Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան հիմնարկեքի արարողությանը
09 օգոստոսի, 2017Պարո՛ն Լի Հաուիլայ,
Պարո՛ն դեսպան,
Պարո՛ն քաղաքապետ,
Սիրելի՛ ընկերներ,
Ինձ վրա միշտ մեծ տպավորություն են գործում չինական ժողովրդական ասացվածքները՝ մի կողմից իրենց պարզությամբ, իսկ մյուս կողմից՝ իրենց իմաստությամբ: Նման ասույթներից մեկն ասում է. «Ծառ տնկելու լավագույն ժամանակը քսանհինգ տարի առաջ էր: Հաջորդ ամենահարմար պահը՝ այսօր է»:
Եվ իսկապես, 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև: Այս տարիների ընթացքում և՛ Չինաստանը, և՛ Հայաստանը արել են ամեն հնարավորը, որպեսզի մեր բազմադարյա բարեկամական հարաբերություններն ամրանան, զարգանան և ընդլայնվեն:
Դա թե՛ ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությունն է, այն բարի, ջերմ հարաբերությունները, որոնք հաստատվել են մեր երկրների ղեկավարների միջև: Դա թե՛ կառավարությունների միջև տնտեսական համագործակցության հարցերով փոխգործակցությունն է, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցությունը: Դա թե՛ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունն է, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Դա թե՛ այն բարի հարաբերություններն են, որոնք ձևավորվել են Հայաստանի և Չինաստանի ժողովուրդների միջև:
Կա մեկ այլ ասացվածք ևս. «Հազար մղոն ճանապարհ անցնելու համար պետք է կատարել առաջին քայլը»: Այսօր մենք անում ենք առաջին խորհրդանշական քայլը՝ դնում ենք Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմքի առաջին քարը: Չինաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով վաղվա օրվան, որոշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է կառուցել նոր, մեծ դեսպանություն՝ այն հեռանկարով, որ այդ դեսպանությունը կծառայի նոր, կարևոր և առավել խոշոր նախագծերի իրականացմանը՝ հանուն մեր երկու երկրների հարաբերությունների և բարեկամության զարգացմանն ու ամրապնդման:
Ցանկանում եմ շնորհավորել մեր չինացի բարեկամներին այս լավ մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն բոլոր նրանց, ովքեր իրականացնելու են այս նախագիծը: Կեցցե հայ-չինական բարեկամությանը: