ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՙԱնվտանգությունը եւ համագործակցությունը Կովկասի ներսում եւ շուրջը՚ միջազգային խորհրդաժողովին

16 մայիսի, 2009

Մեծ պատիվ է դիմել կովկասյան տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը եւ համագործակցությանը նվիրված խորհրդաժողովի հարգելի մասնակիցներին: Հուսով եմ, որ այս խորհրդաժողովի ընթացքում անցկացված բանակցությունները օգտակար կլինեն նորարարական գաղափարների առաջադրման առումով, որոնք կօգնեն գնահատել եւ արդյունավետորեն հետ մղել մեր տարածաշրջանի անվտանգության վտանգներն ու սպառնալիքները:


Լայն տարածում ունեցող ՙանվտանգություն՚, ՙկայունություն՚ եւ ՙհամագործակցություն՚ հասկացությունները տարածաշրջանի հետսառըպատերազմյա պատմության ընթացքում վաղուց սպառել են իրենց: Ոմանց համար դրանք պարզապես քաղաքական արշավների ժամանակ կրկնվող շաբլոնային արտահայտություններ են: Մյուսների համար, որոնց թվին է պատկանում նաեւ Հայաստանը, դրանք կենսական խնդիրներ են: Այդ մարտահրավերներից շատերը դեռեւս առկա են եւ պետք է արդյունավետորեն քննարկվեն եւ լուծվեն կառուցողական ու ակտիվ արտաքին քաղաքական նախաձեռնությունների միջոցով` իրատեսական եւ գործնական լուծումներ ապահովելու համար:

Լայն իմաստով Կովկասյան տարածաշրջանն աշխարհի քաղաքական քարտեզի թեժ կետ է` գրեթե ամբողջությամբ լի անվտանգության սպառնալիքներով եւ մարտահրավերներով: Տարածաշրջանը խարխլվել է երբեմն ոչ արդար պատմական անցյալից բխող հակամարտությունների եւ միջպետական լարվածությունների, տարածաշրջանային եւ համաշխարհային դերակատարների շահերի բախման պատճառով առաջացած բաժանարար գծերի, տնտեսական շրջափակման եւ փակ սահմանների պատճառով: Սա մի իրավիճակ է, որտեղ տարածաշրջանային մակարդակում էներգետիկայի, տրանսպորտի եւ այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ տնտեսական նախագծերը կարող են ապացուցել, որ առավել արդյունավետ են եւ փոխշահավետ, քան մեկուսացման եւ թշնամանքի քաղաքականությունը:

Կովկասն աշխարհի ամենազգայուն հատվածներից մեկն է, եւ մշտապես այդպիսին եղել: Այն եղել է քաղաքակրթությունների, կրոնների եւ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկ: Խորհրդային Միության փլուզումից հետո խնդիրները, որոնք վերջինիս հաջողվում էր ճնշել, նորից ի հայտ եկան: Տարածաշրջանային թատերաբեմում հայտնվեցին նոր դերակատարներ: Տարածաշրջանի ձեռք բերած աշխարհաքաղաքական կարեւորությունը` որպես էներգետիկ ռեսուրսների հետ կապված համաշխարհային շահերի արդյունք, բարդացրել է քաղաքական իրադրությունը տարածաշրջանային համակարտությունների շուրջ: Անցյալ օգոստոսի դրամատիկ իրադարձությունները բացահայտեցին տարածաշրջանային հավասարակշռության փխրունությունը եւ սպառնում էին փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն ու դրա աշխարհաքաղաքական պատկերը: Հայաստանի համար տարածաշրջանային անվտանգությունը մշտապես առաջնահերթ է եղել: Մենք շարունակաբար ընդգծել ենք, որ բաժանարար նոր գծերի ստեղծումն անընդունելի է: Եվ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ քաղաքական ճանապարհով: Հակամարտությունների լուծման համար ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը այլընտրանք չէ եւ կարող է լրջորեն ապակայունացնել մեր տարածաշրջանն ու լուրջ հետեւանքներ ունենալ:

Կովկասը կառուցողական գաղափարների եւ նախաձեռնությունների կարիք ունի, այլ ոչ` բռնության: Բռնության պոռթկումները կարող են միայն նոր թշնամանք հրահրել, նոր լարվածություն ստեղծել, եւ սկիզբ դնել ավերածության տհաճ ցուցադրության: Եթե մենք ձախողենք նոր իրողությունների հետ համաձայնեցումը եւ մեր քաղաքական մտածողության վերաձեւումը, դա կլինի վերադարձ սառըպատերազմյա իրողություններին աշխարհի այս փոքր, բայց կարեւոր անկյունում` բոլորի համար հղի բացասական հետեւանքներով:

Այդուամենայնիվ, Հայաստանի արտաքին քաղաքականության եւ արտաքին անվտանգության առաջնայնությունները ներառում են նաեւ տարածաշրջանային ընդհանուր անվտանգության եւ համագործակցության համակարգի ստեղծում: Դրան կարելի է հասնել երկխոսության, բանակցությունների, առկա լարվածությունների թուլացման եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջոցով:
Հայաստանի արտաքին անվտանգության խնդիրներն արդեն վաղուց ընդգրկված են երկրի ռազմավարական շահերի համակարգում եւ հստակորեն արտահայտված երկրի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում:

Հայաստանը բացահայտորեն քվեարկում է հավասարակշիռ եւ պրագմատիկ արտաքին քաղաքականության օգտին, որը նպատակներ է առաջադրում` հենվելով իր իսկ կենսական շահերի եւ մյուսների շահերի վրա: Մեր արտաքին քաղաքականությունում կենտրոնական տեղ է զբաղեցնում հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, այնպես, որ շեշտը դրվի ընդհանուր անհանգստությունների եւ շահերի վրա, քան թե` տարաձայնությունների եւ անհավասարությունների:

Պաշտպանելով դրական եւ պրագմատիկ քաղաքականությունը` խոստանում ենք լինել ՙկողմ՚, ոչ թե` ՙդեմ՚: Մենք համոզված ենք, որ համատեղ ջանքերի եւ քաղաքական կամքի դրսեւորման միջոցով տարածաշրջանի ժողովուրդները կարող են հասնել փոխշահավետ լուծումների հակամարտությունների հանգուցալուծման եւ այլ տարաձայնությունների հարթման գործընթացում:

Սրանից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող անվտանգության երկու հիմնական մարտահրավերներն են արցախյան հակամարտության խաղաղ ու արդարացի հանգուցալուծումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այս մարտահրավերները տարբեր են եւ որեւէ իմաստով փոխկապակցված չեն, անգամ եթե ոմանք ցանկանում են կապ կամ զուգահեռներ տեսնել դրանց լուծման մեջ:

Արցախի ժողովրդի` իր անվտանգությունն ապահվելու մտահոգությունը ընկած էր միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում: Իրոք, անցյալ տասնամյակի սկզբին նրանց ֆիզիկական անվտանգությունը գամված էր սյանը` որպես հակամարտության արդյունք:

Միջազգային թատերաբեմում Ադրբեջանը մշտապես խեղաթյուրում է արցախյան հակամարտության էությունը` փորձելով քողարկել 1988-1991թթ. Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացրած էթնիկ զտումներն ու բռնության քաղաքականությունը: Այնուհետեւ այս գործողությունները վերածվեցին բացահայտ ագրեսիայի եւ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ` ներառելով ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների, ինչը խլեց տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանք:
Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանը ջանք չի խնայել, որպեսզի ազդեցություն գործադրի, եւ առավել եւս, ուղղակիորեն ներգրավվի բանակցային գործընթացում արցախյան հակամարտության տեւական եւ արդարացի լուծում գտնելու համար: Խնդիրը կարող էր լուծվել ավելի վաղ` 2001թ. Փարիզի եւ Քի-Վեսթի բանակցություններից հետո, երբ մենք շատ մոտ էինք հանգուցալուծմանը, եթե ադրբեջանական կողմը չհրաժարվեր պայմանավորվածություններից:

Անգամ այսօր մենք մոտ կլինեինք հանգուցալուծմանը, եթե համանախագահներն ամիսներ չվատնեին ադրբեջանական կողմին համոզելու համար բանակցել 2007թ. առաջադրված սկզբունքների հիման վրա, ինչը հայտնի է որպես մադրիդյան փաստաթուղթ, որի գոյությունը ադրբեջանական կողմը ամիսներ շարունակ ժխտում էր:

Այդուամենայնիվ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները, Մոսկովյան հռչակագիրը, Հելսինկիում ընդունված ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հռչակագիրը եւ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը գործընթացում արձանագրված առաջընթացի նշաններ են, գործընթաց, որի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապացուցել են իրենց արդյունավետ եւ վստահելի ձեւաչափ լինելը:

Հուսով ենք, որ վերջիվերջո Ադրբեջանի կողմից կցուցաբերվի քաղաքական կամքի անհրաժեշտ աստիճան եւ պատերազմի` որպես ելքի դատապարտում, ինչպես նաեւ պատերազմի քարոզչությունից եւ Հայաստանի ու հայերի նկատմամբ ատելության հրահրումից հրաժարում` գործընթացը հաջող հանգուցալուծման հասցնելու համար:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, վերջին տարվա ընթացքում Հայաստանի նախագահի նախաձեռնությունից հետո, մեր թուրք հարեւանների հետ եւ մեր շվեյցարացի գործընկերների օգնությամբ հաջողություն ենք արձանագրել Եվրոպայի վերջին փակ սահմանի բացման եւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Գնդակը այժմ թուրքական կողմի մոտ է: Եվ հուսով ենք, որ նրանք իմաստություն եւ խիզախություն կգտնեն կատարելու վերջին վճռորոշ քայլը: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ անհրաժեշտ քաղաքական կամքը կարող է վերջիվերջո հաղթահարել անցյալի մտածելակերպը:

Մեզ մեծապես քաջալերել է միջազգային հանրության աջակցությունը: Մենք քաջատեղյակ ենք հայ-թուրքական հարաբերությունների հաստատման եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար սահմանի բացմանն ուղղված կարեւոր եւ դրական ներգրավվածության մասին:

Երկու մարտահրավերների դեպքում էլ մեր դրդապատճառը հստակ է, եւ հավանաբար, միայն մեկ ընդհանուր տարր է միավորում դրանց: Այն է` մենք չպետք է մեր տարաձայնությունների եւ խնդիրների բեռը թողնենք գալիք սերունդների ուսերին: Մենք պետք է կամուրջներ կառուցենք մեր ժողովուրդների միջեւ` մշակելով տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ սխեմաներ: Եվ մեր ընդհանուր նպատակը պետք է բոլորի համար անվտանգ եւ բարգավաճ տարածաշրջանի ստեղծումը:

Շնորհակալություն:
 

Տպել էջը