ՀՀ ԱԳ նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ելույթը ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը

28 հունիսի, 2009

Տիկին նախարար,
հարգելի գործընկերներ,

Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «անվտանգություն», «կայունություն» եւ «համագործակցություն» հասկացություններն ընդամենը շարունակաբար կրկնվող առօրյա բառեր են: Իրականում, դրանք կենսականորեն կարեւոր խնդիրներ են բոլորիս համար: Ուստի շատ մարտահրավերներ պետք է արդյունավետորեն ծանրութեթեւ արվեն եւ կարգավորվեն ստեղծագործական նոր նախաձեռնությունների միջոցով` ապահովելու համար դրանց իրատեսական եւ գործնական լուծումները:

Ահա թե ինչու, տիկին Բակոյանի, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար: Դրա կարեւորության ապացույցն է այն, որ ԵԱՀԿ մասնակից պետությունների գրեթե բոլոր արտգործնախարարներն այսօր այստեղ են, այս սեղանի շուրջ` քննարկելու համար «Հելսինկի +» գործընթացը: Մենք իրոք կարիք ունենք այն բարձրացնելու նոր մակարդակի` այն դարձնելով ավելի ընկալունակ ներկայիս պահանջների եւ իրողությունների նկատմամբ` բոլոր երեք չափումներում:

Անցած օգոստոսի դրամատիկական իրադարձություններից առաջ մեզնից եւ ոչ մեկը չէր ուզում հավատալ, որ նման զարգացումը հնարավոր է: Երեկվա մեր քննարկումից այն տպավորությունն է ստեղծվում, որ նույնիսկ այդ դեպքերն աչքի առաջ ունենալով, մեզնից ոմանք կարծում են, որ նման բան այլեւս չի կարող կրկնվել:

Անցած դարի անվտանգության համակարգը խոր արմատներ ուներ մի իրականության մեջ, որն այսօր այլեւս նույնը չէ: Իսկապես, մեզնից շատերը համոզված են, որ եկել է ժամանակը ձեւավորելու եվրատլանտյան անվտանգության նոր եւ ավելի արդյունավետ ճարտարապետություն, շատ հնարավոր է` Եվրոպական անվտանգության պայմանագրի տեսքով, ուր համընդհանուր անվտանգությունը կլինի անբաժանելի, որտեղ առանձին պետությունները այլոց հաշվին չեն ունենա անվտանգության առավել բարձր մակարդակ, որտեղ անհնարին կլինի ճանաչել ոմանց իրավունքները` նույն այդ իրավունքները մերժելով ուրիշների համար, ուր տեղ չի գտնի սուր ճոճելը, որտեղ, եթե համաձայնվել ես սպառազինությունների վերահսկման սկզբունքներին` պարտավոր կլինես հարգել դրանք, որտեղ կմերժվի ուժի կամ դրա կիրառման սպառնալիքը, եւ որտեղ բոկոր երկրները կկարողանան միավորել իրենց ջանքերը ընդդեմ ընդհանուր սպառնալիքների: Ահա, հասնելով այս ամենին, մենք կկարողանանք ավելի արդյունավետորեն արձագանքել այն մարտահրավերներին, որոնք վերջերս քննարկվում էին Վիեննայի Անվտանգության տարեկան վերանայման համաժողովում:

Հարավային Կովկասը աշխարհի քաղաքական քարտեզի թեժ կետերից մեկն է` անվտանգության սպառնալիքների եւ մարտահրավերների գրեթե ամբողջական լրակազմով: Տարածաշրջանը ծվատված է հակամարտություններով ու միջպետական լարումներով, որոնք երբեմն գալիս են պատմական անցյալից, տարածաշրջանային եւ համաշխարհային դերակատարների ընդդիմամարտ շահերով պայմանավորված բաժանարար գծերով, տնտեսական շրջափակումներով եւ փակ սահմաններով: Եվ ուստի հազիվ թե կարելի է իբրեւ խաղաղության ջատագովներ կամ միջազգային իրավունքի պաշտպաններ ընկալել նրանց, ում բացահայտ քաղաքանության արդյունքն է այդ ամենը:

Չեն կարող լինել միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների մեկնաբանական կամ ընտրողական կիրառումներ, ինչպես եւ այդ հիմնարար սկզբունքների համակարգում չեն կարող լինել արհեստածին աստիճանակարգումներ: Ինչպես անհատների, այնպես էլ հավաքական մակարդակներում մարդու իրավունքների, ժողովուդների ազատորեն բարձրաձայնված կամարտահայտության պաշտպանությունը եղել է միջազգային իրավունքի էվոլուցիայի շարժիչ ուժը: Վերջին հարյուրամյակի համաշխարհային պատմությունը վառ ապացուցն է այն բանի, որ այդ իրավունքներին հակընդդեմ գործընթացները կարող են ծնունդ տալ հակամարտությունների, որոնցից որոշները կարգավորելու համար մենք այժմ դժվարին ջանքեր ենք գործադրում: Որքան շուտ հասկանանք այս ճշմարտությունը, այնքան ավելի հեշտ կլինի ստեղծել վստահությունն ամրապնդող միջոցներ եւ գտնել երկարատեւ կայունությունն ու անվտանգությունն ապահովող հուսալի լուծումներ: Տարածաշրջանային համագործակցությունը պետք է օգտագործվի որպես ճգնաժամերը կանխարգելելու կամ առկա ճգնաժամերիի խորացման սպառնալիքը նվազեցնելու կարեւոր շարժալծակ, որը նաեւ կնպաստի դրանց կարգավորման համար շահեկան պայմանների ստեղծմանը:

Մենք հավատացած ենք, որ սահմանային անվտանգության հանձնառությունների հաջող կիրարկման տեսակետից ԵԱՀԿ-ում նրա անդամների ներգրավվածությունը պատք է հավասարության հիմունքներով նկատի առնի նաեւ նրանց ներընդգրկվածությունը անվտանգության համապատասխան կառույցներում: Ահա թե ինչու մենք միայն ողջունում ենք ԵԱՀԿ հունական նախագահության հրավերը նման հիմնական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մասնակցելու ներկա հանդիպմանը:

Վերջին երկու տասնամյակները աննախադեպ փոփոխություններ առաջ բերեցին տարածաշրջանում` տատանելով հավասարակշռությունը եվրատլանտյան տարածքում: Հավասարակշռությունը բնության օրենքն է: Եվ ուստի միանգամայն բնական է, որ պետությունները շարունակում են ակնկալել հավասար մասնակցություն, հավասար վերաբերմունք, հանձնառությունների հավասար կատարում, եւ դրանց հավատարմության գնահատում հավասար պայմաններով ու հավասարարժեք չափանիշների հիման վրա: Մասնակից պետությունների միջեւ աճող փոխկապակցվածությունն եւ փոխգործակցությունը ասվածը դարձնում են հրամայական պահանջ:

Համոզված ենք, որ միասնական ջանքերի գործադրմամբ եւ քաղաքական կամքի ցուցադրմամբ ԵԱՀԿ մասնակից պետությունները կարող են հասնել փոխադարձորեն շահավետ լուծումների` տարակարծությունները կարգավորելիս շեշտադրելով ընդհանուր շահերն ու մտահոգությունները, այլ ոչ տարաձայնություններն ու անհամամասնությունները: Քարոզելով քաղաքական պոզիտիվիզմ եւ պրագմատիզմ, մենք կոչ ենք անում գործել «հանուն», եւ ոչ թե «ընդդեմ» սկզբունքով: Մենք պարտավոր ենք ամրապնդել ԵԱՀԿ անդամ երկրներին կապակցող կամուրջները` մշակելով անվտանգության եւ համագործակցության փոխադարձորեն շահավետ եւ համընդգրկուն մեխանիզմներ: Եվ մեր ընդհանուր նպատակը պետք է լինի այնպիսի ընդհանուր միջավայրի ձեւավորումը, որն ապահով ու բարեբեր է բոլորի համար:

Շնորհակալություն:
Տպել էջը