ՀՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի ելույթը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնի բացմանը

18 օգոստոսի, 2008

Սույն թվականի օգօստոսի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը:
Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Սիրելի՛ բարեկամներ,
այստեղ գալիս ես մտածում էի Մենք-ի խորհրդի մասին: Մենք-ը հզոր հասկացություն է, ուժ կա խորքում, հպարտ ուժ:
Մենք-ի հարուցած խանդավառ տրամադրությամբ են հավաքվել հնարմատ հայ գերդաստանի զավակներս այս ոգեղեն, այս մշակութային փառահեղ տաճարում` մեր փառատոնը բացելու համար:
Հայաստան, Արցախ եւ Սփյուռք միասնաբար ենք կերտելու մեր ապագան:
Օրեցօր փոքրացող աշխարհում մենք միշտ պետք է հիշենք, որ կա մեկ հայ ժողովուրդ, կա մեկ Մայր Հայրենիք, նույն արմատից, նույն գենից սնվող մեկ ճակատագիր:
Մենք իրարից տարբեր ենք, սակայն միասնական ենք մեր Հայրենիքի զորացման, մեր ազգի, մեր ժողովրդի լինելիության, ինքնության, ապագայի համար:

Եվ այս հավաքական գաղափարախոսությունը մեկ անուն ունի` հայրենասիրություն: Եվ այստեղ հավաքված բոլորդ` հայրենասերներ եք:
Թանկագի՛ն բարեկամներ,
Հայն ունի սրբություն դարձած խորհրդանիշեր` Հայրենիքը, լեզուն, Արարատը, Էջմիածինը, գենի նկատմամբ աղոթքի հասնող սերը:
Հայ մնալու ծիրանին բոցկլտում է աշխարհի չորս ծեգերում:
Հայրենիքը ոգեղեն ուժ է տալիս իր զավակներին, իրականություն են դառնում ազգային քաղաքական գաղափարները, մեկ տան, Հայրենիքի Եւ Սփյուռքի միաձուլման գաղափարները:
Աշխարհասփյուռ հայության միավորողը, մեզ միասնության կոչող գործող անձերից մեկը մշակույթն է:
Հային իր արմատին կապողը, հայ ժողովուրդի անցյալը, ներկան ու ապագան կամրջողը, համահայկական միասնության հզոր երաշխիքը` մեր մշակույթն է:
Մշակույթը մարդկանց քով-քովի բերող ամենահարթ եւ ամենակարճ ճամփան է:
Արարիչ ուժ է մշակույթը, այն բանակը, որը ոչ թե ավերում, այլ կառուցում է գաղափարի ու զգացումի ներդաշնակությունը:

Հայկական պայծառ գույների համար տեղ կա մշակույթի աշխարհում, եւ համաշխարհայնացման մեջ նա չի կորցնում իր ազգային գույնն ու կերպարը:
Փոքր է մեր երկիրը, բայց մեծանում է մտքի թռիչքի չափով, իր մարդկանցով, աշխարհասփյուռ իր որդիներով, ովքեր պարտավոր են ոչ միայն պահպանել մեր ազգային գեղեցկությունները, այլ վավերական արժեքներով հաստատել մեր տեղը համամարդկային մշակույթի մեջ:
Հարգելի՛ ներկաներ,
Փառատոնի մասնակիցներին ուղղված ուղերձում Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը նշում է.
«Այս փառատոնը միմյանցից սովորելու, միմյանց հզորացնելու, միմյանց ավելի սիրելու, ավելի հայանալու տոն է: Տոն, որտեղ դժվար է սահմանազատել, թե ովքեր են մասնակիցները, ովքեր են հյուրերը, ով է հանդիսատեսը:
«Մեկ ազգը»` մենք բոլորս ենք, «Մեկ մշակույթի», միեւնույն ինքնության կրողները:»:
Երկիրն այսօր ուղղում է մեջքը, եւ մենք պիտի մաս ունենանք այդ շտկման մեջ:
Անցնելուց առաջ, եկեք մեր քարը ավելացնենք մեր բազմադարյա երկրի քարերին, լույս կաթեցնենք երկաթագիր մեր մագաղաթներին:
Հանճարդ Հայկյան, Նավասարդյան սա տոներու
Արեւավառ,
Ալ, վերածնե փլատակներեն ու փառագոչ
Քնարդ ա՛ռ,
Զի մենք հանուն սերին, սերմին, քո հին ցեղին
Մարմարե կույս,
Մենք, Զավակներդ օգոստափառ պիտի կերտենք
Նոր Արշալույս:

Բարի երթ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնին»:
Տպել էջը