եւ նվիրատուների /դոնորների/ առատաձեռնության շնորհիվ մելանժը կարող է հավաքական ջանքերով լուրջ ծրագրերի իրականացման օրինակ ծառայել:

Շատ այլ հարցերի շարքում թույլ տվեք առանձնացնել տարածաշրջանային տնտեսական - բնապահպանության զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը Սյունիքի մարզի համար, որը մեր ամենահարավային մասն է եւ բազմաթիվ խնդիրներ ունի: Իմ նախարարությունը խորապես հանձնառու է հաջողությամբ պսակելու այս նախաձեռնությունը թե' մեզ համար, եւ թե' որպես օրինակ երկրի այլ մասերում կիրառելու համար:

Պարոն նախագահ,
Հայաստանի տնտեսությունը առաջընթաց է գրանցում: Սա 7-րդ տարին է, որ երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրում: Արժեզրկման տոկոսը ցածր է` մոտ 3%, մեր արտահանումներն աճում են, արտաքին ներդրումն ավելանում է, մեր արտաքին ռեզերվները մեծանում են: Այսպիսի դրական մակրոտնտեսական հաջողությունները թույլ են տալիս մեզ անդրադառնալ մեր տնտեսության առավել խնդրահարույց մասին ` գործազրկությանը, ցածր եկամուտներին, աղքատությանը: Կա մեկ այլ խոշոր խնդիր, որով պետք է զբաղվենք, եւ դա գյուղական ու քաղաքային բնակավայրերի միջեւ եղած ճեղքվածքն է:

Պարոն նախագահ,
Նախքան ես կխոսեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին, թույլ տվեք շարունակել այս տնտեսական թեման եւ կապել այն հակամարտությանը: Մեր տնտեսության զարգացման հետ կապված մի հեգնական երեւույթ կա: Մեզ թվում էր, որ զինադադարից հետո տասը տարիների ընթացքում Ադրբեջանն ու իր դաշնակիցը` Թուրքիան սպասում էին, որ Հայաստանն աղքատության, տնտեսական լճացման ու հուսալքության ծանրության տակ կփլվի: Սա տեղի չի ունեցել եւ չի էլ ունենա: Բայց այդ փորձից ոչ մի դաս չի քաղվում: Շրջափակումը շարունակվում է: Եվ նոր ուժերով: Դրա ապացույցն է վերջերս ստորագրված գործարքը` սկսելու նոր երկաթուղու կառուցումը, որը կշրջանցի Հայաստանը: Մենք երբեք չէինք ակնկալում, որ նոր նախաձեռնությունները, օրինակ` Բաքու-Ջեյհանը, Հայաստանով կանցնեն: Բայց տարօրինակ է անգամ անդրադառնալ, որ կարող են, զուտ Հայաստանին շրջանցելու նպատակով, մտածել 700մլն –ից մինչեւ 1մլրդ դոլար ծախսել նոր երկաթուղի կառուցելու համար, երբ կա արդեն երկաթուղի, որը նույն գործառույթներն է իրականացնելու: Մենք ասել ենք նրանց` օգտագործեք առկա գիծը, Հայաստանը պատրաստ կլինի չօգտվել գործող երկաթգծից, մենք չենք տեղափոխի մեր ապրանքներն այդ երկաթգծով, մենք անգամ տարանցման վճար չենք գանձի, միայն օգտագործեք այն` 700մլն դոլար ծախսելու փոխարեն: Բայց Թուրքիան ու Ադրբեջանը մեզ ընդառաջ չեն եկել: Ակնհայտորեն նոր դասեր չեն քաղվել: Ափսոսում ենք: Կրկնում եմ, Հայաստանը մեկուսացված չի լինի, բայց մենք կարող են օտարվել: Նոր երկաթուղին չի ստիպի մեզ տեղի տալ, այն ավելի շատ վնաս չի հասցնելու, քան փակ սահմանը: Քաղաքական միջավայրն է, որ կտուժի, սա է ափսոսանքի տեղիք տալիս, եւ ոչ թե` տնտեսական օգուտները: Մենք կշարունակենք հանդես գալ առկա երկաթգծի գործարկման օգտին: Եվ ավելի հեռուն կգնանք ու կպահանջենք, որպեսզի Թուրքիան բացի սահմաններն ու նորմալ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Մենք նորմալ հարաբերություններ հաստատելու առումով նախապայմաններ չունենք: Եվ ակնկալում ենք, որ Թուրքիան եւս նախապայմաններ չի ունենա: Սա Եվրոպայի վերջին փակ սահմանն է եւ պետք է, որ բացվի, որպեսզի Թուրքիան տարածաշրջանում առավել դրականորեն ներգրավված լինի ու իր դրական ներդրումն ունենա ԼՂ հակամարտության հարցում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առումով, կարծում եմ, որ մենք կարող ենք մոտ լինել լուծմանը: Արդեն ինը տարի է, ինչ նախարար եմ: Նախարար նշանակվելուց հինգ տարի առաջ ես այն թիմի անդամն էի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ էր վարում: Տեսել եմ բոլոր առաջարկները, որոնք երբեւէ տրվել են միջնորդների կողմից: Եվ եթե ես իմ դատողություններն անելիս հիմնվեի միայն ձեռքիս տակ եղած հիմնական սկզբունքների մասին փաստաթղթի վրա, ես կարող էի վստահորեն ասել ձեզ, որ երբեք այսքան մոտ չենք եղել: Այն, ինչ այսօր ունենք, ամենախելամիտը, ամենահավասարակշտվածն է: Սա սկզբունքների միջեւ զիջման արդյունք է, սա ինչ-որ բան է տալիս յուրաքանչյուր կողմին եւ մերժում է ցանկացած մաքսիմալիստական պահանջ, որ նրանցից որեւէ մեկը կարող է ներկայացնել: Սա հավասարակշռված մոտեցում է, եւ մենք հույս ունենք, որ կկարողանանք առաջ ընթանալ այս փաստաթղթի վրա հիմնվելով:

