ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի շրջանակներում
31 մարտի, 2015Հայաստանի Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ,
Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակության պարոն ղեկավար,
Տիկնայք և պարոնայք խորհրդարանական սեկցիաների նախագահներ,
Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ նախևառաջ ողջունել ձեզ Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովի կապակցությամբ:
Ֆրանկոֆոնիայի այս կարևոր ժողովի անցկացումը Հայաստանում, հիրավի, վկայում է Հայաստանը Ֆրանկոֆոնիային կապող ինստիտուցիոնալ հարաբերությունների կարևորության մասին:
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի Ազգային ժողովի լիիրավ անդամակցությամբ Հայաստանը ևս մեկ անգամ հաստատեց իր նվիրվածությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին:
Ֆրանկոֆոնիան հայ հասարակության մեջ արմատավորելու Հայաստանի ցանկությունը դրսևորվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցով, որն ամեն տարի կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ, և դարձել է Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթին նվիրված կարևոր իրադարձություն: Այս տարի շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպվելու են ավելի քան 550 միջոցառումներ, ինչը Հայաստանում ֆրանկոֆոն մեծ ակտիվության վկայությունն է:
2015թ. իսկապես առանձնահատուկ տարի կլինի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար. ս.թ. հոկտեմբերի 30-ից 31-ը Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի այս հերթական հանդիպումը բացառիկ միջոցառում է լինելու մեր երկրի համար: Մենք ուրախ կլինենք այս առիթով հյուրընկալելու նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին:
Տիկնայք և պարոնայք,
Համաժողովի բացումից անմիջապես առաջ ձեր այցելությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ձեր կողմից ծաղկեպսակի զետեղումը հիրավի խորհրդանշական է:
Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրագործումից անցել է 100 տարի, սակայն ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարը շարունակում է լինել հրամայական:
Ցեղասպանությունների դարաշրջանը անցած իրողություն չէ: Կանխարգելումը պետք է մշտապես լինի քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրության կենտրոնում և համախմբի նրա բոլոր ջանքերը՝ չստորադասելու այս վեհ մարդասիրական գործը աշխարհաքաղաքական որևէ հաշվարկների:
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բարոյական պատասխանատվություն է զգում՝ աջակցելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Մենք ակտիվորեն գործում ենք և հետագայում ևս շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ:
Այս համատեքստում, կարևոր է ընդգծել, որ մի քանի օր առաջ՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած և 65 պետությունների կողմից համահեղինակած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը:
Տիկնայք և պարոնայք,
Հակամարտությունները և ճգնաժամերը, որոնք ուղեկցվում են մարդու իրավունքների ոտնահարմամբ, շարունակում են վտանգել ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների կայունությունը:
Մենք առավել քան երբևէ արժևորում ենք Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: Կազմակերպության ներգրավվածությունը մեր հիմնարար արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի ձեռքբերում է:
Այս համատեքստում, և ի պատասխան Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը՝ հօգուտ մեր Կազմակերպության անդամ երկրների միասնական ներգրավվածության ապահովման՝ կցանկանայի տեղեկացնել, որ Հայաստանը դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում աֆրիկյան մայրցամաքում իրականացվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին իր հնարավոր մասնակցությունը բերելու հարցը։
Տիկնայք և պարոնայք,
Մենք բոլորս նաև գիտակցում ենք, որ անհրաժեշտ է համախմբվել ընդդեմ ահաբեկչության արհավիրքի, որը վտանգում է խաղաղությունը և անվտանգությունը աշխարհի տարբեր տարածաշրջաններում և ոտնահարում է մարդասիրական արժեքները: Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ֆրանկոֆոն ընտանիքի բոլոր անդամների միասնականությունը:
Որտեղ էլ որ ահաբեկչությունը գլուխ բարձրացնի, այն ամենուր հանդես է գալիս բարբարոսության նույն կերպարով: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Սիրիայի Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու՝ վերջերս տեղի ունեցած ավերումը՝ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բազմաթիվ ստոր գործողություններից մեկն է:
Տիկնայք և պարոնայք,
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսել մեր խորին մտահոգությունը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով:
Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ստանձնած իր հանձնառություններից՝ հանգուցալուծելու այս հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, և դիմեց իրավիճակը առավել սրելուն ուղղված հանցավոր սադրանքների:
Դակարի գագաթաժողովը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներն ամրագրել են մեր Կազմակերպության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կոչ արել ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և բանակցությունների համար հիմք ընդունել Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները՝ որպես մեկ միասնական ամբողջություն, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ և տևական կարգավորման հիմք:
Չնայած Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալմանն ուղղված քայլերին՝ Հայաստանը` միջազգային հանրության հետ համատեղ, շարունակելու է ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Տիկնայք և պարոնայք,
Որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ քննարկումների ծավալման, առաջարկների ներկայացման և տեղեկատվության փոխանակման հարթակ՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է լինել ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների խրախուսման, ինչպես նաև խորհրդարանական կառույցների միջև համերաշխության ջատագովներից մեկը: Մենք մեծապես կարևորում ենք ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների միջև համագործակցության ներուժը և աշխարհում խորհրդարանական դիվանագիտության դերը:
Տիկնայք և պարոնայք,
Մաղթում եմ հաջողություն ձեր համաժողովի աշխատանքներին: