ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Ստրասբուրգում ԵԽ նախարարների կոմիտեի նստարջանին մասնակցության վերաբերյալ

11 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 11-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց ԵԽ նախարարների կոմիտեի 117-րդ նստաշրջանին: Իր ելույթում, նախարար Օսկանյանը խոսեց Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի կառույցի զարգացման մասին: Նախարարը անդրադարձ կատարեց նաեւ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական հիմնախնդիրներին, մասնավորապես, առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Նստաշրջանի օրակարգի այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկվեցին Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպական Միության միջեւ հաստատված սերտ համագործակցության հարցերը, որոնք նաեւ նախորդ օրը կայացած հատուկ հանդիպման հիմնական թեման էին: Նշված հանդիպման ժամանակ նախարար Օսկանյանը կարեւորեց այս երկու խոշոր եվրոպական կառույցների միջեւ առավել սերտ եւ արդյունավետ ինստիտուցիոնալ շփումների հաստատման անհրաժեշտությունը:

Նախարարների հանդիպման շրջանակներում պարոն Օսկանյանը հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների գծով Եվրոպայի խորհրդի հանձնակատարի հետ, որի հետ քննարկվեցին տարածաշրջանային մի շարք հարցեր, ինչպես նաեւ վերջինիս Հայաստան կատարելիք առաջիկա այցին առնչվող խնդիրներ: Նախարարը հանդիպումներ ունեցավ նաեւ ԵԱՀԿ նախագահող Իսպանիայի եւ Շվեդիայի Պետական քարտուղարների հետ:

Հայաստանի պարտավորությունների կատարմանը հետեւող ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի խմբի անդամների հետ (Ագո -ի խումբ) ունեցած զրույցում նախարար Օսկանյանը պատասխանեց Հայաստանի տարածաշրջանային կապերին եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին վերաբերող բազմաթիվ հարցերի:

Նախարարը հաստատեց, որ Հայաստանը` Եվրոպայի խորհրդի հետ մեկտեղ, շահագրգիռ է ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում, ինչպես նաեւ ակնկալում է ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելություն իրականացնող խմբի դրական զեկույցը:

Ստորեւ ներկայացվում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը`

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 117-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

Ստրասբուրգ, 11 մայիսի, 2007թ.

Պարոն նախագահ,

Երբ ես այս առավոտյան դեպի այս սրահն էի գալիս, ես հանկարծ գիտակցեցի, որ որեւէ նախարարական հանդիպում մեր անդամակցությունից ի վեր ես բաց չեմ թողել: Ես միշտ հիշում եմ Եվրոպայի խորհրդում իմ առաջին նախարարական հանդիպումը, երբ մեզ հրավիրել էին մեր անդամակցության նախաշեմին: Ինձ մեծ դժվարությամբ հաջողվեց այնպես ճամփորդել Երեւանից Ստրասբուրգ, որպեսզի ժամանակին հասցնեի ելույթ ունենալ եւ նույն երեկոյան վերադառնալ: Այդ օրերին մենք դեռեւս կրում էինք այն դարաշրջանի քայքայման հետեւանքները, որը նաեւ հանգեցրեց մեր տնտեսության ու աշխարհի հետ հաղորդակցության միջոցների քայքայմանը:

Երեկ, երբ ես ուղեւորվում էի այստեղ, ես 6 եվրոպական ավիաուղիների միջեւ ընտրության հնարավորությունն ունեի, եւ ես մեկնեցի մի երկրից, որը տարեկան միջինը 12 տոկոս աճ է գրանցում: Այսպիսով, գոյատեւումն այլեւս հարցից դուրս է: Մեզ համար նույնպես այժմ գոյատեւումը սովորական է ու քննարկման առարկա չէ: Դա մի ճոխություն է, որը մենք չէինք կարող մեզ թույլ տալ նախկինում:

Իրոք, մեր անդամակցության առաջին օրերից շատ բան է փոխվել: ԵԽ-ն ընդլայնվել ու մեծացել է, իսկ Հայաստանը մեծապես է փոխվել: Մեր տնտեսական աճը գոհացուցիչ է, բայց այն ավելի հավասարաբաշխ պիտի դառնա, պետք է դեպի գյուղական վայերերը տարածվի եւ այդ աճի աղբյուրներն ավելի հղկված ու բարդաբնույթ դառնան:

