ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Գյոթեի անվան կենտրոնի բացման պաշտոնական արարողության ընթացքում
16 դեկտեմբերի, 2017Հարգելի պրոֆեսոր Լեհման,
Հարգելի նախարար Մկրտչյան,
Հարգելի դեսպան Քիսլեր,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ, որ այսօր ազդարարվում է Երևանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ որպես մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական ամուր կապերի, գիտակրթական և մշակութային բեղմնավոր փոխգործակցության ևս մի խոսուն վկայություն։
Գյոթեն Արարատը համարում էր մարդկության բնօրրաներից մեկը և խոհրդաշական է, որ այսօր Գյոթեի անունը կրող մշակութային այս օջախը հանգրվանում է Արարատի ստորոտին։
Համոզված եմ, որ այս կենտրոնի բացումը էականորեն կհարստացնի Երևանում միջազգային գիտակրթական, մշակութային կենտրոնների գործունեությունը։
Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման, գերմաներենի և գերմանական մշակույթի տարածման, կրթական փոխանակումների և միջմշակութային երկխոսության խորացման համար։ Այս կենտրոնը հիմք է հանդիսանում հետագայում Գյոթեի անվան լիարժեք ինստիտուտի բացման համար։ Լիահույս եմ, որ համատեղ ուժերով մոտ ապագայում կյանքի կկոչենք նաև այդ կարևորագույն քայլը։
Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտն իր գործունեությամբ ապացուցում է, որ մշակույթը չի ճանաչում սահմաններ։ Աշխարհի 98 երկրում գործում է 159 Գյոթեի անվան ինստիտուտ, առկա են կենտրոններ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ Հյուսիսային Ամերիկայից մինչև Ավստրալիա։
Հարգելի պարոն Լեհման, գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ Ձեր նախորդ այցի ժամանակ մեր հանդիպման ընթացում քննարկված ճանապարհային քարտեզն իրագործվում է։ Հավատացած եմ, որ նույն ոգով ենք իրականացնելու նաև հետագա համատեղ նախաձեռնությունները։
Երևանում Գյոթեի անվան նորաստեղծ կենտրոնի տնօրինությանը մաղթում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք։