ՀՀ ԱԳ նախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ելույթը ՅՈՒՆԵՍՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին

08 հոկտեմբերի, 2009

Հարգելի նախագահ,
Հարգելի գլխավոր տնօրեն,
Հարգելի պատվիրակներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Նախ, ցանկանում եմ շնորհավորել տկն. Իրինա Բոկովային ՅՈՒԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ նրա ղեկավարությամբ այս հարգարժան ատյանը նշանակալից առաջընթաց կգրանցի կազմակերպության կարեւորագույն նպատակներին հասնելու գործում:

Պատիվ ունեմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնելու պրն. Կոիչիրո Մացուուրային` նախկին գլխավոր տնօրենին, անցած տասը տարիների ընթացքում իր կատարած նվիրական աշխատանքի համար:

Պարոն նախագահ,

Կազմակերպությանն անդամակցության իր առաջին իսկ օրվանից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցություն ծավալելիս, Հայաստանը հետեւողականորեն վարել է կազմակերպության հսկայական կարողություններից օգտվելու եւ սեփական մշակութային արժեքներով, գիտական ու կրթական ներուժով ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժանի նպատակներին հասնելու հարցում իր ներդրումը բերելու քաղաքականություն:

Մենք ողջունում ենք կազմակերպության քաղաքականությունը ՄԱԿ-ի բարեփոխումների ընդհանուր համատեքստում, որը նպատակ ունի կազմակերպության գրասենյակները մոտեցնել այն տարածաշրջաններին, որոնցով զբաղվում է, եւ դառնալու ՄԱԿ-ի երկրի թիմի առավել ակտիվ անդամ` «Մեկ ՄԱԿ» հայեցակարգում: 2008թ. մարտին Հայաստանի Հանրապետության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ վերջինիս հետ համագործակցության ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ նոր հնարավորություններ են բացվում կազմակերպության համար` ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում` ՄԱԿ-ի զարգացմանն աջակցության շրջանակային փաստաթղթի հետ կապված կամ դրան լրացնող միջոլորտային ծրագրեր մշակելու միջոցով:

Պարոն նախագահ,

Հայաստանը լայն համագործակցություն է ծավալում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում` բազմաթիվ ծրագրեր ու նախաձեռնություններ կյանքի կոչելու միջոցով: Նշելով միայն մի քանիսը, «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում այս տարի սեպտեմբերին մենք հյուրընկալեցինք «Կրթության որակի բարձրացում եւ ծրագրերի մշակում» տարածաշրջանային կոնֆերանսը: Այս տարի նոյեմբերին Հայաստանի ազգային հանձնաժողովը` Մշակույթի նախարարության հետ մեկտեղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կկազմակերպի տարածաշրջանային խորհրդաժողով` «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականությունը մշակույթի համար» խորագրով:
2010-2011թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում աշխարհահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինի 800-ամյակի եւ հայոց պատմագրության հայր Մովսես Խորենացու 1600-ամյակը ընդգրկելը մեզ հնարավորություն կտա մեր հարգանքի տուրքը մատուցելու մարդկության մտքում եւ հիշողության մեջ անջնջելի հետք թողած այս բացառիկ անձնավորությունների աշխատանքին ու հիշատակին:

Պարոն նախագահ,

Հայաստանը հարուստ է մշակութային հուշարձաններով, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Այսօր մոտ 33 000 պատմական ու մշակութային հուշարձաններ են Հայաստանում գտնվում պետական պահպանության ներքո եւ դրանք ներառված են Ազգային հուշարձանների պետական գրանցամատյանում:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը բազմաթիվ ու բազմատեսակ մշակութային հուշարձաններ է կերտել, որոնց մեծ մասը, հայտնի պատմական իրադարձությունների արդյունքում, այսօր գտնվում են ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Հայաստանի հարեւանները տարբերվող մոտեցումներ են դրսեւորել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում:

Հրաշալի համագործակցություն կա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն ըստ պատշաճի հոգում է իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին: Ասածիս ակնհայտ վկայությունն է Իրանի առաջարկով Սբ. Թադեի վանքի ներառումը Համաշխարհային ժառանգության ցանկում:

Վերջին տարիներին Երեւանում կանգնեցված 17-րդ դարի պարսկական մզկիթը վերականգնվել է իրանական մասնագետների հետ համագործակցությամբ եւ սկսել է գործել:

Ցավոք, այս դրական փորձը մեր մյուս հարեւանների պարագայում չի նկատվում: Ավերման քաղաքականության արդյունքում հայկական պատմական ժառանգությունը, համաշխարհային նշանակության հազարավոր մշակութային հուշարձաններ մեկընդմիշտ կորստի մատնվեցին:

Պարոն նախագահ,

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու առաջմղումը քաղաքակիրթ ազգի համար հիմնարար հայեցակարգ է դիտվում, մշակութային ու կրոնական հիշողության միտումնավոր, հետեւողական, շարունակաբար վնասումը կամ ավերումը պետք է դատապարտվի նույն հաստատակամությամբ ու հետեւողականությամբ, ինչպես բռնությունը ժողովրդի հանդեպ:

Ցավոք, Ադրբեջանի պարագայում հայկական ժառանգությունից ձերբազատվելուն ուղղված ջանքերը շարունակվում են անդադար, չնայած Հայաստանի կողմից հնչող մշտական ահազանգերին:

Տարիներ շարունակ տեւած հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է Նախիջեւանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, որոնք վկայում էին Ջուղայի վարպետների տաղանդի ու հմտության մասին:

1998 եւ 2005 թվականներին պատերազմ չկար, երբ այս հսկա հուշարձանները տապալվեցին, լցվեցին վագոններն ու հեռացվեցին Ադրբեջանի կառավարության աչալուրջ հայացքի ներքո: 2005թ.-ին այս հսկայական մշակութային գոհարը բուլդոզերով հավասարեցվեց եւ վերածվեց ռազմական վարժարանի` կառավարության հրահանգով կատարվող գործողությունների արդյունքում: Ինչպես ցավով նշվում է ԻԿՈՄՈՍ-ի 16-րդ գլխավոր ասամբլեայի բանաձեւում. «այս ժառանգությունը, որ մի ժամանակ իր արժանի տեղն էր գրավում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին:»

1975թ.-ին եւս պատերազմ չկար, երբ 7-րդ դարի հայկական եկեղեցին լիովին քանդվեց Նախիջեւանի կենտրոնում ոչ այլ պատճառով, քան` հայերի հետքը ջնջելու համար, ովքեր զուտ տասնամյակներ առաջ մեծամասնությունն էին կազմում այնտեղ:

Պարոն նախագահ,

Հայաստանը առաջնայնություն է տալիս մշակութային արժեքների պաշտպանությանը, որոնք «իմը», կամ «քոնը» չեն, այն մշակութային արժեքների, որոնք իրապես համաշխարհային բնույթ ունեն ու ընդհանրական են, որոնք ոչ միայն ազգային, այլեւ համաշխարհային ուշադրության են արժանի: Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների ու մշակութային բազմազանության պաշտպանության ու առաջմղման առումով իրական է: Թե՛ մշակութային բազմազանությունը, թե՛ հուշարձանների պաշտպանությունը հատկապես կարեւորություն են ստանում այն ազգերի համար, որոնք հուշարձաններ ունեն իրենց ազգային սահմաններից դուրս, ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր հարեւանությամբ: Ի սկզբանե դատապարտելի համարվելով` որեւէ ժողովրդի քաղաքակրթության ոչնչացումը անհամատեղելի է ու անթույլատրելի ցանկացած երկրի համար, որ հավակնում է այնպիսի միջազգային կազմկերպության անդամակցության, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է:

Մենք իրապես հավատացած ենք, որ այս կազմակերպությունը` ՄԱԿ-ի կրթական, գիտության ու մշակույթի կազմակերպությունը կկարողանա դիմագրավել մշակութային իրավունքների անդադրում ոտնահարումներին եւ դրանով իր ներդրումը բերել միջմշակութային երկխոսության ու հանդուրժողականության ամրապնդմանն ամբողջ աշխարհում:

Շնորհակալություն, պարոն նախագահ:
Տպել էջը