Մեր քաղաքական հավատարմությունը ներկա դարաշրջանը բնորոշող արժեքներին ` անհատի իրավունքների գերադասությանը պետության իրավունքների հանդեպ, օրենքի գերակայությանը մարդու իշխանության հանդեպ, փոխզիջումների ուղու գերադասությանը հակամարտության ուղուց եւս անշրջելի է: Սրանք են այն արժեքները, որը Եվրոպան բարձրաձայնեց ու գրկաբաց ընդունեց:

Անցած կեսդարյա ժամանակաշրջանում Եվրոպան ապացուցեց, որ այս գաղափարները ոչ միայն լավ նպատակներ են հանդիսանում, այլեւ որ նրանք անհրաժեշտ միջոցներ են կայունության ու բարգավաճման հասնելու համար: Մենք հասկացանք, որ կարիք չունենք ընտրություն կատարելու մարդու իրավունքերի ու զարգացման միջեւ, այլ որ մեկը միջոց է մյուսին հասնելու համար:

Անցած կեսդարյա ժամանակաշրջանում Եվրոպայի խորհուրդը փոխվեց: Անդամությունն աճեց, Մարդու իրավունքների դատարանն ու մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գրասենյակը դարձան ձեւավորված հաստատություններ: Այսպիսով, ԵՄ-ի հետ համընկնող անդամությամբ ու, երբեմն, համընկնող գործընթացներով այս երկու կազմակերպությունները փոխլրացնող են դարձել: Եվրոպայի խորհուրդն այն կազմակերպությունն է, որ հղկում է այդ արժեքները, որպես մեխանիզմներ համապատասխանեցնում է օրվա ու վայրի պահանջներին ու պայմաններին, կատարելագործում է դրանք ու հնարավոր դարձնում, որ դրանք նույնպես սովորական ընկալվեն: Եվրոպական միությունն այն օղակն է, որ այս արժեքները գործիք է դարձնում հաշտեցման, բարեկեցության ու խաղաղության հասնելու համար:

Համագործակցությունն այս երկու հաստատությունների միջեւ հիմնաքարային է: Հարցը համագործակցել կամ չհամագործակցելուն չի վերաբերում, այլ Յունքերի զեկույցից հետո` այդ համագործակցության խորությանը, առանձնահատկություններին ու ինստիտուցիոնալիզացմանը: Կազմակերպության լավագույն գլուխները պետք է մշակեն այն մեխանիզմները, որոնք ինքնաբավ չեն, չեն վնասում այդ հաստատությունների ամբողջականությանն ու կարողություններին, սակայն թույլ են տալիս նրանց հասնելու այն ազնիվ նպատակներին, որով հնարավոր է ստեղծել ու խթանել կապերն այն մարդկանց միջեւ, որոնք կարողանում են հաղթահարել հին սահմաններն ու այս նոր ինստիտուցիոնալ ձեւերը վերածել ազգերի գործող, արդյունավետ ու խաղաղ համայնքի: Ահա, թե ինչու այսօր մենք կարող ենք հպարտորեն մատնացույց անել ԵԽ-ի ու ԵՄ-ի միջեւ գործող փոխըմբռնման հուշագիրը, եւ թե ինչու վաղը մենք պետք է մեր վստահությունն ու միջոցները ի սպաս դնենք Սան Մարինոյի նախագահությանը, որպեսզի այս հուշագիրը իրականություն դառնա: Ես ուզում եմ նաեւ իմ գոհունակությունը հայտնել նախագահին` միջմշակութային ու միջկրոնական երկխոսությունն այս տարի ԵԽ-ի օրակարգում առաջնայնություն դարձնելու համար: Հայաստանը նույնպես մեծ կարեւորություն է տալիս այս խնդիրներին:

