Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի երկամսյակի կապակցությամբ

20 մարտի, 2017

Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը մեկնարկում է 2016 թվականի նոյեմբերին ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից կայացված բացառիկ որոշման համատեքստում՝ 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացնել Երևանում։

2018 թվականին կայանալիք այս իրադարձությանն ընդառաջ՝ հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է, և մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու այս գագաթաժողովի հաջողությունը։

Ֆրանկոֆոնիայի հանդեպ Հայաստանի հանձնառության վառ դրսևորումը հանդիսացող Ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որը կազմակերպում ենք տարիներ շարունակ, հերթական անգամ ի ցույց կդնի մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն արժեքներին և մշակութային ու լեզվական բազմազանությանը։

Հայաստանի բոլոր մարզերում անցկացվող ավելի քան 600 մշակութային, կրթական և գեղարվեստական միջոցառումներով այս երկամսյակը հիրավի բացառիկ միջոցառում է ֆրանկոֆոն ընտանիքի ողջ տարածքում։

Երկամսյակը առիթ է Հայաստանի ֆրանկոֆոն բոլոր դերակատարների՝ ՀՀ պետական կառույցների, ՀՀ Ազգային ժողովի, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների և համալսարանների հետ միասին մեծ շուքով տոնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց՝ գործուն մասնակցության համար։

Ողջունելի է նաև Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ընդգրկումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից մեկնարկած «2017 թվականի Մեծ շրջագայություն» նախաձեռնությունում, որի շրջանակներում 2017 թվականի ողջ ընթացքում իրականացվելու են Ֆրանկոֆոնիային նվիրված մշակութային ճանապարհորդություններ:

Ամենայն հաջողություն եմ մաղթում Հայաստանում 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:


ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
արտաքին գործերի նախարար

Տպել էջը