ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը Եվրոպայի խորհրդի Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումում

19 հոկտեմբերի, 2010

Ֆորումի հարգարժան մասնակիցներ,
\nՀարգելի հյուրեր,
\nՏիկնայք և պարոնայք,

\n

Ուրախ եմ ողջունելու Եվրոպայի խորհրդի Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումի մասնակիցներին: Ֆորումը հիմնվել է 2005թ. Հայաստանի, Շվեդիայի և Իսպանիայի համատեղ նախաձառնությամբ և պատահական չէ, որ նախորդ հինգ տարիների ընթացքում հյուրընկալվելով տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում նախաձեռնող երկրների մայրաքաղաքներ Ստոկհոլմում և Մադրիդում, այս տարի այն տեղի է ունենում Երևանում:

\n

Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Ֆորումի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, սակայն ավելի կարևոր է մեր հանձնառությունը` ստանձնելու այդ պատասխանատվությունը:

\n

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծվելու Եվրոպայում կայունության, զարգացման և խաղաղության ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին: Եվ այն ժամանակ գտնվեց դեղամիջոց, որի կենսունակությունը ապացուցեց ժամանակը` ազատության և ժողովրդավարության գաղափարներն ունակ են հաղթահարելու անվստահության մթնոլորտը, փլուզելու քարե պատնեշները, կանխելու մեծ պատերազմները և ապահովելու զարգացման հեռանկարը:  

\n

Սառը պատերազմի ավարտը վերացրեց մինչ այդ գոյություն ունեցող անջրպետը: ԵԽ անդամ-երկրները և հասարակությունները որդեգրել են ընդհանուր արժեքներ և նպատակներ: Ժողովրդավարության ասպարեզում տարբեր միջազգային կազմակարեպությունների շրջանակներում մշակվել է չափանիշների մի ընդհանուր համակարգ: Անկասկած, Եվրոպայի խորհուրդը, իր ընդգրկուն բնույթով և նշանակությամբ, կարևոր տեղ է զբաղեցնում նման կառույցների շարքում: Դրա հետ մեկտեղ, այդ չափանիշների իրականացումը, եթե հավատարիմ մնանք ֆորումի վերնագրին, շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ԵԽ շրջանակներում:

\n

Հուսով եմ, որ երևանյան Ֆորումի մասնակիցներին կհաջողվի նորարարական մոտեցումներ ցուցաբերել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ընթացքում: Այս առումով Ֆորումը կարող է նպաստել ներկայումս ԵԽ շրջանակներում իրականացվող բարեփոխումների գործընթացին, որը միտված է կազմակերպության արդյունավետության բարձրացմանը: Հայաստանը ուշադրությամբ հետևում և ակտիվ մասնակցում է այս գործընթացին:

\n

Շուտով մեր երկիրը կնշի Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակը: Միանալով կազմակերպությանը` Հայաստանը Եվրոպայում ամենաընդգրկուն և համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել` ընտանիքի, որը միավորում է բազմաթիվ երկրներ, ժողովուրդներ և մշակույթներ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, հատկապես նման բազմազանությամբ աչքի ընկնող, նրա ամրությունը պայմանավորված է ինչպես միմյանց խնդիրներին ականջալուր լինելու կարողությամբ, այնպես էլ պարտավորությունների ընդհանրությումբ` հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

\n

Հայաստանը շարունակում է իրականացնել իր պարտավորությունները` ընթանալով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա խարսխված հասարակության կառուցման ուղիով: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը այդ ուղին հնարավորինս սահուն ու արդյունավետ անցնելու համար, քանի որ հնարավոր խոչընդոտները առավել հեշտ է հաղթահարել, երբ կա աջակցության ու զորակցության զգացումը: 

\n

Ցանկանում եմ ավարտել ելույթս շնորհակալություն հայտնելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությանը, ԵԽ բոլոր շահագրգիռ մարմիններին, Երևանում Ֆորումի անցկացմանը նպաստելու համար:

\n

Ֆորումի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ ու ստեղծագործ աշխատանք` ի շահ Եվրոպայի խորհրդի դավանած սկզբունքների ամրապնդման ու զարգացման:

\n

Շնորհակալություն: 

Տպել էջը