Պարոն նախագահ,

Ես հաճախ եմ ասել այս ամբիոնից, որ Եվրոպայի խորհրդի անդամակցությունը Հայաստանի համար ուղեցույց ու ուղենիշ դարձավ: Բավարար չէ որոշել, թե ինչ ուղղություն պետք է վերցնել, պետք է նաեւ ճիշտ ուղին ընտրել այնտեղ հասնելու համար: Մեր անդամակցության հանձնառությունները մեզ բարեփոխումների ուղով ավելի արագ ու ավելի նպատակասլաց կերպով առաջ մղեցին, քան մենք ինքներս միայնակ կարող էինք ընթանալ: Այսօր, տառացիորեն խորհրդարանական ընտրությունների նախօրեին, մենք ունենք սահմանադրություն, որն ավելի լավ է պաշտպանում քաղաքացիների անհատական իրավունքներն ու ավելի հստակորեն է սահմանում կառավարության իրավասությունները: Այս ընտրությունները նոր պայմաններում տեղի կունենան, նոր օրենքներով, նոր աշխատանքային մեխանիզմներով, որոնք բոլորը մշակվել են Եվրախորհրդի ու Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, եվրոպական հաստատությունների իմացությունն ու փորձը հաշվի առնելով, փորձելով խրախուսել մեր քաղաքացիներին թոթափել տասնամյակներով արմատավորված ցինիզմն ու անվստահությունը եւ հավատալ իրենց ձայնի ու իրենց քվեի ուժին: Ռիսկերը մեծ են: Մենք հույս ունենք, որ մյուս շաբաթ մենք բոլորս ի վիճակի կլինենեք նայելու միմյանց ու ասելու, որ այս ընտրություններն զգալիորեն ավելի լավն էին, քան բոլոր նախորդները: Այսպիսով, մենք հաստատուն կերպով ընդառաջ կգնանք Եվրոպայի խորհրդի հանդեպ ստանձնած մեր վերջին հանձնառություններին:

Իհարկե, պարոն նախագահ, մի հանձնառություն կա, որը մենք Ադրբեջանի հետ ենք ստանձնել, երբ այս կազմակերպությանն անդամակցեցինք, այն է` հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու խաղաղ կարգավորմանը: Դատելով զուտ բանակցային փաստաթղթի բովանդակությունից եւ այնտեղ ընդգրկված սկզբունքներից, ինչպես նաեւ այն առաջընթացից, որ մենք գրանցել ենք այդ փաստաթղթի առնչությամբ, մենք հույս ունենք, որ հնարավոր է համաձայնության հասնել: Առաջընթացի մի զգալի մասը պայմանավորված է նրանով, որ բոլոր ներգրավված կողմերը հասել են այն ընկալմանն ու համաձայնությանը, որ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որ պետք է որոշի իր ապագա կարգավիճակը` հանրաքվեի ու ինքնորոշման իր իրավունքի կիրառման միջոցով:

Բայց շատ գործոններ կան, որոնք մեր լավատեսության վրա ստվեր են գցում: Առաջինը, ես մտահոգված եմ, որ մեր բանակցությունների բովանդակությունն ու ոգին չեն համապատասխանում այն հանրային հայտարարություններին, որոնք մշտապես արվում են ադրբեջանական ղեկավարության կողմից: Երկրորդը` Ադրբեջանի կողմից անդադար հնչող հղումները խնդրի հնարավոր ռազմական լուծմանը հակառակ արդյունքն են տալիս, եթե չասեմ` վտանգավոր են: Երրորդը` Ադրբեջանի գործողությունները բոլորովին չեն խթանում վստահությունը: Հակառակը` դիտավորյալ իրականացված բռնությունները, ինչպիսիք են Ադրբեջանի Նախիջեւանի շրջանում հայկական խաչքարերի կազմակերպված ոչնչացումը, անվստահությունն ավելի են սերմանում մեր ժողովուրդների միջեւ:

Այնուհանդերձ, սա սկզբունքների մասին հիմնարար փաստաթուղթ է, որը հավասարակշռված է, պարունակում է առ եւ տուրի արդար դրույթներ, եւ մենք կշարունակենք աշխատել դրա վրա:

Պարոն նախագահ,

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ` Սան Մարինոյի ղեկավարության համար եւ ողջունել Սերբիային` նախագահությունը ստանձնելու առիթով, ինչպես նաեւ շնորհավորել Մոնտենեգրոյին այս կազմակերպության անդամը դառնալու համար:

Շնորհակալություն:

Տպել էջը