Այնուհանդերձ, երկու այլ հանգամանք կա, որ ազդում են բանակցությունների վրա եւ կարիք կա անդրադառնալ դրանց: Մեկն Ադրբեջանի ռազմական հավակնություններն են: Թուլ տվեք կրկնել. այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Սա պետք է բացառել, որպեսզի հնարավոր լինի փոխզիջումների վրա կենտրոնանալ: Երկրորդը` կողմերի հասարակավ արվող հայտարարությունները պետք է համապատասխանեն փաստաթղթի տառին ու ոգուն: Երբ փաստաթուղթն ի վերջո բացվի, հասարակությունը հարցնելու է, թե ինչու արված հայտարարությունները չեն համապատասխանում բովանդակությանը: Բաքվի կողմից արվող հայտարարությունների պարագայում` անհամաձայնության կա նրանց հայտարարությունների ու փաստաթղթի բովանդակության միջեւ: Իմ ուղեցույցն է առաջնորդվել նրանով, ինչ մենք ենք լսում, համանախագահներն են լսում բանակցությունների ժամանակ:

Պարոն նախագահ,
Թույլ տվեք մի բան ասել Կոսովոյի վերաբերյալ, որի ճակատագիրն ի վերջո որոշվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, եթե լուծման բանաձեւը բավարարի կողմերի շահերը:

Մեզ հաճախ են հարցնում այս հարցում Հայաստանի դիրքորոշման մասին: Անկախ նրանից, թե որքան շահավետ կարող է տվյալ լուծումը թվալ մեզ համար ու մեր դեպքի պարագայում, մենք հիմնովին հավատացած ենք յուրաքանչյուր հակամարտության, նրա զարգացման ու պայամանների առանձնահատուկ լինելուն: Մենք խնդիր չունենք մեր կարծիքն արտահայտելու նախադեպերի սահմանափակ արժեքի հարցում:

Այնուհանդերձ, տարօրինակ է, որ նրանք, ովքեր հակադրվում են «մի լուծում բոլորի համար» նախադեպերին, ստահոդաբար չորս «սառեցված» հակամարտության մի հանգույցով են ագուցում մեկ այլ տեղ:

Ավելին, պարզապես նախադեպի դեմ հանդես գալուց բացի, ՎՈՒԱՄ-ը փորձում է կանխասահմանել այլ հակամարտությունների ելքը, հատկապես` մեր հակամարտության, մեխանիզմներ ստեղծելով` բանաձեւերի կամ այլ գործողությունների միջոցով, որպեսզի խոչընդոտի մեր բանակցային գործընթացի բնական առաջընթացին:

Միջազգային հանրությունը պետք է աչալրջություն դրսեւորի այդպիսի ջանքերի ստահոդության հանդեպ: Կոսովոյի համար հաջողությամբ պսակված ինքնորոշման գործընթացը, նախադեպ չդարձնելը, չպետք է նշանակի բոլոր այլ ինքնորոշման գործընթացների արհեստական տապալում:

Եզրափակելով, պարոն նախագահ եւ հարգելի գործընկերներ, թուլ տվեք միանշանակորեն նշել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել խնդրի կարգավորմանը բանակցային ճանապարհով, եւ մենք հետամուտ կլինենք արդարացի լուծման հասնելու, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու սեփական ապագան որոշելու իրավունքը:

Ես ուղեւորվելու եմ Բելգրադ վաղը` իմ գործընկերոջ հետ հերթական բանակցություններն անցկացնելու համար: Գնում եմ այն հույսով, որ կարողանանք վերահաստատել մեր հանձնառությունն առ այսօր համաձայնեցված` փաստաթղթում տեղ գտած սկզբունքների վերաբերյալ եւ փորձել առաջընթաց արձանագրել: Մենք հավատացած ենք, որ սա առաջ գնալու ամենալավ ճանապարհն է:

Շնորհակալություն:

Տպել էջը