ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՍԾՏՀ 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

25 հունիսի, 2007



Պարոն նախագահ, շնորհակալութուն Ձեր հյուրընկալության համար այս գեղեցիկ քաղաքում:

Ստամբուլում 15 տարի առաջ ՍԾՏՀ հիմնադրումը հեռանկարային քայլ էր մի այնպիսի ժամանակ, երբ աշխարհը գտնվում էր պատմական խաչմերուկներում, երբ գրեթե բոլոր անդամ երկրներն իրենց պատմական շրջադարձային պահերն էին ապրում` շարժվելով դեպի նոր կամ վերակազմավորված պետություններ: Ճիշտ այնպես, ինչպես մեր կազմակերպությունն էր երիտասարդ, այնպես էլ մեր պետություններից յուրաքանչյուրը:

Տասնհինգ տարի անց մեր երկրներից յուրաքանչյուրն է փոխվել, եւ ՍԾՏՀ-ն` նույնպես: Ես կարող եմ հանդես գալ Հայաստանի անունից: Մեր տնտեսական աճը գոհացուցիչ է, անկախության ձեռքբերմանը հաջորդած անկման շրջանը արդեն վատ հիշողության է վերածվել: Հաստատություններն ավելի ամուր են, ինչի վկայությունն էին վերջերս անցկացված ընտրությունները, որոնք, հպարտությամբ եմ նշում, շատ դրականորեն են գնահատվել միջազգային հանրության կողմից: Մարդիկ ավելի վստահ են: Այդ վստահությունը ոչ միայն ներքուստ է, այլեւ ամրապնդվում է միջազգային գնահատականներով արտահայտված ցուցանիշներով:

Այսպիսով, ինչպես մեր պետությունները չեն կարող, այնպես էլ մեր կազմակերպությունը չի կարող թաքնվել պատանեկության քողի ներքո: Եթե այս 15 տարիներին մենք մեր դիպվածային տատանումները վերագրում էինք մեր միջեւ առկա որոշ վեճերի, շահերի ու դաշինքների, այսօր մենք տեսնում ենք, որ թույլ տալով ինքներս մեզ առաջնորդվել մեր տարբերություններով, սահմանափակում ենք այս կազմակերպության հնարավորությունը` ազդեցիկ լինելու համաշխարհային քաղաքականության մեջ:

Պարոն նախագահ,

ՍԾՏՀ-ի ու ԵՄ-ի միջեւ կապն ընդարձակելուն ուղղված հատուկ ջանքերը մեր հասունության դրսեւորումն են ու նշանակալից նվաճումներից մեկը: Մինչ ԵՄ-ն աճում ու փոփոխվում է, եւ քննարկում Սեւծովյան հարթության օգուտները տնտեսական, սոցիալական, բնապահպանական ու էներգետիկ համագործակցության տեսանկյունից, եւ քանի ՍԾՏՀ-ն աշխատում է իր կապը ԵՄ-ի հետ կատարելագործելու ուղղությամբ, մենք` Սեւ ծովի տարածաշրջանում, շատ բան ունենք սովորելու նրանցից, որոնք գտնվում են Միջերկրական ծովի, Ադրիատիկի, Բալթյան ու Հյուսիսային ծովերի ափերին: Ավելի խորը հարաբերություններ ունենալու մեր պահանջը սահմանափակված չէ ԵՄ տարածքում առկա կառուցվածքային, տեխնիկական ու ինստիտուցիոնալ փորձառությամբ: Ավելին, մենք պատրաստ ենք օգտվելու եվրոպական այն կարողությունից, որ հին սահմանները տարանցող կապեր է ստեղծում մարդկանց միջեւ եւ այս նոր ինստիտուցիոնալ ձեւերից ստեղծում է մի բան, որն իրապես համայնք է:

Մենք նաեւ Եվրոպայից շատ բան ունենք սովորելու` հին խնդիրներին նոր լուծումներ փորձել գտնելու առումով: Այս կազմակերպությունը կարող էր, պետք էր օժանդակեր մեր տարածաշրջանում ստեղծելու այնպեսի միջավայր, որը կնպաստեր հակամարտությունների լուծման գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ այս մոտեցումն է ճիշտ ուղին, քանի որ հավատացած ենք, որ լուծումների հնարավոր է հասնել միայն փոխզիջումների միջոցով, փոխզիջումը ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահություն է ակնկալում, իսկ համագործակցությունը ակնհայտ ու ապացուցված ուղին է այսպիսի վստահություն ներշնչելու համար: Համագործակցությունից հրաժարումը միակողմանի լուծումներ գտնելու թյուր ցանկությունների ախտանշանն է. սա անիրատեսական է: Միակողմանի լուծումների դարաշրջանն ավարտված է:

Մեր դեպքում` ԼՂ հակամարտության պարագայում, մենք ջանասիրաբար աշխատել ենք բանակցված փաստաթուղթ ունենալու ուղղությամբ, որն, իրոք, հիմնված կլինի փոխզիջման վրա եւ կունենա բավարար դրական տարրեր` արդարացնելու մեր ջանքերը մնացյալ խրթին տարբերությունները հարթելու ուղղությամբ առաջ ընթանալու համար: Այս առումով, մենք կարող ենք հպարտորեն նշել, որ այս հակամարտությունը տարբերվում է մեր տարածաշրջանի մյուս հակամարտություններից, որ մենք տեւական կարգավորման հասնելու համար, գիտակցաբար ենք մոտենում բանակցային գործընթացի անփոխարինելիությանը, որքան էլ այն դժվարին լինի: Փաստացիորեն, հենց բանակցային գործընթացը նշան է մեր բնակչությանն ու բոլոր շահագրգիռ կողմերին, որ մենք հասկանում ենք, թե ինչ է փոխզիջումը եւ այն զիջումները, որ պահանջում է փոխզիջումը: Այդ իսկ պատճառով, այս փուլում հարձակումների ու բացարձակ լուծումների լեզվով խոսելը ոչ իրատեսական է, ոչ էլ օգտակար:

Նույնպես օգտակար չէ շփոթել պատճառը հետեւանքի հետ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով հարձակման զոհ, հաղթել է ռազմական ճակատամարտը` հաջողությամբ պաշտպանելով իրեն Ղարաբաղում այն կառավարությունից, որը հարձակվեց իր քաղաքացիները համարող ժողովրդի վրա: Ոչ բոլոր հաղթողներն են զավթիչ: Երբեմն թույլ համարվողը հաղթում է, որովհետեւ պաշտպանում է իր ընտանիքը, տունը, հողը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, գտնվելով անհավասար վիճակում, պաշտպանվում էր եւ հաղթեց: Այսօր նրանք ոչ մի բան չեն ուզում Ադրբեջանից, ցանկություն ունեն միայն, որ Ադրբեջանն ապրի եւ թույլ տա ԼՂ ժողովրդին ապրել:

Գործընկերներ, գալիք հոբելյանական գագաթաժողովներին այս կազմակերպության արդյունավետությունը չափվելու է ոչ միայն գործողությունների քանակով ու ծավալով, այլ մեր նկրտումների համարձակությամբ, մեր նպատակների հեռատեսությամբ, մեր նվաճումների արժեքով ու դրանց միտումների խիզախությամբ:

Տպել էջը