ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին

13 սեպտեմբերի, 2018

Շնորհակալություն,

Պարո՛ն նախագահ,

Ձե՛րդ գերազանցություններ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սա նախարարի կարգավիճակում իմ առաջին ելույթն է Մարդու իրավունքների խորհրդում, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից` ձեզ ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները և ապագայի մեր տեսլականը:

Ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Հայաստանի տարբեր քաղաքների և ավանների փողոցներ՝ խաղաղ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու իշխանությունների և արդարադատությունն ու օրենքի գերակայությունը խաթարող բացասական երևույթների դեմ: Նրանք պահանջում էին հասարակական հարցերին անմիջական և լսելի մասնակցություն։ Ակնհայտորեն Հայաստանում հասարակական բողոքներն ի ցույց դրեցին մեր քաղաքացիական հասարակության զորությունը: Նրանք ցույց տվեցին Հայաստանի հասարակության էվոլյուցիան դեպի քաղաքական հասունության և իրավական գրագիտության առավել բարձր մակարդակ:

Հայաստանում փոփոխությունները խիստ ներքին բնույթ էին կրում և ակնհայտորեն պայմանավորված էին ներհայաստանյան իրողություններով: Դրանք իրականացվել են ժողովրդի կողմից և ժողովրդի համար, իսկ փոփոխության առաջնագծում կանգնած էին մասնավորապես կանայք և երիտասարդները։ Հայաստանը հպարտ է իր իրավունքների և ազատությունների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնած կենսունակ և գործունակ սերնդով:

Խաղաղ զանգվածային հանրահավաքներից և իշխանության նույնքան խաղաղ փոխանցումից հետո ընտրվեց նոր կառավարություն: Նախորդ չորս ամիսների ընթացքում ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության և մանդատի շնորհիվ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների օրակարգի իրագործմանը` ուղղված կայուն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և խթանմանը, ուժեղ և անկախ դատական իշխանությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ վճռական պայքարին և բոլորի համար հավասար ու արդար պայմանների խթանմանը թե՛ տնտեսական, և թե՛ հասարակական կյանքում: Այս նպատակները գերակշռում են կառավարության ծրագրում:

Ազատ և արդար ընտրությունների անցկացումը կարևորագույն տեղ է զբաղեցնում կառավարության առաջնահերթությունների շարքում: Մոտ մեկ շաբաթից կայանալու են մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրությունները: Կառավարությունը, խորհրդարանը և բոլոր համապատասխան հաստատությունները պատրաստում են անհրաժեշտ իրավական փոփոխությունները և իրենց ինստիտուցիոնալ կարողությունները՝ երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, որոնք կամրապնդեն Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը և ճշգրտորեն կարտացոլեն ներկայիս քաղաքական համայնապատկերը: Այս բոլոր բարեփոխումների իրականացումը դյուրին գործ չէ, իհարկե, առկա են բազմաթիվ մարտահրավերներ: Այնուամենայնիվ, բարեփոխումների գլխավոր նպատակը իշխանության վճռական քաղաքական կամքն է՝ ամրապնդված ժողովրդի ուժեղ մանդատով: Այս բոլոր առաջնահերթություններում Հայաստանը հաջողությամբ և արդյունավետ համագործակցում է իր բոլոր միջազգային գործընկերների հետ:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ժողովրդավարության իր օրակարգի հետ միասին կառավարությունը նաև ամրապնդում է զարգացման բարեփոխումների օրակարգը։ Ժամանակակից փոփոխությունների ալիքը ներառում է կյանքի յուրաքանչյուր ոլորտ։ Բարձր տեխնոլոգիաները և ստարտափերը, ստեղծարար կրթությունը և նորարարությունը սահմանում են մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը՝ վստահորեն ներառելով ազգային տաղանդի՝ խելացի զարգացման համար շարժիչ ուժ լինելու հանգամանքը։

Նորարարության, ստեղծարար մտածողության և տեխնոլոգիաների կիրառման համար նպաստավոր միջավայրը կառավարության ռազմավարական գերակայություններից են: Հաճախ, կառավարությունները պետք է միայն աջակցեն և խրախուսեն մասնավոր նախաձեռնությունները և պետական ու մասնավոր սեկտորների միջև գործընկերությունը։ Միայն մեկ պարզ օրինակ բերեմ. ամեն տարի հազարավոր երիտասարդներ գրանցվում են Հայաստանի տեխնոլոգիական կենտրոններում անվճար բարձրակարգ ստեղծարար կրթության և տեխնոլոգիաների դասընթացներին մասնակցելու համար և սովորում են ստեղծարարությունը ու նորարարությունը սերնդի հարստության վերածելու ուղիները:

Պարո՛ն նախագահ,

Միջազգային հանրությունը բոլոր մակարդակներում պետք է շարունակի վճռականորեն հակազդել այնպիսի վտանգավոր երևույթներին, ինչպիսին են տեղեկատվական տեխնոլոգիաների և լրատվամիջոցների շահագործումը՝ ատելություն և անհանդուրժողականություն սերմանելու նպատակով: Պատմությանը քաջ հայտնի են անսանձ ատելության հետևանքները: Պետք է հիշել, որ նրանք, ովքեր չեն սովորում պատմությունից, դատապարտված են այն կրկնելուն:

