Հայաստանի արտաքին գործերի նախարար Ն.Գ. պրն. Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 17-րդ հանդիպմանը

02 դեկտեմբերի, 2009

Աթենք, 2 դեկտեմբերի 2009թ.

\n

Պարոն նախագահ,
\nՀարգելի գործընկերներ,
\nՏիկնայք եւ պարոնայք,

\n

Ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունական գործող նախագահությանը տարվա ընթացքում մեր աշխատանքները համակարգելու եւ այն հյուրընկալության համար, որը մեզ ցուցաբերվեց Կորֆուում եւ այստեղ՝ Աթենքում:

\n

Պարոն նախագահ,

\n

Կորֆուի գործընթացը կարեւոր ձեւաչափ դարձավ անկաշկանդ կերպով արծարծելու եւ քննարկելու այն հրատապ խնդիրները, որոնց ներկայումս դիմակայում է ԵԱՀԿ-ն: Այս քննարկումները ինքնանպատակ չեն, այլ՝ հնարավորություն են ընձեռում ոչ պաշտոնական ձեւաչափում ներկայացնելու մեր գաղափարներն ու տեսակետները ՝ մեր ընդհանուր օրակարգի առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերակենդանացնելու նպատակով:

\n

Հանդիսանալով խաղաղության եւ կայունության ամրապնդման նպատակ հետապնդող կազմակերպություն՝ ԵԱՀԿ-ն պետք է անդրադառնա իր գործադրամիջոցների արդյունավետությունը ի հայտ եկող մարտահրավերներին համարժեք արձագանքելու նպատակով: Արգասաբեր լինելու համար այդ գործընթացը պետք է հիմնվի բոլոր մասնակից պետությունների հավասար մասնակցության եւ նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքի վրա: Կարեւոր է, նախեւառաջ, կենտրոնացնել մեր ջանքերը ԵԱՀԿ-ի եւ նրա կառույցների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, քայլեր ձեռնարկել բոլոր երեք հարթություններում մեր գործունեությունը հավասարակշռելու համար:

\n

Միջազգային անվտանգության միջավայրի փոփոխվող բնույթն բոլորիս խոցելի է դարձնում ավանդական եւ նոր սպառնալիքներին հանդիման: Պայքարն անդրազգային մարտահրավերների դեմ պահանջում է հավաքական ջանքեր եւ համարժեք հակազդեցություն:

\n

ԵԱՀԿ տարածքում ընթացող զարգացումներն ակնառու կերպով ընդգծում են եվրոպական անվտանգության ճարտարապետությունը նոր իրողություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով առկա բոլոր մտահոգությունները: Մենք հավատարիմ ենք մեր դիրքորոշումը նոր Եվրոպական անվտանգության պայմանագրի գաղափարի վերաբերյալ, որը կվերահաստատեր միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հավասարությունը եւ կառաջնորդեր մեզ դեպի փոխադարձ ընդունելի, համապարփակ եւ անբաժանելի անվտանգության ամրապնդումը:

\n

Անցած տարի լուրջ քննարկումներ տեղի ունեցան ԵԱՀԿ տարածքում սպառազինությունների վերահսկման համաձայնությունների ապագայի շուրջ: Մենք մասնավորապես գնահատում ենք սպառազինությունների վերահսկման ամրապնդմանն ուղղված ջանքերը, ներառյալ` 1999թ. Վիեննայի փաստաթղթի վերաբերյալ նախաձեռնությունը:

\n

Այս համատեքստում մեկ պետության՝ Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման հիմնական ռեժիմների խախտումները, մասնավորապես, ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված առնվազն երկու խմբերում սպառազինությունների առաստաղների նշանակալի գերազանցումը, զուգակցված ռազմատենչ հայտարարություններով, հարցեր է առաջացնում այդ երկրի իրական մտադրությունների առնչությամբ, Ադրբեջանը խախտում է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

\n

Պարոն նախագահ,

\n

Եկող տարի միջազգային հանրությունը նշելու է համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտի 65-ամյակը: Այդ արհավիրքից ու ողբերգությունից հետո Եվրոպայի ղեկավարները, առաջնորդվելով գալիք սերունդների միացյալ ու բարեկեցիկ ապագայի տեսլականով, դրեցին մայրցամաքում կայունության եւ համագործակցության հիմքերը՝ արժանապատիվ եւ ապահով կյանքի պայմաններ ստեղծելով Եվրոպայի ժողովուրդների համար:

\n

Առաջնորդվելով նույն գաղափարով՝ Հայաստանի նախագահը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, ինչի վերաբերյալ հարգարժան Խորհրդին տեղեկացրել էի անցած տարի: Այսօր գոհունակությամբ արձանագրում եմ, որ մենք թուրքական կողմի հետ նշանակալի քայլ արեցինք այդ ուղղությամբ՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: Հաջորդ կարեւոր քայլը, որ կողմերը հանձն են առել` արձանագրությունների վավերացումն է: Հուսով ենք, որ այդ կարեւոր քայլը կարվի, եւ Հայաստանն ու Թուրքիան կսկսեն ձեռք բերված համաձայնությունների իրագործումը: Այս գործընթացի անհիմն ձգձգումը եւ նախապայմանների առաջադրումը, ներառյալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապելու փորձերը, կարող են վնասել թե մեկը, թե մյուսը:

\n

Մենք շնորհակալ ենք միջազգային հանրությանը, այդ թվում Շվեյցարիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանի Դաշնությանը, Ֆրանսիային եւ ԵՄ այլ անդամ երկրներին այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար: Այդուհանդերձ, չնայած աշխարհի բոլոր երկրների անվերապահ աջակցությանը, կա միայն մեկ երկիր՝ Ադրբեջանը, որն ընդդիմանում է ԵԱՀԿ երկու անդամ պետությունների հարաբերությունների կարգավորման գաղափարին, հակադրվելով այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է այս կազմակերպությունը:

\n

Հավատարիմ այդ նույն արժեքներին՝ Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իր ակտիվ ներգրավվածությունը: Այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վեց հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում, որը շարունակում է մնալ բանակցությունների ամուր հենք: Թեեւ բանակցող կողմերը որոշ առաջընթաց են արձանագրել Մադրիդյան փաստաթղթի քննարկումներում, դեռեւս մնում են հարցեր, որոնք պետք է քննության առնվեն: Հայաստանը հանձնառու է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների, որոնք արտացոլված են երեկ ընդունված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների Համատեղ հայտարարության մեջ: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է հանձն առնեն զերծ մնալ խաղաղ գործընթացն արգելակող քայլերից, ներառյալ՝ այնպիսի փորձերը, ինչպիսիք արվեցին այստեղ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից իր ելությում` հակամարտության եւ ընթացող բանակցությունների էությունը խեղաթյուրող մեկնաբանությունների տեսքով:

\n

Պարոն նախագահ,

\n

Արագորեն փոփոխվող Միջազգային միջավայրում կարեւոր է, որ մենք՝ որպես առանձին անդամ պետություններ եւ որպես կազմակերպություն, շարունակենք հարգել մեր պարտավորությունները եւ խստորեն հետեւենք այն օրենքներին ու սկզբունքներին, որոնք կանոնակարգում են մեր հավաքական գործելակերպը: Եթե մենք չկարողանանք դա անել, ապա կխարխլենք այս կազմակերպությունը ամրապնդելու մեր ջանքերը եւ ըստ այդմ՝ ընդլայնելու յուրաքանչյուր մասնակից պետության ունակությունը՝ նպաստելու ավելի ապահով եւ ավելի լավ ապագայի կերտմանը ԵԱՀԿ տարածքում եւ ողջ աշխարհում:

\n

Եզրափակելով կցանկանայի ամենայն հաջողություն մաղթել ԵԱՀԿ-ի առաջիկա ղազախական նախագահությանը եւ հավաստիացնել իմ հարգելի ղազախ գործընկերոջը, որ նա կարող է վստահ լինել Հայաստանի աջակցությանն այդ նախագահության օրակարգի իրականացման եւ առաջարկված գագաթաժողովի կազմակերպման հարցում:

\n

 

\n

Շնորհակալություն:
\n 

Տպել էջը