ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանի ելույթը Արմտեք 2007 առաջին կոնգրեսում

07 հուլիսի, 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ելույթը «Արմտեք 2007» առաջին կոնգրեսում 07 հուլիս 2007թ., Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ Ես ցանկանում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ եւ հատկապես` Թոնի Մորոյանին ու հանձնաժողովին, որոնց հաջողվեց ձեզ բերել այստեղ` այս հավաքին, որը կարող է նկարագրվել միայն որպես հեռանկարային մոտեցում ունեցողների ու ապագայապաշտների հավաք:

Մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ է, որ ես առիթ եմ ունենում Հայաստանից ու սփյուռքից մեկ տեղ հավաքված մասնագետների մեծ ու կազմակերպված խմբի առջեւ ելույթ ունենալու: Անցյալ կիրակի Երեւանում ես հանդիպեցի 1700 բժիշկների ու բուժքույրերի, որոնք քննարկում էին, թե ինչպես իրենց մասնագիտական փորձը փոխանցեն Հայաստանի առողջապահական հիմնարկներին:

Ես բժիշկ չեմ: Ոչ էլ բարձր տեխնոլոգիաների մասնագետ, բայց ես 20 ժամ եմ թռել եւ հասել այստեղ` ասելու ձեզ այն, ինչ ասացի նրանց. Հայաստան-սփյուռք հարաբերությունների ապագան մասնագետների ու արհեստավարժների միջեւ գործընկերության մեջ է:

Ավելի քան տասնհինգ տարի է, ինչ մենք վերագտել ենք մեր անկախությունը: Եվ քանի որ մենք ապրում ենք այդ պատմությունը, այլ ոչ թե դիտում այն հեռվից, կամ կարդում դրա մասին, այս շրջադարձային իրադարձության ողջ կարեւորությունը մեզ համար դեռեւս լիովին պարզ չէ:

Իհարկե, արդեն իսկ կան այս շրջանի ամենատարբեր գնահատումներ: Բայց մի ձեռքբերում կա, որն անվիճարկելի է. հակառակ դժվարագույն, ճնշող ու սուր սոցիալական ու տնտեսական պայմաններին, ի զարմանս բոլորի, մենք ոչ միայն գոյատեւեցինք, այլեւ մրցակցեցինք եւ շատ ոլորտներում առաջ անցանք մեր հարեւաններից: Հայաստանի պետականությունը ամրապնդված է: Մենք ժողովրդավարության ճանապարհն ենք բռնել:

Մենք, իրոք, ունենք տնտեսություն, որը շարունակաբար բաց ու ազատ է որակվում: Այս ձեռքբերումներից յուրաքանչյուրը հպարտանալու առարկա է:

Ինչպես մեր նվաճումներն, այնպես էլ մեր ձախողումները մեր բոլորի կողմից են ձեռք բերվել, մենք բոլորս ենք ժառանգել` միասնաբար, եւ դուր գա դա մեզ, թե` ոչ, դրանք մեզ համար դառնալու են այն հիմքը, որի վրա մենք բոլորս միասին կերտելու ենք մեր երկրի զարգացման ուղին մեր պատմության հաջորդ ժամանակահատվածի համար: Որեւէ խումբ չպետք է մեծարվի մեր հաջողության համար, որեւէ խումբ չպետք է մեղադրվի մեր սխալների համար:

Առաջ ընթանալու համար մենք երկու կարեւոր ու նոր իրողություն պիտի ընդունենք: Առաջինը` երկրի ներսում: Այն ամենն, ինչ ձեռք ենք բերել, միայն առաջին սերնդի բարեփոխումների շնորհիվ է, որոնք պակաս խնդրահարույց էին, հատկապես` տնտեսական ու քաղաքական վերնախավի ու նրա շահերի տեսանկյունից: Չմոռանանք որ այս ռեֆորմները ամենաակնհայտն էին եւ հաջողվեցին նախեւառաջ մեր ժողովրդի ճկունության, ինչպես նաեւ ապագայի նկատմամբ իրենց հավատքի, նվիրումի եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ: Այսօր մենք ավարտել ենք ու սպառել այս նախնական եւ ուղղակի փոփոխությունների պաշարը: Այժմ մենք լրացուցիչ, ավելի խորքային, անփոխարինելի, երկրորդ սերնդի բարեփոխումների կարիքն ունենք, որոնք ավելի դժվար է առանձնանշել, ձեւակերպել ու ընդունել:

Երկրորդ իրողությունը` տարածաշրջանում: Մեզ հաջողվեց այս մեկուկես տասնամյակի ընթացքում մրցակցել եւ առաջ անցնել մեր հարեւաններից, երբ վերջիններս դեռեւս զբաղված էին իրենց առավելությունների փնտրտուքի գործով: Այսօր իրավիճակը կտրուկ տարբերվում է: Այսօր մեր հարեւանների հզոր կողմերն այլեւս պարզապես պոտենցիալ հնարավորություններ չեն, նրանք արդեն շահագործում են իրական պաշարներն ու օգուտներ քաղում: Հետեւաբար, այժմ, երբ մեր մրցակցության բնույթն է փոխվել, Հայաստանը պետք է գործի դնի այն ճկունությունը, որն իր ազգային առանձնահատկությունների մասն է կազմում, որպեսզի գտնի ու ստեղծի նոր ռեսուրսներ` իր առաջատար դիրքերը պահպանելու համար:

Այս նոր պաշարների մի մասը կգա Հայաստանից, իսկ մյուսը` սփյուռքից: Սրանցից որեւէ մեկը երկրի ընդերքում չէ: Մեր պաշարները սփռված են երկրագնդով մեկ: Ձեր նման խմբերն այդ նոր պաշարների մասն են կազմում: Դուք ազգություն եք ներկայացնում` առանց սահմանի: Կամ ավելի ճիշտ` սահմաններից անդին: Դարեր շարունակ մեր ազգության գաղափարն տարանջատված էր թե պետականությոյունից եւ թե տարածքներից: Այսօր մենք եւ պետականություն ունենք, եւ տարածքներ: Բայց մեր ավանդույթները, պատմությունը, ինքնությունը եւ կապերը, եւ իհարկե, պոտենցիալը, մեր տարածքներից այն կողմ են անցնում: «Դու մի վայրի չես պատկանում», գրել է մի առիթով Վիլիամ Սարոյանը, «քանի դեռ քո ընտանիքներից մեկը չի հանձնված այդ հողին»: Այդ տրամաբանությամբ` մենք ամեն տեղի ենք պատկանում:

Սփյուռքն ընդարձակել է մեր ազգի աշխարհագրական սփռվածությունը: Այն նաեւ ընդարձակում է մեր կարողությունները: Մենք ծաղկում ենք սինթեզի միջոցով: Մենք կլանում ենք այն, ինչ մյուսները կարող են առաջարկել մեզ եւ հարմարեցնում այն մեր կարիքներին: Մեր հերթին, մենք ստեղծում ենք, գյուտեր անում, մեր ներդրումը բերում իմացության այն պաշարին, որը համարվում է ժամանակակից քաղաքակրթություն: Այս` առավելապես իմացության վրա հիմնված գլոբալ տնտեսության պարագայում ազգի կարողությունը որոշվում է նորարարություններով հանդես գալու նրա կարողությամբ:

Հայաստանի ու սփյուռքի մրցահայտը` նորարարությամբ հանդես գալու մեր կարողությունն ուժեղացնելն է: Եկեք այս հավաքն օգտագործենք եւ հանձն առնենք փայփայել այսօրվա ու վաղվա նորարարներին:

Նախ, մենք միտք ու փող պետք է ներդնենք կրթության մեջ: Կապիտալիզմն այնպես է ձեւափոխվել, որ քաջալերում է իմացության վրա հիմնված տնտեսությունը, տեխնոլոգիաներն, անհատական հմտություններն ու ճկունությունը թե աշխատանքում եւ թե ձեռներեցության մեջ: Կրթությունն է, որ ինքնավստահ քաղաքացիներ է ստեղծում եւ սնում իմացության վրա հիմնված տնտեսությունը, որը նոր կապիտալիզմի հիմքն է: Եթե մեր զավակները սովորում էին հանուն գիտենալու, այսօր պետք է սովորեն գոյատեւելու համար: Մեր դպրոցներն ու հաստատությունները, պարզապես, թվեր ու դեպքեր չպիտի ուսուցանեն, նրանք պետք է սովորեցնեն, թե ինչպես գիտելիքը վերածեն արժեքավոր միջոցի եւ գործիքի, որպեսզի կարողանանք մրցակցել գլոբալացող ու փոքրացող աշխարհում:

Կրթության մասին այսօր խոսելը կնշանակի խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ու ինտերնետի մասին, այդ պաշարները յուրաքանչյուր աշակերտի` թե Հայաստանում, թե' դրանից դուրս հասանելի դարձնելու մասին: Այո, անգամ Հայաստանից դուրս, որովհետեւ սփյուռքը նույնպես կարիք ունի կրթական միջոցների, որոնք մեր ընդհանուր մշակույթը կտարածեն ու ամրապնդեն: Օն-լայն հանրային ոլորտ արդեն ստեղծվել է շնորհիվ «Կռունկի» եւ մի խումբ մտածված ու բովանդակալից կայքէջերի, որոնք պահպանվում են Շվեդիայից մինչեւ Կալիֆորնիա: Դրանց հաջողվել է մեր ցաքուցրիվ եղած ժողովրդին կապել, կրկնապատկել ու եռապատկել մեր բնակչությունը եւ հեշտ, էժան ուղի տրամադրել գործելու` առանց օրենսդրության, ընտրությունների, հարկերի, բեռնափոխադրման տուրքերի ու արժեքի: Այս ամենը, էլեկտրոնային մամուլի հետ մեկտեղ նոր ռեսուրսներ է առաջարկում եւ նոր առարկաներ մեր ժամանակակից ինքնության կերտման համար: Միասին մենք հնարավորություն ունենք պատկերացնելու այն աշխարհը, որը մենք ցանկանում ենք ունենալ, եւ ստեղծել այն:

Հայաստանում «Գյուղական զարգացման ծրագրի» շրջանակում, որի մասին մենք հայտարարեցինք վերջին Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում, մենք ցանկանում ենք հնարավորություն ստեղծել մեր խոցելի սահմանային գյուղերում համապարփակ զարգացում ապահովելու համար: Մեր երկրի սահմաններն այսօր պարփակում են գյուղեր, որոնք չունեն ջուր, գազ, էլեկտրականություն ու պարարտանյութ: Նրանք չունեն կոմպյուտեր եւ չեն խոսում անգլերեն:

Մենք շատ գործ ունենք անելու: Տեղեկատվական տեխնոլոգիաները զգալի դեր ունեն խաղալու մեր ծրագրում Հայաստանի գյուղական վայրերում հարակայուն զարգացման հասնելու համար: Դրա համար մենք ձեր կարիքն ունենք: Արդեն իսկ կան առատաձեռն նվիրատուներ, որոնք կկառուցեն դպրոցի շենքեր կամ ջրատարներ: Դուք օգնեք մշակելու մի ծրագիր, որը մեր գյուղերի յուրաքանչյուր երեխային կոմպյուտերային հմտություններ կուսուցանի:

Երկրորդը, նորարարության մեր կարողությունները խթանելու համար մենք նաեւ պետք է միտք ու գումար ներդնենք հետազոտությունների մեջ: Սա Հայաստան-սփյուռք համագործակցության բարձիթողի հատվածն է: Մենք տասնյակ արդյունավետ ծրագրեր ունենք որբերին օգնելու համար, բայց ուսումնասիրությունների անցկացման համար չունենք այդքան: Գիտության, տեխնոլոգիաների, կրթության, տնտեսության ու հասարակության միջեւ ինստիտուցիոնալ կապը թույլ է:

Ես խնդրում եմ ձեզ մեր գիտնականների հետ գործակցության հիմքեր դնել` նորարաթյուններով հանդես գալու նրանց կարողությունը մեծացնելու համար: Եկեք սնուցենք մեր` անհատական ստեղծագործական ներուժի դարավոր կարողությունը: Հայաստանի ամենալավ գիտնականներից ու մասնագետներից ոմանք այստեղ են, եւ նրանք, ճիշտ այնպես, ինչպես ես, կասեն ձեզ, որ եթե մենք ունենանք ուղեղների շրջանառություն, մենք ուղեղների արտահոսքի մասին մտահոգվելու կարիք չենք ունենա: Եթե մենք կարողանանք աջակցել ու գուրգուրանքով վերաբերվել հետազոտողներին եւ նրանց ծանոթացնենք հայրենիքի մասին խորն իմացություն, առաջադեմ արեւմտյան կրթություն ունեցող մարդկանց հետ, արեւմտյան կառավարման գործելակերպին, ձեռներեցության փորձառությանը, լավ կառավարմանը եւ էթիկական վարվելաձեւին, մենք մեր իրականությունը գերազանցող ձեռքբերումներ կգրանցենք:

Հարգելի բարեկամներ,

Հայաստանը հայտնվել է ստվարագծված շրջանակում: Երկու տարի առաջ Հայաստանը գերազանցեց խորհրդային մակարդակի արտադրական կարողությունը: Ես համոզված եմ, որ Հայաստանից ներկայացված մյուս զեկուցողները արդեն ասել են, որ մենք յոթ տարի շարունակ ունենք երկնիշ տնտեսական աճ: Հեռանկարները խոստումնալից են, եւ մենք հավատում ենք, որ այս միտումը կշարունակվի: Ինչպես ես նշեցի, այս ամենը հնարավոր է մեր ժողովրդի հաստատակամության, ինչպես նաեւ ներքին եւ տարածաշրջանային կայունության շնորհիվ, ինչը մենք կարողացանք պահպանել այս տարիների ընթացքում:

Չնայած հակամարտության չկարգավորվածությանը, որը մեր իրականության մասն է կազմում, մենք թույլ չենք տա, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակն առաջնորդող դառնա մեր պատմության համար: Այս վճռականությունն է խթան հանդիսացել անցյալ տասնամյակում մեր գրանցած աճի համար: Ճիշտ այնպես, ինչպես մենք թույլ չենք տա չզղջացող Թուրքիային մեր օրակարգը մեզ թելադրելու, մենք մեր հնարավորություններն ու ընտրությունը չենք սահմանափակի տեւական համաձայնագիր կնքելու հարցում Ադրբեջանի կողմից ցանկության բացակայության պատճառով: Նրանք չեն ուզում ընդունել ոչ անցյալը, ոչ էլ ներկան: Արդյունքում, նրանց չեն հետաքրքրում ընդհանուր ապագայի քննարկումները: Ադրբեջանում շարունակվում է պատերազմի մտային իրավիճակը: Ես հպարտությամբ եմ նշում, որ Հայաստանում եւ Ղարաբաղում մեր հայացքը դեպի ապագան է հառնված, դեպի վերջնական խաղաղություն, դեպի առաջընթաց, կայունություն եւ բարեկեցություն:

Հարգելի բարեկամներ,

Վճռականությամբ, իրատեսությամբ եւ ամենից առավել` միասնությամբ մենք կարող ենք մշակել եւ ընդունել ճիշտ քաղաքականություն` մեր ընդհանուր շահի համար նոր ռեսուրսներ գտնելու եւ օգտագործելու համար, եւ ապահովելու մեր շարունակական ու համապարփակ զարգացումը:

Եթե երեկ մենք հանդգնությունն ունեցանք պայքարելու եւ գոյատեւելու, այսօր մենք հանդգնությունը պիտի ունենանք հաղթանակելու:

Տպել էջը