Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Վճռական աջակցություն» առաքելության նախարարական հանդիպմանը

07 դեկտեմբերի, 2016

Պարոն գլխավոր քարտուղար,
Հարգելի գործընկերներ,

Մեր զինծառայողների՝ Աֆղանստանում գտնվելու փաստը, ինչպես նաև մեր ներկայությունն այսօր այստեղ, Աֆղանստանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը մեր շարունակական նվիրվածության լավագույն վկայությունն են: Մենք միասնական ենք «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով այս նպատակներին հասնելու և աֆղանական իշխանությունների կողմից երկրի արդյունավետ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում: Շատ բան արդեն արվել է, այնուամենայնիվ, դեռ բավականաչափ անելիքներ կան:

Անվտանգության հետ կապված միջադեպերը շարունակում են մեր ուշադրությունը սևեռել Աֆղանստանի առջև ծառացած մարտահրավերների վրա: Մտահոգիչ են Թալիբանի գործունեության և Աֆղանստանում ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները: Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Դա նաև ամրապնդում է մեր միասնական վճռականությունը շարունակելու միասնական ջանքերը՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը, ովքեր դրա կարիքն ունեն: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից:

Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հանձնառություն է ստանձնել՝ իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման միասնական ջանքերում: Դրա վկայությունն է նաև անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին:

Ինչպես Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում վերահաստատեց Հայաստանի Հանրապետության Նախագահը, 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել «Տևական գործընկերությանը», երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Պարոն նախագահ,

Հայաստանը շարունակում է աջակցել Աֆղանստանի կողմից ղեկավարվող համաաֆղանական ընդգրկվածություն ունեցող խաղաղ գործընթացին: Վստահ ենք, որ միասնական ջանքերով և վճռականությամբ կհասնենք մեր ընդհանուր նպատակին` օժանդակելու Աֆղանստանի ժողովրդին անվտանգության ու կայունության ապահովման գործում:

Շնորհակալություն: 

Տպել էջը