Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ՆԳ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ժնևում
05 մարտի, 2014Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկմանը,
Երեքշաբթի, 2014թ. մարտի 4
Պարոն նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Ես կցանկանայի միանալ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհավորել պարոն Բոդլեր Նդոնգ Էլլային Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան այդ կարևոր առաքելությունում:
Ներկայիս աշխարհում, ուր մարդու իրավունքները կարևորվում են ավելի քան երբևէ, և միևնույն ժամանակ խախտվում են ոչ պակաս, քան նախկինում, Ազգերի այս պալատում առավել քան տեղին են աշխարհում մարդու իրավունքների ամենանվիրյալ անձերից մեկի` Նելսոն Մանդելայի խոսքերը. «մարդկանց իրավունքների ժխտումը հավասարազոր է ինքնին նրանց մարդ լինելը կասկածի տակ դնելուն»:
Մարդու իրավունքների խորհուրդը անդրադարձել է շատ հարցերի` փորձելով պատասխանել աշխարհի տարբեր մասերում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին:
Հատկապես էական է կենտրոնանալ կանխարգելման հայեցակարգի վրա: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Հնգամյա Գործողությունների Օրակարգը հատուկ ուշադրության է արժանացնում կանխարգելման հարցին: Վաղաժամ կանխարգելումն, անշուշտ, կարող է կանխել հակամարտությունների սրումը, ողբերգություններ, մարդկության դեմ հանցագործություններ: Այս օրակարգի իրականացումը թույլ է տալիս մեզ դիտարկելու կանխարգելման խնդիրը գլոբալ մակարդակով, հնարավոր սպառնալիքների պարբերական գնահատման միջոցով:
Առավել վտանգավոր հետևանքների տանող նման սպառնալիքներից մեկը ատելության քարոզչությունն է ռասայական, էթնիկ կամ կրոնական հիմքերով: Այս քարոզչությունը հաճախ զուգորդվում է ագրեսիվ ռազմատենչ հռետորաբանությամբ: Հարավկովկասյան տարածաշրջանը նախկինում ականատես է եղել և հիմա էլ ականատես է նմանատիպ սպառնալիքների: Նմանատիպ քարոզչությունը նախորդեց Ադրբեջանում հակահայկական ջարդերին Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և շատ այլ վայրերում, երբ հազարավոր հայեր խոշտանգվեցին, սպանվեցին, և այդպիսով սկսվեցին հայերի էթնիկ զտումները Ադրբեջանի տարածքում: Քսանհինգ տարի անց ներկայիս Ադրբեջանում նույնանման և նույնիսկ ավելի սուր ատելության, պատերազմի քարոզչության տարածումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հաճախ հանգեցնում է իրավիճակի սրման և անմեղ կյանքերի կորստի:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը անհանգստությամբ նշել է «Հայաստանի Հանրապետության դեմ մշտապես բացասական պաշտոնական և լրատվական մեկնաբանությունների» մասին և խորհուրդ էր տալիս Ադրբեջանի ղեկավարությանը «որդեգրելու պատշաճ պատասխան քայլեր՝ հայերի դեմ խտրականության և ատելության քարոզման բոլոր դեպքերի համար»: Մեր կազմակերպության պատասխանատու բնույթը ենթադրում է համապատասխան գնահատական և համարժեք արձագանք այս վարքագծին:
Պարոն նախագահ,
ՄԱԿ-ի պայմանագրային կառույցները կարևոր գործ են կատարում դիտարկելու աշխարհում մարդու իրավունքների վիճակը և օգնելու պետություններին բարելավելու դրանց պաշտպանությունը: Մենք հատկապես գնահատում ենք ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի աշխատանքը, որը վերջերս պատրաստեց No.35 հանձնարարականը ռասիստական հռետորաբանության վերաբերյալ. մասնավորապես, Կոմիտեն ընդգծեց ատելության հռետորաբանության դերը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանը և ցեղասպանությանը տանող գործընթացներում:
Կոմիտեի անդամները ներկայացրեցին նշված հանձնարարականը՝ ամբողջապես գիտակցելով ռասայական ատելության ու խտրականության հրահրման գործում ատելության հռետորաբանության դերի մասին, և ծավալուն կերպով անդրադարձան դրա վտանգներին:
Համընդհանուր Պարբերական Զեկույցը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության և առաջ մղման լավ միջոց: Հայտնի փաստ է, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների արդյունավետությունը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից և պատրաստակամությունից կիրառելու իրենց հանձնառությունները` հարգելով ընդունված կանոնները և ընթացակարգերը: Իր մեկնարկից սկսած Համընդհանուր Պարբերական Զեկույցը կենտրոնանում է բացառապես մարդու իրավունքների վրա և խուսափում է բարձրացված հիմնախնդիրների քաղաքականացումից: Հայաստանին վերաբերող Զեկույցի քննության ժամանակ հայկական կողմն ընդունեց անդամ պետությունների առաջարկները: Ցավոք, իր Ադրբեջանը իր Զեկույցի դիտարկման ընթացքը վերածեց քաղաքականացված ներկայացման՝ հրաժարվելով ընդունել հայկական պատվիրակության արած առաջարկներից որևիցե մեկը, սոսկ այն պատճառով մեջբերում եմ «որ նրանք արվել էին Հայաստանի կողմից»: Այսպիսի վարքագիծը վտանգում է Համընդհանուր Պարբերական Զեկույցի ողջ հայեցակարգը և հիմնադրույթները: Սա ընթացակարգային կանոնների խախտում էր: Կոչ եմ անում անդամ երկրներին խստորեն արձագանքել նման դեպքերին, որպեսզի չստեղծվի նման ապակառուցողական նախադեպ:
Նախորդ տարի Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայկական նախագահության գերակայությունները սահմանվել էին՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է աշխարհն այսօր` կապված մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության հարգման հետ: Ռասիզմը, ռասայական խտրականությունը, այլատյացությունը և անհանդուրժողականությունը կոպտորեն խախտում են մարդու արժանապատվությունը և խթանում լարվածության աճը հասարակությունների ներսում և հասարակությունների միջև: Այդ է պատճառը, որ նրանց դեմ պայքարը դարձավ մեր նախագահության գերակայություններից մեկը:
Պարոն նախագահ,
Մենք հաճախ խոսում ենք մարդու իրավունքների համընդհանրության և անբաժանելիության մասին: Մարդու բոլոր իրավունքները հավասարապես կարևոր են և պետք է հավասարապես պաշտպանվեն: Այս կապակցությամբ ես կցանկանայի մատնանշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակների՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը ճանաչում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի, քանզի նրա իրականացումը մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման կարևորագույն նախադրյալ է: Այս անքակտելի իրավունքը միանշանակ պատկանում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Պարոն նախագահ,
Խոսելով Սիրայի իրավիճակի մասին, որը շարունակում է մնալ բարդ և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, ես կցանկանայի ողջունել Անվտանգության խորհրդի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը մատնանշում է մարդասիրական օգնության հասանելիության բարձրացման անհապաղ անհրաժեշտության մասին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակումները և բնակելի շրջանների պաշարումները:
Մենք ողջունում ենք ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը: Հայաստանն արդեն ընդունել է 10.000-ից ավել փախստական Սիրիայից, և մեր կառավարությունը փորձում է անել հնարավորը նրանց աջակցելու համար:
Պարոն նախագահ,
Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում, Հայաստանը նախաձեռնեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև, որը միաձայն ընդունվեց:
Այդ բանաձևի նպատակներից մեկն է ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի միջոցով: Ես ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր համահեղինակեցին այս բանաձևը: Երկու օրից՝ մարտի 7-ին, Մարդու իրավունքների խորհուրդը գումարելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում, որը կազմակերպվում է համաձայն նշված բանաձևի դրույթների: Կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին ակտիվորեն մասնակցել այս քննարկմանը:
Շնորհակալություն: