Էդվարդ Նալբանդյանի փակման խոսքը «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» միջազգային գիտաժողովին

15 դեկտեմբերի, 2010

Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը նվիրված այս գիտաժողովի փակման խոսքը կցանկանայի սկսել շնորհակալություն հայտնելով ձեր մասնակցության, ինչպես նաև այս երկու օրերի ընթացքում հետաքրքիր և արդիական նշանակություն ունեցող քննարկումների համար: Ձեր ելույթներից և եզրահանգումներից հերթական անգամ պարզ երևաց, որ նախ՝ ցեղասպանության հանցագործության հատկապես կանխարգելման հարցում միջազգային հանրությունը դեռևս արդյունավետ լուծումների կարիքն է զգում:

Մյուս կողմից, ցեղասպանությունների դատապարտման և հետևանքների վերացման հետ կապված ևս խնդիրներ կան:
 
Երբ խոսում ենք անպատժելիության և դատապարտման բացակայության մասին՝ որպես պարարտ հող ցեղասպանության կրկնության համար, շատերը հաճախ են մեջ բերում Հիտլերի 1939 թ.-ի օգոստոսին արտահայտած նախադասությունը հայերի ոչնչացման կապակցությամբ, երբ արդեն բանը բանից անցել էր Հոլոքոստի կանխարգելման առումով: Սակայն դեռևս մինչև իշխանության գալը, դեռևս 1931 թ.-ի հունիսին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում նա հեգնանքով է հիշեցրել հայերի ոչնչացման մասին որպես կրկնության հնարավոր տարբերակ այլ պարագաներում այլ ժողովուրդների նկատմամբ: Այսինքն, ցեղասպանության դատապարտման բացակայությունը և անպատժելիությունը ուղիղ հարված են հասցնում ապագայում դրա կանխարգելմանը: Ցեղասպանություն ուրացողը անպատժելիության մթնոլորտում նպաստում է այլ ցեղասպանության ծնունդին: Այս իմաստով ողջունելի է բելգիացի նախկին սենատոր François du Vivier-ի կարծիքը, որը ցեղասպանության ճանաչման գործընթացը կապում է ցեղասպանության ուրացման դեմ պայքարի և խոսքի ազատության պաշտպանության շարունակականության անհրաժեշտությամբ:
 
Ձեզանից շատերը գտնում են, որ “կանխարգելել” արտահայտությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ամենացավոտ և կիրառման իմաստով հստակություն պահանջող հարցն է: Կարելի է համաձայնվել Ցեղասպանագիտության Միջազգային Ասոցիացիայի Նախագահ, Պրոֆեսոր Վիլիամ Շաբասի հետ, որ մարդասիրական միջամտությունը ցեղասպանության կանխարգելման համար ոչ այնքան իրավունք է, որքան պարտականություն: Այստեղ կավելացնեի, որ պետք է կարևորել ոչ միայն ցեղասպանության կանխարգելման, այլ ավելի վաղ փուլի` ցեղասպան միջավայրի ստեղծման կանխարգելման մասին:
Անհրաժեշտ է անուշադրության չմատնել և արմատախիլ անել ցեղասպանություն ծնող թունավոր մտածողության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը: Այս իմաստով դատապարտելի է նաև այլ ժողովուրդների մշակութային ժառանգության գոյության հանդեպ անհանդուրժողականությունը, որն էլ, իր հերթին ծնում է մշակութային ցեղասպանություն:
Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման ճանապարհին առանցքային նշանակություն ունի օբյեկտիվ տեղեկատվությունը, կամ ինչպես հարգարժան Լեանդրո Դեսպուին է նշում, խոսքը ժողովուրդների հիշողության իրավունքի մասին է, ճշմարտության ընդունման իրավունքի մասին: Այս իմաստով բարձր կարելի է գնահատել նշանավոր գիտնական Իսրայել Չարնիի հարցադրումները, թե “որչա՞փ ենք մենք տեղեկացված տարբեր ցեղասպանությունների մասին, ինչպիսի՞ զգացողություն ունենք այս կամ այն ցեղասպանության կապակցությամբ, որքա՞ն սուր ենք դատապարտում ցեղասպանության անբարոյականությունը և չարիքը, և ի՞նչ չափով ենք պատկերացնում մեր հնարավոր միջամտությունը ցեղասպան իրավիճակներում”: Եվ հարցն այս պարագայում այն է, թե որքա՞ն ենք մենք ցանկանում տեղեկացված լինել: 
 
Ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման նպատակին ավելի մոտեցած կլինենք, եթե այս գործում բարձրաձայնողները լինեն ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ժառանգները, այլ նաև երբ նրանց կմիանան ցեղասպանություն գործածների ժառանգները: Երբ 2003 թ. ապրիլի 24-ին բացում էինք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Կոմիտասի հուշարձանը Փարիզում, այն ժամանակ հույս հայտնեցի, որ ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող փարիզյան առաջին հուշարձանը, կխորհրդանշի 20-րդ դարի ընթացքում գործած բոլոր ցեղասպանությունների զոհերի տառապանքը և հիշատակը, որ այն կդառնա ոգեկոչման վայր բոլոր նրանց համար, ովքեր հանդուրժողականությունը և մարդկային կյանքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը համարում են շարունակական պայքար, որ այստեղ կխոնարհվեն.
 
 ոչ միայն նրանց ժառանգները, ովքեր տառապել են ֆիզիկապես և հոգեպես, այլ մի օր նաև նրանց ժառանգները, որոնք պատճառել են այդ տառապանքները: Հույս ունեմ և հավատում եմ, որովհետև վերահաշտեցման ուղին ուրացման ուղի չէ, այլ գիտակցված հիշողության, քանի որ իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում և երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:
Հավատում եմ այս ապագային և կարծում, որ շատերն են այդպես մտածում:
Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գիտաժողովի մասնակից բոլոր գիտնականներին ու փորձագետներին, յուրաքանչյուրին առանձին և թույլ տվեք հույս հայտնել, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ ցեղասպանության հանցագործության կանխարգելման, դատապարտման եւ հետեւանքների վերացման առումով ավելի շոշափելի առաջընթաց կունենանք:
Տպել էջը