ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻԵԼՈՒՅԹԸԵԱՀԿ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 15-ՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

29 նոյեմբերի, 2007

Պարոն նախագահ,
հարգելի գործընկերներ,

Քանի որ արդեն օրն իր հանգրվանին է մոտենում, թույլ տվեք մի քանի հարցի անդրադառնալ: Մեկը` ԵԱՀԿ բարեփոխումներն են: Երկրորդը` մի քիչ Հայաստանի եւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

Թեեւ կազմակերպությունն իր սկզնավորման օրվանից զարգանում է, մենք իսկապես փոխվել ենք այս վերջին կես տասնամյակի ընթացքում: Այս փոփոխություններից մի քանիսը, նպատակ ունենալով բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը, թվում է թե երբեմն ծանրաբեռնում են կազմակերպության օղակները եւ երբեմն անգամ խախտում այն նուրբ հավասարակշռությունը, որ գոյություն ունի տարբեր բաղադրիչների միջեւ այն գաղափարի, որը մենք դեռեւս ճիշտ ենք համարում, այն է` անվտանգությունն անբաժանելի է:

ԵԱՀԿ-ի երեք հարթությունները մեզանից յուրաքանչյուրին ինչ-որ բան են տվել, որից կառչում ենք: Այսօր մեր երեք հիմնասյուների միջեւ հաստատված հավասարկշռությունը սկսել է խաթարվել խաչաձեւվող առաջնայնությունների ու շահերի կենտրոնաձիգ ազդեցության հետեւանքով: Տհաճ շեղում է արձանագրվել հավասարակշռության մեջ:

Սա է պատճառը, թե ինչու Հայաստանը չի մտածում, որ բարեփոխումը տաբու պետք է լինի, կամ որ բարեփոխումների գործընթացը ապարդյուն է: Ոչ մի մեծ, բարդ կազմակերպություն, լինի դա մասնավոր, թե` հանրային, չի կարող իր կարեւորությունն ապահովել եւ բարելավել իր գործունեությունը` պարզապես ենթադրելով, թե ամեն բան կարգին է: ԵԱՀԿ-ում մեր ամենամեծ մրցահայտն այն է, որ փոխենք այն պատվիրակությունների փորձառությունը, որ կարծում են, թե խաղի պայմաններն անհավասար են: Միաձայնության /կոնսենսուսի/ վրա հիմնված կազմակերպությունը ենթադրաբար հավատում է հավասար պայմանների ապահովմանը: Սա հավասար լինելու կամ զգալու մասին չէ, այլ մեր շահերը պաշտպանելու հավասար իրավունքն ունենալու:

Քանի որ այս անհավասարությունն ավելի ակնհայտ ու խնդրահարույց է դառնում հաստատությունների ու առաքելությունների հարթության վրա, մեզ համակարծիք անդամների հետ մենք փորձեցինք ԺՀՄԻԳ-ում հասնել ավելի մեծ անկողմնակալության, թափանցելիության, ընտրովի վերաբերմունքի բացակայության եւ տարածաշրջանների հանդեպ միատեսակ վերաբերմունքի, հատկապես` ընտրություններին առնչվող վերջինիս գործունեության մեջ: Մենք հավատացած ենք, որ ներգրավվածության ավելի հստակ կանոնները, բացահայտ չափորոշիչների ու միատեսակ ընթացակարգերի հետեւողական կիրառումը կավելացնի ԺՀՄԻԳ-ի անկախությունը եւ արդյունավետությունը, այլ ոչ թե արգելքներ կստեղծի նրա գործունեության համար:

Այս հարցերը ավելի լավ է ուսումնասիրվեն, քննարկվեն ու բանակցվեն, քան թե` չհիշատակվողների դասին կարգվեն:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի առաքելություններին, Հայաստանն արդեն իսկ բարձրացրել է այս հարցը` ելնելով նաեւ Երեւանյան գրասենյակի շատ լավ, արդյունավետ ու համագործակցային գործունեությունից: Բայց մենք հավատացած ենք, որ մինչ նրանց թիվը, մանդատը եւ գործողություններն ավելանում են, առաքելությունների ամբողջական համակարգում ճշգրտումների կարիք է առաջանում` նախընտրելի ուղիների ու երբեմն թվացյալ մշտական կախվածության զգացողությունը նվազեցնելու համար: Յուրաքանչյուր առաքելության օգուտը այն կլինի, որ երբ այն ավարտի իր աշխատանքը, այն ավելորդ դառնա: Այս պատճառով է, որ մենք շեշտում ենք կարողությունների հզորացումը` որպես Երեւանյան գրասենյակի հաջորդ առաջնայնություն:

Պարոն նախագահ,

Խոսելով այս կազմակերպության առաջնայնությունների մասին որպես ամբողջություն` ես պետք է անդրադառնամ ԵՍԶՈՒ-ին` մի հիմնարար խնդրի, որը տարածաշրջանի ռազմական-ռազմավարական անվտանգության կառույցում կարեւոր դեր է խաղում: Այսօր այն վտանգված է: Չնայած հունիսին կայացած արտահերթ խորհրդաժողովին, փակուղին առկա է: Մենք ողջունում ենք այն բոլոր կողմերի ջանքերը, որոնք փորձում են խուսափել պայմանագրի հնարավոր թուլացումից կամ տապալումից, եւ հույս ենք հայտնում, որ, փոխարենը, հիմնական հակառակորդների միջեւ ակտիվ, շարունակվող բանակցությունները կաշխուժացնեն կառույցը եւ կտանեն այն Վերափոխված պայմանագրի առավել վերափոխված ռեժիմի ճանապարհով: Մենք անդամ երկիր ենք եւ ուժի մեջ մտած ու լիովին կիրառվող պայմանագրի արդյունավետորեն գործելը կենսական է մեր ազգային անվտանգության համար: Անկեղծորեն, մենք խորապես մտահոգված ենք մեր հարեւան Ադրբեջանի կողմից պայմանագրով սահմանափակված զինատեսակները զգալիորեն գերազանցելու հանգամանքով: Այն այնքան բացահայտ ու ամբարտավան կերպով է դա անում, եւ առանց բոլոր դասերում համապատասխան նվազեցումներ կատարելու մասին հանձնառություններ ներկայացնելու: Այս առումով է, որ ԵՍԶՈւ-ի ու նրա վերափոխված հաջորդող փաստաթղթի աշխուժացումը կենսական է բոլոր անդամ պետությունների համար:

Պարոն նախագահ,

Թվում է` մեր ողջ տարածաշրջանն ընտրությունների է պատրաստվում: Հայաստանում մենք մայիսին ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները եւ միջազգային հանրության կողմից բավականին լավ գնահատանքի արժանացանք: Մենք գիտակցում ենք, որ այդ ընտրությունների հաջող անցկացումն ու ավարտն իր ներդրումն է ունենում ներկայացուցչական կառավարություն ունենալու միջոցով առավել լիարժեք ժողովրդավարության հասնելու մեր ճանապարհին: Մեր կառավարությունը նպատակ ունի պահպանելու այս ձեռքբերումը գալիք փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Սա անկախությունից ի վեր հինգերորդը կլինի եւ տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանը սոցիալապես ու տնտեսապես նոր երկիր է: Սա մեծապես նպաստել է պետության ու հանրային ոլորտի առավել արդյունավետ գործունեությանը: Մասնավոր սեկտորի կենսունակությունը շատ դրական ազդեցություն է ունեցել զբաղվածության, աղքատության նվազեցման, արտահոսքի կասեցման ու կայունության ապահովման վրա: Այս ամենը նշանակում է հույսի ու լավատեսության դանդաղ վերադարձ:

Պարոն նախագահ,

Անկախ ամենից բարդ գործընթաց լինելով` այն ավելի է դժվարացել, քանի որ մենք դեռեւս Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը չենք հասել:

Մյուս կողմից, մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցած մեծ ճանապարհի համար: Նախագահների ու արտաքին գործերի նախարարների միջեւ հաջորդող հանդիպումների միջոցով մենք ստացել ենք մի աշխատանքային փաստաթուղթ, որն արդար է, հավասարակշռված ու նախնական համաձայնության համար հիմք կարող է ծառայել:

Մենք հասկանում եւ գնահատում ենք համանախագահ երկրների ամենաբարձր աստիճանի դիվանագետների հատուկ ուշադրությունն ու նրանց կողմից ներդրվող ջանքերը, որոնք մեծ հույսեր են կապում այս փաստաթղթի հետ եւ գիտակցում են դրա գրանցած առաջընթացը:

Եվ սա այն պատճառով է, որ այս փաստաթուղթը հիմնարար խնդրին է անդրադառնում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը` ինքնորոշման միջոցով, ինչպես նաեւ փախստականների ու տարածքների խնդրին, որոնք ծագել են այդ ինքնորոշման պայքարի արդյունքում:

Ցավոք, բանակցային գործընթացից դուրս այլ` հակասող ու հուսալքող իրականություն է: Նախ, Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակներից պատերազմական կոչեր են հնչում, երկրորդը` Բաքվի կողմից կանոնավոր, կազմակերպված ատելության քարոզչությունը սարսափեցնող աստիճանի է հասել հենց Ադրբեջանի ներսում: Երրորդը` Ադրբեջանի կողմից հակամարտության ու նրա տարածաշրջանի մոնիտորինգն իրականացնող միջազգային դեսպանների առջեւ կամայական խոչընդոտների հարուցումը սպառնում է խաթարել այն նուրբ հավասարակշռությունը, որ մենք պահպանել ենք, եւ չորրորդը` իրենց դատը ներկայացնելու համար այլընտրանքային միջազգային ատյանների նրանց ակտիվ ու ագրեսիվ փնտրտուքը ժխտում է փոխզիջման գնալու նրանց պարտավորությունը:

Որքանով էլ մենք լիահույս ենք, որ բանակցված կարգավորումը հնարավոր է, այս թշնամական մթնոլորտը մտահոգում է մեզ: Հայերը հավատացած են, որ մեր տարածաշրջանում նոր պատերազմներ չեն լինի: Ես սա գիտեմ, որովհետեւ մենք այն չենք սկսի, եւ նրանք գիտեն, որ չեն հաղթի: Այս հակամարտության համար ռազմական լուծում չկա: Միակ լուծումը փոխզիջման վրա հիմնված լուծումն է, եւ այս առումով այս փաստաթուղթը յուրաքանչյուր կողմի մերժում է իր առավելագույն ցանկությունը եւ փոխարենը կենտրոնանում խելամիտ, հարգված, ընդունելի լուծման վրա, որը հնարավոր կլինի բացատրել հասարակ մարդուն: Եվ այն հնարավոր կդարձնի սովորական մարդկանց համար ժամանակի ընթացքում ու քաղաքական սահմանների վրայով կրկին կապ հաստատել մի տարածքում, որը կիսված է պատերազմի ու ատելության հետեւանքով: Որպեսզի սա իրականանա, արտառոց մարդիկ, նրանք, որոնց առաջնորդելու ուժն է շնորհված, պետք է հեռատեսություն դրսեւորեն ու վստահություն ներշնչեն, վերստեղծեն կովկասյան տարածքը եւ իրենց ներդրումը բերեն տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը:

Այս համատեքստում եւ որպես այս ընդգրկուն եվրոպական կազմակերպության անդամներ` մենք նախանձով ենք նայում Եվրոպայի երկրներին, որոնք բոլորը, անգամ նրանք, որ խորքային ցնցումներ են ապրել համաշխարհային կարգերի փոփոխման արդյունքում, միջոց են գտել խնդիրները օրակարգ մտցնել` առանց թույլ տալու, որ դրանք տապալեն օրակարգը: Գուցե մենք Կովկասում հաջորդը կլինենք, որ տարածաշրջանային խնդիրների լուծման համար այսպիսի եվրոպական մոտեցում կորդեգրենք:

Պարոն նախագահ,

Մենք պատրաստում ենք ողջունել Ֆինլանդիային, եւ գուցե ես կարող եմ ասել անասելին. այս կազմակերպության տարեկան հանդիպումները երբեք պաշտոնական հավաքներ չեն եղել, եւ դա ավելի քան ճիշտ է այսօր: Այսպիսի ժամանակներում է, երբ օրը 6-7 լուր կա ԵԱՀԿ տարածաշրջանում տեղ գտած լարվածությունների մասին, որ մենք շնորհակալ ենք, որ այս ատյանը կա, եւ մենք կարող ենք հանձնառություն ստանձնել` շարունակել աշխատել այն վերափոխելու ուղղությամբ, որպեսզի այն բավարարի մեր շարունակաբար աճող պահանջները:

Շնորհակալություն:

Տպել էջը