ԱԳ նախարարի Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ տրված ընդունելության ժամանակ
04 դեկտեմբերի, 2017Հարգելի՛ պարոն դեսպան և տիկին Տագուչի,
Հարգելի՛ դեսպաններ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սիրելի՛ բարեկամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ:
Հայաստանի ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում կարող ենք գոհունակությամբ նշել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Հայ-ճապոնական հարաբերությունների համար շրջադարձային էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2012թ. պաշտոնական այցը Ճապոնիա, որի ընթացքում կայացած բարձրաստիճան հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները և ընդունված Համատեղ հայտարարությունը ուղենիշ են մեր երկրների միջև համագործակցության վերընթաց զարգացման համար:
Հարաբերությունների առավել ակտիվացմանը մեծապես նպաստեցին 2010թ. Տոկիոյում, ինչպես նաև 2015թ. Երևանում երկու երկրների դեսպանությունների հիմնումը, որոնք նոր խթան հաղորդեցին քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցությանը:
Աշխարհագրական առումով մեր երկու ժողովուրդները, իրարից հեռու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա առաջին հերթին մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը:
Ճապոնական իմաստությունն ասում է. «Որպես բարեկամ՝ քայլի՛ր իմ կողքից»: Ճապոնիան՝ որպես իրական բարեկամ, մշտապես եղել է Հայաստանի կողքին՝ սկսած 1988թ. երկրաշաժից և մինչ օրս մեր երկրում իրականացնելով բազմաթիվ զարգացման ծրագրեր, խթանելով իրականացվող բարեփոխումները:
Մենք բարձր ենք գնահատում այդ բարեկամությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ և առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև մեր երկու երկրների բարեկամական կապերի հետագա խորացում և ամրապնդում:
Շնորհավորում եմ: