Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ ճեպազրույցի ընթացքում

09 հոկտեմբերի, 2015

Ուրախ եմ ողջունել Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին, ով Երևան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու համար: Մենք օգտվեցինք այս առիթից, որպեսզի հանդիպում անցկացնենք, քննարկենք մեր երկու երկրների՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև, ինչպես մենք կոչում ենք՝ առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Բնականաբար, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, որովհետև, գիտեք, որ Ֆրանսիան եռանախագահող երկրներից մեկն է: Ես իմ զրուցակցին ներկայացրի այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման, սադրանքների հետևանքով թե Հայաստանի սահմանին, թե Ղարաբաղի հետ շփման գծում։ Իսկապես, իրավիճակը բավական սրվել է:

Ես վերահաստատեցի, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ միասին ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Քանի որ պարոն Դեզիրը Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերով պետքարտուղարն է, մենք անդրադարձանք նաև Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին, և մենք վերահաստատեցինք երկու կողմի ցանկությունը նոր իրավական հենք ստեղծել համագործակցության համար։ Այս կապակցությամբ հույս ունենք, որ մոտակա օրերս՝ հնարավոր է արդեն, որ հաջորդ շաբաթ ընթացքում, Եվրոմիությունը կհաստատի իր բանակցային թիմի մանդատը, և մենք կսկսենք բանակցությունները Եվրոմիության հետ համապատասխան փաստաթղթի մշակման և կնքման վերաբերյալ:

Իհարկե, մենք անդրադարձանք նաև բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային խնդիրների։ Խոսեցինք Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպման օրակարգի մասին։ Անդրադարձ կատարվեց տարբեր միջազգային կառույցների շրջանակներում մեր համագործակցությանը:

 

Տպել էջը