ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔԸ

21 հոկտեմբերի, 2013

ՊԱՅՔԱՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՌԱՍԻԶՄԻ, ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Եվրոպայի խորհրդի հարգելի Գլխավոր քարտուղար,
Խորհրդաժողովի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, ուրախ եմ ողջունել եւ բարի գալուստ մաղթել ձեզ՝ «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով երևանյան բարձրաստիճան համաժողովի առիթով: Ողջունում եմ համաժողովին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի հիմնական կառույցների՝ Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների Կոնֆերանսի, Գլխավոր քարտուղարության, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը: Մեզ համար ուրախալի է, որ Եվրոպայի խորհրդի գործընկեր միջազգային հաստատություններն արձագանքեցին Հայաստանի նախագահության հրավերին և այսօր մեզ հետ են ԵԱՀԿ լրատվամիջոցների հարցերով ներկայացուցիչը, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի, ՄԱԿ-ի փախստականների բարձր հանձնակատարի, Եվրոպական միության հիմնարար իրավունքների գործակալության և Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղարի հարգարժան ներկայացուցիչները: Ողջունում եմ նաև Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ երկրների ներկայացուցիչներին, Հայաստանի Ազգային ժողովի, կառավարության, միջազգային և հայաստանյան հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնայնություններում շեշտադրվել է ռասիզմի, անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարը: Այսօրվա մեր Խորհրդաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմը ցույց է տալիս, որ այս խնդիրներն արդիական են ոչ միայն Եվրոպայի Խորհրդի տարածքում, այլև՝ դրա սահմաններից դուրս:

Ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության և խտրականության երևույթների դեմ պայքարը տարիներ ի վեր գտնվում է Եվրոպայի Խորհրդի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 1993թ. Վիեննայի գագաթաժողովն այս խնդրի վերաբերյալ ընդունեց հատուկ հայտարարություն և գործողությունների ծրագիր՝ հիմք դնելով Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին: 1997թ. Ստրասբուրգի գագաթաժողովը կոչ արեց հզորացնել այդ երևույթների դեմ պայքարը և կարևորեց այս ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը, 2005թ-ի Վարշավայի գագաթաժողովը խստորեն դատապարտեց անհանդուրժողականությունն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներում և հաստատակամություն հայտնեց շարունակել այդ երևույթների դեմ կանխարգելիչ գործունեությունը՝ սկիզբ դնելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը, որը Նախարարների կոմիտեն հետևողականորեն իրականացնում է:

Ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության և խտրականության երևույթներին, տարբեր տեսանկյուններով բազմիցս անդրադարձել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը:

Բարձր գնահատանքի է արժանի Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի աշխատանքը, որն անդամ երկրների վերաբերյալ իր զեկույցներով և ընդհանուր քաղաքականության թեմատիկ առաջարկություններով վեր է հանում ինչպես կոնկրետ, այնպես էլ՝ ընդհանուր խնդիրներ:

Կարևոր եմ համարում շեշտել նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի մեխանիզմների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը այս երևույթների դեմ պայքարի գործում:

Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ,

Ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության, ծայրահեղականության տարբեր դրսևորումները նոր երևույթներ չեն, սակայն մեր օրերում, երբ փոփոխվել են տարածության ու ժամանակի ընկալումները, երբ երկրները դառնում են ավելի փոխկապակցված, երբ տեղեկատվությունը համացանցի միջոցով ակնթարթային արագությամբ հասանելի է դառնում միլիոնավոր մարդկանց համար, այս երևույթների դեմ պայքարն առավել քան կարևոր է և արդիական:

Անհանդուրժողականությունը և այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը, հասարակության շրջանում ստեղծում թշնամու կերպար, սերմանում անվստահություն՝ վտանգելով մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մեր պատմության դառը փորձից գիտենք, որ այդ երևույթները կարող են հանգեցնել ատելության հողի վրա հանցագործությունների, անգամ մարդկության դեմ ոճիրների:

Երևանյան այս խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են մեր հասարակություններին հուզող հարցեր, ինչպիսիք են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և այլն: Այդ բոլոր հարցերը մնում են ոչ միայն այժմէական, այլ նաև լուրջ մարտահրավեր։ Մենք պետք է գործենք համապատասխան հայտնի ասացվածքի. «հանդուրժողականությունը չի նշանակում հանդուրժել անհանդուրժելին»:

Վստահ եմ, որ այս խորհրդաժողովում քննարկումները կօգնեն մեզ առավել ուղղորդված և արդյունավետ դարձնել մեր հետագա գործունեությունը:
Խորհրդաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն:
 

Տպել էջը