ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ/ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ 2012-2014ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ

12 հուլիսի, 2012

Տիկին Գլխավոր տնօրեն,

Հարգելի դեսպաններ եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ,
Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրոպայի Խորհուրդ / Հայաստան 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկային Կոնֆերանսի առիթով:

Հայաստանի անկախության առաջին օրերից եվրոպական ուղղությունը հանդիսանում է մեր պետության արտաքին քաղաքական առաջնայնություններից մեկը: Դա մեր հասարակության բնական ընտրությունն է` հիմնված մեր ժողովրդի ինքնության ու արժեքների վրա: Եվրոպային մերձենալու ուղղությամբ մեր քայլերը գնալով ավելի ինտենսիվ բնույթ են ստանում եւ, պետք է գոհունակությամբ նշեմ, շոշափելի արդյունքներ են տալիս:

Կարծում եմ կհամաձայնեք, որ վերջին 20 տարվա ընթացքում մենք երկար ճանապարհ ենք անցել, որի արդյունքում ունենք այնպիսի երկիր, որտեղ ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը դարձել են մեր հասարակական կյանքի եւ իշխանությունների քաղաքականության անբաժանելի մասը:

Մենք դեռեւս շատ անելիքներ ունենք եւ այս առումով բարձր ենք գնահատում եւ կարեւորում ենք Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցությունը, Եվրոպական Միության եւ դրա անդամ երկրների հետ համագործակցությունը: Մենք գնահատում ենք մեր բարեկամների ու գործընկերների աջակցությունը մեր երկրի բարեփոխումների գործընթացը հնարավորինս սահուն անցնելու գործում:

Տիկնայք եւ պարոնայք,

Միանալով Եվրոպայի Խորհրդին` Հայաստանը Եվրոպայում ամենաընդգրկուն և համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել` ընտանիքի, որը միավորում է բազմաթիվ երկրներ, ժողովուրդներ և մշակույթներ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, հատկապես նման բազմազանությամբ աչքի ընկնող, նրա ամրությունը պայմանավորված է ինչպես միմյանց խնդիրներին ականջալուր լինելու կարողությամբ, այնպես էլ պարտավորությունների ընդհանրությամբ` հիմնված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

Եվրոպայի Խորհուրդ / Հայաստան 2012-2014թթ. նոր Գործողությունների ծրագիրը եւ դրա լիարժեք իրականացումը կարեւոր է Հայաստանի համար: Այն արտացոլում է մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտներում Հայաստանի կառավարության առաջիկա տարիների գերակայությունները եւ Հայաստանի միջազգային պարտավորությունները: Այն կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու Եվրոպայի Խորհրդի անդամ-պետության իր պարտավորությունները, մասնավորապես` շարունակելու բարեփոխումները դատաիրավական եւ քրեակատարողական համակարգերում եւ կրթական ոլորտում, խթանելու լրատվամիջոցների ազատությունն ու պաշտպանելու երեխաների իրավունքները, խորացնելու տեղական ժողովրդավարությունը, բարելավելու ընտրական օրենսդրությունն ու պրակտիկան: Ծրագրի մի մասը համատեղ իրագործվելու է Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ինչը հավելյալ արժեք կհաղորդի Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին` արագացնելով ու նոր որակ հաղորդելով դրանց:

Կցանկանայի հատուկ անդրադառնալ Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերություններին: Անցյալ շաբաթ մենք Հայաստանում հյուրընկալեցինք Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Այս առիթով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպմանը, կողմերն արձանագրել են Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա նկատելի առաջընթացը մի շարք ուղղություններով և վերահաստատել դրանց դրական դինամիկան պահպանելու և համագործակցությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը: Հայաստանի Հանրապետության նախագահը վերահաստատել է, որ մենք վճռական ենք իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի հետագա ժողովրդավարեցմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ոլորտներում, մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի եւ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեկնարկել են Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները:

Մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարությանն առնչվող հարցերը Եվրամիություն-Հայաստան օրակարգում կարեւոր տեղ ունեն: Եվրոպական Միությունն այս ոլորտներում հաճախ է դիմում Եվրոպայի խորհրդի փորձաքննությանը եւ պատահական չէ, որ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում այսօր հաջողությամբ իրականացվում է “Facility” ծրագիրը, որը վերաբերում է ընտրական չափանիշներին, դատա-իրավական բարեփոխումներին, կիբերհանցագործությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին:

Տիկնայք եւ պարոնայք,

Ժողովրդավարությունը կենդանի օրգանիզմ է` ազգային, տարածաշրջանային եւ համընդհանուր յուրահատկություններով, որը շարունակաբար զարգանում է: Փոխվում են մեր հասարակությունները, փոխվում է ժողովրդավարության ընկալումը, փոխվում են նաեւ մարտահրավերները: Մեր համատեղ ջանքերից է կախված, թե որչափ արդյունավետ է Եվրոպայի խորհուրդը ծառայելու որպես կարեւոր քաղաքական հարթակ համաեվրոպական բովանդակալից բանավեճերի համար:

2013թ. մայիսին Հայաստանն առաջին անգամ ստաձնելու է Եվրոպայի Խորհրդի նախագահությունը: Սա եւ պատիվ է, եւ մեծ պատասխանատվություն մեզ համար եւ մենք առավելագույն ջանքեր կներդնենք այդ կարեւոր դերակատությունը հաջողությամբ կատարելու համար:

Ավարտելով խոսքս, կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին շահագրգիռ համագործակցության ու աջակցության համար:

Հաջողություն եմ մաղթում Եվրոպայի Խորհուրդ / Հայաստան 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի մեկնարկային Կոնֆերանսին եւ հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերով կկարողանանք այն լիարժեք կերպով իրականացնել:

Շնորհակալություն:

Տպել էջը