Հայաստանը և հայ ժողովուրդը եղել են Ադրբեջանի կողմից զանգվածային և սիստեմատիկ ատելության և այլատյացության հռետորաբանության մշտական թիրախ: Ադրբեջանական պետական քարոզչությունը ոչ միայն թիրախավորված քաղաքականության հետևանք է, այլև թույլ ժողովրդավարական ինստիտուտների, ազատ մամուլի բացակայության և մարդու իրավունքների ցածր մակարդակի հետևանք:

Մենք ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված ռազմական հռետորաբանության հաճախակիացման և ագրեսիվ ռազմատենչության միջև անմիջական կապին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում իրականացված հանցագործությունները վերահաստատում են ինքնորոշման իրավունքի իրացման արդիականությունը: Այս իրավունքը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար կենսական նշանակություն ունի:

Հայաստանը վերահաստատում է իր հստակ աջակցությունը մարդու իրավունքների համընդհանրությանը և դրանց՝ հավասար հիմքերի վրա կիրառելիությանը՝ առանց ՄԱԿ-ի կանոնադրությանը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և այլ հիմնարար գործիքներին որևէ խտրականության և հակադրության: Միաժամանակ, «ոչ մեկին դուրս չթողնելու» հանձնառությունը 2030թ. Կայուն զարգացման օրակարգի հիմնասյունն է: Մենք պետք է ընդունենք այն տարածքների և ժողովուրդների գոյությունը, որոնք պայքարում են իրենց իրավունքների, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրականացման համար:

Ինքնորոշման և դրա հետ փոխկապակցված իրավունքների ճանաչումը և դրանց նկատմամբ հարգանքը լուրջ փորձառություն են ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար: Մինչդեռ, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի, նրա նոր կառավարության վճռական հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ և բանակցային հանգուցալուծմանը` միջազգայնորեն համաձայնեցված միակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Հայաստանը վերահաստատում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման  և խթանման կարևորությունը: Հայաստանը նաև ընդգծում է Արցախի ժողովրդի կարգավիճակի և անվտանգության հարցերի ծայրահեղ առաջնահերթություն լինելու հանգամանքը:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկված նախաձեռնություններում և համագործակցել է կազմակերպության բազմաթիվ կառույցների և ստորաբաժանումների հետ։ Հայաստանը ստորագրել է միջազգային բազմաթիվ պայմանագրեր՝ այդ թվում մարդու իրավունքների ոլորտում բոլոր հիմնարար փաստաթղթերը։ Հայաստանի կողմից վավերացված կամ միացած միջազգային պայմանագրերը մեր պետության իրավական համակարգի անբաժան մասն են կազմում և գերակայություն ունեն ազգային օրենքների նկատմամբ։

2006թ․ ի վեր Հայաստանի կառավարությունը բաց հրավեր է ուղղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ ընթացակարգերին։ Շուտով Հայաստան կայցելի հանրահավաքների ազատության հարցերով հատուկ զեկուցողը:

Հայաստանը վճռականորեն աջակցում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին՝ որպես մարդու իրավունքների հետ կապված հաջողությունների և մարտահրավերների գնահատման գործիք: Որպես դրական  փորձ՝ մենք կամավոր սկզբունքով ներկայացնում ենք Համընդհանուր պարբերական դիտարկման միջանկյալ զեկույցներ:

Հայաստանը ստեղծել է զեկույցների և աշխատանքների  համակարգման ներքին մեխանիզմ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմներից բխող պարտավորությունների կատարմանը հետամուտ լինելու նպատակով: Արտաքին գործերի նախարարությունը մշակել է բոլոր ազգային պարտավորությունների համապարփակ տվյալների բազա և համակարգում է համապատասխան նախարարությունների հատուկ մոնիտորինգային մեխանիզմների հետ համագործակցությունը և կիրառման համար պատասխանատուների աշխատանքը:  Այս ազգային մեխանիզմը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրի հետ միասին, կազմում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժան մասը և ամուր հարթակ է հանդիսանում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև արդյունավետ համագործակցության համար:

Հայաստանը շարունակում է ՄԱԿ-ի տարբեր կառույցներին ներկայացնելու համար պարբերական զեկույցների նախապատրաստումը, որոնք կազմվում են հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ և հանրային լայն խորհրդակցությունների արդյունքում:

Վերջին նման քննարկումը տեղի էր ունեցել օգոստոսի սկզբին՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» դաշնագրի դրույթների  իրականացման վերաբերյալ զեկույցի նախագծի շուրջ :

Պարո՛ն նախագահ, եզրափակելով խոսքս կցանկանայի մատնանշել, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում Հայաստանի նոր կառավարությանը հաջողվեց էականորեն առաջ մղել ժողովրդավարական բարեփոխումները` համապարփակ և անդառնալի կերպով: Կառավարությունն ունի հսկայական հանրային աջակցություն Թավշյա հեղափոխության գաղափարները առաջ մղելու համար, և վճռական է կյանքի կոչել բարեփոխումների հավակնոտ օրակարգը:

Շատ շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ:

Տպել էջը