Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Բացման խոսքը

07 մարտի, 2014

Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի
Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը

Հարգելի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար տիկին Նավի Փիլային և նրա գրասենյակին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված այս բարձրաստիճան քննարկումն անց կացնելու համար:

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ կարևոր քննարկում անցկացնելու պատրաստակամության համար: Մասնավորապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած տիկին Էսթեր Մուջավայոյին: Այդ ցեղասպանության 20-րդ տարելիցը կնշվի երեք շաբաթից Բրյուսելում միջազգային կոնֆերանսին:

Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի:

ՄԱԿ-ն իր տարբեր կառույցների միջոցով կենտրոնական դեր է խաղում ցեղասպանության կանխարգելման գործում: Ես կցանկանայի ընդգծել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի անձնական ներգրավվածությունը, ով ուղղորդում է այս շարունակական գործընթացը: Մեզ ոգևորում է Մարդու իրավունքների խորհրդի և ՄԱԿ-ի այլ կառույցների` անդամ պետությունների հետ միասին նպատակաուղղված աշխատանքը: Ես կցանկանայի շեշտել Ցեղասպանության կանխարգելման հարցով Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի արժեքավոր ներդրումը, ով այսօր մեզ հետ է:

Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված:

Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք:

Ցեղասպանությունը բարդ երևույթ է, այն տեղի չի ունենում միանման եղանակով: Կանխարգելումը պետք է հիմնված լինի ցեղասպանությունների պատմության ճշգրիտ ընկալման վրա: Մենք պարտավոր ենք հասկանալ ոչ միայն այն, թե ինչ է տեղի ունեցել յուրաքանչյուր դեպքում, այլ նաև դրա պատճառները: Մենք պետք է պատրաստ լինենք դասեր քաղելու անցյալի ձախողումներից և բաց լինենք նոր գաղափարների համար:

Ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հարկադրանքի, կանխարգելման միջոցառումների մշակում: Եթե տեղի է ունեցել ցեղասպանություն, ապա ոճրագործները չպետք է կասկած ունենան, որ նրանք հաստատապես կենթարկվեն պատասխանատվության: 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով դաշնակից տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք անձնական պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Այսպիսով, Մարդկության դեմ գործած հանցագործության ժամանակակից հասկացությունը ներառվեց միջազգային իրավական համակարգում:

Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի նախապատմությունը կապված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի հետ: Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակը, սահմանելով ցեղասպանություն հանցագործությունը, հղում էր անում հենց հայերի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներին: Լեմկինը նվիրեց իր կյանքը մարդկության դեմ գործած հանցագործությունների ուսումնասիրությանը, որը նույնպես ճանապարհ հարթեց 1948թ. Կոնվենցիայի ընդունման համար:

2013թ. մարտի 22-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևում սահմանված միջոցները նախատեսում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Մենք բոլորս միասնական ենք ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուների` վաղաժամ նախազգուշացման, մարդու իրավունքների պաշտպանության և կրթության և հանրային իրազեկման կարևորության շուրջ:

Առաջին, որպեսզի միջազգային հանրությունն անհապաղ արձագանքի, մենք պետք է տեղեկացված լինենք ցեղասպանության վտանգի մասին հնարավորինս վաղ և իրականացնենք անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր: Սովորաբար ցեղասպանություն իրականացնողները փորձում են հնարավորինս երկար ժամանակ թաքցնել իրենց մտադրությունները: Միջազգային հանրությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել ցեղասպան միջավայրի առաջացման պատճառները, որոնք հանգեցնում են այս սարսափելի հանցանքին և կանխել այն հնարավորինս շուտ:

Նախորդ տասնամյակի ընթացքում և ՄԱԿ-ը, և տարածաշրջանային մարմինները զգալի առաջընթաց են գրանցել վաղ նախազգուշացման և գնահատման համակարգերի բարելավման գործում: Մենք պետք է անենք հնարավորը երաշխավորելու համար, որ առաջիկա տարիներին այս հաջողությունները, առաջընթացը շարունակություն ունենան: Վաղ հայտնաբերումը և նախազգուշացումը չեն կարող լինել արդյունավետ, քանի դեռ նրանց չեն հետևում հստակ զսպիչ քայլեր:

Երկրորդ, ցեղասպանության կանխարգելումը մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ միջազգային մեխանիզմների մասն է: Բարոյական արժեքները կանգնած են այս սարսափելի ոճրագործությունների դեմ պաշտպանական ամենակարևոր գծում: Ցեղասպանությունը աներևակայելի հանցագործություն է այն հասարակության համար, որը հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության և ոչ բռնության արժեքների վրա:

