ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

24 ապրիլի, 2008

Պարոն քաղաքապետ,
Սիրելի բարեկամներ

Ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի նույնպես մենք հավաքվել ենք Փարիզի քաղաքապետարանում` միասին կատարելու հիշողության մեր պարտքը Օսմանյան կայսրությունում 1915թ. իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ:

Ինձ համար սա եւս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու Փարիզի քաղաքապետարանին, անձամբ Ձեզ, պարոն քաղաքապետ, նախաձեռնելու համար հիշատակի այս արարողությունը եւ այն դարձնելու ավանդական:

Քսաներորդ դարի այս առաջին, սակայն դժբախտաբար ոչ վերջին ցեղասպանության ոգեկոչումը մեր բոլորիս ընդհանրական պատասխանատվությունն է ապագա սերունդների առջեւ, որպեսզի մարդկության ապագան չմթագնվի նոր ոճիրներով, որպեսզի ցեղասպանությունները դատապարտվեն եւ կանխվեն համաձայն ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված համապատասխան բանաձեւերի, որին միացել են բազմաթիվ երկրներ:

Պատմությունը մեզ ցույց է տվել ազգերի ու պետական այրերի օրինակներ, որոնք իրենց մեջ ուժ եւ կարողություն են գտել հաշտվելու անցյալի հետ: Այդ փորձությունից նրանք դուրս եկան պատվով ու մեծությամբ: Այսօր արժանին է մատուցվում նրանց իմաստնությանը եւ խիզախությանը, ինչը նրանց ժողովուրդներին հնարավորություն տվեց վերագտնելու արժանապատվությունը եւ մեր մոլորակին վերադարձրեց ապահով ապագայի հույսը:

Մեր հիշողության մեջ հառնում են Ֆրանսուա Միտերանի եւ Հելմուտ Քոլի խորհրդանշական կերպարները, որոնք ձեռք-ձեռքի գլուխ են խոնարհել 1870-ից մինչեւ 1945 թիվն ընկած երեք մահաբեր պատերազմներին զոհ գնացած ֆրանսիացի եւ գերմանացի զինվորների գերեզմանների առջեւ: Պատմությունից լուրջ դասեր քաղելով` այս երկու ղեկավարները պարտքի խորը գիտակցությամբ օգնեցին իրենց ժողովուրդներին` հաղթահարելու անցյալի ծանր փորձությունները, հաշտվելու եւ միասին կառուցելու խաղաղ եւ բարգավաճ ապագան: Նրանք քանիցս վճռականություն ցուցաբերեցին գործելու ի շահ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հաշտեցման, ի շահ պատերազմներից եւ թշնամանքներից ջլատված եւրոպական բոլոր ազգերի հաշտեցման: Եւրոպական շինարարությունը դրա լավագույն օրինակն է: Իրենց մեծ նախորդների` գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի նման, նրանք վաստակեցին իրենց ժողովուրդների երախտիքը եւ առհավետ մտան մարդկության պատմության մեջ:

Եղբայրասպան եւ մահաբեր այդքան պատերազմներից հետո վերածնվելու ուժ գտնելով եւ ժողովուրդների համար հաշտ ու միասնական ճակատագիր կերտելով` Եվրոպան ողջ մարդկության համար մեկ անգամ եւս դարձավ լույսի եւ իմաստնության աղբյուր: Նա մեզ բոլորիս ցույց տվեց այն ուղին, որը մեզ տանում է դեպի խաղաղություն, այն ուղին, որը ժողովուրդներին վերադարձնում է արժանապատվությունը եւ ապագայի նկատմամբ վստահությունը:

Հույս ունեմ, որ մի օր էլ հայ եւ թուրք ղեկավարները միասին կխոնարվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշի առջեւ եւ անցյալի բեռից ազատված մեր ժողովուրդները միասին կկառուցեն ապահով ապագա:

Մեր ժողովուրդների ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման, իսկ հաշտության ուղին ոչ թե մոռացությունն է, այլ գիտակցված հիշողությունը, քանի որ միասին շրջելով մեր պատմության սեւ էջը կարելի է վստահությամբ ու հավատով նայել մեր ապագային:

Ես հավատում եմ մեր երկու երկրների ղեկավարների եւ ժողովուրդների իմաստնությանը: Հայաստանը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու ջանքեր գործադրել այդ ուղղությամբ այնպիսի լուծումներ գտնելու, որտեղ հաշվի կառնվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը եւ կիրականան խաղաղ եւ բարեկեցիկ կյանքով ապրելու մեր ժողովուրդների իղձերը: Հուսով ենք, որ նույն մոտեցումը կցուցաբերի Թուրքիան:

Հարավային Կովկասի ռազմավարական կարեւորությունը պայմանավորված է ոչ միայն նրա բնական հարստություններով, այլ նաեւ Հարավ-Հյուսիս եւ Արեւելք-Արեւմուտք կարեւոր առանցքների վրա ընկած աշխարհագրական դիրքով, որոնք կարող են լիարժեք օգտագործվել հակամարտությունների լուծվելուց եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատվելուց հետո միայն: Դրանից կշահեն մեր երկրները, դրանից կշահեն մեր ժողովուրդները: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գործադրելու բոլոր ջանքերը այդ օրը մոտեցնելու համար:

Պարոն քաղաքապետ,
Սիրելի բարեկամներ

Առիթից օգտվելով` այսօր կցանկանայի շնորհակալանքի խոսքեր ուղղել ֆրանսիական իշխանություններին, ֆրանսիացի ժողովրդին, բարեկամ Ֆրանսիային, որտեղ ինձ պատիվ է վիճակվել գրեթե տասը տարի ներկայացնելու Հայաստանը: Երկիր, որն օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երկիր, որի հետ մեր հարաբերություններում վերջին տարիներին գրանցվեցին մեծ ձեռքբերումներ` հասնելով հայ-ֆրանսիական բարեկամության դարավոր պատմության մեջ ամենամեծ բարձունքներին:

Կցանկանայի ողջունել նաեւ ֆրանսահայերին, որոնք հավատարիմ մնալով Ֆրանսիական Հանրապետության արժեքներին` միաժամանակ կապված են մնում իրենց արմատներին: Այսպիսի բազմությամբ ձեր ներկայությունն այս սրահում դրա վկայությունն է:

Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել ֆրանսիական կենտրոնական եւ տեղական իշխանություններին, սենատորներին եւ պատգամավորներին, քաղաքական գործիչներին, գիտական եւ ստեղծագործական շրջանակների ներկայացուցիչներին, մշակույթի, մամուլի եւ հասարակական գործիչներին, հազարավոր ֆրանսահայերի, բոլոր նրանց, ովքեր ինձ աջակից եղան այս տարինե—րի ընթացքում:

Պարոն քաղաքապետ,
Սիրելի բարեկամներ

Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքապետարանին նման միջոցառում կազմակերպելու համար, որն ինձ հնարավորություն տվեց արտահայտվելու այս գեղեցիկ սրահում, այսպիսի անմոռանալի միջավայրում:

Շնորհակալություն, Փարիզ:
Շնորհակալություն, Ֆրանսիա:

Տպել էջը