Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Բաց կառավարման գործընկերության հնգամյա հոբելյան» բարձր մակարդակի միջոցառմանը

20 սեպտեմբերի, 2016

Հարգելի համանախագահներ,
Նորին գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությանը` Բաց կառավարման գործընկերության օրակարգի առաջ մղման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում գործադրած ջանքերի համար, և հաջողություն մաղթում Ֆրանսիայի կառավարությանը գալիք նախագահության ընթացքում: Շնորհակալություն ենք հայտնում նաև քաղաքացիական հասարակության համանախագահներին` Բաց կառավարման գործընեկության սկզբունքներին և նպատակներին նվիրվածության և աջակցության համար:

Որպես Բաց կառավարման գործընկերության շարժմանը միացած առաջին պետություններից մեկը` Հայաստանը 2011-2016թթ. ընթացքում իրականացրել է գործողությունների երկու ծրագիր` առաջ մղելով բարեփոխումները բյուջետային, հանքարդյունաբերության, առողջապահության, տեղական կառավարման, տեղեկատվության ազատության և օրինաստեղծ ոլորտներում: 2016-2018 թթ. համար գործողությունների հաջորդ ծրագրի մշակման գործընթացը նշանավորեց նոր ելակետ` ներմուծելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են տեղեկատվության հավաքագրումը և համատեղ նախագծումը: Պաշտոնյաները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, փորձագետների և մասնավոր հատվածի գործընկերների հետ միասին քննարկել և մշակել են առաջարկված գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և խթանման մեխանիզմների ուժեղացմանն ուղղված ջաքները, ինչպես նաև սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ: Անցյալ դեկտեմբերին հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխումներին։ Դրան նախորդել էր հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթաց՝ կառավարման առավել թափանցիկ և հաշվետվողական նոր և կատարելագործված համակարգի ստեղծման նպատակով:

Բաց կառավարման գործընկերության վերջին գլոբալ գագաթաժողովի ժամանակ Հայաստանն արժանացավ բարձր պարգևի և ճանաչվեց տարածաշրջանի առաջատարը` բաց կառավարման սկզբունքների հիման վրա տեղական ինքնակառավարման իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման և հանրային ծառայությունների բարեփոխման համար: Հայաստանի Կառավարության ջանքերը գնահատվեցին նաև ազգային մակարդակով. քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից դրանք արժանանացան ազգային «Ոսկե բանալի» մրցանակի` տեղեկատվության ազատության սկզբուքնների առաջ մղման և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու հանձնառության համար:

Հայաստանում ձևավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը մեր ամրապնդվող ժողովրդավարության ցուցանիշն է: Այն միաժամանակ Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասն է կազմում՝ արդյունավետ կառավարման գործում իր մեծացող մասնակցությամբ:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանում մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս առկա են զգալի թվով մարտահրավերներ:

Մենք վճռական ենք շարունակելու Բաց կառավարման գործընկերության նպատակներն իրականացնելուն ուղղված ջանքերը: Մեր նոր գործողությունների ծրագիրն ուղղված է նոր տեխնոլոգիաների ուսումնասիրմանը՝ հասարակության հետ ուղղակիորեն կապ հաստատելու, կառավարման բոլոր հարթակներում Բաց կառավարման գործընեկրության սկզբունքները ներդնելու և քաղաքականություն իրականացնելու գործընթացում մարդակենտրոն մոտեցումները կիրառելու համար: Հենց այս տեսլականով ենք մենք պատրաստվում Բաց կառավարման գործընկերության՝ Փարիզում կայանալիք գագաթաժողովին:

Շնորհակալություն:

Տպել էջը