ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 67-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

01 հոկտեմբերի, 2012

Պարո՛ն նախագահ,
Ձե՛րդ գերազանցություններ,
տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին` շնորհավորելով Վուկ Երեմիչին Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Մեր շնորհակալություններն եմ հայտնում նաև նախորդ նախագահ Նասեր Աբդուլազիզ Ալ-Նասերին:

Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանը անգնահատելի հնարավորություն է ՄԱԿ-ի անդամ երկրներին միավորելու` մարդկության առջև ծառացած մարտահրավերները քննարկելու և ջանքերը միավորելու` դրանց արդյունավետ լուծումներ տալու և միջազգայնորեն համաձայնեցված նպատակներն իրակաություն դարձնելու համար:

Բոլորս էլ գիտենք, որ, երբ որոշումները կայացվում են փոխադարձ ըմբռնման հիման վրա, դրանց հաջող իրականացումն ավելի խոստումնալից է դառնում:

Հայաստանը հանձնառու է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զորացմանը: Մենք սատարում ենք Միավորված ազգերի կազմակերպության բարեփոխումների գործընթացը և պատրաստ ենք մեր համապատասխան ներդրումն ունենալ: Վստահ ենք, որ բարեփոխումները հնարավորություն կտան բարձրացնելու ՄԱԿ-ի դերը աշխարհի առջև ծառացած վճռորոշ խնդիրների լուծման հարցում և հասնելու թե' Հազարամյակի զարգացման, և թե' Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Մենք ողջունում ենք, որ 67-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման հարցերի հետ մեկտեղ առաջարկվել է նստաշրջանի ընթացքում կենտրոնանալ նաև հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման խնդիրների վրա:

Այս համատեքստում ՄԱԿ-ի շրջանակներում մի քանի օր առաջ տեղի ունեցած Խաղաղության մշակույթի վերաբերյալ բարձր մակարդակի առաջին ֆորումը հանդես եկավ հանդուրժողականություն, փոխըմբռնում և փոխադարձ հարգանք ստեղծելու կոչով: Դժբախտաբար, այսօր ատելությունն ու անհանդուրժողականությունը շարունակում են տարածվել աշխարհի որոշ անկյուններում: Մենք դեռ պետք է փորձենք պարզել և հասկանալ դրա արմատներն ու դրդապատճառները, խիզախություն ունենանք դժվարին հարցադրումներ անելու դրանց վերաբերյալ և առերեսվելու դրանց` երբեմն ցավալի պատասխաններին:

Պարո՛ն նախագահ,

Ցավոք, մենք մեր տարածաշրջանում նույնպես ականատեսն ենք եղել անհանդուրժողականության ու ատելության դրսևորումների: Տարեցտարի Հայաստանն իր մտահոգություններն է բարձրաձայնել այս ամբիոնից ադրբեջանական հասարակության մեջ այդ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հայտյացության սերմանման, ռազմատենչ հռետորաբանության, միջազգային հանձնառությունների կոպտագույն ոտնահարման վերաբերյալ:

Մարդու իրավունքներով զբաղվող շատ միջազգային կազմակերպություններ իրենց ահազանգն են հնչեցրել Ադրբեջանում այլատյացության, ռասիզմի, անհանդուրժողականության ու մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դրսևորումների, հայերի հանդեպ ատելության քաղաքականության վերաբերյալ:

Եվ ո՞րն է Ադրբեջանի արձագանքը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության ակնկալիքները, այլև շարունակաբար նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները: Վերջին նման դեպքը Ադրբեջանի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումն է: Մեկը, ով Բուդապեշտում կայացած ՆԱՏՕ-ի ծրագրի ընթացքում քնած հայ սպա էր կացնահարել, միայն այն պատճառով, որ նա հայ էր: Ադրբեջանի ղեկավարությունը նրան ազգային հպարտության խորհրդանիշ է դարձրել և ներկայացնում է որպես օրինակ երիտասարդության համար:

Աշխարհի արձագանքը միաձայն էր և շատ հստակ` դատապարտելով այն, ինչ կատարվեց Բաքվի կողմից: Ադրբեջանն իր տարակուսանքն է արտահայտում միջազգային հանրության դիրքորոշման կապակցությամբ: Իսկ ինչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ սարսափելի մարդասպանի հերոսացմանը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձևացնել, թե այս քայլը համապատասխանում է ոչ միայն Ադրբեջանի սահմանադրությանն ու օրենսդրությանը, այլև միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և համապատասխան եվրոպական կոնվենցիային: Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Տխուր է, որ որևէ երկրի սահմանադրություն և օրենսդրություն կարող են թույլ տալ մարդասպանի հերոսացում և աշխատավարձի վճարում այն տարիների համար, որ նա անց է կացրել բանտում:

Եվրախորհրդի մարդու իրավուքնների հանձնակատարը զգուշացրել է, որ «նման մեկի հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների պաշտպանության ու օրենքի գերկայության բոլոր ընդունված չափանիշներին»:

Եվրոպական խորհրդարանի նախագահն ու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը զգուշացրել են, որ դա եվրոպական իրավական գործիքի չարաշահում է: ՄԱԿ-ի Մարդու իրավուքնների հարցերով բարձր հանձնակատարը նշել է, որ «այս ծանրության էթնիկական ատելության հողի վրա հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, այլ ոչ թե հասարակավ հերոսացվի»:

Շատ պարզ է, որ միջազգային իրավական սկզբունքների ու նորմերի ընկալման մեծ տարբերություն կա Ադրբեջանի և աշխարհի միջև: Մեծ տարբերություն կա ընկալման մեջ՝ թե ինչն է լավ, և ինչը վատ: Սա խորապես անպատասխանատու և ամոթալի վարքագիծ է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի համար, այլև ՄԱԿ-ի անդամի համար:

Հստակ է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական ղեկավարության փորձերը՝ հարմարեցնելու միջազգային իրավունքը սեփական ռասիստական գաղափարախոսությանը: Կոռուպցիայի հարուստ փորձ ունենալով երկրի ներսում՝ Բաքուն փորձում է այն տեղափոխել միջպետական հարաբերությունների հարթություն, օգտագործելով այն որպես գործիք՝ սեփական թյուրընկալումներն ուրիշների վրա բարդելու համար: Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել Ադրբեջանի փորձերը՝ փոխարինելու օրենքի գերակայությունը նավթի գերակայությամբ:

Սաֆարովի սկանդալային գործը լուրջ հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և վտանգել տարածաշրջանային փխրուն անվտանգությունն ու կայունությունը:

Ադրբեջանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ ուժ գործադրելու իր մշտական սպառնալիքներով, որոնք զուգորդվում են այդ երկրի ղեկավարության ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ոչ միայն մերժելով երեք համանախագահ երկրների առաջարկները` զինադադարի ռեժիմի ամրապնդման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, այլև զինադադարի շարունակական խախտումներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում, այլև սադրանքներ կազմակերպելով Հայաստանի հետ սահմանին, հայկական պատմական ու մշակութային արժեքների հանդեպ անդադար բարբարոսություններ իրականացնելով:

Մինչ Հայաստանը, միջազգային միջնորդների հետ համատեղ, ջանքեր է գործադրում բանակցային սեղանի շուրջ, Ադրբեջանը բազմապատկում է իր ռազմական բյուջեն` վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան քսան անգամ և պարծենում է դրանով: Մինչ Հայաստանը և միջազգային հանրությունը կոչ են անում դիպուկահարներին դուրս բերել շփման գծից, Ադրբեջանի ղեկավարությունը մերժում է այն և դիպուկահարների դպրոցներ բացում երիտասարդության համար: Մինչ Հայաստանը կոչ է անում տարածաշրջանային համագործակցության, որը կարող է կողմերի միջև վստահության ամրապնդման գործիք դառնալ, ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ միասին կշարունակեն շրջափակումը մինչև Հայաստանում ոչ մի հայ չմնա:

Հայաստանը և միջազգային հանրությունը մեկ լեզվով են խոսում: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ընդունվել են 2010թ.-ի ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի և 2008թ.-ի Հելսինկիում, 2009թ.-ի Աթենքում , 2010թ.-ի Ալմաթիում, 2011թ.-ի Վիլնյուսում նախարարական համաժողովների շրջանակներում, համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները Մեծ ութնյակի գագաթաժողովների շրջանակներում լ՛Աքիլայում 2009թ.-ին, Մուսկոկայում 2010թ.-ին, Դովիլում 2011թ.-ին և Մեծ քսանյակի գագաթաժողովին 2012թ.-ին՝ Լոս Կաբոսում, դրա վկայություններն են: Հայաստանի դիրքորոշումը համահունչ է այս փաստաթղթերում արտահայտված մոտեցումներին, համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը՝ գնալ կարգավորման դրանց հիման վրա:

Չնայած երեք համանախագահ երկրների ակտիվ ջանքերին, անհնարին է եղել կարգավորման գործընթացում բեկում արձանագրել, քանի որ ադրբեջանական կողմը մեկը մյուսի հետևից մերժել է միջնորդների կողմից ներկայացված բոլոր առաջարկները:

Անկախ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքից, Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի նպատակների, սկզբունքների ու նորմերի վրա:

Պարո՛ն նախագահ,

Ինչպես ելույթ ունեցողներից շատերը, ես նույնպես պետք է իմ մտահոգությունն արտահայտեմ Սիրիայում ընթացող զարգացումների և մարդասիրական իրավիճակի վատթարացման վերաբերյալ, որն անմիջականորեն ազդում է նաև այդ երկրում ապրող մեծաթիվ հայ համայնքի վրա: Այս համայնքը հիմնականում ձևավորվել է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածներից: Այսօր նրանք, ինչպես Սիրիայի շատ քաղաքացիներ, կյանքի համար պայքար են մղում: Հայաստանը շարունակում է Սիրիայից փախստականներ ընդունել, ովքեր խիստ մտահոգված են երկրում սաստկացող բռնություններով: Անհնարին է տևական լուծման հասնել առանց բոլորի կողմից ընդհարումների դադարեցման և առանց ընդգրկուն քաղաքական երկխոսության՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների շահերը:

Պարո՛ն նախագահ,

ՄԱԿ-ը հաջորդ տարի նշելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժման մասին կոնվենցիայի 65 ամյակը: Այդ տարեդարձը կարևոր հանգրվան է լինելու` այդ կոնվենցիան ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն առավել արդյունավետ գործիք դարձնելու համար: Ցեղասպանության ժխտումը և անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար:

Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության արհավիրքները վերապրած ազգի զավակներ՝ մենք համոզված ենք, որ անկախ որևէ նկատառումից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցում, որպեսզի կարողանա կանխել դրանք: Այս միաձայնության պակասի պատճառով է, որ աշխարհը ականատեսն է դառնում մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի: Խորապես համոզված ենք, որ այս հարցը մեր ընդհանուր օրակարգի առաջնային շարքերում պետք է լինի: Մենք պետք է կրկին անգամ հանձնառություն ստանձնենք այնպիսի աշխարհ ունենալու համար, որում ցեղասպանության հանցագործությունն այլևս երբեք չի կրկնվի:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանը շարունակելու է ընդհանուր պատասխանատվության իր բաժինը կրել` օժանդակելով ՄԱԿ-ին` որպես այսօրվա աշխարհի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելուն ուղղված երկխոսության, բազմակողմանիության ու հավաքական գործողությունների հարթակ:

Շնորհակալություն:

Տպել էջը