ՀՀ ԱԳ Նախարար Վարդան Օսկանյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին

04 հոկտեմբերի, 2007

3 հոկտեմբերի, 2007թ.

Հարգելի պարոն նախագահ,

Այս ամբիոնից հանդես գալու յուրաքանչյուր առիթը խոնարհման զգացողությամբ է պատում, քանի որ գիտակցում ես, որ յուրաքանչյուր երկիր աշխարհում լսում է մյուսին` փորձելով ըմբռնել ընդհանուր շահերն ու մոտեցումները:
Մեզանից նրանք, որ փոքր երկրներ են ներկայացնում, այնպիսի զգացողություն ունեն, ասես մեծ պետություններն համընդհանուր ցավերին են անդրադառնում, իսկ մենք` փոքրերս, պետք է մեզ առանձնահատուկ, մեր տարածաշրջաններին հուզող խնդիրներով զբաղվենք: Կարծես գերակա համընդհանուր խնդիրների մասին խոսելը հավակնոտ կհնչեր եւ ճիշտ կլիներ, որ թողնվեր նրանց, ովքեր զորությունն ունեն դրանք լուծելու:
Սա իմ 10-րդ տարին է այստեղ եւ ես կհանդգնեմ այդ չգրված կանոնը խախտել: Այս տարի, երբ ֆինանսական ճգնաժամերն հավելվել են քաղաքական ու բնական աղետների վրա, այնքան ակնհայտ է դառնում այն, որ թեեւ մեր ընդհանուր խնդիրներն ու մարտահրավերները մեզ բոլորիս համար հավասար չափով են վտանգ ներկայացնում, դրանք, այնուամենայնիվ, մեզ վրա տարբեր չափով են ազդեցություն գործում: Փոքր երկրները, որ ամեն ինչից ավելի քիչ ունեն` լինի դա զանազանեցումը, պաշարների քանակը, մանեւրելու կարողությունը, ընտրություններն ու միջոցները, շատ ավելի են վտանգված, ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, ավելի խոցելի են, քան նրանք, որոնք մեծ տարածք, շատ բնակչություն եւ ավելի մեծ ներուժ ունեն:
Միեւնույն ժամանակ, այն խոշոր քաղաքական, սոցիալական ու բնապահպանական խնդիրները, որոնք տեղ են գտել այս նստաշրջանի օրակարգում` խաղաղություն եւ անվտանգություն, տնտեսական աճ եւ հարակայուն զարգացում, մարդու իրավունքներ, զինաթափում, թմրանյութեր, հանցավորություն, միջազգային ահաբեկչություն, որեւէ սահման չեն ճանաչում: Մեր երկրներից որեւէ մեկը չի կարող անհատապես դրանք հաղթահարել, եթե ակնկալում ենք դրանց համար արդյունավետ լուծումներ գտնել: Դրանց լուծումը մեր ընդհանուր շահերից է բխում: Խնդիրները ահռելի են եւ ամբողջ մարդկությանն են վերաբերում: Եվ քանի որ հնարավոր չէ դրանք միայն մեր սահմանների ներսում լուծել, ամենեւին չի նշանակում, որ որեւէ մեկն իրավունքը կամ շռայլությունն ունի դրանց հետեւանքների համար պատասխանատվությունը սեփական ուսերից թոթափելու:
Երբ շուկան մի բարել նավթի գինը հասցնում է 80 դոլարի, նրանք, որ չափազանց փոքր են եւ զգալի պաշարներ չունեն, անմիջապես կրում են դրա ազդեցությունը: Եվ ճիշտ այնպես, ինչպես մեծ տերությունները, որոնք վառելանյութի մեծ ախորժակ ունեն, երբեմն իրենց քաղաքականությանը չհամապատասխանող գործարքներ են կնքում, մենք էլ ենք վարվում այդպես: Մեզ համար էներգետիկ անվտանգությունը համաշխարհային թվաբանությունից շատ ավելին է, այն մեզ համար կյանքի ու մահու խնդիր է:
Երբ կլիմայի փոփոխությունը զգալի բնապահպանական տատանումների է հանգեցնում, երկար չի տեւում, մինչեւ երկարատեւ երաշտներն ու մեծածավալ անձրեւները վնասեն մեր գյուղատնտեսությունն ու ավիրեն տնտեսությունը, կամ բարձրացող ափերը հասնեն մեր քաղաքներին: Բայց մենք տարածք ու զանազանեցվածություն չունենք դրանք հաղթահարելու եւ հարմարվելու համար:
Այն ժամանակ, երբ Իրաքում նոր պայթյունի բացակայությունը համարվում է լուր, եւ երբ մեծածավալ ավերածությունները առօրյա երեւույթ են դարձել, մենք` փոքր պետություններում ավելի սուր կերպով ենք միջազգային հանրության կամքի եւ կարողությունների, հեռավոր վայրերում ընթացող բռնությունների ու ստորացման նկատմամբ նրանց հանդուրժողականության առումով մեր խոցելիությունն զգում:
Երբ տնտեսական զարգացումը կախված է վատ եղանակի, հիվանդությունների եւ պատերազմի բացակայությունից, եւ երբ այս երեք չարիքներից առնվազն երկուսը հաղթահարելու կարողությունը նրանց ձեռքում է, ովքեր հսկայական հնարավորություններ ունեն ամոքելու եւ խաղաղություն բերելու, փոքր պետություններն իրոք վտանգված են եւ անօգնական:
Երբ զինաթափումն ու սպառազինությունների վերահսկողությունը դադարում են համընդհանուր խաղաղությանը հասնելու միջոց լինելուց եւ փոխարենը դառնում են քաղաքական միավորներ քաղելու եղանակ, փոքր պետությունները ինքնապաշտպանության սեփական հնարավորություններին են դիմում: Այլ խոսքով, մենք դառնում ենք խնդրի մի մասը, որովհետեւ լուծումը պարզ չէ, եւ ոչ էլ հասանելի:
Երբ Դարֆուրը դառնում է անօգնականության խորհրդանիշ, մենք` աշխարհի փոքր անկյուններում, գիտակցում ենք, որ ուժը փոխարինել է պատասխանատվությանը: Մարդու իրավունքների ամենագո լեզուն չի կարող փոխարինել քաղաքական կամքին: Ցեղասպանությունը պետք է կանխարգելվի, այլ ոչ թե` հիշատակման արարողությունների վերածվի: Սերնդեսերունդ մենք նոր անուններ ենք տալիս իբրեւ թե անմարդկային մեքենայությունների հանդեպ մարդու վրդովեցուցիչ հանդուրժողականությանը, նոր անուններ` սարսափին, եղեռնագործությանը, ջարդերի վայրերին, համատարած սպանություններին նրանց, ովքեր պատկանում են հասարակության մի հատվածի, դասակարգի, էթնիկ խմբի, ռասայի կամ կրոնի: Մոտ հարյուր տարի առաջ հայերի համար դա Դեր Զորի անապատն էր, հաջորդ սերնդի համար դա Օսվենցիմն էր, հետո սպանությունները Կամբոջիայում: Իսկ վերջերս` Ռուանդան: Եթե այս դեպքերից յուրաքանչյուրում` ցեղասպանության հետ մեկտեղ այդ անունները հիշեցնում են անտարբերության, անօգնականության, պատերազմի քողի ներքո կոծկելու մասին, այսօր Դարֆուրը քաղաքական նպատակահարմարության, խուսափողականության եւ պարզ անհարմարության հոմանիշն է դարձել: Դարֆուրը ամոթի հոմանիշն է:
Իմ կոչը, փոքր երկրների անունից, այն է, որ միջազգային հանրությունը այս խնդիրներից յուրաքանչյուրը լուծի հենց նրանց տեսանկյունից, հանուն նրանց իսկ հաղթահարման, այլ ոչ թե որպես համաշխարհային ուժային գլուխկոտրուկի մի մաս: Երբ աշխարհի տերությունների միջեւ լարվածությունը մեծանում է, բեւեռացումն է ուժեղանում եւ նվազում է փոքր պետությունների քրտնաջան աշխատանքի եւ շատ ջանքեր պահանջող փոխլրացման ու հավասարակշռման քաղաքականությունների արդյունավետությունը: Մեր սեփական` խուսանավելու եւ համաշխարհային խնդիրների լուծմանը մասնակցելու շրջանը նեղանում է:
Բայց, պարոն նախագահ եւ հարգելի գործընկերներ, թույլ տվեք ակնհայտը նշել: Մենք հույս ենք դրել համաշխարհային տերությունների կարողությանը` իրենց կարճաժամկետ հակասություններն ու տարաձայնությունները մի կողմ դնելու եւ գիտակցելու, որ իրենց ուժն ու ազդեցությունը նրանց չեն ապահովագրում մեզ վրա ազդեցություն գործող մի շարք խնդիրներից: Այն նրանց չի ապահովագրում նաեւ մարդկության բարօրության համար այդ ուժն ու ազդեցությունը պատշաճ կերպով չկիրառելու հետեւանքներից:

Պարոն նախագահ,

Անցյալ ամիս մենք նշեցինք անկախության 16-ամյակը: Այս տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք բազմաթիվ փոփոխություններ եւ ներ ենք քաշվել մեր առօրյայի վրա ազդեցություն ունեցող տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումների մեջ:
Մենք կարող ենք միայն հպարտանալ նրանով, ինչի հասել ենք` բաց, զանազանեցված տնտեսություն, աճի բարձր տեմպեր, ուժեղ ֆինանսական համակարգ, նաեւ` բարելավված ընտրական գործընթացներ, ավելի կանգուն հասարակական կառույցներ, իր իրավունքներին առավելի իրազեկված բնակչություն: Սա մեզ ավելի մեծ վճռակամություն է տալիս լուծելու մնացյալ տնտեսական խնդիրները` անհավասար աճը, աղքատությունը գյուղական շրջաններում եւ ցածր աշխատավարձերը, եւ ավելի զորացնել ժողովրդին ու խորացնել ժողովրդավարությունը:
Մենք այս ամենին հասել ենք չնայած չկարգավորված հակամարտությանը եւ արհեստական սահմանափակումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության բացակայությանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներառված է գլխավոր ասամբլեայի օրակարգում ձգձգված հակամարտությունների թեմայի ներքո: Բայց, պարոն նախագահ, որեւէ բանաձեւ, որ մի զամբյուղի մեջ է դնում բոլոր հակամարտություններն, արդեն իսկ ի սկզբանե թերի է: Այս հակամարտություններից յուրաքանչյուրը տարբեր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղը չէ սա: Սա չպետք է քննարկվի ՄԱԿ-ում, քանի որ բանակցվում է ԵԱՀԿ-ում: Նախ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ: Մենք շարունակում ենք բանակցել եւ սանտիմետր-առ-սանտիմետր մոտենում ենք լուծմանը: Երկրորդը, բավականին մշակված փաստաթուղթ ունենք սեղանին, որը ոչ թե երազային մտածողության վրա է հիմնված, այլ հիմնարար խնդիրների եւ նրանց հետեւանքների վրա: Միասին նրանք հավասարակշռված լուծման կհանգեցնեն: Երրորդը, գործընթացի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` որոշելու իրենց ապագան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի ուզում ոչինչ, որն իրեն չի պատկանում. նրանք ուզում են խաղաղ, ապահով ապրելու եւ սեփական ապագան որոշելու իրավունք, նրանք ուզում են օգտագործել այն իրավունքը, որ այստեղ ներկայացված յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության այս կամ այն հանգրվանում օգտագործել է:

Պարոն նախագահ,

Մենք ուշի-ուշով հետեւում ենք Կոսովոյի շուրջ զարգացումներին: Մենք շատ պարզորոշ լսում ենք միջազգային հանրության բարձրաձայնումը, թե Կոսովոն չի կարող նախադեպ լինել այլ հակամարտությունների համար: Թեեւ մենք մտադրություն չունենք Կոսովոն որպես նախադեպ օգտագործելու, որովհետեւ այն կհակասի մեր դիրքորոշմանն առ այն, որ բոլոր հակամարտությունները տարբեր են: Միեւնույն ժամանակ մենք չենք հասկանում եւ չենք կարող ընդունել հակառակ տրամաբանությունը. այն է` Կոսովոյին անկախություն է շնորհվել, որեւէ այլ ժողովուրդ չի կարող ինքնորոշման հասնել: Որեւէ մեկը չպետք է ասի մեզ, թե չափաբաժիններ կան ազատության ու անվտանգության համար:

Պարոն նախագահ,

Ի վերջո փոքր երկրի իրազեկվածությունը համաշխարհային գործընթացներից եւ տեղը դրանցում չեն կարող, չպետք է փոխարինեն նրանց, որոնք գործելու զգալի միջոցներ եւ քաղաքական կամք ու կարողություն ունեն: Բացության ու ներառվածության այս դարում պարտադրանքի եւ բացառման հին մեխանիզմներին տեղ չկա: Փոխարենը, փոխզիջման ու կոնսենսուսի նոր գործիքներն են պիտանի մարդկության տեւական նպատակին` խաղաղությանն ու բարգավաճմանը հասնելու համար:

Շնորհակալություն:

Տպել էջը