Երրորդ, մեր նպատակներից մեկը հասարակության մեջ այս արժեքների ամրապնդումն է կրթության և հիշողության միջոցով: Սերունդները պետք է տեղյակ լինեն անցյալի ողբերգությունների, անցյալի ցեղասպանությունների մասին: Կատարված ցեղասպանությունների ճանաչումը և դատապարտումը ապագայում նրանց կանխման ամենաարդյունավետ միջոցներից են: Ցեղասպանության չընդունումը կամ գիտակցված ժխտումը, որն այլ կերպ կոչվում է ժխտողականություն, անպատժելիության հետ մեկտեղ ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի անցյալի ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և պատժման, ապագայում դրա կանխարգելմանն ուղղված ջանքերում, հատկապես՝ Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին 1968թ. կոնվենցիայի լույսի ներքո:

Ցեղասպանությունների` Մեծ Եղեռնի, Շոահի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ցեղասպանությունների հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի ժառանգների, այլ նաև իրականացնողների ժառանգների համար: Նման օրերին պետք է մոտենալ ճանաչման և հաշտեցման ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամությամբ: Իհարկե, իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում կամ երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում:

Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Միջազգային ցեղասպանագետների կարծիքն այն է, որ ժխտումն ինքնին ցեղասպանության շարունակություն է:

Տիկնայք և պարոնայք,

Նշելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65-ամյակը՝ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պայմանագրի արդյունավետությունը պետք է գնահատվի դրա իրականացման (կատարման) հիման վրա: Այս քննարկումը լավ հնարավորություն է այս Կոնվենցիայի իրականացման լավագույն փորձը փոխանակելու համար:

Օգտվելով հնարավորությունից՝ ես կոչ եմ անում այն պետություններին, որոնք դեռևս չեն միացել Կոնվենցիային, միանալ մոտ ապագայում և հաջողություն եմ մաղթում նրանց, ովքեր ջանք չեն խնայում ցեղասպանության կանխման ուղղությամբ:

Շնորհակալություն:

Ամփոփելով քննարկումը` նախարար Նալբանդյանն անդրադարձավ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների մեկնաբանություններին:

<<Ես ունեմ երկու կարճ դիտարկում:

Առաջին, իմ ելույթում ես հղում կատարեցի 1915թ. Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունած հռչակագրին, որը նախազգուշացնում էր հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածների կազմակերպիչներին, որ նրանք կենթարկվեն անհատական պատասխանատվության մեջբերում եմ. «Մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»,- մեջբերման ավարտը:

Ուստի, թուրքական պատվիրակությունն իր անհամաձայնությունը պետք է հայտնի վերը նշված երկրներին և մի շարք այլ երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են օսմանյան իշխանությունների իրականացրած հայ ժողովրդի ցեղասպանությունը, և որոնք կոչ են արել Թուրքիային ևս հետևել իրենց օրինակին:

Ես ամբողջովին համաձայն եմ տիկին Մուժավայոյի հետ, ով ընդգծեց Կովենցիայի բոլոր դրույթների, այդ թվում նաև` պատժի և վնասի փոխհատուցման, ամբողջական իրագործման կարևորությունը: «Այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ տառապում է, որ դեռևս սպասում է», - ընդգծեց մադամ Մուժավայոն: Դա ճիշտ է` արդեն հարյուր տարի է, որ հայ ժողովուրդը, և միջազգային հանրությունը դեռևս սպասում են...

Երկրորդ, ադրբեջանական պատվիրակության կողմից բարձրացված Խոջալուի վերաբերյալ: Քաջ հայտնի է և բազմաթիվ ադրբեջանական աղբյուրներ և անկախ դիտորդներ վկայել են, որ Խոջալուի անմեղ բնակիչներն անվտանգ կերպով օգտագործել են իրենց հեռանալու համար Ղարաբաղի զինված ուժերի կողմից թողնված միջանցքը:

Նրանք սպանվել են Խոջալուից հեռու, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում` Աղդամ քաղաքի մոտ, որտեղ ղարաբաղյան ուժերը չէին կարող հասնել:

Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից իրականացված այդ անմարդկային ջարդի նպատակն էր ստիպել այն ժամանակվա Նախագահ Այազ Մութալիբովին տալու հրաժարական, որն էլ հաջորդիվ տեղի ունեցավ: Մութալիբովն այդ մասին անձամբ է ասել մի չեխ լրագրողի:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար Բաքուն պետք է դադարեցնի ծառայեցնել այդ ողբերգությունը որպես քարոզչական միջոց և դադարեցնի աղավաղել հանրային կարծիքը Ադրբեջանում և ողջ աշխարհում:

Եզրափակելով հանդիպումը` ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր և բավական օգտակար քննարկումների համար: Բազմաթիվ հայտարարություններից և ամփոփումներից ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ցեղասպանության կանխարգելման հիմնախնդրում միջազգային հանրությունը դեռևս արդյունավետ լուծումների կարիք ունի:
 

Տպել էջը