ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՊԱՐՈՆ ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸՆԱՏՕ/ԵԱԳԽ «Անվտանգության — պաշտպանության ոլորտի բարեփոխումների/ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ հասարակական ընկալումների բ

18 հունիսի, 2010

Հարգելի գործընկերներ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք նախեւառաջ ողջունել սեմինարի բոլոր մասնակիցներին` մաղթել ձեզ հաջողություն, արդյունավետ աշխատանք եւ հետաքրքիր քննարկումներ: Հուսով եմ, որ այս երկու օրվա ընթացքում կայանալիք քննարկումներն ու բանավեճերն արդյունավետ կլինեն եւ կնպաստեն առաջարկների մշակմանը:

Անցյալ դարի 90-ականների սկզբից ի վեր Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն անցել է տարբեր փուլեր` արձանագրելով զարգացման կայուն դրական դինամիկա: Ներկայումս այն կենտրոնացած է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի իրագործման վրա: Նշված ծրագրերի իրագործումը նպաստում է համագործակցության զարգացմանը դաշնակիցների եւ գործընկեր պետությունների հետ Եվրատլանտյան գործընկերության խորհրդի օրակարգի բոլոր հարցերի շուրջ, ներառյալ նոր սպառնալիքների եւ մարտահրավերների ոլորտում, մասնավորապես` միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սպառազինությունների վերահսկման եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրները, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահությունը, հանրային տեղեկատվությունը, մարդկանց տրաֆիկինգի դեմ պայքարը եւ այլն:

Բոլոր նշված բնագավառներում Հայաստանը նպատակ ունի էլ ավելի ակտիվացնել արդյունավետ երկխոսությունն ու պրակտիկ համագործակցությունը դաշինքի անդամ երկրների եւ գործընկերների հետ:

Հայաստանը գիտակցում է արդի սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարում միասնական մոտեցման կարեւորությունը: Այս գիտակցությամբ է, որ ընդլայնել ենք մեր ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններում: Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղարարությանը: 2010թ. փետրվարի 14-ից Հայաստանն ապահովում է իր մասնակցությունը նաեւ Աֆղանստանում` Անվտանգության աջակցման միջազգային ուժերում գերմանական հրամանատարության ներքոգործողԿունդուզի նահանգային վերակառուցման թիմի կազմում: Մենք շարունակելու ենք մեր ներդրումը եվրատլանտյան անվտանգության համար առաջնային դարձած Աֆղանստանի խաղաղության եւ կայունության ապահովման գործում:

Հայաստանն աշխատանքներ է տանում ՆԱՏՕ-ում գործող Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգման կենտրոնի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ` աղետների ժամանակ միջազգային օգնություն իրականացնելու գործընթացին մասնակցելու նպատակով: Սեպտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման եւ համակարգման եվրատլանտյան կենտրոնի 2010 թվականի վարժանքը:

Քաղաքացիական պաշտպանության եւ խոշոր տարերային բնածին եւ տեխնածին աղետների բնագավառում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող այդ հիմնական տարեկան վարժանքը առանձնահատուկ հնարավորություն կընձեռի Հայաստանի համապատասխան ծառայությունների եւ ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի հինգ տասնյակից ավելի երկրների փորձագետների պրակտիկ համագործակցության հաստատման առումով: Դժվար է գերագնահատել այս միջոցառման կարեւորությունն ակտիվ սեյսմիկ գոտում գտնվող եւ ոչ հեռու անցյալում կործանիչ երկրաշարժ ապրած Հայաստանի համար:

Մենք մտադիր ենք ընդլայնել կարողություններն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում եւ պատրաստ ենք ավելի ակտիվորեն ընդգրկվել համապատասխան ծրագրերում եւ միջոցառումներում, ինչպիսին է «Ահաբեկչության դեմ գործընկերության գործողություն» ծրագիրը` ներառյալ ՆԱՏՕ-ի հետ տեղեկատվության եւ վերլուծությունների փոխանակումը: Վերանայվելու է նաեւ սահմանային անվտանգության ներկայիս պրակտիկան եւ ընթացակարգերը` նշված ոլորտի կառավարման համակարգի բարելավում նպատակով: Այդ վերանայման արդյունքների հիման վրա կորոշվեն առաջնային նշանակություն ունեցող սարքավորումների կարիքները:

Մասնակցելով ՆԱՏՕ-ի «Անվտանգություն գիտության միջոցով» ծրագրին, Հայաստանն իր գիտական ներուժի զարգացմանն օժանդակելուց բացի, ձգտում է նպաստել Հարավային Կովկասում տարածաշրջանում համագործակցության հաստատմանը: Հայաստանը դրամաշնորհներ է ստացել գիտական եւ բնապահպանական փոխգործակցության 38 ծրագրեր իրականացնելու համար: Իրականացված ծրագրերը ներառում են միջուկային եւ ռադիոլոգիական սպառնալիքների կանխարգելումը, բացահայտումը եւ դրանց արձագանքումը, բնական աղետների ռիսկի գնահատումը եւ ջրային պաշարների անվտանգությունը:

Խիստ կարեւոր ենք համարում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ հայաստանյան հանրության պատշաճ իրազեկումը:

Հանրային դիվանագիտության շրջանակներում իրականացվող կարեւորագույն միջոցառումներից է «ՆԱՏՕ-ի շաբաթը», որը 2007 թվականից սկսած ամեն տարի կազմակերպվում է Հայաստանում` Արտգործնախարարության եւ ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժնի համատեղ ջանքերով: Այդ միջոցառման օրակարգը բազմաբնույթ է` իր մեջ ներառելով միջազգային համաժողովներ, սեմինարներ, հեռուստաբանավեճեր, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, լուսանկարների ցուցահանդեսներ, դասախոսություններ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողության համար, ինչպես նաեւ արդեն ավանդական դարձած հեռուստակամուրջ հայ խաղաղպահների եւ նրանց ընտանիքների անդամների համար:

Երեկ Հայաստանում մեկնարկեց թվով չորրորդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: Եթե նախկինում հեռուստակամուրջը եղել է Երեւան-Պրիշտինա ձեւաչափով, ապա այս տարի մենք առաջին անգամ իրականացրեցինք Երեւան-Կունդուզ հեռուստակապը:

Հանրային դիվանագիտության ոլորտում միջոցառումներ իրականացնելիս մենք սկսել ենք ուշադրության կենտրոնը տեղափոխել դեպի Հայաստանի շրջաններ: Դա առաջին հերթին ուղղված է ՀՀ մարզերում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին տեղեկատվական բացը լրացնելուն, ինչի կարիքը մեծապես զգացվում է: Հատկանշական է, որ այս տարվա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը ներառում է նաեւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, ուր կկայանա Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձանց այցելություն` «ՆԱՏՕ-ի անկյուն» հիմնելու, ինչպես նաեւ ուսանողների համար համապատասխան դասախոսություններ անցկացնելու նպատակով:

Ինչպես հայտնի է, ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության համակարգումը վերապահված է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Այդ գործառույթի իրականացումը ուղղորդվում է լրատվամիջոցների հետ շարունակական աշխատանքով: Մենք կարեւորում ենք էլեկտրոնային, տպագիր զանգվածային լրատվամիջոցների եւ հեռուստատեսության միջոցով Դաշինքի հետ Հայաստանի համագործակցության լուսաբանումը, ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության միջոցառումների մասին տեղեկատվության տարածումը: Տեղեկատվություն է զետեղվում ԱԳՆ կողմից Դաշինքի հետ կազմակերպվող միջոցառումների, ՆԱՏՕ-ի, ինչպես նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ աշխատանքային խմբերի փոխայցելությունների մասին: Արտաքին գործերի նախարարության վեբ-կայքում հանրությունը կարող է ծանոթանալ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին:

Հայաստան-ՆԱՏՕ կապերի ամրապնդման, Դաշինքի վերաբերյալ հանրության լայն շրջանակների իրազեկման բարձրացման գործում էական ավանդ ունի 2007թ. Երեւանում բացված ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը:

Չեմ կարող չհիշատակել նաեւ մեր սերտ համագործակցությունը բնագավառում գործող ոչ կառավարական կազմակերպությունների, մասնավորապես Հայկական ատլանտյան ասոցիացիայի հետ:

Ավարտելով խոսքս, կցանկանայի գոհունակությամբ նշել, որ ՆԱՏՕ-ի հետ տարեց տարի իրականացվող համագործակցության զարգացման հետ մեկտեղ կատարելագործվում է նաեւ այդ գործընթացների մասին հանրության իրազեկումը: Այդ կապը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դա իրականացվող փոխգործակցության հաջողության կարեւոր գրավականներից մեկն է:

Շնորհակալություն ուշադրության համար:

Տպել էջը