Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Լիբանանում

23 ապրիլի, 2012

Լիբանանում այս օրերին տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

Ապրիլի 22-ի երեկոյան Հայոց ցեղասպանության Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հսկումի երեկո» Բիքֆայայի Նահատակաց հուշարձանի առջև: Միջոցառմանն իրենց մասնակցություն են բերել Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորնեը, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր երգչախմբերի և պարախմբերի կատարմամբ:

Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) շրջանային վարչության կազմակերպությամբ և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի է ունեցել այցելություն Այանթուրայի նախկին որբանոց, որտեղ 2010թ. կանգնեցվել է հուշակոթող-խաչքար` նվիրված 1915թ. Եղեռնից փրկված և որբանոցում մահացած հայ որբերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահի վարչությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

Տպել էջը