ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը
17 հոկտեմբերի, 2017Մեծարգո պարոն դեսպան,
Տիկնայք և պարոնայք,
Ողջունում եմ ձեզ Կանադայի 150-ամյակին նվիրված այս հանդիսավոր միջոցառմանը և ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի բարեկամ ժողովրդին:
1867թ.-ին Կանադայի հիմնադիր հայրերը սկիզբ դրեցին մի հասարակության, որի հիմքում ընկած են հավասարության, արդարության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները:
Ազգային ու կրոնական հակասություններով լի ժամանակակից աշխարհում Կանադան բազմամշակութային ու բազմակրոն հասարակության վառ օրինակ է հանդիսանում` ի ցույց դնելով, որ մարդկանց միջև տարբերությունը պետք է ոչ թե թշնամանքի աղբյուր լինի, այլ` հիմք ծառայի բարեկեցիկ երկրի կառուցման համար:
Մենք՝ հայերս, սեփական փորձով ենք համոզվել, որ կանադական աշխարհայացքի այս ազնիվ գաղափարները սոսկ բառեր չեն: Կանադան առաջիններից մեկն էր, որ պետական մակարդակով օգնության ձեռք մեկնեց Մեծ Եղեռնը վերապրածներին` ապաստան տրամադրելով և նոր կյանք սկսելու հնարավորություն տալով 109 հայ որբերի: «Կանադայի ազնիվ փորձ» անվանումը ստացած այս նախաձեռնությունն առաջիններից մեկն էր այն մարդասիրական ծրագրերից, որոնցով այսօր Կանադան հայտնի է ողջ աշխարհում:
Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների մակարդակով Կանադան ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունը համամարդկային բարձրագույն արժեքներին: Բարձր ենք գնահատում Կանադայի վարչապետերի կողմից ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցներին նվիրված ուղերձները:
Կանադան միջազգային անվտանգության ու կայունության գործում մեծ ներդրում է կատարում` աշխարհի տարբեր անկյուններում իր մասնակցությունը բերելով խաղաղապահ և մարդասիրական առաքելություններում, ինչի ակունքներում կանգնած է Կանադայի նախկին վարչապետ, խաղաղության նոբելյան մրցանակակիր Լեսթեր Փիրսոնը:
Հայաստանը ևս փորձում է միջազգային ասպարեզում իր ներդրումն ունենալ ինչպես խաղաղապահության, այնպես էլ մարդասիրական առաքելությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործերում: Այս ամենը պարարտ հող է ստեղծում միջազգային հարթակներում Հայաստանի ու Կանադայի փոխգործակցության համար:
Առանձնահատուկ կցանկանայի նշել Հայաստանի և Կանադայի արդյունավետ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Բարձր ենք գնահատում անցյալ տարի Մադագասկարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Կանադայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը` 2018թ.-ին կազմակերպության գագաթաժողովը Երևանում անցկացնելու որոշման ընդունման գործում։
Տիկնայք և պարոնայք,
Այս տարի հունվար ամսին մենք հանդիսավոր պայմաններում նշեցինք Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Մենք հպարտ ենք, որ անցնող քառորդ դարի ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա Կանադայի հետ հաստատել ենք ջերմ բարեկամություն և սերտ համագործակցություն: Տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր, տարեցտարի զարգանում և թափ է առնում ժողովրդական դիվանագիտությունը:
Գոհունակությամբ պետք է նշեմ այն պատկառելի ավանդը, որ հայ-կանադական հարաբերությունների զարգացման մեջ ներդնում է Կանադայի բազմահազարանոց հայ համայնքը:
Վստահ եմ, որ հայ-կանադական հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության և համագործակցության ոգով` գրանցելով նորանոր տպավորիչ նվաճումներ:
Սիրելի բարեկամներ,
Կրկին շնորհավորում եմ Կանադայի 150-ամյակի կապակցությամբ և լավագույն մաղթանքներն եմ հղում կանադացի մեր բարեկամներին։