«Հայոց Ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» միջազգային գիտաժողովում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի ողջույնի խոսքը

20 ապրիլի, 2011

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության անունից ողջունել բոլոր մասնակիցներին եւ հաջողություն մաղթել գիտաժողովի աշխատանքներին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է հանդիսանալ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի, կարեւորագույն նշանակություն ունի ցեղասպանության` որպես մարդկության դեմ կատարված ամենածանր հանցագործության ճանաչումը, դատապարտումը, կանխարգելումը եւ դրա ժխտողականության դեմ պայքարը:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի նախօրեին` երիտթուրքական կառավարության իրագործած ցեղասպանության արդյունքում մազապուրծ եղած եւ աշխարով մեկ սփռված բազմահազար հայերին օգնության ձեռք մեկնած Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացումը Երեւանում եւս մեկ վկայություն է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում այն բոլոր անձանց, կազմակերպություններին եւ պետություններին, որոնք այդ ճակատագրական պահին օգնության ձեռք մեկնեցին հայերին:

Այսօրվա գիտաժողովը, լուսաբանելով Մեծ Եղեռնի վերաբերյալ սկանդինավյան արձագանքը, հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս երախտագիտությամբ հիշել շվեդ, նորվեգացի, դանիացի միսիորներներին եւ հումանիստներին, որոնք այդ տարիներին գործելով Օսմանյան կայսրությունում` հաճախ վտանգում էին իրենց կյանքը` փրկելով տեղահանված եւ դեպի Սիրիայի անապատները մահվան քշվող հայերին: Բազմաթիվ ականատեսներ հուշեր են թողել, որտեղ նկարագրվում է, թե ինչպես էին հայերը ապաստան գտնում միսիաների շենքերում, իսկ միսիոներները դիմում էին թուրքական իշխանություններին խնդրանքներով` չքշել տեղահանվածներին, հատկապես կանանց ու երեխաներին Դեր-Զոր, այլ թույլ տալ նրանց ապաստանել իրենց մոտ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում շվեդ, դանիացի եւ նորվեգացի միսիոներների եւ դիվանագետների վկայությունները եւ հուշերն առանձնահատուկ կարեւորություն ունեն, քանի որ պատկանում են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ չեզոք երկրների քաղաքացիներին, որոնց հնարավոր չէ մեղադրել կողմնակալության մեջ:

Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ստեղծվեցին մի շարք սկանդինավյան կազմակերպություններ, որոնք նպատակ ունեին մարդասիրական օգնություն ցուցաբերել ողջ մնացած արեւմտահայությանը, հայ որբերի համար կառուցել որբանոցներ եւ խնամել նրանց: Ստանձնելով հայ որբերի հավաքագրման եւ նրանց հոգածության պարտավորությունը ` այդ կազմակերպությունները փրկեցին բազմաթիվ կյանքեր:

Անշուշտ 1920-ական թթ. սկանդինավյան գործիչների հայանպաստ ջանքերի շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Ֆրիտյոֆ Նանսենի գործունեությունը, որի արդյունքում պանդուխտ հայերը, ինչպես նաեւ հազարավոր փախստականներ Ռուսաստանից, ստացան «նանսենյան» կոչվող եւ մի շարք երկրներում ազատ ելումուտի իրավունք տվող անձնագրեր: 1922թ. Ազգերի Լիգան պատմության մեջ առաջին անգամ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի պաշտոն հիմնադրեց եւ այդ պարտականությունը հանձնեց Նանսենին, որն իր մարդասիրական գործունեության համար նույն տարի արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի:

Մինչեւ կյանքի վերջը Ֆրիտյոֆ Նանսենը շարունակեց իր հայանպաստ գործունեությունը: Խորհրդային Հայաստանում հայ փախստականների վերաբնակեցման պայմանների ուսումնասիրման նպատակով Նանսենը 1925թ. այցելեց Հայաստան, իսկ 1928թ. հայերի համար գումարներ հայթայթելու նպատակով շրջագայություն կատարեց ԱՄՆ, որի ժամանակ հանդես եկավ մի շարք դասախոսություններով եւ ելույթներով, որոնցում ներկայացնում էր հայ ժողովրդի նկատմամբ գործած մեծ ոճրագործությունը` դարի առաջին ցեղասպանությունը: Մեծ Նորվեգացին միեւնույն ժամանակ չկարողացավ համակերպվել մեծ տերությունների կողմից աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ ցուցաբերված անտարբերության հետ` անվանելով այդ կեցվածքը «մի ողջ ժողովրդի դավաճանություն» (betrayal of a nation):

Ֆրիտյոֆ Նանսենի հիշատակը շուրջ 9 տասնամյակ երախտագիտությամբ փայփայում են Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայության շրջանակներում, քանզի նա որոշակի իմաստով հայերիս համար դարձել է Նորվեգիայի խորհրդանիշ: Իր մահից հետո էլ նրա կերպարը, գործունեությունն ու վեհ գաղափարները հատուկ մթնոլորտ եւ խթան են հաղորդում հայ-նորվեգական բարեկամությանն ու հարաբերությունների զարգացմանը:

Այս տարի նշվող Նանսենի 150-ամյա հոբելյանի կազմակերպման նպատակով Հայաստանում ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը մշակել է մեծ հումանիստի, բեւեռախույզի, քաղաքական գործչի եւ դիվանագետի հիշատակին նվիրված միջոցառումների ծրագիր, որոնք կիրականացվեն 2011թ. ընթացքում: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ նշված միջոցառումներին մասնակցելու է նաեւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն, որը նոյեմբերին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան:

Վստահ եմ, որ այս երկու օրերի զեկույցներն ու քննարկումները նոր լույս կսփռեն մարդու կողմից կատարված վայրագությունների եւ չարիքի, իսկ մյուս կողմից մարդկային սիրո եւ գթասրտության անսահմանափակ դրսեւորումների վրա: Թեեւ տեղի ունեցած ողբերգությունը իրականացվել է շուրջ մեկ դար առաջ, դրա հետեւանքները մինչ օրս շարունակում են հուզել բոլոր նրանց, ովքեր հավատում են պատմական արդարությանը, մարդու իրավունքների եւ համամարդկային այլ արժեքների գերակայությանը:
Շնորհակալություն:

Տպել էջը