ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը հայ-իրանական գործարար համաժողովին
28 նոյեմբերի, 2017Մեծարգո՛ պարոն նախարար,
Հարգարժա՛ն գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդական դարձած հայ-իրանական գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին:
Նման համաժողովները կարևոր հարթակ են մեր երկու երկրների պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների համար՝ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, ուղենշելու մեր երկրների միջև համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։
Հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի իրանական գործարար շրջանակների կողմից Հայաստանի ներդրումային հնարավորությունների բացահայտմանը:
Հարգելի՛ գործարարներ,
Այսօր Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ, որոնք թույլ են տալիս շահավետ ներդրումներ կատարելու և հաջողությամբ գործարարությամբ զբաղվելու համար։ Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող և նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատվել և պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։
Հայաստանում ներդրումներ կատարելու առավելություններից է, որ մեր երկիրն ունի առևտրի արտոնյալ ռեժիմ բազմաթիվ երկրների հետ: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ ստեղծվել են նոր հնարավորություններ: Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով, առանց վարչարարական խոչընդոտների, կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկա: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված GSP համակարգերից», Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված GSP+ համակարգից»:
Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի բարեկամ Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ, ԱՊՀ և ԵՄ երկրներ մուտք գործելու համար: Այս առումով կարևորում ենք իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի:
Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի և բարեկամ Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը:
2017թ. մարտի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Սյունիքում՝ ԻԻՀ սահմանագծին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, որի գործարկումը կնպաստի ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ՀՀ տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: Երկու երկրների պատկան մարմինների կողմից ստորագրվել է Փոխընմռնման հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, կապեր ստեղծել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» ազատ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև կառավարող մարմինների միջև:
Հարգելի՛ ներկաներ,
Հուսով եմ, որ այս համաժողովը կնպաստի մեր երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունների և լավագույն ձևաչափերի նախանշմանը։
Մաղթում եմ համաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանք։
Շնորհակալություն: